Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կերպարվեստի ցուցադրություն «ԱրտՖեստ 2017»-ում

Art Fest
Հեղինակ`
Art Fest
13:12, հինգշաբթի, 15 հունիսի, 2017 թ.
Կերպարվեստի ցուցադրություն «ԱրտՖեստ 2017»-ում
    
Հունիսի 14-ին Հայաստանի նկարիչների միությունում «ԱրտՖեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի շրջանակում տեղի ունեցավ կերպարվեստի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսի բացումը:

    

Բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, «ԱրտՖեստ 2017» փառատոնի ժյուրիի անդամներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, լուսանկարիչ Սամվել Սեւադան, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, գեղանկարիչ Անաիդ Քեշիշյանը, քանդակագործ Արտակ Համբարձումյանը եւ մի շարք այլ հայտնի արվեստագետներ, արտասահմանյան հյուրեր:
    
     «Այսպիսի մշակութային, երիտասարդական փառատոները շատ ոգեւորիչ են, քանի որ մեր քաղաքը դարձնում են ավելի երիտասարդական: Նմանատիպ միջազգային ծրագրերից է սկսվում երիտասարդ ստեղծագործողների հանրայնացումը եւ ինքնազարգացումը», - ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը եւ մասնակիցներին մաղթեց, որ հետագայում նույնպես նրանց աշխատանքները ներկայացվեն եւ գնահատանքի արժանանան միջազգային հարթակներում, հեղինակավոր ցուցահանդեսներում՝ պատիվ բերելով Երեւան քաղաքին:
    
     Այս տարի փառատոնի կերպարվեստի բնագավառում մասնակցության համար ստացվել է շուրջ 250 հայտ: Սակայն ներկայացված աշխատանքներից միայն 104-ն են հաղթահարել նախընտրական փուլը:
    
     ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը կարեւորում է, որ ցուցադրված աշխատանքներում կան աճ եւ առավել հետաքրքիր մոտեցումներ:
    
     «Արդեն նշմարվում է, թե երիտասարդները ինչ ասելիք ունեն, որ ուղղություններն են նախընտրում: Կարեւորը երիտասարդական մեծ էներգետիկա, ավյուն, ցանկություն կան: Այս փառատոնը ասես նախ ամեն տարվա հաշվետվություն լինի նրանց համար, իսկ մենք ընդհանուր երիտասարդական արվեստի զարկերակն ենք ստուգում», - ասաց Աշոտ Համբարձումյանը:
    
     Ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարի, լուսանկարի, գրաֆիկայի, բատիկի, գոբելենի, քանդակների, խեցեգործության եւ տիկնիկագործության նմուշներ եւ ոչ միայն:
    
     «Փառատոնը բացահայտում է նորանոր երիտասարդ տաղանդների: Մասնակիցներից շատերն ունեն արդեն իրենց ձեռագիրը: Բարձր մակարդակի նկարներ կան ցուցադրված, որ ակամա ուշադրություն են գրավում, իսկ դրան հիմնականում նպաստում են լույսի, շողքի արտացոլման, գույների կոնտրաստի ճիշտ եւ գրագետ համադրությունները: Ակնհայտ է, որ գործ ունենք արդեն իսկ ձեւավորված ձեռագիր ունեցող երիտասարդ ստեղծագործողների հետ», - նշեց Շվեդիայից ժամանած գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանը:
    
     Քանդակագործ Արտակ Համբարձումյանը փաստում է, որ նկատելի է երիտասարդ ստեղծագործողների ամուր կորիզը:
    
     «Հուսով եմ, որ մեր երիտասարդները գնալով այս փառատոներից ավելի շատ են ոգեւորվելու: Այս ամենը նպաստում է նոր անունների բացահայտումներին: Այսօր երիտասարդներ ունենք, որ հենց նրանց վրա ենք հենվում: Բոլորովին վերջերս՝ ապրիլյան պատերազմում մեր երիտասարդներն ապացուցեցին, որ տեր են մեր երկրին: Արվեստում էլ երեւում է, որ մեր նոր սերունդը աճող սերունդ է՝ պահպանող և զարգացնող», - նշեց Արտակ Համբարձումյանը:
    
     Հ.Գ.: Ցուցահանդեսը բաց է առաջիկա 3 օրերին: Աշխատանքների ամփոփումը եւ մրցանակաբաշխությունը հունիսի 19-ին տեղի կունենան Ստանիսլավսկու անվան թատրոնում:
    

Աղբյուրը` http://erit.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5644 | 0 | 0
Facebook