Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ամենակարևորն այն է, որ այնպիսի թրքախոս հանրապետությունների, ինչպիսիք են Ադրբեջանը, Կիրգիզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը, հետ Թուրքիայի համագործակցությունն առավել բարձր մակարդակի կհասնի»

16:53, չորեքշաբթի, 14 հունիսի, 2017 թ.
«Ամենակարևորն այն է, որ այնպիսի թրքախոս հանրապետությունների, ինչպիսիք են Ադրբեջանը, Կիրգիզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը, հետ Թուրքիայի համագործակցությունն առավել բարձր մակարդակի կհասնի»

«Մետաքսի Ճանապարհ» -ի բացելիք հորիզոնների մասին խոսելիս՝ վերնագրում արտացոլված ակնկալիքն է հրճվանքով շեշտադրում թուրքական մամուլը:


     Մայիսին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում էին այն 29 պետությունների ղեկավարները, որոնց երկրներն ընդգրկված են «Մետաքսի ճանապարհ» -ի ծրագրում: Չինաստանը այս ծրագիրը կյանքի կոչելու համար ստեղծել է հիմնադրամ և այդ հիմադրամին 40 միլիարդ դոլար նախնական մուծում է կատարել: Բացի այդ, ասիական այս հսկան 2014-ին հիմնադրել էր «Ինֆրակառուցվածքներում ներդրումների ասիական բանկ» -ը և այդ բանկում 100 միլիարդ ներդրում էր կատարել՝ «Մետաքսի ճանապարհ» -ի ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Ծրագիրը, ըստ կանխատեսումների, առնչվելու է 65 երկրի ավելի քան 4, 4 միլիարդ բնակչի ու արժենալու է 20 տրիլիոն դոլար:

Ծրագրի առաջին նպատակն է եվրասիական առանցքի շուրջ միավորել աշխարհի կարևորագույն տնտեսությունները՝ առևտրի, ներդրումների համար տրանսպորտային ինֆրակառուցվածքներ ստեղծելու միջոցով:

Ծրագիրը մի քանի ուղղություն ունի: Կա առևտրային երկու կարևոր ուղեցույց, մեկը՝ ցամաքային, մյուսը՝ ծովային: Առաջինը՝ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» կոչեցյալն է, երկրորդը՝ «Մետաքսի ծովային ճանապարհ» -ը: Թուրքերն հրճվանքով ընդգծում են, որ իրենց երկիրը «կենտրոնական միջանցք» -ի դեր է ունենալու: «Ծովային ճանապարհ» -ը ընդգրկելու է Հարավային և Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Աֆրիկայի ու Միջերկրական ծովի հյուսիսային ափերի նավահանգիստները:

Մետաքսի այս նոր ճանապարհը մասնագետները համեմատում են «Մարշալի ծրագրի» հետ, բայց մոտավոր հաշվարկները ցույց են տվել, որ այս ծրագիրը «Մարշալի ծրագրին» 12 անգամ գերազանցում է:

Չինաստանի այս նախաձեռնությանը աջակցելու շրջանակում Թուրքիան կառուցել է սուլթան Սելիմի կամուրջը, կառուցում է Ստամբուլի 3-րդ օդանավակայանը, օժանդակում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» և «Էդիրնե-Կարս» երկաթուղիների շինարարությանը:

Թուրքերն համոզված են, որ ստեղծվելիք «միջանցք» -ի շնորհիվ ապրանքների տեղափոխումը Չինաստանից Թուրքիա տևելու է 10 օր՝ 30 օրվա փոխարեն: Պեկինից Ստամբուլ ծովային ճանապարհով ապրանքները տեղ կհասցվեն 2 շաբաթում՝ ներկայիս 2 ամսվա փոխարեն: Ավտոճանապարհը կկրճատվի 3000 կիլոմետրով: Ներկայում Չինաստանը Թուրքիայում կատռւցում է հզորությամբ երրորդ նավահանգիստը:

«Մետաքսի Ճանապարհ» -ի շնորհիվ կընդլայնվեն ու կխորանան Թուրքիայի տնտեսական կապերը Իրանի, Ռուսաստանի ու Եվրոպայի հետ: Բայց, ինչպես հրճվանքով ընդգծում են թուրքական լրատվամիջոցները, «Ամենակարևորն այն է, որ այնպիսի թրքախոս հանրապետությունների, ինչպիսիք են Ադրբեջանը, Կիրգիզստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը, հետ Թուրքիայի համագործակցությունն առավել բարձր մակարդակի կհասնի»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6009 | 0 | 0
Facebook