Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՐՄԻՐՆ ՈՒ ՍԵՎԸ

00:59, հինգշաբթի, 08 հունիսի, 2017 թ.
ԿԱՐՄԻՐՆ ՈՒ ՍԵՎԸ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
ԿԱՐՄԻՐՆ ՈՒ ՍԵՎԸ

Կարմիր ու սև էր հագել:
     Բացված կակաչի էր նման...
     Հագուստի այդ հակոտնյա գույներով երևի մեր ապրած տարիների տարբերությունն էր ընդգծել ուզում:
     Սակայն ձայնի աննշմար, բայց ինձ համար ակնհայտ, ալիքումը նրա ներքին հուզումն էր ցուցանում: Դրա մասին էր վկայում նաև աչքերի թափանցիկ թախծաշղարշը, համեմված գողտրիկ փայլով, որն իմ մեջ, թեկուզև անվերծանելի, այնուամենայնիվ հուսադրող մտորումներ էր առաջացնում:

Անսովոր ոչինչ չպարունակող, համեստ արտաքինի ետևում խենթացումի հասցնող աներևույթ մի հմայք էր թաքնված, էության անշոշափելի մի դրսևորում, որը միայն ինձ էր տրված տեսնել, այն ինչն իմ իղձերի գագաթնակետն էր, իմ էության ավերողն ու կառուցողը, իմ լավ ու վատ տրամադրությունների ակունքը:
     Գուշակ չլինելով հանդերձ, ինչ-որ զգայարանով հասկանում էի, որ նրա հագած վառ կարմիրը զուտ արտաքին, ցուցադրվող կողմն էր, իսկ ներսում բոլորովին ուրիշ ապրումներ էին թաքնված ...
     Խաբված հույսերի առհավատչյան էր հավանաբար այդ` երկրորդ գույնը...
     Մեկնություններս խանդավատանքի ու խղճմտանքի խառն զգացումներ էին առաջացնում իմ ներսում: Հոգիս, միտքս, ողջ էությունս կեղեքվում էին անզորությունից, նրան օգնության ձեռք մեկնելու հնարավորությունից զուրկ լինելուս, նրա երկբայող ապրումները թեթևացնելու անհնարինության պատճառով:
     Այդ պահին` լինելով նրան ամենանվիրվածը, զրկված էի նրա անսպասելի որոշմանը միջամտելու իրավունքից: Արտաքնապես օտար էինք, բոլոր առումներով և հատկապես այլոց ներկայությամբ... Անզորությունից ցավում էին սիրտս, հոգիս, միտքս՝ շոշափելի դարձնելով պահի դաժան նրբանկատությունը
     Չէր կարելի վիրավորել նրա արժանապատվությունը: Ոչինչ, որ իմն արդեն վիրավորված էր անիմաստ պայմանականությունների դեմ իմ իսկ երկնչելու պատճառով ...
     Բայց նա... Նա դեռևս իմ ամենանվիրական բաղձանքն էր...
     Նա՝ իմ անհաս հորիզոնը, որոշել էր հեռանալ ինձնից, քաղաքից երկրից` ինձ անհասկանալի պատճառաբանությամբ վերջ դնելով ամեն ինչին, և երրորդների անպատեն ներկայությանը, և գուցեթե սեփական ցանկությանը հակառակ, իր ներկայությամբ ստեղծված` ինձ շփոթեցնող մթնոլորտին և արտաքուստ անտարբերությանս քողի ետևում փոթորկվող հոգուս խռովքին, , ,
     Նա գնաց ինձ ուղղված մի վերջին հայացքով, երևի իր վերջին հրաժեշտը նետելով սրտիս, հոգուս ... օրեցօր ահագնացող սպասումներիս ...
     Անցան կարմիրով ու սևով պարուրված երկու օր,
     Երեք օր,
     Չորս օր...
    

Ս. Մալխասյան 15.08.1999

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9286 | 0 | 0
Facebook