Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հոդվածներ

Ուղևորություն դեպի Չինարի

19:47, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Ուղևորություն դեպի Չինարի

Հայաստան աշխարհը հարուստ է բազում չբացահայտված հրաշալիքներով: Առաջարկում եմ ուղևորվել Տավուշի մարզ` դեպի հեռավոր և գեղատեսիլ Չինարի: Չինարին մայրաքաղաքից 210 կմ հեռավորության վրա է: Եթե դուք երկար ճանապարհորդությունների սիրահար եք, ուրեմն ձեզ հետաքրքիր և հաճելի ուղևորություն է սպասվում: Գարդմանա լեռների ստորոտում ծվարած Չինարին պարզապես բնության հրաշալիք է: Չինարին գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին, բայց այնտեղ գնալու ամենահարմար ժամանակաշրջանը ամառն է: Ամռանը Չինարին վերածվում է մի հսկայական մրգաստանի: Այստեղ դուք շատ բան կարող եք տեսնել: 13-րդ դարի Խորանաշատ վանքը միայն բավական է, որ այս փոքրիկ գյուղը զբոսաշրջիկների համար գրավիչ համարվի: Հիմա այնտեղ գնացողներ շատ քիչ են լինում: Խորանաշատը հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի 1-ին կեսին: Այն գյուղի բարձունքում է, հեռվից ասես հսկում է գյուղը: Վանքի Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցու խորանում տասը կիսաշրջանաձև խորշեր կան, այստեղից էլ Խորանաշատ անվանումը: Մոտակայքում մի քանդակազարդ խաչ կա, որը, ասում են, Վանական Վարդապետի գերեզմանաքարն է: 1229-ին Խորանաշատն ավերվել է Խորեզմի Ջալալ էդ Դինի արշավանքից, որ ժամանակին Լենկ Թեմուրը հրամայել է վառել վանքը: Եթե ներս մտնեք, կնկատեք, որ վանքի պատերը սևացած են: Խորանաշատը դպրության կենտրոն է եղել: Այստեղ են ուսանել ժամանակի նշանավոր գործիչները` Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Գրիգոր Ակներցին, Ստեփանոս Աղթամարցին և այլք: Կան և ուրիշ հնությունների մնացորդներ ու հնությունների հետքեր: 1977 թվականին վանքից մոտ մեկ կիլոմետր դեպի հյուսիս-արևելք հայտնաբերվեց մի հսկա քարակոփ դամբարան քարե հսկա դագաղով, որն ըստ հավանականության պաշտոնյա իշխանի դամբարան էր և վերագրվում է 1551թ.: Այդ քարե դագաղը իր հիմնական տեղից տեղափոխել են Չինարի գյուղի մշակույթի պալատի թանգարան: Խորանաշատից հետո կարելի է իջնել Խաչի Թալ կոչվող վայրը, որտեղ հիանալի աղբյուր կա: Տեղաբնիկները հաճախ գալիս են այստեղ հատուկ ջուր խմելու համար: Գյուղից ոչ շատ հեռու Ախնջի գետն է, որը Քուռ գետը թափվող Խնձորուտ գետակի վտակն է: Չինարիի հարևան Այգեձոր գյուղից դուրս գալիս` առջևում մի գեղեցիկ բարձունք է բացվում. Աղջկաքար են ասում: Ասում են, երբ թուրքերը հարձակվել են բնակիչների վրա, վերջիններս այդ բարձունքում են պատսպարվել: Նրանց հետ եղել է նաև մի աղջիկ, ով շատ երկար մազեր է ունեցել, կարողացել է իր ծամերով գետից ջուր բարձրացնել: Իսկ երբ թուրքերն այդտեղ էլ են հասել, աղջիկն իրենց ցած է նետել` ասելով.

-Ա՜խ, ինչի՞:

Այս բառերի հնչյունափոխությունից էլ Ախնջի անվանումն ունենք: Ախնջիից հետո հաստատ չեք մտածի էլ ուր գնալու մասին: Անտառները սպասում են ձեզ: Մեկ կամ մի քանի օր էլ գյուղում կարելի է անցկացնել, անսահման հյուրասեր ու իրենց լեռների չափ մեծ սիրտ ունեցող չինարեցիների հետ, կհանգստանաք, հետո գյուղից կտեսնեք այն անտառները, սարերն ու ձորերը, որտեղ գնացել եք: Բարձունքից ձեզ խորհրդավոր կնայի Խորանաշատը, հետո հեռվից կլսեք Ախնջիի կարկաչը…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2248 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ