Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի հիվանդ երեխաներին և գործող մանկատներին.

show Biznes
Հեղինակ`
show Biznes
14:27, ուրբաթ, 05 մայիսի, 2017 թ.
Բարեգործական համերգի ողջ հասույթը կտրամադրվի հիվանդ երեխաներին և գործող մանկատներին.

Բարեգործական համերգ-նախաձեռնությունները աշխարհում տարածված երևույթ են: Հատկապես վերջին տարիներին այդ տենդենցին հետևում են նաև Հայաստանում՝ փորձելով այսկերպ օգտակար լինել այս կամ այն անհատին, կազմակերպությանը, ընտանիքին:

Երգիչ-հաղորդավար Վարդան Բարսեղյանի նախաձեռնությամբ՝ շուտով կմեկնարկի բարեգործական համերգների շարք, որի ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանում ապրող հիվանդ երեխաներին ու գործող մանկատներին:

«Նման նախաձեռնություն դեռ 2012 թվականից եմ սկսել: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կողքիս եղան այդ տարիներին: Այժմ վերսկսում եմ համերգային ծրագրերի շարքը` այս անգամ ավելի մածամասշտաբ: Կլինեն նաև ճաշկերույթներ տարբեր երկրներում, որի ողջ հասույթը ևս կփոխանցվի այդ երեխաներին ու մանկատներին», , -զրույցում նշեց Վ. Բարսեղյանը:

Համերգային շրջագայությունները նախատեսվում են և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: Կազմակերպիչը խոստովանեց՝ թեև հիմնական նախաձեռնությունն իրեն է պատկանում, սակայն կան մարդիկ, ովքեր օգնում են այս հարցում: Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցելով՝ հույս ունի, որ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները ևս կլինեն իր կողքին:

«Մենք նաև պայամանավորվածություն ունենք՝ տարեվերջին համերգային ծրագրով հանդես գալ Կանադայում, որտեղից ստացված ողջ հասույթը ևս կփոխանցվի Հայաստան», - տեղեկացրեց նա:

Նախագծում ընդգրկված են հայտնի երգիչ-երգչուհիներ: Համերգային մեկնարկը կսկսվի հունիս ամսին, սակայն, մինչ այդ, հանդես կգան անակնկալ տեսահոլովակով:

«Երգը գրվել է երգահաններ Անահիտ Մխիթարյանի և Րաֆֆի Ալթունյանի կողմից, կատարելու է 10 երգիչ՝ Ալլա Նավասարդյանը, Հասմիկ Խաչատրյանը, Անժելա Բարխուդարյանը, Նելլին, «Խենթություն» վոկալ ստուդիայի սաները, Հայկ Համբարձումյանն ու այլք: Կյանքի յուրաքանչյուր փուլում կան օգնող ձեռքեր, իրենք մենակ չեն. հենց սա է երգի հիմնական ուղերձը, որը ուղղված է այն բոլոր երեխաներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով ունեն առողջական խնդիրներ», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե կան արդյոք արտիստներ, ովքեր հրաժարվել են իրենց նախագծին մասնակցությունից՝ պատասխանեց.

«Փառք Աստծո, նման արտիստներ չկան: Շատ կարևոր է այն փաստը, որ մեր երգիչները միշտ են պատրաստ մասնակցել բարեգործական համերգների»:

Բարեգործական նախագիծը շարունակական բնույթ է ունենալու, բայց արդեն այլ ձևաչափում:

«Որպես հաղորդավար՝ շուտով կներկայանամ նոր հաղորդումով, որն այս նախագծի շարունակությունը կլինի: Ավելին ասել դեռ չեմ կարող, ամեն ինչ առաջիկայում կպատմեմ», -զրույցը եզրափակեց Վարդան Բարսեղյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7586 | 0 | 0
Facebook