Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ

Armen Mkheyan
Հեղինակ`
Armen Mkheyan
20:29, ուրբաթ, 10 օգոստոսի, 2012 թ.
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ

Աշնան անձրևոտ օրերն էին եկել: Աշունը շատ եմ սիրում, հատկապես, երբ քայլում ես փողոցով ու դեղնած տերևների խշխշոցն ես լսում ոտքերիդ տակ: Մեղմ անձրև էր մաղում, բայց հաճելի էր քայլել ու զգալ աշնան շունչը: Նայեցի վեր, ամպերը վերջանալու ցանկություն չունեին, դանդաղ անձրևը երկար կտևի, նույնիսկ օրեր գուցե, Արևը չի շողա ու բնությունը աշնան միջոցով իր թախիծը կարտահայտի, ասես մեռնող բնությանը վերջին հրաժեշտը կտա:

Պարանոցիս զգացի անձրևի կաթիլի սառնությունը, բարձրացրեցի բաճկոնի օձիքն ու ձեռքերս ավելի խորը խոթեցի գրպաններս: Մտքումս նորից այն տողերն էին՝ աշնան թախիծը… Աշունը նաև ոգեշնչող է: Հիմա կծնվի հերթական բանաստեղծական տողը: Երկու տերև գրեթե միաժամանակ պոկվեցին դիմացի ճյուղից ու միասին պար բռնած իջան վար: Դիմացից անցնող զույգը չնայեց դեղնակարմրավուն տերևներին. այնքան էին զբաղված ինչ որ թեմայի քննարկումով, որ անգամ հեռվից լսվում էր նրանց ձայները: Նայեցի վեր: Մեղմ քամին նորից խաղաց դեղնած տերևների հետ, մի քանիսը պոկվեցին, ու անձրևի կաթիլներից թրջված ու ծանրացած, վար ընկան: Հանկարծ նկատեցի փողոցի մյուս կողմում ծաղկավաճառ կնոջը: Զարմանալի է, հաճախ էի քայլում այս փողոցով ու չէի էլ հիշում, որ փողոցի այդ անկյունում ծաղիկներ են վաճառում: Մի նոր միտք ծնվեծ մտքումս: Շատերը կզարմանան, բայց համոզված եմ միաժամանակ կժպտան, իսկ չէ որ այս անձրևոտ ու աշնանային օրը ժպիտը շատ բան կարող է փոխել:

«Այ թե պատմելու բան կլինի ընկերներին, իսկ Անին հաստատ կնեղանա, որ մենակ եմ գործել», — մտածեցի ես ու գրեթե վազելով անցա փողոցը:

—Բարև Ձեզ, — բարձր բարևեցի, որպեսզի կնոջ ուշադրությունը գրավեմ, — որքա՞ն արժեն վարդերը, — առանց սպասելու փոխադարձ բարևին շտապ հարցրեցի ես՝ ցույց տալով բաց վարդագույն վարդերի կողմը:

—Բարև տղաս… Օ՜, դրա՞նք, հատը երկու հարյուր դրամ:

Մոտեցա վարդերին ու հոտ քաշեցի: Հատկապես վարդագույն վարդերը բուրում են ավելի ուժեղ, քան մնացած գույները: Այդ տեսակի վարդի թուփ մեր այգում էլ կա: Դեռ մանկությունից հիշում եմ ինչպես էի ջրում ու խնամում: Գուցե դրանից էր, որ վարդը իմ ամենասիրած ծաղիկն է:

—Տվեք քսան հատ:

—Քսան հա՞տ, — զարմացած հարցրեց կինը:

Ես արդեն դրամապանակից հանել էի գումարը ու մեկնել կնոջը, ինքս էլ զարմանալով թե ինչու այդպես շփոթվեց ծաղկավաճառը:

Երբ կինը վերցրել էր գումարը, միայն նոր հասկացա կնոջ շփոթմունքի պատճառը: Հավանաբար նրանից հաճախ չէին գնում զույգ թվով ծաղիկներ, իսկ քսան հատի դեպքում կլոր գումար էր ստացվում, ու ես էլ առանց երկար մտածելու քսան հատ ուզեցի:

—Կներեք, տվեք քսանմեկ հատ, — երկու հարյուր դրամ էլ մեկնելով կնոջը ասեցի ես՝ նկատելով ծաղկավաճառ կնոջ դեմքին ինչպես խաղաց մեղմ ժպիտը:

—Կարևորը իհարկե քանակը չէ, այլ սրտի ջերմությունը, որով ծաղիկները նվիրում ենք: Ասում են, եթե նվիրում ես մեծ ցանկությամբ, ապա երկար ժամանակ նրանք չեն թոշնում, — հաշվելով ծաղիկների քանակը, ասաց ծաղկավաճառը:

— Քսանմեկ հոգուն իհարկե սիրով կնվիրեմ, բայց բոլորին սրտի ջերմությա՞մբ, — ցածրաձայն ինքս ինձ հարցրեցի ես, — սրտումս էլ ջերմություն չի մնա:

Վերջին բառերը ավելի բարձր հնչեցին ու հավանաբար կինը լսեց, նորից զարմացած նայեց ինձ, իսկ ես ժպտալով վերցրեցի ծաղիկներն ու շնորհակալություն հայտնելով հեռացա՝ մտածելով, թե որքան տարօրինակ տպավորություն ստեղծվեց այս կնոջ կողմից իմ հանդեպ:

Ընդամենը մի քանի քայլ անելուց հետո, առաջին իսկ պատահած կնոջը մեկնեցի վարդերից մեկը.

— Սա Ձեզ:

Մոտ քառասուն տարեկան կինը անակնկալի եկավ:

— Շնորհակալ եմ…

Ետ շրջվեցի, տեսա էլ ավելի զարմացած ծաղկավաճառ կնոջ հայացքն ու արագ հեռացա:

Դեռ մի փողոց էլ չէի հասցրել հեռանալ, ծաղիկները կիսով չափ պակասել էին: Երիտասարդ աղջիկները հիմնականում մերժում էին, բայց երբ ես նրանցից ավելի շտապողական կեցվածք էի ընդունում, հասկացնելու համար, որ սա ուղղակի նվեր է, վերցնում էին ու շնորհակալություն հայտնում:

Անձրևը դադարել էր, միայն հատուկենտ ուշացած կաթիլներ էին ընկնում վար: Երբ հասա զբոսայգի, ձեռքիս միայն մեկ հատ վարդ էր մնացել: Առջևիցս դանդաղ քայլերով աղջիկ էր անցնում: Մտածեցի հասնեմ ու վերջին վարդը նվիրեմ նրան: Բայց նա հանկարծ կանգ առավ, հանեց գրպանից թաշկինակը ու թեև չտեսա, բայց համոզված եմ սրբեց աչքերը: Անձրևի կաթի՞լն էր, թե՞ լալիս էր: Ես գրեթե համոզված էի՝ երկրորդ տարբերակը:

Դանդաղեցրեցի քայլերս, իսկ նա նորից դանդաղ քայլերով մոտեցավ թաց նստարաններից մեկին ու նստեց: Նա հիմա իմ առջև էր…

Բաց մանուշակագույն գլխարկի տակից թափվում էին գանգուր, մուգ ոսկեգույն վարսերը, հագին բավականին նրբաոճ, գլխարկից ավելի մուգ գույնի վերարկու էր, իսկ մուգ վարդագույն շարֆը ամուր գրկել էր պարանոցը ու այնքան երկար էր, որ մի ծայրը հասնում էր գրեթե ծնկներին: Ձեռքին` գլխարկի ու վերարկուի գունային երանգի փոքրիկ պայուսակ… Հիմա երբ նա շրջվեց դեպի ինձ, ես տեսա նրա դեմքը: Մոտ քսանչորս տարեկան կլիներ: Նա այնքա՜ն գեղեցիկ էր… Վարդագույն շուրթերը դողում էին ցրտից, մեծ ու կապույտ աչքերը այնքան ջինջ էին, ասես լազուր երկինքն էր թաքնվել այնտեղ: Ես շփոթված կանգ առա:

Նրա հայացքն անմիջապես կանգ առավ վրաս: Եթե ես տեսնեի ինձ մեկ այլ մարդու աչքերով, հաստատ կզարմանայի, քանի որ ստացվեց այնպես, որ վարդը ձեռքիս ասես նրան հետապնդում էի, այն էլ թաքուն և հիմա, երբ արդեն նա տեսավ ինձ, մնում էր միայն ասել դա…

—Ա՜… այս վարդը Ձեզ, — ու մեկնեցի նրան անձրևից թացացած տերևներով վերջին ծաղիկը:

Նա զարմացավ մի պահ:

— Ի… Ի՞նձ: Օ՜, ինչքան գեղեցիկ է, բարև:

Ես ավելի շփոթվեցի: Առանց բարևելու նրան էի մեկնել ծաղիկը:

— Վերջապես ինձ էլ հասավ այն ծաղիկներից մեկը, որ բաժանում էիր բոլորին…

Ես ժպտացի: Պարզվում է նա հեռվից նկատել էր ինձ:

— Որեմն դուք տեսե՞լ եք ինձ:

— Իհարկե, Երևանի փողոցներում հաճախ չես տեսնի երիտասարդի, որ ծաղիկ է բաժանում այս անձրևոտ եղանակին:

— Դե ամեն դեպքում ինչպես տեսնում եք լինում են բացառիկ դեպքեր…

— Առանց հոգնակի թվի, — ընդհատեց ինձ, — իմ անունը Աննա է, իսկ քո՞նը:

— Արմեն, շատ հաճելի է, Աննա…

—Նմանապես Արմեն, իսկ դու ռոմանտիկ անձնավորության տպավորություն ես թողնում:

Նա այնքան արագ էր խոսում ու այնքան վստահ, որ ասես տարիներ շարունակ ճանաչել էր ինձ: Ես ի պատասխան ժպտացի ու նստեցի թաց նստարանին:

— Ինչի՞ց եզրակացրիր…

Նա ասես սպասում էր հենց այս հարցին ու դեռ չէի էլ հասցրել ավարտել խոսքս՝ նա անմիջապես սկսեց նորից արագ-արագ խոսել:

—Դե նրանից, որ այս աշնան ցուրտ եղանակին ծաղիկներ ես բաժանում, ծաղիկներ, որ ժպիտ են բերում բոլոր նրանց դեմքերին, ում նվիրում ես: Ես համոզված եմ, որ դու ստեղծագործում ես նաև, քո նման ռոմանտիկ մարդիկ չեն կարող չգրել, — ու հարցական հայացքով նայեց ինձ:

— Ես ինձ այնքան էլ ռոմանտիկ չեմ համարում, իսկ ստեղծագործելու պահով, այո գրում եմ երբ մուսան…

— Ահա՜, տեսնում ես, որքան հեշտ է անմիջապես հասկանալ դիմացինիդ, երբ նա այնքան քեզ նման է, — նորից շտապ-շտապ ավելացրեց նա:

— Գլխումս մի նոր բանաստեղծություն ծնվեց, — ուշադիր նայելով ինձ շարունակեց Աննան, ապա պայուսակից հանեց սև գույնի գրիչն ու վարդի թերթիկներից մեկի վրա սկսեց գրել:

Ես ժպտացի:

— Կարծում եմ դու ավելի ռոմանտիկ ես, քան ես:

Նա ասես չլսեց իմ ասածը, շարունակեց գրել վարդի թերթիկի վրա ու երբ ավարտեց, մեկնեց ինձ ծաղիկը, որպեսզի կարդամ:

Վարդի թերթիկի վրա բավականին գեղեցիկ ու շատ փոքր տառերով գրված էր.

«Աշնան տերև, բայց ոչ դեղին,

Տերև վարդի ու այնքան նուրբ:

Աշնան անձրև ու մի կաթիլ,

Կաթիլ արցունք վարդի տեսքով…»

—Ինչ գեղեցիկ ստացվեց, — զարմացած ասացի ես, երբ ավարտեցի կարդալը, — հաճախ ես գրո՞ւմ:

—Երբ հոգիդ տեսնում է այս գեղեցիկը, իսկ սիրտդ սիրով է լցված, չգրել ուղղակի չես կարող: Ես սիրահարված եմ աշնանը: Այն ասես իմ տարերքը լինի, թեպետ շատերը աշունը չեն սիրում, բայց ինձ այն ավելի է դուր գալիս քան տարվա մնացած եղանակները, հատկապես, երբ սիրահարվում ես հենց այս եղանակին: Համաձայն չե՞ս, — հարցական հայացքով նայելով ինձ ասաց նա:

—Իհարկե, բայց գարունն ինձ ավելի է դուր գալիս…

Աննան հայացքը թեքեց ինձանից ու շարունակեց ծիծաղելով.

—Եթե չլինի աշունը գարունը, երբեք էլ չի գա:

Ես գլխով համաձայնության նշան ցույց տվեցի, իսկ նա շարունակեց.

—Եթե միշտ գարուն լիներ ու աշունը երբեք հյուր չգար մեզ, ապա մենք դժվար թե անգամ իմանայինք աշնան մասին, նույնը և հակառակ դեպքում:

Նման դուալիստական մոտեցում ես էլ ունեմ ու հաճախ եմ սիրում կրկնել: Նրա գաղափարներն այնքան հարազատ էին թվում ինձ: Հիշեցի ինչպես ասաց, որ ամեն օր Երևանյան փողոցներում չի հանդիպի իմ նման ծաղիկ բաժանող երիտասարդի, ապա ես էլ պիտի ավելացնեի, որ հաճախ չես հանդիպի նման գեղեցիկ երիտասարդ կնոջ, ում հետ կարելի է հետաքրքիր զրույցի բռնվել, սակայն մինչ այս րոպեն հիմնականում նա էր խոսում, իսկ ես լսողի դերում էի:

— Իսկ դու սիրե՞լ ես: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ սիրահարվե՞լ ես…

— Իհարկե սիրահարվել եմ ու շատ հաճախ, ինչպես դու ես ասում ես ռոմանտիկ եմ, իսկ ռոմանտիկ մարդիկ սիրահարվում են ամեն քայլափոխին:

Աննայի այտերը թեթև կարմիր գույնով պատվեցին:

—Ճիշտ ես, բայց դրանք ավելի շատ գայթակղություններ են կարծում եմ: Սիրահարվել նշանակում է տրվել սրտից բխող զգացմունքին: Պատրաստ լինել փոխել ամեն ինչ հանուն սիրո, ինչպես ես…

Նա նայեց ինձ ու շարունակեց:

— Դու պատրա՞ստ ես հանուն սիրո դեմ կանգնել բոլորին, աշխարհին…

— Ես պատրաստ եմ պայքարել հանուն սիրո, բայց ինչպես դու ի՞նչ, — հարցրեցի ես:

— Դե…, — հապաղեց պատասխանել Աննան, — ես վաղը մեկնում եմ Հայաստանից, — ու մի գեղեցիկ ժպիտ փայլեց աչքերում:

— Մեկնո՞ւմ ես, հուսով եմ ոչ երկար ժամանակով և Հայաստան վերադառնալու մտքով:

— Չեմ կարծում, որ մոտակա ժամանակներս կվերադառնամ Հայաստան: Երկար եմ մտածել, բայց սերը հաղթեց կարելի է ասել: Ես թողնում եմ Հայաստանը, ծնողներիս, քրոջս, փոքրիկ եղբորս… Հանուն սիրո:

Ես լուռ էի: Չգիտեի ինչ ասել:

— Հուսով եմ նրանք ինձ շատ չեն մեղադրի…

— Բայց ինչու պետք է մեղադրեն, դու հավանաբար շատ ես սիրում նրան, իսկ ծնողներդ երջանիկ պետք է լինեն իմանալով, որ դու էլ ես երջանիկ…

— Նրանք դեմ էին, — կամաց ասաց Աննան ու գլուխը կախեց:

Ես այլևս ասելու բան չունեի: Նա ծաղիկն ավելի ամուր բռնեց, իսկ աչքերն արցունքով լցվեցին:

— Ով կարող էր պատկերացնել, որ այս անձրևոտ օրը անծանոթին կպատմեմ այն գաղտնիքը, որ տանջում էր ինձ մոտ երկու ամիս: Արդեն երկու ամիս ես պատրաստվոմ էի վաղվան և ահա վաղն արդեն վաղն է:

Հազիվ էր նա ավարտել խոսքը, երբ ես պատկերացրեցի նրան գեղեցիկ հարսի զգեստով, ապա նայեցի նրան:

— Ես համոզված եմ. ամեն ինչ լավ կլինի:

Նա վեր կացավ, նայեց երկնքին:

— Անձրևը նորից կսկսվի, իսկ ես դեռ պիտի գոնե մի փոքրիկ ճամպրուկ պատրաստեմ ու հրաժեշտի նամակ գրեմ ծնողներիս:

Ես էլ վեր կացա:

— Ես անչափ շնորհակալ եմ ծաղկի համար, այն իսկապես շատ գեղեցիկ է:

—Հատկապես երբ նման գեղեցիկ բանաստեղծություն է կրում իր թերթիկի վրա, — ավելացրեցի ես:

Նա նորից ժպտաց:

— Կարող եմ ուղեկցել քեզ, եթե ուզում ես իհարկե:

— Մինչև փողոց կարող ես, — ժպտալով ասաց նա:

Երբ հասանք փողոց, նա արագ կանգնեցրեց առաջին իսկ պատահած տաքսին:

— Քեզ հաջողություն, Աննա:

— Քեզ նույնպես ավելացրեց նա, հուսով եմ կհանդիպենք նորից:

Ես լուռ ժպտացի:

Մոտ մեկուկես տարի անց, գարնանային մի գեղեցիկ օր, նույն այգում, որում շատ եմ սիրում նստել, տեսա մի գեղեցիկ զույգ, որ հանդարտ քայլերով զբոսնում էր այգում: Անմիջապես ճանաչեցի երիտասարդ կնոջը. Աննան էր: Մի պահ մտածեցի մոտենամ, բայց հետո հասկացա, որ գուցե հիմար իրավիճակում հայտնվեմ: Կողքին ամուսինն էր հավանաբար, իսկ Աննան հղի էր: Չգիտեմ վերադարձել էր Հայաստան թե հյուր էր, բայց այդ պահին ինձ երկրորդ տարբերակը ավելի հավանական թվաց: Ես հեռվից նայեցի նրանց ու հեռացա: Աննան երջանիկ էր…

Հ. Գ. Սիրելի Ա. Գրեթե երեք տարի է անցել այն անձրևոտ աշնանային օրվանից, որ հանդիպեցիք ու նման մի աշնանային օր ավարտում եմ եմ այս պատմվածքը, որի հերոսուհին Քեզ դարձրի ակամա, իսկ երբ կարդաս, գուցե հիշես այն երիտասարդին, որ ծաղիկ էր բաժանում ու քեզ էլ նվիրեց ամենավերջին ծաղիկը: Հուսով եմ երջանիկ ես:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
18790 | 0 | 0
Facebook