Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ԵՍ ԵԿԵԼ ԵՄ, ԲԱՅՑ ԳԼՈՒԽՍ, ՍԻՐՏՍ ՈՒ ՄԻՏՔՍ ԷԼ ՉԵՆ ԳԱ։ ՀԱՍՏԱՏ ՉԵՆ ԳԱ»

22:15, չորեքշաբթի, 12 ապրիլի, 2017 թ.
«ԵՍ ԵԿԵԼ ԵՄ, ԲԱՅՑ ԳԼՈՒԽՍ, ՍԻՐՏՍ ՈՒ ՄԻՏՔՍ ԷԼ ՉԵՆ ԳԱ։ ՀԱՍՏԱՏ ՉԵՆ ԳԱ»
    
    

Ապրիլի սկիզբն էր։ Արդեն իմացել էի, որ սահմանում պատերազմական դրություն է։ Դասից եկա տուն ու որոշեցի գնալ հարևանի տուն` սուրճ խմելու։ Սովորականի պես թակեցի դուռն ու ներս մտա։ Բայց զգացի, որ ինչ-որ բան այն չէ, մի տեսակ լռություն ու դատարկություն էր տիրում։

-Ոնց ե՞ք Գայան տոտա։ Բա ինչի՞ եք մի տեսակ։ Սուրիկ ձյաձյան ուրա՞, -իրար ետեևից հարցեր էի տալիս ես։

-Ուր պիտի լինի, դիրքերումա։

Մի պահ քարացա, չհավատացի, մտածում էի` կատակ էր։

-Լուրջ եմ ասում, գնացելա դիրքեր։ Ինչքան համոզեցինք` չլսեց։ Ասաց, որ էն թվերին կռվել ու զենք ենք բռնել, հիմա էլ կկռվենք։ Ու ինչ գնացելա` չի զանգել։

Չգիտեի` ինչ ասեի։ Հոգոց հանեցի ու ասացի, որ լավ կլինի ամեն ինչ, կզանգի, կգա։

Խոեցինք, սուրճ խմեցինք, հետո լուրերը նայեցինք։ Ոչ մի լավ բան չէինք լսում։

Հաջորդ օրը նորից գնացի։ Էլի նույն լռությունն էր, բայ արդեն մենակ չէր Գայան տոտան։ Հարևանները հավաքվել էին ու բոլորով լուրերն էին նայում համ էլ զանգի սպասում։ Ամեն հեռախոսի ձայն լսելով վեր էինք թռչում, համոզված էինք, որ Սուրիկ ձյաձյանա, բայց...

Արդեն երրորդ օրն էր, որ ոչ մի լուր չունեինք։ Գայան տոտան շատ անհանգիստ ու տխուր էր։

- Էտքան խնդրեցի, համոզեցի` չլսեց։ Ինչի չի զանգում, մի հատ ձենը լսեմ ու վերջ, -ասում էր Գայան տոտան։

Արդեն լավ ուշ ժամ էր։ Էլի հավաքված ենք հարևաններով, ու զանգի ձայն։ Էլի բոլորս լարվեցինք` Սուրիկ ձյաձյանա հաստատ։

Ինքն էր։ Գայան տոտան մի պահ չկարողացավ բառ ասել, բայց հետո հավաքեց իրեն ու հարցեր ու հարցեր։

-Ո՞նց ես, որտե՞ղ ես, ինչի՞ չէիր զանգում, ի՞նչ վիճակա։

-Այ կնիկ, համբերի խոսամ, թե հետո զանգե՞մ։ Լավ եմ, ամեն ինչ շատ լավա, էստեղ ինձ ավելի լավ են պահում, քան դու, -կատակում էր Սուրիկ ձյաձյան։

-Էէէ, դու ինձ ասա` հիմա որտե՞ս ես, ե՞րբ կգաս։

-Որտեղ պիտի լինեմ, տատիս տանն եմ, թե երբ կգամ` չգիտեմ, տատին դեռ չի թողնում։Լավ մնացեք, երեխեքին լավ նայի, հարևաններիս էլ բարևի։ հաջող։

-Այ Սու-րո։ Ալո։ Հաջող։

Համ տխրեց, համ շատ ուրախացավ Գայան տոտան։ Մենք էլ ասում էինք, որ էսա տուն կգա, քիչա մնացել, ամեն ինչ լավ կլինի։

Ամեն ինչ լավ կլինի։

Երեք-չորս օր հետո եկավ։ Հարկի վրա ուրախություն էր։ Բոլորս հավաքվել էինք ու հարցուփորձ էինք անում։ Շատ էր նիհարել։ Երկար ժամանակ չէր թրաշվել ու կարծես` մի շաբաթում ծերացել էր։ Բայց թրաշն էլ էր սազում։ Էլի իր հումորներն էր անում, մեզ էր հարցեր տալիս, բայց զգում էինք, որ ուշքն ու միտքը էն քարերն ու տղերքն են։

-Գյոզալ տղերք գնացին, իմ տղերքից փոքր, դեռ ինչքան մուրազ ու նպատակ ունեին։

-Գնացին։ Էս էլ գնացի, բայց հետ եկա։ Բայց ու՞մ էր պետք գալս։ Ես եկել եմ, բայց գլուխս, սիրտս ու միտքս էնտեղ են ու չեն էլ գա։ Չեն գա հաստատ:


    
    

Հեղինակ` Աիդա Օհանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4444 | 0 | 0
Facebook