Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԴԱՄԱՆԴՈՎ ՄԱՏԱՆԻՆ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
07:38, երկուշաբթի, 10 ապրիլի, 2017 թ.
ԱԴԱՄԱՆԴՈՎ ՄԱՏԱՆԻՆ /պատմվածք/

Մատանին դարձյալ չէր վաճառվել: Արփենի խուսափուկ հայացքը, վրա եկած ուսերը, անութի տակ պինդ սեղմված պայուսակը դա էին ասում: Ծանոթ, վերջին մեկ տարում բազմիցս կրկնված պահ էր, պարբերական հաճախականությունից բթացած զգացողություն: Հույսը վերստին յոթ սարի հ՚ետևն էր անցնում, ու մնում էր անիծյալ մատանին, որ Հրանտի ու Արփենի գլխին փորձանք էր դարձել, հազար երկու հարյուր ռուբլիանոց պատուհաս՝ հավելած ամեն րոպե ուղեղը շաղափող միտքը՝ չի վաճառվում, չի վաճառվելու, երբեք, ոչ մի ժամանակ, ոչ մի պարագայում, չհուսաս, չակնկալես, ոչ, դարձյալ ոչ, կրկին ոչ, էլի ոչ, միշտ և միշտ ոչ: Խելագարվել կարելի է: Պարտքն անընդհատ թիկունքից հրում է, ֆշշում՝ շուտ արա, շտապիր:

Տենդի մեջ ընկած՝ մատանին մեկ այս ծանոթին էին ցույց տալիս, մեկ մյուսին խնդրում առնող գտնել: Մատանին շրջում էր, ձեռքից ձեռք անցնում: Ծանոթ-անծանոթ զմայլված նայում էին ադամանդե երկու պտղունց քարերին, նրանց միջև ընկողմանած կանաչ զմրուխտին, դեղնափայլ ոսկուն ու չէին գնում: Մանկան նրբին թաշկինակում փաթաթած մատանին վերադառնում էր տուն, առժամանակ հանգրվանում բնակարանի թաքուն խորշերում, որպեսզի դարձյալ մատից մատ անցնի, գնապիտակի վրա նոր տառ, թիվ անընթեռնելի դառնա, ու պակասի վաճառվելու հավանականությունը:

Անիծյալ, երիցս անիծյալ լիներ այն օրը, երբ ոսկերչական խանութ մտան: Հիմարություն: Արփենն էր մեղավոր. Քաշեց թևից, թե՝ տեսնենք ինչ հերթ է: Ադամանդե մատանիներ էին ստացել՝ հինգ հարյուրից մինչև յոթ-ութ հազար ռուբլի արժողությամբ: Հերթն իրար էր ուտում: Հրանտը բռնեց Արփենի դաստակից, որպեսզի չկորցնի, հետո, երբ տեսավ՝ շատ են դեսուդեն հրում, առաջարկեց դուրս գալ: Ինչների՞ն էր պետք: Հինգ տարվա ամուսնացած էին, հինգ անգամ ոսկու խանութի մոտով չէին անցել: Սակայն սատանան իր գործն անում էր: Կինը ոտքը կախ գցեց, թե՝

-Արի մենք էլ առնենք:

-Ցնդեցի՞ր:

-Ճիշտ եմ ասում: Եթե հինգ-վեց հարյուր ռուբլիանոց երկու մատնիք գնենք, ձեռքի վրա արժեքից 200-250 ավել կթռցնեն: Մեկից պարտքից կպրծնենք:

Անցած ամռանը ծովափ մեկնելիս Հրանտի եղբորից էին հինգ հարյուր վերցրել, բայց էսօր-էգուց էին գցում՝ չկարողանալով տալ: Ամեն անգամ չնախատեսված մի ծախս լինում էր՝ այսօր երեխայի ծնունդն է, վաղը բարեկամներն են գալու, մյուս օրը կնոջ ազգականներն են հարսանիքի հրավիրել, կնունք է, մահ, ձմեռ է գալիս, փոքրերին տաք հագուստ է պետք… Մի խոսքով՝ պարտքին հերթ չէր հասնում:

-Բա փո՞ղ:

--Քո գործը չէ: Դու միայն հերթ պահիր, ես կես ժամից կճարեմ:

-Որտեղի՞ց:

Լուսոյենց հիմնարկը մոտ է, տաքսիով կգնամ-կգամ:

Լուսինեն Արփենի քույրն էր: Հրանտը տագնապեց: Ի՞նչ գործ ունի մենակ տաքսի նստի՝ հետն այդքան փող. հանկարծ ու հոտն առնեն:

-Չէ, դու մնա:

-Սպասիր զանգեմ:

Մետաղադրամ չկար: Խնդրեց սրան-նրան՝ ապարդյուն: Ճարպիկ, աշխատող ուղեղ ուներ, տասը կոպեկանոցը գցեց ավտոմատը, խոսեց քրոջ հետ, ելավ խցիկից ու՝

-Դու մինչև տես հասնես, Լուսոն հազար կճարի:

Խրվեց: Սեփական նախաձեռնությամբ, սկզբում՝ երկու ոտքով, ապա՝ մինչև գոտկատեղը: Ավելի հետո խեղդուկը պիտի կոկորդին հասներ, հուպ տար խռչափողը, աչքերը պիտի դուրս թռչեին՝ հավիտյանս այդ արարքը մտապահելու ու նման հիմարություն այլևս չանելու համար:

Լուսինեն մի բան էլ շատ՝ հազար հինգ հարյուր էր գտել:

-Հազարը գրքույկից եմ հանել, մնացածը հաշվապահության աղջիկները տվին:

Փաստի առաջ կանգնած՝ Հրանտը վարանեց. ձեռքը չէր գնում:

-Դու գործ չունես, առնող գտնելն ինձնից, -իր հերթին վերջին կասկածները ցրեց քենին:

Փողն իսկապես պետք եկավ: Մինչ հերթը կհասներ, էժանագին մատանիները պրծան: Ստիպված էին մեկն առնել՝ հազար երկու հարյուր ռուբլիանոց:

Ամեն ինչ այդպես թարսվեց: Մնացած երեք հարյուրը վերադարձրեցին, տասն օր անց ստացած աշխատավարձերը գումարելով՝ հաշվապահության երկու հարյուրը փակեցին: Տաքսուն տված հինգ ռուբլին խոշոր գումարների կողքին չնկատվեց, հաշվի մեջ չմտավ, և մնացին ադամանդով մատանին, որը Հրանտն էր Արփենի առաջարկով ընտրել ու պիտի վաճառեր Լուսինեն, հին պարտքը՝ հինգ հարյուր ռուբլի և նորը՝ կլոր հազար:

Սկզբում գործում էին թաքուն, չէին կամենում շատ մարդ իմանա: Մատանին առաջին պտույտը քենու հիմնարկում կատարեց, այնուհետ շրջանակները մեծացան՝ ներառելով հարևաններին, հեռու-մոտիկ ընկերուհիներին: Գրեթե օրը մեկ զանգում էին: Առաջին շաբաթներին պատասխանները հուսադրող էին: Մեկը նույնիսկ համաձայնեց գնել, միայն թե հարյուր ռուբլի էր ավել տալիս: Մերժեցին: Բռնվելուց երկյուղելով՝ մատանու համար պայմանական անուն էին ընտրել՝ փոշեկուլ: Չէ՞ այդպես էր նմանակարգ բոլոր գրքերում, կինոնկարներում: Թվում էր, ամեն անկյունից հետևում են, ականջ դնում հեռախոսային խոսակցություններին: Հավատում էին հորինածին, ու ամեն մեկն իր բաժին դերը գերազանց էր կատարում:

Արփենը գործատեղից բոլորի ներկայությամբ զանգում էր քրոջը.

-Լուսո, էն փոշեծծիչն ի՞նչ եղավ:

-Տարել են արհեստանոց:

-Իսկ ե՞րբ կնորոգեն, չե՞ն ասել:

-Վաղը գնալու եմ իմանամ:

-Դե լավ, եթե պատրաստ լինի, տեղյակ պահիր: Տանը փոշին ելել, մարդ է ուտում:

Խեղդողը, մեջքից հրողը պարտքն էր: Ճիշտ է, թե եղբայրը, թե Լուսինեն չէին շտապեցնում, սակայն, միևնույն է, անլիարժեքության զգացումը սպանիչ ավերածություններ էր կատարում նրանց հոգում ու մարմնում: Շտապում էին, իսկ գնորդ չկար ու չկար: Մեկ ամիս անց Լուսինեի եռանդը մարեց, և մատանին վերադարձավ տուն: Այնուհետ գործի գլուխ Արփենը կանգնեց: Երկար գցել-բռնելուց հետո որոշեց տանել հիմնարկ՝ միայն թե ուրիշի ապրանք անվան տակ: Այդ կերպ հեշտ էր. խայտառակվելու վտանգ չկար: Հերթական սրամիտ վճիռը, սակայն, չօգնեց գործին: Նզովյալ մատանի էր: Բոլորը, ասես, խոսքերը մեկ էին արել. կար մարդ՝ մի քարանոց էր ուզում, մյուսը՝ բոլորակն, երրորդը՝ աղյուսի կտրվածքով, չորրորդի մատով չէր լինում, հինգերորդն առայժ փող չուներ…

Փոշմանել էին: Բռնած գործը քթներով էր գալիս, սակայն ի՞նչ կարող էին անել: Ստիպված՝ գինը հազար չորս հարյուր հիսունից իջեցրին, սկզբում՝ հիսուն, հետո՝ հարյուր, հարյուր հիսուն: Մեկ անգամ ևս զանգեցին քենուն՝ խնդրելով գտնել այն կնոջը, ով գնից հարյուր ռուբլի ավել էր տալիս: Պարզվեց, ուշ է. կինը մատանու փողով մուշտակ էր գնել:

Հրանտը չէր խառնվում գործին: Ճշմարիտ է, հետաքրքրվում էր, խորհուրդներ տալիս, Արփենին հավասար տագնապում, ծրագրեր մշակում, բայց վաճառքի փորձ՝ ամենևին: Տրամադրության հազվադեպ լավ պահերի բացելով օրենսգիրքը՝ դեմ էր անում Արփենին.

-Թանկարժեք քարերի վերավաճառքի համար գիտե՞ս որքան է հասնում:

-Ինչքան շուտ նստեմ, այնքան շուտ դուրս կգամ, -սրամտում էր կինը:

-Ազտվելուց հետո տան ճամփան մոռացիր: Թե հորանքդ տուն առան, լավ, ես որ տասը տարի նստածի հետ ապրող չեմ:

-Ուրեմն՝ այդպես, հա՞: Հրանտ տղա, չմոռանաս:

Առաջին օրերին կատակով սկսված խոսակցությունները կատակով էլ ավարտվում էին, իսկ վերջում՝

-Ասա քո ի՞նչ խելքի բանն էր առևտուրը:

-Սև գրողի ծոցը ծախվի: Կպոկեմ պիտակն ու կդնեմ մատիս:

Հրանտը սարսափում էր: Խև կին է իրեն բաժին ընկել, հանկարծ ու կնիքը պոկեց. այլևս վերջ, առնող չի լինի:

-Եվ խիղճդ չի՞ տանջի: Մենք պարտքի տակ թաղված՝ դու վերցնես հազար երկու հարյուր ռուբլիանոց մատանին դնես մա՞տդ:

Ի՞նչ անենք: Ուրիշներն ինձնից լա՞վ են:

-Այլոց հետ ի՞նչ գործ ունես: Ասենք թե դրեցիր, ի՞նչդ կավելանա: Եղած-չեղածը ապակու երկու կտոր:

_Աշխարհը, ասել կուզես, քո չափ խելք չունի:

-Աշխարհն իր կարծիքն ունի ես՝ իմը: Չեմ հարգում զուգված կանանց: Կիլոներով ոսկին լցնում են վրաներն ու փողոց ելնում: Իբր, ի՞նչ: Մարմնի թերություններն են ուզում ծածկել, բայց չգիտեն, որ հոգու աղքատուտթյունն են ցուցանում:

-Հրանտ տղա, հոգու հարստությունից գոնե հիմա մի խոսիր: Դու չե՞ս ստիպողը, որ ծախեմ:

Ամուսինը խեղճանում էր: Բա այնքան միջոց չունենա՞ր, որ առանց երկմտանքի պոկեր պիտակն ու ասեր՝ վերցրու, Արփեն, քեզ եմ նվիրում: Կինը գողտրիկ մատանի կունենար, ինքը կազատվեր մղձավանջից, ուղեղին նստած ժանգից, հոգին պարուրած թարախից, երակներում լերդացած սև արյունից ու շունչ կքաշեր՝ ազատ, արձակ-համարձակ, լիաթոք, լիասիրտ:

Ուրիշ մեկը, հավանաբար, այդ միջոցում հարյուր մատանի ծախած լիներ: Հրանտը տեսնում էր, չէ՞, ամբողջ օրն իրենց հիմնարկում կանայք ինչ են տալիս-առնում: Փակում են սենյակների դռները, լցվում իրար գլխի՝ էլ երեխայի տակաշոր, էլ ծծակ, ջինսից տաբատ ու կաշվե բաճկոն: Ինչ լեզուդ պտտի, սիրտդ կամենա: Միայն թե փող ունեցիր: Երևում է, դրա համար ևս հատուկ շնորհք է պետք, օժտված պիտի լինել: Անճարակից ո՞վ մատանի կառնի: Ուրիշ բան, եթե իրենց գանձապահուհու նման լիներ: Ամսվա երեք օրը աշխատավարձ է բաժանում, իհարկե, մանրադրամը տալ մոռանալով, մնացած ժամանակ առևտուր անում: Հիմարացրել է բոլորին, ատամները հաշվել: Ամենաքոսոտ ապրանքն իսկ կրկնակի գնով կարողանում է ծախել: Երկու հազար աշխատող ունեն: Բոլորը դժգոհում են, տրտնջում, բայց մեկի բերանը չի բացվում ասի՝ մեր արդար վաստակն է, վերադարձրու: Լռում են, հետո պատերի տակ խոսում:

Հրանտն էլ միամտի մեկն էր: Երկար տալ-առնելուց հետո գանձապահուհու մոտ մատանու մասին խոսք բացեց՝ բացճակատ: Կարծում էր՝ բոլորն են գնահատում ազնվությունը և պատրաստ են օգնության ձեռք մեկնել խեղդվողին: Պատմեց եղելությունը, հետո խնդրեց պետական գնով առնել:

-Հիմա խանութում մատնիքը թափած է, Հրանտ, ո՞վ կառնի:

Վրան, ասես, սառը ջուր լցրեցին: Մինչդեռ որքա՜ն հույս էր կապել: Եթե այդպես է, ինչու անկեղծացավ: Ոտքը քաշի, թե չէ, բոլորին՝ ով հասավ, կպատմի: Երկրորդ զարկն առավել սոսկալի էր.

-Եթե մինչև հունվար չծախես, կմնա վրադ: Հաստատ աղբյուրներից տեղեկացել եմ՝ ադամանդն էժանանում է:

Երեք օր անց նոր շամփրող հարված: Կանչեց խուցն ու՝

-Մեկին գտել եմ: Խանութի գնից երկու հարյուր պակաս առնում է:

Հաստատ գիտեր, որ երրորդ անձ չկա. պարզապես բազմափորձ ռազմավարություն է:

-Այդ դեպքում ավելի լավ չէ՞ կոմիսիոն դնեմ:

-Միամիտ, -ետքից ձայնեց նա:

Հաջորդ օրը դիմեցին խանութ: Հերթ էր: Ավելի շատ հանձնում էին, քան ծախում: Կանգնեցին վախեցած՝ դեմքով դեպի պատը. հանկարծ ու որևէ ծանոթ տեսնի: Ի՞նչ կմտածեն իրենց մասին. Հը՛մ, փող ունեն, ոսկու առևտուր են անում, -կասեն:

Լենուբոլ կյանքով ապրողները մտնում էին վստահ, բարևում աշխատողներին, կանչում մեկուսի անկյուն, մեկ-երկու րոպե քչփչալուց հետո ավելի ինքնավստահ դուրս գալիս: Առավել մտերիմներին ետնասենյակ էին հրավիրում թևանցուկ՝ մի տեսակ քամահրանքով շրջանցելով հերթը: Ամուսիններին անորոշ տագնապ պատեց, հաջողությունը խիստ կասկածելի էր: Վաճառասեղանի ապակու տակ տարատեսակ մատանիներ էին, թեև ոչ մեկն իրենցի գողտրիկությունը չուներ: Ընթացքում, զուր ժամանակ չկորցնելու մտադրությամբ Հրանտը դիմեց վաճառողուհիներից մեկին.

-Գնապիտակը վրան մատանին քանիսո՞վ եք վերցնում:

-Նայած:

Պատրաստակամ՝ ձեռքը գրպանը տարավ:

-Ձեր հերթը կհասնի, կասեն, -էլ ավելի դժկամ, որ նման քոսոտի հետ է խոսում, պատասխանեց կինը՝ դրանով խոսակցությունը համարելով ավարտած:

Մինչ հերթը կհասներ, մի միջադեպ ևս եղավ: Իրենցից մի մարդ առաջ կանգնած տարեց կինը բացելով փաթեթը, կողքին եղողին խնդրեց մոտավոր որոշել, թե ինչ գին կառաջարկեն: Ըստ ամենայնի, նա ևս առաջին անգամ էր ոսկերչական իրերի կոմիսիոն խանութի հետ գործ ունենում: Արծաթե հնաոճ գոտի էր՝ անպայման մեծարժեք:

-Յոթ հարյուր հիսուն գրամ մաքուր արծաթ է, -ասում էր կինը՝ ճպելով ջրակալած աչքը:

Նոր-նոր հարստացած, դրամը խելամտորեն ծախսելու կերպը չիմանալուց ուտելիքին զոռ տված մի կին և նրա նույնքան հաստլիկ ամուսինը՝ կարճակզակ, գործարար տեսքով վրա եկան, սկսեցին տնտղել գոտին:

-Հինգ հարյուր կտամ, մի հանձնիր, -գրոհի անցավ տղամարդը:

Կինը ճմռթված թաշկինակը հուզմունքից տարավ ջրակալած աչքին.

-, Բայց ես սրա արժեքը դեռ չգիտեմ:

-Հանձնելու դեպքում յոթ տոկոս կոմիսին վարձ կպահեն, այնպես որ տակը բան չի մնա:

-Յոթ հարյուր հիսուն գրամ է, անցյալ դարի գործ. այդքա՞ն կանի որ…

Նրա օգնություն հայցող հայացքն առավ Հրանտին: Կինն ազնիվ դիմագծեր ուներ: Ճերմակ մի մազափունջ դուրս էր պրծել հնաոճ գլխարկի տակից, մատներին, չնայած խանութում տոթ էր, շարունակում էին մնալ ժանեկազարդ մաշված ձեռնոցները:

-Դուրս գանք փողոց, -էլ ավելի գործնական առաջարկեց կարճակզակը:

Ծեր կինը, չկամենալով հանդերձ, ենթարկվելով շեշտ խոսքին՝ սկսեց աղմուկով փաթաթել գոտին:

-Հեյ, պառավ, -լսվեց վաճառողի զայրացկոտ ձայնը, -այստեղ առևտուր չանես, թե չէ հենց հիմա բռնել կտամ:

Կինը սոսկումով գոտին սեղմեց չեղած կրծքին, ետ եկավ տեղը:

Ոսկյա սովորական իրերն ընդունողն այլ էր, հնաոճինը՝ ուրիշ: Նախ՝ միայն Հրանտին ներս թողեցին: Ճաշակով հագնված մեկը խոշորացույցով կարդաց գնապիտակին եղածն ու առաջնորդեց մյուս՝ տնօրենի սենյակը: Վերջինս կաշվե ուռուցիկ թիկնակներով բազկաթոռին ընկողմանած՝ հաղորդում էր դիտում: Հրանտը բարևեց: Նա քաղաքավարի, բայց շատ սառը առաջարկեց նստել:

-Ինձ ուղարկեցին ձեզ մոտ:

Տնօրենը պատասխանի չարժանացնելով՝ ձեռքն առավ մատանին, խոշորացույցով կարդաց մաշված գնապիտակը, երկար-երկար զննեց կնիքն ու էլեկտրական հաշվիչին զանազան թվեր գցելով՝ ասաց.

-Ինը հարյուր ութսունյոթ ռուբլի:

-Ո՞նց թե, -անակնկալի եկավ Հրանտը, -անգամ գի՞նը չեք տալիս:

-Սա շուկա չէ: Ինը հարյուր ութսունյոթ ռուբլի և ոչ մի կոպեկ, -չոր, առարկություն չընդունող տոնով շարունակեց մարդը:

-Կոմիսիոն տոկոսը հանա՞ծ, -դիմացինին զրույցի մեջ քաշելու հույսով ձայնին մտերմիկ երանգ հաղորդեց Հրանռը:


    

-Ոչ: Կոմիսիոն վարձը պահում ենք վաճառքից հետո: Ինը հարյուր ութսունյոթը ապրանքային արժեքն է:

Հրանտը ճանկեց մատանին, առանց ցտեսություն ասելու դուրս եկավ: Առաջին ընդունողը, ով, երևի, տարիների փորձից գիտեր, թե ներսում ինչ կատարվեց և համեմամտաբար գթասիրտ էր ու պարզ բնավորության տեր, հետևից ձայնեց:

-Մենք ոսկին ընդունում ենք գրամով, որպես մետաղալոմ:

Դրանից հետո մատանու մասին տեղեկացան մյուսները: Այժմ գործում էին բացահայտ. թաքցնելու պատճառ չկար: Վաճառել էին ուզում՝ պետական գնով: Վախի, ամոթի զգացումը բթացել էր, մղվել հետին պլան:

Խճճվել ու հուսակտուր ջանքեր էին գործադրում՝ ստեղծված վիճակից դուրս գալու: Հաստատվել էր նաև գանձապահուհու ասածը. խանութներում բազմատեսակ մատանիներ կային՝ ամենատարբեր գնանոց:

Ինչ-որ մեկը, հետագայում այդպես էլ չիմացվեց՝ ով, խորհուրդ տվեց հանձնել խանութին: Վրան գին լինելու դեպքում, -ասել էր, -արժեքից հարյուր ռուբլի պակաս կվերցնեն: Ու որոշել էին՝ եթե այս անգամ ևս չվաճառվի, փորձեն նաև այդ միջոցը:

-Գնանք, -ասաց Արփենը, երբ Հրանտն ընդառաջ շտապեց:

-Ի՞նչ են ասում, -անկիրք, հենց այնպես հարցրեց ամուսինը. նրան ըստ էության, պատասխանը հայտնի էր:

-Հղփացածներ: Թանկանոց է ուզում՝ էլի կանաչ, բայց խոշոր զմրուխտով և առնվազն վեց-յոթ հազարանոց:

-Առնում են տակները լցնեն: Դրա տունը եթե քրքրեն, համոզված եմ, տասը-քսան կիլո ոսկի կլինի, միլիոն դուրս կգա:

-Ասում է՝ կնոջս ծննդյան օրվա համար է:

-Թե որ այդքան փող ուներ, թող սա էլ առներ, իրենից ի՞նչ կգնար, -խեղճացավ Հրանտը:

-Կնոջն էլ որ չնայե՞ս՝ կապիկը քեզ օրինակ: Նոր որ գնաց, չոփ էր, հիմա կերել փքվել է:

-Այդպիսիք շատ չեն ապրի. կյանքն անպայման կպատժի:

-Բան գտար ասելու: Մենք խոսում ենք, նրանք վայելում:

-Գնա տուն: Երեխաները դպրոցից եկած կլինեն, իսկ ես խանութ կմտնեմ:

-Արժե՞ որ:

-Փորձը փորձանք չէ:

-Ես նույնպես կգամ:

-Չէ, դու գործ չունես: Ինչքան քիչ մարդ լինի, այնքան ազատ կխոսեն:

Արփենը հանեց թաշկինակում փաթաթած մատանին:

-Պատյանով ավելի գեղեցիկ կլիներ: Իզուր չպահեցինք, մեկ ու հիսուն էինք տվել:

-Չե՞ս հիշում, գրպանում ուռչում էր, ուշադրություն գրավում, -հետո խոսքը փոխեց, -բայց ո՞նց կլինի. Ուրիշները նույն գործից հազարներ են վաստակում, մենք պիտի վնասով դուրս գանք:

-Ախուվախի ժամանակ չէ, իբր, առան, սկսում ես: Ավտոբուսը գալիս է, շտապիր:

Արփենը միակ բարձրացողն էր: Նրա ետքից դռները շրխկոցով գոցվեցին, և մեքենան ծուխ արձակելով հեռացավ: Արփենս, կինս, միակս, հավատարիմս, ես քեզնից ներողություն եմ խնդրում ավտոբուսով ճամփելու, քեզ բաժին ընկած դժվար կյանքի համար: Վերջում ազատ տեղ կա, նստիր: Ոչինչ, որ համեմատաբար շատ վերուվար կանի, կթռցնի, փոխարենը տաք է. Շարժիչը հետնամասում է, դրա համար: Պատուհանից դուրս մի նայիր: Թող առանց այդ էլ ընկած տրամադրությունդ չընկնի: Մռայլ եղանակ է: Իմ փոխարեն կհամբուրես երեխաներին: Արդեն կարոտել եմ: Գեղեցիկ են նրանք, մեր հույսն են, մեր ուրախությունը, ծանր օրերի մեր սփոփանքը: Չեմ ուզում նրանց աչքին արցունք տեսնել: Իմը հերիք է: Դժգո՞հ ես ինձնից: Չ՞է: Ես այդպես էլ գիտեի: Դե գնա, զգույշ սառույցներից, հանկարծ չգայթես: Մի, մի նեղսրտիր. բոլոր ճանապարհները չէ, որ հաշտ ու անսայթաք, անվտանգ են: Ու նաև՝ ոչ ոքի չմեղադրես. կյանքն է այդպես: Չես պատկերացնի, թե որքան ուրախ եմ, որ անփորձանք հասար: Ի՞նչ անեմ՝ իմ էությունն է այդպես. չնչին բաներն ազդում են վրաս, հուզվում եմ: Դու էլ պակասը չես: Ինչ հիմար ֆիլմ, գիրք լինի, բավական է մի զգայացունց պատկեր, լալիս ենք: Ես քեզնից եմ արցունքներս թաքցնում, դու՝ ինձնից: Ճի՞շտ է: Փոքրիկները նույնպես մեզ են քաշել: Ավելի լավ. մարդ չեն տրորի, հոգի չեն սպանի: Թե կարողացան մեկին նեցուկ լինել, կլինեն, եթե ոչ՝ գոնե վնաս չեն տա: Դե սեղմիր, սեղմիր զանգի կոճակը: Տեսա՞ր ինչ լավ եղավ, դու դարձյալ նրանց հետ ես, Արփենս, կինս, միակս, հավատարիմս: Ձագուկներին ասա, որ շուտ կգամ: Շուտով կգամ:

Խանութում քիչ մարդ կար: Ակնեղենի բաժնում երկուսը, վաճառասեղանին կռթնած, ուշադիր ուսումնասիրում էին զարդերը, քիթ-քթի խորհրդակցում: Վաճառողին դիմելու համար Հրանտի համարձակությունը չհերիքեց: Ետ դարձավ, թեքվեց ժամացույցների բաժնի կողմը, ուր ոչ ոք չկար: Տեսականին հարուստ էր: Առանձնապես մեկը՝ պատի, շատ դուր եկավ, մտադրվեց փող ունենալուն պես առնել: Ողորկ, անփայլ փայտը տան իրերին, մանավանդ գորգին կմերվեր:

Զույգը վերջապես ոսկյա բարակ շղթա գնած հեռացավ: Վաճառողուհին մնաց մենակ: Հրանտը վճռեց մոտենալ. ավելի հարմար պահ դժվար թե լիներ: Որքան էլ քայլերն զգուշությամբ էր փոխում, միևնույն է, մարմարե հատակին առնող կրունկներն ահավոր ձայն էին հանում: Այդպիսի վճռական պահերի կոշկանալերը միշտ խանգարել են: Կրունկները մաշվելուց փրկելու, մեկ ամիս ավելի հագնելու համար էր պայտել տալիս, բայց թե՝ օգուտն ու վնասը որոշելը դժվար էր:

Գրեթե թաթերի վրա մոտեցավ վաճառասեղանին.

-Բարև ձեզ:

-Բարև, -անցողակի նրան նայելով՝ պատասխանեց կինը:

-Մի խնդրանք, սակայն չգիտեմ՝ ճի՞շտ հասցեով եմ եկել:

-Ասեք, լսում եմ:

-Կնոջս համար մերոնք մատանի են գնել, սակայն շտապ փողի կարիք ենք զգում: Գուցե հե՞տ վերցնեք:

Ատելով ատում էր սուտ խոսելը, բայց հարմար արդարացում չգտավ: Եթե ճշմարտությունն ասեր, ոչնչացված կզգար իրեն, հիվանդագին ինքնասիրությունն ափերից կհաներ ու, ով գիտե, ինչ հիմարություն գործեր մաղձից ազատվելու համար: Նպատակն արդարացնում է միջոցը, -դառնությամբ, իր հանդեպ բացահայտ թշնամանքով լցված՝ մտածեց Հրանտը:

-Մեր խանութի՞ց են գնել:

-Այո, կնիքը դեռ վրան է: Ամենևին չի օգտագործված:

-Ի՞նչ գնանոց է, տվեք տեսնեմ:

-Հազար երկու հարյուր ռուբլիանոց: Ադամանդից է, -ասաց ու ոգևորված՝ ձեռքը գրպանը տարավ:

Կինը շուռումուռ տվեց մատանին, տնտղեց, հետո դարձավ այցելուին.

-Մենք հետ վերցնելու իրավունք չունենք: Դրա համար կոմիսիոն խանութ կա:

-Այնտեղ ցածր են գնահատում:

-Ոչնչով չեմ կարող օգնել:

-Ես ձեզ շատ եմ խնդրում, մտեք դրությանս մեջ, -համառեց Հրանտը:

Վաճառողուհին ներքին շրթունքն առավ ատամների տակ, մի կես րոպեի չափ քննախույզ, շիփ-շիտակ նայեց Հրանտի աչքերին, ապա՝

-Սպասեք:

Խորքի սենյակ տանող դռնից երևում էր անկյունում դրած անկիզելի պահարանը, վրան՝ բյուրեղապակյա ջրաման, նույնպիսի բաժակներ, գրասեղանի առաջ նստած մարդու կիսադեմը և սեղանին հակված վաճառողուհու մարմինը: Նրանց զրույցը երկար չտևեց: Տղամարդու գլուխը կորավ տեսադաշտից, մնաց թիկունքը: Հավանաբար մատանին էր զննում: Իրոք, քիչ անց նա ուղղվեց, և բարձր բռնած մատների արանքում շողաց մատանին: Հրանտենցն էր:

Լավն է, ի՞նչ ես երկար զննում: Փող չունեմ, ճաշակ, հո, կա՞: Դե պրծի, վաճառքում, տեսնում եմ, նման մատանի չունեք: Հրես, դեմս շարած են: Տեսնես վաճառողը բաժնից բացակայելու իրավունք ունի՞: Բա որ գողանան, թե՞ ազդանշանային համակարգը միացած է: Արագացրու, նյարդերս տեղի են տալիս: Ի՞նչ կա չվստահելու: Գործարանային կնիքը վրան է, գինը՝ տեղը տեղին: Ճիշտ է, թվերը մաշվել են, բայց ի՞նչ անենք: Անկիզելի պահարանն ինչու՞ է բացում: Հա, երևի փողն է ցանկանում հանել: էլի էդ անտեր խոշորացույցը: Նայիր, ինչքան կկամենաս: Լույսի տակ պահիր, կտեսնես ինչպես է շողարձակում: Զմրուխտն էլ մաքուր է, վճիտ: Մարդ իմանա՝ ինչ են խոսում: Կարծես, ավարտեցին:

-Դուք պետք է սպասեք, - հետ գալով՝ ասաց վաճառողուհին:

-Ի՞նչ կա, -անհանգստացավ Հրանտը:

-Առնող ենք գտել: Տնօրենը զանգում է, երևի, տասը րոպեից գան:

Հրաշալի է, հիանալի: Հետաքրքիր է՝ քանիսո՞վ: Եթե բան չի ասում, հնարավոր է պետական արժեքով է:

-Շնորհակալ եմ, ես ձեր լավությունը չեմ մոռանա:

-Թող գան, տեսնենք ինչ են ասում, նոր:

-Ես բոլոր պայմաններին համաձայն եմ:

Իհարկե, համաձայն է: Եթե նույն արժեքով գնեն, ինքը հիսուն, գուցե նաև հարյուր ռուբլի կամավոր թողնի: Ում ինչքան հասնում է, թող վերցնեն:

-Ես կսպասեմ, -պատրաստակամ ասաց և, ժամանակ մեռցնելու համար, ուղղվեց հուշանվերների բաժնի կողմը:

-Խանութից չբացակայեք, կարող են ամեն րոպե գալ:

-Շատ լավ, -վերստին արձագանքեց՝ շնորհակալախառն ժպիտ հասցեագրելով կնոջը:

Վաճատողուհին ևս թույլ ժպտաց, ապա դեմքին խղճահարության պես բան հայտնվեց, որն իր հերթին արագորեն չքացավ, և մնաց անկիրք, անտարբեր լրջությունը:

Հրանտն սկսեց անշտապ դիտել ցուցափեղկերի նմուշները՝ ժամանակ առ ժամանակ աչք գցելով մուտքի դռանը: Սրահում ելումուտը սակավ էր: Խորքի սենյակի տղամարդը ելել, ետուառաջ էր քայլում բաժնում: Հետո նա ինչ-որ բան հարցրեց: Հրանտը գլխի ընկավ՝ իր մասին է խոսքը: Վերջինիս հայացքը ոստոստալով սահեց սրահով՝ ուղղություն վերցնելով դեպի հուշանվերների բաժինը: Նրանց աչքերը մի պահ իրար առան, և Հրանտը վատ թաքցրած դաժան փայլ տեսավ: Երկուսն էլ նույն պահին շրջեցին դեմքերը, Հրանտը՝ շփոթմունքից, նեղվելուց, տնօրենը՝ դիմացինի ուշադրությունը չգրավելու, չնկատվելու համար: Ապա նա ներս գնաց, և բաժնում մնացին վաճառողուհին, վաճառասեղանից այն կողմ՝ գեղջկական հագուկապով մի ընտանիք. երևում էր, նորահարսի համար նվեր էին ընտրում:

Հրանտը վերջին պահին տեսավ խանութ մտած երկու բարձրահասակ տղամարդկանց, ովքեր համաքայլ կտրեցին սրահը և, վաճառողուհուն չնկատելով, ուշադրության չարժանացնելով՝ մտան ետնասենյակ: Կինը միանգամից լարվեց, զգաստացավ: Նրանք են, -մտածեց Հրանտը: Ի՜նչ էլ հագնվել են: Հարկավ, եթե այսպիսի շրջապատ ունեն, ադամանդից մատանի են գնում, փող ևս կունենան: Չէ, իր նման. ամիսը մեկ է կրունկներին նալ խփում, ինչ է թե չմաշվեն: Որ չամաչի, ողջ ներբանը կթիթեղապատի:

Վաճառողուհին ձայնեց: Հրանտը մոտեցավ:

-Ներս անցեք, -ասաց կինը՝ բացելով սեղանի շարունակությունը կազմող դռնակը:

Բացվածքից մտնելով բաժին՝ անվճռական կանգնեց. առաջին անգամ էր վաճառասեղանից այն կողմ, անսովոր վիճակ էր:

-Մտեք, ձեզ են սպասում, -գլխով դուռը ցույց տվեց կինը:

Ներսում երեքն էին: Նորեկներից մեկը պատի օրացույցին էր նայում, մյուսը նստել, թեթևակի օրորում էր ծունկը: Տնօրենը բանալիների օղը մատն էր անցկացրել, և ծանր տրցակը մեկ աջ էր գնում, մեկ ձախ՝ իբրև ապացույց տիրոջ գոհ կյանքի: Լռությունը տրամադրող չէր, ուստի Հրանտը հուզվեց: Ներքին լարումը, կաշկանդվածությունը քողարկելու հույսով փորձեց ձայնին ազատություն հաղորդել, սակայն ճիշտ հակառակը ստացվեց. այն կերկերոցով դուրս եկավ, ու նա, գործը վերջնականապես չձախողելու համար, խռպոտ հազաց:

Ողջույնին միայն ծունկը գրկածը պատասխանեց: Չբարևողները բնավորությամբ ուժեղ, բայց անհոգի մարդիկ են, -որոշեց Հրանտը

-Դու՞ք եք մատանին վաճառում, -հարցրեց կանգնածը և կտրվելով օրացույցից՝ դարձավ այցելուին:

Գլխով արեց:

-Ցույց տվեք, եթե կարելի է:

Հրանտը շփոթված նայեց տնօրենին: Մի՞թե դեռ չեն տեսել: Վերջինս բացեց անկիզելի պահարանն ու, ձեռքը խորքերը տանելով, հանեց մատանին: Նստածը, ով ավելի տարիքով էր, վերցրեց այն, թեթևակի տնտղեց, փորձեց անցկացնել ճկույթը: Մատանին կեսճամփին լռվեց:

-Որքա՞ն եք ուզում:

-Պետական արժեքով՝ հազար երկու հարյուր: Եթե առնելու լինեք, կարող եմ հարյուր ռուբլի իջնել, -նույն պահին զիջեց Հրանտը:

-Դու՞ք եք գնել:

Ի՜նչ էլ տիրաբար են հարցեր տալիս, ամեն մանրամսն են կամենում իմանալ: Չլինի՞ դուրները չեկավ. թխպել են:

-Ես, անձամբ եմ գնել, -հետո մյուս հարցը կանխելու մտադրանքով հավելեց: -Այս խանութից, մեկ տարի առաջ:, -ասաց ու տեղնուտեղը հիշեց՝ վաճառողուհուն այլ բան պատմեց: Սակայն այլևս ուշ էր:

-Իսկ քարերը ե՞րբ ես փոխել, -թունոտ նետեց տնօրենը, ով մինչ այդ լուռ էր:

-Ի՞նչ քար, -անակնկալի եկավ Հրանտը:

-Ադամանդները, -թողած տպավորությունից գոհ՝ խանութպանը թիկնակով մեջքը քորեց:

-Չեմ հասկանում:

-Պարզ կասեմ. բրիլյանտը հանել ես, տեղը սապֆիր դրել:

-Սապֆիրն ի՞նչ է, -անկեղծ զարմացավ Հրանտը:

Դեռևս ուղեղին չէր հասնում դիմացինի ասածը, բայց որ այդ ամբողջից վատ հոտ էր գալիս, անկասկած էր:

-Մատանին որևէ մեկին ցույց տվե՞լ եք:

Ի՞նչ պատասխանի: Իհարկե, ում պատահել, ցույց են տվել:

Դրանց կարծես միայն քարի հարցն է հուզում: Չլինի՞ խանութից այդպես առան: Եթե սողունի ասածը ճիշտ է, ապա այժմ անհանար է պարզել: Գուցե վերջինի՝ միլիոնատիրո՞ջ սրիկայությունն է: Հետաքրիքիր է, ինչպե՞ս են փոխել, որ չի նկատում: Որքան հիշում է, սապֆիրը շափյուղան է:

-Տվել եմ, - պատասխանեց Հրանտը:

-Անուններն ասեք՝ ու՞մ:

Խոսք են ուզում քաշել: Կոնկրետ անուններ չարժե տալ: էլ մարդ չգտան, իրեն են զոհ ընտրել:

-Չեմ հիշում:

-Հարկ կլինի մտաբերել:

Վախեցնում է: Չէ, չպիտի երկյուղել: Ճիշտ է, ծունկը չի ենթարկվում և, անկախ կամքից, ցնցվում է, բայց երևում է, եթե խեղճանա, ինչ ասես կբարդեն վրան:

-Տվեք մատանին: Ես չեմ կարող երկար սպասել:

-Մենք դեռ հարցեր ունենք պարզելու:

-Չհասկացա, դուք ո՞վ եք, -նյարդայնացավ Հրանտը:

Կանգնածը, ով, ըստ երևույթին, Հրանտին տարեկից էր, ծոցագրպանից գրքույկ հանեց: Կարմիր վկայականի տեսքն իսկ բավական էր, որպեսզի գլուխը կորցնի:

-Ինձնից ի՞նչ եք ուզում: Մատանին չեմ ծախում, փոշմանեցի:

-Արդեն էական չէ:

-Ես ձեր ասած մարդը չեմ: Մտքներիցդ հանեք:

-Սա ձեր մատանին է, ճի՞շտ է:

Հրանտը գլխով հաստատեց:

-Իսկ ի՞նչ գործ ունի խանութում, -տարեկիցն ասածից գոհ՝ խրախուսանք ստանալու ակնկալությամբ նայեց նստածին: Հարցը պատասխան էր ենթադրում, իսկ պատասխան չկար:

-Քեզ հիմարի տեղ մի դիր:

-Հիմարը դուք եք: Չհամարձակվեք ինձ վիրավորել, -ակամա առաջ մղվեց Հրանտը:

Տնօրենը լպիրշ ժպտաց:

-Հիմարն ու խելոքը հիմա կջոկես:

-Որտե՞ղ եք աշխատում, -խոսքակռվին միջամտեց նստածը:

-Ձեր ի՞նչ գործն է: Առնում եք, առեք, չէ… Տվեք մատանին, -չարացավ Հրանտը:

Տեսնես ովքե՞ր են: Չլինի՞… Այս գարշանքից ամեն բան սպասելի է: Նա ոչնչացնող հայացքն ուղղեց խանութպանին: Վերջինիս դեմքից նողկալի ժպիտը չէր հեռանում:

-Օրգանի աշխատողներ, ծանոթացիր, -ասաց, հետո չգոհանալով՝ ավելացրեց: -Դե հիմա որոշիր հիմարն ու խելոքը:

-Շուտ ես ոգևորվում, -տնօրենին փորձեց չափերի մեջ դնել նստածը: Բայց նա դրության տեր էր զգում:

-Պատկերացնու՞մ եք, անխելք հալով ուզում էր մեզ հարիֆցնել: Ադամանդները հանել է, տեղը սապֆիր դրել: -Արա, -նա դարձավ Հրանտին, - իմ ձեռքով օրը հարյուր մատնիք է անցնում, ես չգիտե՞մ ադամանդը որն է:

-Վերջացրու, -այս անգամ ձայնին խստություն հաղորդելով՝ սաստեց նույն անձը, ապա ծունկը թողնելով՝ դարձավ Հրանտին: -Դուք իսկապե՞ս ոչնչից տեղյակ չեք:

-Ոչ:

Օրգան: Օրգանի աշխատողներն ի՞նչ գործ ունեն իր հետ: Ճիվաղ, ուրեմն՝ ինքն է զանգել: Թակարդը գցեց սողունը: Չբռնե՞ն հանկարծ: Խայտառակ կլինեն ինքն էլ, Արփենն էլ: Ոտքերը ծալվում էին, տակից փախչում: Կենդանական սարսափ էր համակել:

-Դուք այս մարդուն ճանաչու՞մ եք, -գլխով տնօրենին ցույց տվեց նույն անձնավորությունը:

-Ես ու դա՞, -դեմքը ծամածռեց լկտին:

Սրա նմաններին հողն ինչպե՞ս է պահում: Մեկնումեկը մինչև հիմա ինչու՞ գլուխը չի ջնջխել:

-Եղկելի մարդ, -ասաց, դարձավ եկվորներին: -Նորից եմ կրկնում՝ ես վերավաճառող չեմ:

-Մի անպատվեք, -սաստեց նստածը, -ձեր գործն ավելի եք բարդացնում:

Տնօրենն ուշացումով գլխի ընկավ, որ վիրավորեցին: Նա տեղում անհանգիստ շարժվեց: Ակնհայտորեն «եղկելի» բառին առաջին անգամ էր հանդիպում:

-Վաղու՞ց եք սպեկուլյացիայով զբաղվում, -նախանձելի համառությամբ հարցազրույցը շարունակեց ցանկալի հունով տանել տարեկիցը:

Դուք էլ բան եք գտել: Սրան բռնեք: Համոզված եմ, եթե հետաքննեք, տակից հազար կեղտ դուրս կգա: Ադամանդներն էլ նա է գողացել: Գող:

-Քարերը դուք եք փոխել, -ասաց, շիփ-շիտակ նայեց տնօրենին: -Հիմա էլ մարդ եք հրավիրել, որպեսզի ինձ բռնեն:

-Արա, ես քեզ, եթե պետք լինի, ոսկով կծածկեմ: Ուրեմն՝ քո քոսոտ մատնիքի՞ն պիտի աչք դնեի:

-Թշվառական, -ասելիք չգտավ Հրանտը:

-Ինձ վիրավորում է, խնդրում եմ արձանագրել:

Չլինի՞ պատահական մարդիկ են: Ներկայացում են խաղում, որպեսզի մատանին իրենց թողնեմ: Գրողի ծոցը հազար երկու հարյուր ռուբլին: Միայն թե այս քստմնելի վիճակից դուրս գա:

-Չեղավ: Եթե շարունակեք ձեզ վատ պահել, ստիպված կլինենք տանել:

-Ու՞ր: Ես ոչինչ վատ չեմ արել: Պարտքերի մեջ թաղված էի, ասի փորձեմ՝ գուցե առնող գտնվի: Չլսեցի՞ք, մի բան էլ պակաս էի տալիս, -ընկրկեց Հրանտը:

Աստված իմ, բա որ իսկապե՞ս գործ բացեն: Քանի՞ տարի կտան: Էհ, խայտառակվելուց հետո տարիքն ի՞նչ կարևոր է: Ինքնասպան լինելուց բացի այլ ելք չի մնա: Տականք, թե ադամանդներին աչք էիր դրել, ասեիր, էլի: Կինս, երեխաներս էլ ի՞նչ երեսով պիտի բակ իջնեն, ծանոթ-բարեկամներին նայեն: Ասենք թե ինձ խորտակեցիր, հետո՞: Ինչպե՞ս ես ապրելու, թե՞ անընդհատ ոսկու, փողի հետ գործ ունենալուց հոգիդ ժանգակալել է:

-Լաց է լինում, բայց մատնիք տալ-առնել գիտի, -վերստին մեջ ընկավ տնօրենը:

Հրանտը չարձագանքեց: Ավելի լավ է խեղդի վիրավորանքը: Գործը լուրջ բնույթ է ստանում: Գուցե խնդրի՞, մատանին դրա՞նց տա: Տարեցը, երևում է, պաշտոնով ավելի մեծ է, բարություն կա դեմքին: Հույսը նա է, թե չէ եթե բանը դատարանին հասավ, փրկություն չկա: Կասեն՝ բռնվել է վերավաճառելիս, ապրանքը ձեռքին: Դե եկ ու հակառակն ապացուցիր: Նմա՞ն դեպքեր են գլխիվայր ներկայացվել: Եվ հետո՝ ո՞վ կհավատա. փաստերն իր դեմ են, ու ճշմարտությունն էլ դա է: Սրիկան ամեն բան գցել-բռնել է: Դրա նմանները, եթե պետք լինի, փողով քննիչների, դատավորի բերան էլ կքաղցրացնեն: Իսկ իրեն… ո՞վ կտա, ո՞վ թիկունք կկանգնի և կամ՝ ինչու՞ կանգնի: Բայց իսկապես, որտեղի՞ց են՝ ԲԽՍՍ-ից, թե՞ ոսկու, թանկարժեք քարերի գործը անվտանգության ծառայության մենաշնորհն է: Հիմա, եթե փրկություն կա, միայն հիմա…

-Խնդրում եմ, ներեք, վաճառելու կարգը չգիտեի: Հավատացեք:

-Մարդ են սպանում, հետո գալիս, թե՝ ներեք, -նկատեց կանգնածը, ով ավելի չար էր:

-Մատնիքը թող ձեզ մնա, ուրիշ ի՞նչ ասեմ:

Հրանտն ամոթից գլուխը հակել էր ու չտեսավ հայացքների խաղը:

-Չէ, գնացինք: Երևում է մեզ ժուլիկների տեղ է դրել:

Վրիպեց, այն էլ՝ ամենաճակատագրական պահին: Հրանտ, ապուշ, աշխարհի հողերը գլխիդ, ինչպե՞ս գլխի չընկար, որ նա երկընտրանքի մեջ է: Պետք է ճշմարտությունը պատմեիր, զավակներիդ անունը տայիր: Կհավատար, կգթար: Իսկ դու վերցրիր ու ամենափորձառու սպեկուլյանտիի պես՝ մատանին ձեզ մնա: Կաշառք էիր առաջարկում, հա՞: Ուրեմն՝ իրոք, վերավաճառում էիր, և առաջին դեպքը չէ:

-Ես ոչ մի տեղ չեմ գա: Տանն ինձ սպասում են, -դողէրոցքի մեջ մրմնջաց:

Նստածը ոտքի կանգնեց: Դեմքին անտարբերության քող էր իջել, խղճմտանքի ոչ մի հետք:

Արփեն, Արփեն, Արփե՜ն: Ինձ տանում են, տանու՜մ: Այս ինչ ահավոր բան կատարվեց: Ձագուկներս, խեղճերս, որբերս: Չկարողացա խոստումս կատարել: Դուք դռան զանգին եք սպասում, հա՞: Հայրիկն այսօր այլևս չի գա: Պինդ փաթաթվեք վերմակով, հանկարծ չբացվեք. գիշերները հիմա առանց հայրիկի ցուրտ կլինի: Ցուրտ կլինի…

-Մեքենան սպասում է, շտապեք, -կարգադրեցին օրենքի ներկայացուցիչներն ու վստահ, որ հանցագործն իրենց կհետևի, դուրս եկան: Նրանք այժմ ավելի բարձրահասակ էին երևում:

-Այս ի՞նչ արիր, -շվարած՝ տնօրենին դարձավ Հրանտը:

Ջախջախված մարմնում ապտակելու ոչ ուժ կար, ոչ ցանկություն:

-Ուզու՞մ ես բանտ չընկնել:

Հրանտը չարձագանքեց. փոխարենը հայացքն էր խոսում:

-Մատանին նրանց նվիրիր:

-Առաջարկեցի, չտեսա՞ր ինչպես զայրացավ:

-Քո գործը չէ: Համոզելն ինձ վրա:

Մի՞թե խիղճը խոսեց: Այդպես էլ կա: Միս ու արյունից է, չէ՞, տեսնում է իր տառապանքը: Ինքը շնորհակալ է պատիվը փրկելու, խայտառակությունից ազատելու համար: Շնորհակալ է իր անունից, երեխաների անունից, Արփենի անունից է շնորհակալ: Պատրաստ է ևս հազար ռուբլու պարտքի տակ մտնել, միայն թե դուրս պրծնի: Խղճուկ, այս աշխարհի հզորների հետ էիր կամենում ոտք մեկնել, հա՞: Քոնը գլուխդ քարշ ապրելն է: Թե չէ՝ ադամանդ, առևտուր, կապուկներով փող… Շատ որ համառես, ոտքի տակ կճզմեն, իմացիր: Քո լղճոր նյարդերով ու՞ր ես մարտադաշտ մտել:

- Արի ետևիցս:

Խանութպանը ելավ տեղից, բացեց ժապավենաձև վարագույրով քողարկած մետաղյա դուռը: Ներսում պահեստային տնտեսությունն էր: Շրջանցելով ճանապարհը փակող զանազան տուփերն ու տարաչափ արկղերը՝ հասան մեկ այլ երկաթյա դռան:

-Դուրս կգաս բակ և, առանց աջ-ձախ նայելու, կգնաս, -ասաց, բացեց ետնամուտքի դուռն ու, չսպասելով Հրանտի հեռանալուն, շրխկոցով գոցեց:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10873 | 0 | 0
Facebook