Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ-ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ռազմիկ
Հեղինակ`
Ռազմիկ
16:02, երեքշաբթի, 05 մարտի, 2013 թ.
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ-ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔ


     Նա ծնուեց մարդու առաջին մտածումի հետ՝ թէ սուրբ է հայրենի հողը:

Նա ստեղծուեց այն օրը, երբ մարդն առաջին անգամ լինելով գիտակցօրէն ու ժպտադէմ մեռաւ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգեւոր արժէքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը:

Երկիրը - դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը - այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակոյթը:

* * *

ժողովրդի հոգեւոր ստեղծագործութիւնը՝ ահա' հայրենիքը՝ իր սկիզբն առած նրա բանարուեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին աւանդութիւնների հետ:

Հայաստան երկիրը հայրենիք դարձրին Մեսրոպի այբուբէնը, Մամիկոնեանների ուխտը, Բագրատունիների շինարարական մեծագործութիւնը:

* * *

Իբրեւ հասկացողութիւն՝ հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցեալն ու ներկան, այլեւ՝ գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելութիւնն է ըստ իր վախճանական նպատակի՝ զարգացող մի յաւերժութիւն է Հայրենիքը: Դա եկող ու անցնող սերունդների անմահութիւնն է, որն իբրեւ գաղափար եւ գործ ժողովուրդը դրոշմում է նիւթի վրայ, խօսքի մէջ, եւ այն ապրեցնում իբրեւ անմեռ յուշ, իբրեւ պատմութիւն:

* * *

Հայրենիք չէ կայսրութիւնը: Հայրենիքը խորացող էութիւն է: Դա արտաքին նուաճում չէ, այլ՝ ինքնանուաճում, ինքնամշակում:

Հրէութեան համար՝ հայրենիքը խորհրդանշող «լացի պատ» ը աւելի մեծ հոգեւոր տարողութիւն ունի, քան Չինաստանը՝ չինացիների համար:

Աշխարհակալութիւն - ահա' հայրենիքների թշնամին՝ հարազատ թէ օտար: Վերջ ի վերջոյ կործանւում է աշխարհակալող ամէն երկիր - Բաբելոն, Հռոմ, Բիւզանդիա, որովհետեւ նա սպանում է եւ իր սեփական հայրենիքը:

Խելագար անձնասպանութիւն է աշխարհակալութիւնը, հոգեսպանութի'ւն:

* * *

Մարդկային գործերի մէջ հայրենիքի պաշտպանութիւնն է ամենասրբազանը:

Հայրենիքի չափ նուիրական է եւ պատերազմը հայրենական: Հաւաքական աւազակութիւն եւ սպանութիւն է այլ կարգի ամէն պատերազմ:

Եւ ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ:

Հերոսի անունը պիտի զլանալ աշխարհակալական պատերազմի մասնակցող ամէն զօրականի: Սպանութեան եւ կողոպուտի ելած բանակը կարող է քաջ աւազակներ ու մարդասպաններ տալ, բայց ոչ եւ հերոսներ:

* * *

Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպէս ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց եւ այնպէս հոգեհաղորդ չլինել նրան:

Կարելի է, վերջապէս, իրաւապէս հայրենատէր լինել, իսկ հոգեպէս՝ անհայրենիք:

Արժանի չես հայրենիքիդ, եթէ այն չես դաւանում իբրեւ գերագոյն նպատակ, իսկ անձդ՝ իբրեւ միջոց:

* * *

Սոցիալապէս որքան արդար՝ այնքան զօրաւոր է հայրենիքը: Գերերջանիկ է մարդը, որ կարող է ասել. «Իմ հայրենիքում արեւը ծագում է բոլորի եւ ամէն մէկի համար. այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպէս

մշակուելու ազատութիւն ունեմ ես»:

* * *

Հայրենիք ստեղծել՝ նշանակում է բեկոր առ բեկոր յայտնաբերել, իմաստաւորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպէս հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնայ անյայտ, անխօս, մեռեալ: Նշանակում է վայր առ վայր նուաճել երկիրը, շունչ եւ իմաստ տալով նրանց:

Ի մի բան՝ հայրենիք ստեղծել՝ նշանակում է հարազատել իր երկիրը եւ հարազատանալ նրան: Այսպիսով ահա՛, նոյնանում են ժողովրդի ոգին ու հայրենիքը: Սրանց դարաւոր փոխներգործութեան արգասիք է հայրենիքը:

* * *

Որքան վսեմ է մի ժողովրդի հասկացողութիւնը հայրենիքի մասին, այնքան զօրաւոր է նրա երկիրը, նրա հայրենասիրութիւնը:

* * *

Իմ հայերնիքը - դա մարդկայնօրէն այն լաւագոյնն է, որ կայ Հայաստանում:

* * *

Կեսարը կ՚ուզէր լինել առաջինը գիւղում, եւ ոչ երկրորդը՝ քաղաքում: Հեթանոսական փառասիրութի՛ւն: Ես կը ցանկանայի լինել վերջինը Հայաստանում, միայն թէ ազատ եւ անկարօտ լինէին նրա բոլոր զաւակները:

Նման հայրենիքում բաւարարուած կը լինէին բոլոր փառասիրութիւնները եւ ապահովուած՝ բոլորի երջանկութիւնները:

* * *

Ների՛ր, Տէ՛ր, ների՛ր ինձ, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ քո դէմ: Արդար է հայրենիքին ծառայել ամէն ինչով, բացի ստորութիւնից:

* * *

Մեռի՛ր այնպէս, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ - ահա՛ իմ դաւանած հայրենասիրութիւնը:

Հերոսական գործերէն աւելի ոգեշնչող է մա՛հը հերոսական:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
14101 | 0 | 0
Facebook