Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ակադեմիան և ՅՈւՆԻՍԵՖ-ը՝ հանուն երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավման

12:28, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Ակադեմիան և ՅՈւՆԻՍԵՖ-ը՝ հանուն երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավման

Մարտի 28-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Այսուհետ Ակադեմիան և ՅՈւՆԻՍԵՖ-ը կմիավորեն իրենց ջանքերը երեխայի իրավունքների պաշտպանության խթանման և երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավման նպատակով: Համագործակցությունը հնարավորություն կընձեռի Ակադեմիայում վերապատրաստում անցնող քրեական գործեր քննող դատավորների և դատախազների համար ուսումնական ծրագրեր մշակել՝ մասնավորապես երեխայի իրավունքների, իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած և հանցագործության վկա երեխաների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՄԱԿ մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները՝ Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը, նույն բաժնի «Արդարադատության մատչելիություն» ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը, հյուրեր:


    

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնությանն անմիջապես արձագանքելու համար՝ ընդգծելով վերոնշյալ թեմայի առանձնահատուկ կարևորությունը: Նրա խոսքով՝ երեխայակենտրոն արդարադատական համակարգ ունենալը, արդարադատությունը երեխաների համար առավել մատչելի դարձնելը, համակարգի աշխատողներին համապատասխան ժամանակակից գիտելիքներով զինելը մեծ կարևորություն են ներկայացնում հատկապես այն պատճառով, որ այսօր նշված թեմայով համապարփակ վերապատրաստման ծրագրեր չկան:

Ռեկտորը նաև ուրախությամբ նշեց, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ արդեն սկսվել են «Անչափահասի պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման նոր դասընթացի մշակման աշխատանքները: Աշնանը նախանշված վերապատրաստման այս դասընթացին 37 դատավոր և 125 դատախազ ցանկություն են հայտնել մասնակցել: «Կարծում եմ՝ մոտ ապագայում դրական արդյունքների ականատես կլինենք» , -ասաց Սերգեյ Առաքելյանը:


    

Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակն է պաշտպանել յուրաքանչյուր երեխայի ցանկացած իրավիճակում, այդ թվում, երբ նրանք կամքից անկախ կամ հանգամանքների բերումով ստիպված են լինում առերեսվել արդարադատության համակարգի հետ: «Արդարադատության ակադեմիան կարևոր դեր ունի կրթական ծրագրերի իրականացման և արդի մասնագիտական պատրաստվածության բարձրացման գործում, և մենք վստահ ենք, որ մեր գործընկերության շնորհիվ Հայաստանում կբարելավվեն արդարադատության ծառայությունները՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային համապատասխան», -նշեց տիկին Ռադոչայը:

Բացի վերոնշյալից, գործընկերության շրջանակում կկազմակերպվեն նաև համատեղ դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ և մի շարք այլ միջոցառումներ, ինչպես նաև կիրականացվեն գիտական հետազոտություններ:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4127 | 0 | 0
Facebook