Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՄ փորձագետի այցը Ակադեմիա

11:15, ուրբաթ, 17 մարտի, 2017 թ.
ԵՄ փորձագետի այցը Ակադեմիա

ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջընթացի գնահատում իրականացնելու նպատակով այս օրերին Հայաստանում են Եվրոպական Միության փորձագետները: Մասնավորապես՝ պատվիրակության ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են ունենում և Եվրոպական Միության TAIEX գործիքի շրջանակում իրականացնում դատաիրավական համակարգի և քրեակատարողական ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների առաջընթացի գնահատում:
    

Այդ կապակցությամբ մարտի 9-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵՄ փորձագետ, Թուրինգիայի արդարադատության նախարարության պետքարտուղար Մայքլ Հոսները (Գերմանիա) և ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ տնօրեն Տաթևիկ Դավթյանը: Վերջինը, ի դեպ, ղեկավարում է գնահատման գործընթացի աշխատանքները համակարգող խումբը:
    

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և կարևորեց եվրոպական կառույցների ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, կատարված, իրականացվող ու նախանշված աշխատանքները: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիան, որպես երիտասարդ կառույց, ունի խնդիրներ, որոնց լուծումը պայմանավորված է նաև համաշխարհային դրական փորձի ուսումնասիրման և դրական արդյունքների ներդրման հետ:
    

Մայքլ Հոսները շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Գերմանիայի համանման կառույցի գործունեությունը: ԵՄ փորձագետին հետաքրքրում էին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին Արդարադատության ակադեմիայում իրականացվող մասնագիտական պատրաստման և վերապատրաստման առանձնահատկություններին, ուսուցման ծրագրերին, մեթոդաբանությանը և այլն:
    

Ակադեմիայի ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը, Գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, Ֆոնդերի հայթայթման մասնագետ Արտակ Սաղաթելյանը պատասխանեցին հյուրերին հետաքրքրող հարցերին՝ դատական, քննչական համակարգերի և դատախազության ունկնդիրների ուսուցման և պրակտիկայի կազմակերպումից մինչև գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների իրականացում, հեռաուսուցում և այլն:
    

Հանդիպման ավարտին հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ Ակադեմիայի շենքային պայմաններին, լինել գրադարանում, Ակադեմիայում վերապատրաստում անցնող մարզերից ժամանած ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, նաև հետևել այդ պահին լսարաններում ընթացող դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների պատրաստման և դատական ծառայողների վերապատրաստման դասընթացներին:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4101 | 0 | 0
Facebook