Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց թողեք հաց բերողին

23:10, կիրակի, 05 մարտի, 2017 թ.
Բաց թողեք հաց բերողին
    
    
04.03.2017 | 17: 39

Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Irates.am
     Պարոն նախագահ
     1948 թվին մեր ընտանիքը վարձով բնակվում էր Կաթի գործարանի մոտ: Մեզնից ոչ հեռու կար ՀԱՑի խանութ:
     Ամեն օր մորս հետ գնում էինք և շատ երկար ժամանակ կանգնում նախնական հերթի, մինչև ավտոմեքենան հաց կբերեր: ՈՒ սկսվում էր հրմշտոցը, մինչև միլիցիոները կմիջամտեր: Հացը համարյա թե ուտել չէր լինում, խառն էր ցորենի ու գարու կճեպներով, որոնք և ծակծկում էին ուտողի լեզուն: Բայց այդ ծակծկող ՀԱՑին սպասում էինք, անհամբեր, և ՀԱՑը մեզ համար Սրբություն էր: Մինչ այսօր հիշում եմ այն ժամանակների հայտնի արտահայտությունը՝ «ՀԱՑ լիներ, ուտեի, փշոտ, մշոտ չասեի»: Գուցե և դա էր պատճառը, որ իմ ժամանակվա շատ երեխաներ ու մեծեր հետագայում փողոցներում, գետնին ՀԱՑի կտոր տեսնելիս, բարձրացնում էին, համբուրում և դնում որևէ բարձր, ապահով տեղ, որ ՉԸՆԿՆԻ:
     Մեկ տարի անց պետությունը երեսուն հազար վարկի դիմաց մեզ հանձնեց սեփական տուն, պայմանով, որ վարկը մարենք.. 30 տարում՝ ՆՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԸ առանց տոկոսների (առանց տոկոսների....չխորանա՞մ. քանի՞ հազար մարդ բանկի վարկի դիմաց կորցրեց իր բնակարանն ու արտագաղթեց. ո՞վ արեց, ով, ո վ, ով):


     ...Մեր նոր տան բակը հարակից էր հողոտ ու քարքարոտ փողոցին, որի վերջում գործում էր հացի խանութը: Հայրենական մեծ պատերազմի ավարտից անցել էր հինգ տարի, վիճակը ավելի լավ էր, բայց փողոցները կարգավորելու համար պետությունը փող չուներ, և յուրաքանչյուր անձրևից ու ձյունից հետո մեր փողոցը խրվում էր ցեխի մեջ: Եվ այդ ցեխոտ ճանապարհով ձմեռային մի օր դեպի հացի խանութն էր ընթանում հացով բեռնված «Գազ» ավտոմեքենան, որը հենց մեր տան դիմաց խրվեց ցեխի մեջ: Վարորդի բոլոր ջանքերը՝ հանելու մեքենան ցեխից, ավելի բարդացրին վիճակը, ու այն համարյա կիսով չափ թեքվեց դեպ մեր պատուհանները: Շատ հաց թափվեց գետնին, ցեխի մեջ: Մայրս ու մեծ եղբայրս, ես, վարորդի և նրա օգնականի հետ սկսեցինք հավաքել ձյունախառը ցեխի միջից հացերը, տարանք մեր տուն ու չորացրինք վառարանի վրա: Հետո դանակներով սկսեցինք քերել, մաքրել ցեխոտ տեղերը: Տրակտոր եկավ, ցեխի մեջ խրված մեքենան հանեց: Ի շնորհակալություն, վարորդը մեզ թողեց ԵՐԿՈՒ ՀԱՑ:


     ...1992 թվին Թամանցիների փողոցում տեղակայված հացի խանութում Գործկոմի լիազոր ներկայացուցիչն էի (որպես պատգամավոր): Արցախում պատերազմ էր, Հայաստանում լարված վիճակ (չխորանամ, շատ լավ գիտեք), ու կար ՀԱՑի պակաս (վստահ եմ, գիտեք՝ Հայաստանի նախագահը Հայաստան ցորեն մտցնեու համար դիմել էր և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին: ՉՄԵՐԺԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԹՇՆԱՄՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼ, ՀԱՑի խնդիր էր: Էլչիբեյն էլ ասել. «Ինչպե՞ս կարող եմ հացից զրկել»: Հարցրեք ԼՏՊ-ի խորհրդական Ժ. Լիպարիտյանին): Եվ հերթական օրերից մի օր ՀԱՑ-ը շատ ուշացավ, անոթի, սպասումով լի ժողովուրդ: Գնացի Առաջին մասի ՀԱՑ-ի փուռ, որտեղ հացը բաժանելու աշխատանքներն էր անձամբ կարգավորում Շենգավիթի գործկոմի նախագահ Յուրա Հարությունյանը, ընդ որում, մեկին համոզելով, մյուսին՝ հայհոյելով, երրորդին էլ ծեծելով («խարոշիներ» եկան, որ հաց տանեն): Եթե կարճ, ինձ տվեցին մեր բաժին հացով բեռնված մեքենան, ու սլացանք դեպ խանութի առջև հոծ բազմությունը: Մեքենայից հաշված րոպեների ընթացքում հացը մարդկանց գլխավերևներով տեղափոխվեց խանութ ու կարճ ժամանակ անց վաճառվեց: Ինձ հերթ չհասավ (ես միշտ հերթ եմ կանգնել՝ երդվում եմ): Գլխիկոր դուրս էի գալիս խանութից, երբ խանութի վարիչը հետևիցս ձայն տվեց. «Պարոն Ասլանյան, Ձեր հացը պահել ենք»:
     Պարոն Նախագահ:


     Արցախյան պատերազմի տարիների Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնում են, որ Հայաստան ցորեն՝ ՀԱՑ մտնի, Ձեր ղեկավարության տակ գործող մարմինները ձերբակալում են ՀԱՅԻՆ, ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ: Այո, չեմ թաքցնում՝ Ես «Սասնա ծռերի» երկրպագուն եմ, այդ օրերին ժողովրդի դեմ կատարված բռնություններն էլ համարում եմ հանցագործություն: Այս բոլորը մի կողմ՝ ԲԱՑ ԹՈՂԵՔ ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ: Նրա բերածը ՀԱՑ ԷՐ: Նրա «հանցանքը» կապված էր ՀԱՑԻ հետ:


     Հ. Գ. Ես քաջ հասկանում եմ գրածիս նշանակությունը և չեմ զղջում: Գիտեմ մի բան, հիմա արդեն հանգիստ եմ: Սա էլ ասեմ՝ ոչ մի կուսակցության կամ խմբավորման մեջ չկամ, չեմ հարում: Եվ ոչ էլ միտում ունեմ օրիգինալ երևալու:


     Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ
     ԽՍՀՄ, Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ
     Հայֆա, Իսրայել
    
    

Աղբյուրը` irates.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4551 | 0 | 0
Facebook