Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրթությունը չի կարող լինել որակյալ առանց սովորեցնող գնահատման

19:26, հինգշաբթի, 23 փետրվարի, 2017 թ.
Կրթությունը չի կարող լինել որակյալ առանց սովորեցնող գնահատման

Գնահատումը պետք է լինի սովորեցնող. այսպիսն է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի առաջնային ուղերձը:
    

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կրթության որակի շաբաթվա շրջանակներում այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկեց գնահատման համակարգի բարելավմանը նվիրված երկօրյա համաժողովը:
    

Միջոցառումը մեկնարկեց անակնկալով. ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ENQA լիիրավ անդամ: Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում է ENQA-ին:
    

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ՈԱԱԿ-ին և կրթական համակարգի ներկայացուցիչներին ENQA անդամակցության առթիվ, նշեց. «Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում: Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին նաև վստահության քվե է այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»:

Նախարարը կարևորեց նաև առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրումը՝ նշելով. «Չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում առանց ծրագրային հավատարմագրման: Այն շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է որակին»:
    

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, խոսելով ENQA-ին անդամակցության մասին, նշեց, թե անդամակցությունը նաև նշանակում է, որ Հայաստանում կարելի է դնել այդպիսի հավակնոտ նպատակներ և հասնել դրան:
    

Անդրադառնալով կոնֆերանսի թեմայի ընտրությանը՝ պարոն Թոփչյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել՝ ուսանողը վճարում է, որ իրեն գնահատեն և դրա արդյունքում ինքը սովորի: «Կոնֆերանսի նպատակներից է ամրապնդել սովորեցնող գնահատման մշակույթը մեր կրթական համակարգում», - ասում է նա:
    

Պարոն Թոփչյանի խոսքով՝ շահակիցների քննարկումները կօգնեն բուհերին նախապատրաստվել նաև առաջիկա կլաստերային աուդիտին. «Դա ամենածանր չափանիշներից է, ըստ որի բուհը պետք է հավաստի, որ իր գնահատումը սովորեցնող է»:

ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց համաժողովը սպասվող կրթական բարեփոխումների համատեքստում: Նրա խոսքով՝ հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացման տեսանկյունից կարևոր է մի շարք բարեփոխումների իրականացումը, օրինակ՝ բուհերի դասախոսական կազմում պետք է ընդգրկված լինեն թե հետազոտող մասնագետներ, թե գործատուներ, պետք է ներդրվի դասավանդման և ուսումնառության որակի հարցումային համակարգ, ինչպես նաև գրագողության հանդեպ անհանդուրժող քաղաքականություն է պետք որդեգրել: Պարոն Ավետիքյանը կարևորեց նաև ֆակուլտետների ինքնավարության բարձրացումը, արտերկրում սովորած տաղանդավոր մասնագետների ներգրավումը հայաստանյան բուհական համակարգում:
    

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Սամվել Շուքուրյանը ևս կարևորեց օտարերկրյա մասնագետների ներգրավումը: Հիշեցնելով առաջիկայում սպասվող կլաստերային աուդիտի մասին՝ Շուքուրյանը նշեց, որ հայաստանյան բուհական համակարգում որակյալ պրոֆեսորադասախոսական կազմի պակաս կա: «Լուծման ճանապարհը հեռահար միջոցներն օգտագործելով արտերկրի մասնագետների հետ կապվելն է: Սխալ է սահմանափակվել միայն տեղում եղած մասնագետներով», - ասաց նա:
    

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին նաև ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան:

Օրվա ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպիսի գնահատում է ակնկալում բուհից ուսանողը, գործատուն և դասախոսը: Գործատուները կարևորեցին, որ ուսանողներն իրենց մոտ գան որոշակի գործնական հմտություններով, իսկ որպես դրա ապահովման միջոց առաջարկեցին, որ իրենք էլ ներգրավվեն ուսանողի գնահատման գործընթացում:
    

Քննարկման մասնակից միջազգային փորձագետները նշեցին, որ իրենց մոտ էլ խզում կա բուհի և գործատուի միջև: Այդ երկու օղակները կապելու, գործատուին կրթական գործընթացում ներգրավելու համար եվրոպական երկրներում հատուկ կառույցներ են ստեղծված: Գործատուներին կրթական գործընթացներում ներգրավելու տարբերակ է նաև նրանց պարբերաբար բուհ հրավիրելը՝ վարպետության դասեր անցկացնելու համար:
    

«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի շրջանակներում վաղը կներկայացվի կլաստերային աուդիտի նպատակը, չափանիշները, ոլորտները: Կհաջորդեն ոլորտային աշխատաժողովներ նվիրված կլաստերային աուդիտի չափանիշների քննարկմանը:
    

Կներկայացվեն նաև որակի ապահովման ոլորտի միջազգային փորձը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի օրինակով:
    

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 20-ին քննարկվել են ուսանողներին, փետրվարի 21-ին՝ երիտասարդ դասախոսներին հուզող խնդիրները, փետրվարի 22-ին անդրադարձ է կատարվել մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությանը:

Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2571 | 0 | 0
Facebook