Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկեց քննիչների թեկնածուների 1-ին խմբի մասնագիտական պատրաստումը

15:07, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Մեկնարկեց քննիչների թեկնածուների 1-ին խմբի մասնագիտական պատրաստումը

Փետրվարի 20-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց 2017 թվականի ուսումնական գործընթացը: Այսօրվանից սկսվում է քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված 25 ունկնդրի մասնագիտական պատրաստումը:
    
    

2017 թվականի առաջին ունկնդիրներին առաջին դասից առաջ ողջունեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը: Նրանք շնորհավորեցին ունկնդիրներին քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեցին:
    
    

«Լիահույս եմ, որ այս խմբի շրջանավարտները տեղ են գտնելու մեր քննչական համակարգում և հնարավորություն են ունենալու բարձր պահելու Ակադեմիայի և Քննչական կոմիտեի պատիվը: Պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի դուք, որպես պատրաստի քննիչներ, ներգրավվեք համապատասխան աշխատանքում» , - նշեց ռեկտորը:
    
    

Ս. Առաքելյանն ունկնդիրներին մանրամասն ներկայացրեց Ակադեմիայում քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ձևը, ժամաքանակը և ժամանակացույցը, ծրագիրը, դասավանդվող առարկաները, փորձաշրջանը, ինչպես նաև քննությունների անցկացման կարգը:
    
     Ռեկտորի խոսքով՝ ուսուցման ծրագիրը ուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը ընդհանուր, հատուկ և հարակից մասնագիտական ոլորտներում: Ուսումնառության ընդհանուր տևողությունը յոթ և կես ամիս է՝ 2017 թվականի փետրվարի 20-ից հոկտեմբերի 6-ը՝ ներառյալ 12 ամիս տևողությամբ փորձաշրջանը:
    
    

Ռեկտորը պատասխանեց նաև ունկնդիրների՝ մասնագիտական պատրաստմանն առնչվող ինչպես բովանդակային, այնպես կազմակերպական հարցերին, նաև խոստացավ նման ձևաչափով հանդիպումները դարձնել ամենամսյա:
    
    

Հանդիպման ընթացքում ունկնդիրներին հանձնվեցին համապատասխան փաթեթներ՝ ուսումնական նյութերով և մասնագիտական անհրաժեշտ ձեռնարկներով:
    
    

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը բարի երթ մաղթեց ունկնդիրներին և ասաց. «Մաղթում եմ հաջողակություն, հաջողակ եղեք, մենք ձեզ հետ լուրջ հույսեր ենք կապում»:
    
    

Հանդիպումից անմիջապես հետո մեկնարկեց առաջին դասը՝ «ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը»:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3328 | 0 | 0
Facebook