Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նամակ «Ավրորայի» հերոսին

12:30, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
Նամակ «Ավրորայի» հերոսին

«Կարմիր աղյուսներից ստրուկի արյան հոտ է գալիս, ես ատում եմ այդ գույնը»:
     Սայիդա Ղուլամ Ֆաթիմա


     Մտածում եմ, եթե նա տեսներ մեր կարմիր տուֆը՝ ի՞նչ կասեր: Համոզված եմ, նա ատում է աշխարհի բոլոր կարմիր քարերը, քանի որ բոլորի մեջ տեսնելու է արյունով շաղախված աղյուսի կտորը, որոնք աղքատի ու ստրուկի ձեռքերով են կերտվում:
    
     Աշխարհի քարերն են արյունով շաղախված, բանվորի արյունով, ստրկամիտ գաղափարի արյունով: Քարը-քարին դնողն է աշխարհը բարձրացնում, բայց նա այն նույն բանվորն է, որի ձեռքերը քարը բարձրացնելիս արյունոտվում է, սոսնձվում ու գենետիկ հիշողությամբ դաճվում քարերի մեջ:
    
     Մենք հավատում ենք Աստծուն և վախենում չարից...
    
     Բայց Ֆաթիման չի վախենում Սատանայի հետ կռվից, նա չի վախենում արդարությունից, նա հերոսաբար կռվում է, պայքարում, ընկնում ու վեր կենում՝ հանուն արդարության: Ստրուկությունը մենք տեսնում ենք գրքերում ու ֆիլմերում, բայց Ֆաթիման պայքարում է նրա դեմ էսօր, հիմա, երբ մենք նայում ենք ապագային ու ապրում ենք աներևակայելի առաջ շարժվող գունավոր աշխարհում:
    
     Իսկ աշխարհում շատ կան արյունոտ աղյուսներ...
    
     Հարգելի Ֆաթիմա, մտքերս հասան ձեզ մոտ, նստեցին զրույցի ու գնացին պապերիս երկիր, մորս հայրենիք՝ Մուշ, և հորս հայրենիք՝Վան: Ես դարի արյան հոտը զգացի երակներումս, ես նայեցի կարմիրով ներկված հողին, որից արյուն էր հոսում, երկեղեցու կիսավեր պատրին, որի վրա արյունով գրված ու արդեն աղոտ երևում էին պապերիս ցավն ու տառապանքը, ես տեսա հայուհիների, որոնց սերունդները ստրակցել են հավերժ, ես ամենուր կարմիրը տեսա ու սարսափեցի, պապրերիս հողը արյան գույն ուներ, նրանց փտած կմախքներից տառապած և ստրկացված քամի էր գալարվում օդում, վեր հանելով եկեղեցու պատերից պոկված քարերի բեկորները, որ քամու դադարից հետո հարվածում էին հողին ու արնաշաղախ հողը ցիրուցան անում:


    
     Երանի մի օր աշխարհի բոլոր դատարանները պապերիս հողն ու ջուրը ազատեն թուրքի ստրկացումից ու ես իմ ձեռքերով, կարմիրով շաղախված հողից աղյուսներ սարքեմ ու պապերիս տունը կառուցեմ ու սիրեմ կարմիրը...
    
     Աստված իմ, աշխարհում ինչքա՜ն կարմիր աղյուս կա:
    
     Տեսնես քանի՞ հարուստի տանից է արյան հոտ գալիս, գուցե ինչ-որ մեկն էլ չիմանալով ապրում է ստրկացված ու արյունոտ աղյուսների մեջ, սիրում են կարմիրը ու աղյուսի հոտը, էհ՜...
    
     Աշխարհը դարձել է նյութական, կյանքը դարձել է անհոգի հաշվարկ, որտեղ մարդն այլևս աստվածավախ չէ: Մենք չգիտակցված պայքարում ենք սատանայի հետ ամեն օր ու ժամ, մենք ուզում ենք արդարություն գտնել այնտեղ, որտեղ անարդարը վաղուց իշխում է, մենք ուզում ենք բարին գործել այնտեղ, որտեղ չարը թևերն է փռել, մենք ուզում ենք հավասարություն այնտեղ, որտեղ չկա հավասարի օրենքը և վերջապես մենք ուզում ենք աղյուսներ, որ մեր տան պատերը կառուցենք, բայց ինչ-որ մի տեղ ստրկացված ու ստորացված մարդը` աղյուս է կերտում իմ ու քո տան պատերի համար, և կա մեկը ՝ ՈՎ ՈՒԶՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՑ ՋՆՋԵԼ ՍՏՐԿԱՑՈՒՄԸ:
    
     Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, ես ՇՆՈՀԱԿԱԼ ԵՄ այն 80.000 ստրուկի համար, որոնց ԴՈՒՔ նոր կյանք, նոր գույն ու ապրելու հույս եք տվել:
    
     Մենք արյան հոտ չե՛նք ուզում, մենք կարմիր աղյուս չե՛նք ուզում, մենք բոլորս պիտի Ֆաթիմա լինենք այսօր ու վաղը, որ աշխարհի երեսից իսպառ անհետանա՝
    
     ՎԵՐՋԻՆ ՍՏՐԿԱՑՈՒՄԸ...
    
     http://www.mediamax.am/am/news/Aurora_heroes/21643
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5141 | 0 | 0
Facebook