Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
09:12, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆ

Մեծապատիվ Մուրացկաններ/վեպ
     / հատված/
    

Հազար ութը հարյուր յոթանասուն… չեմ հիշեր` քանիսին, սեպտեմբեր երեսունըմեկին, ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասն զի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի, երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթտըված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած նավակե մը յուր սնտուկները հանել կաշխատեր:
     Կը տեսնեք` որչափ պարզությամբ սկսա: Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախսելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խուռն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանություն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը: Ես ալ կրնայի ըսել այն ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձեռբակալված աղջիկ մը:
     Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությունս, որ ժամանակակից դեպք մը է:
     Այս ճամբորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը ականջներով և զույգ մը քթով… չէ, չէ, մեկ քիթով, թեպետև, բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայիլ, անոր մեծությունը սխալեցուց զիս: Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ. Հ Վարդովյան հանդիպեր յուր աչքերով կը հարցուներ այդ մարդուն. "Ի՞նչ ամսական կուզես` թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար":

Սնտուկներն ու անկողինն, որ քուրջի մը մեջ ներփակված էր, նավակեն հանելուն պես ճամբորդն քաշեց քսակն և նավարարին իրավունքը վճարելով` բեռնակիր մը կանչեց: Հինգ բեռնակիրներ ներկայացան իրեն: Տարակույս չկա, որ եթե հինգ կանչեր, քսան և հինգ պիտի ունենար յուր առջև մայրաքաղաքիս սովորությանը համեմատ:
     - Ո՞ր կողմ պիտի երթաք, աղա, - հարցուց բեռնակիրներեն մին` մեկ ոտը սնտուկներուն միույն վրա կոխելով:
     - Բերա, Ծաղկի փողոց թիվ 2 պիտի երթամ, - պատասխանեց խոշոր մարդը:
     - Շատ աղեկ հասկցա, Բերա, Ծաղկի փողո… պատվական փողոց մ’Է, - ըսավ արցումն ընող բեռնակիրն և սնտուկ մը շալկելով սկսավ երթալ:
     - Ծաղկի փողոցն ես ալ գիտեմ, - ըսավ երկրորդ բեռնակիրն և սնտուկին մեկն ալ ինք առնելուն պես` Բերայի ճամփան բռնեց:
     - Ես ամեն օր կերթամ Ծաղկի փողոցն, - ըսավ երրորդն և մարդուն անկողինը գետնեն վերցնելն, կռնակի վրա առնելն ու վազելն մեկ ըրավ:
     Այս գործողություններն այնքան արագությամբ կատարվեցան, որ մարդը շվարելով սկսավ չորս կողմը նայիլ` տեսնելու համար բեռնակիրներն, որ բազմության մեջ անհայտ եղած էին:
     - Ի՞նչ խայտառակություն է սա, - գոռաց վերջապես ոտները գետինը զարկելով, - ո՞ւր տարան անկողինս և սնտուկներս, ատոնք ի՞նչ իրավունք ունին իմ անկողնուս և սնտուկներուս խառնվելու, ի՞նչ աներես մարդ են եղեր այս տեղաց մարդերը. ինչ որ կտեսնեն` կը տանին:
     - Ծաղկի փողոցը մենք ալ գիտենք. աղա, մեզի ալ բան մը տուր, որ տանինք, - ըսին մյուս երկու բեռնակիրները:

- Ծաղկի փողոցն ալ գետնին տակն անցնի, դուք ալ, - պատասխանեց մարդն, որուն այտերն նեղութենե կարմրիլ սկսած էին:
     Երկու բեռնակիրները խնդալով հեռացան. և ճամփորդն ալ յուր սնտուկներուն ետևեն կը պատրաստվիր, երբ բարձրահասակ, թխադեմ, փոքր աչքերով մարդ մը ուսերը տնկած ձեռները շփելով և բռնազբոսյալ ժպիտով մը մոտեցավ անոր և քաղաքավարական ձևով մը ձեռները բռնելով հարցուց.
     - Դո՞ւք եք Աբիսողոմ աղա, ե՞րբ եկաք, ո՞ր շոգենավով եկաք, ի՞նչպես եք, ձեր եղբայրն ի՞նչպես է, ազգային գործերն ի՞նչպես են Տրապիզոն, հացին գինը քա՞նի է հոն, անձրև եկա՞վ այս օրերս ձեր քաղաքը … վայ, Աբիսողոմ աղա, վայ…
     - Ես եմ Աբիսողոմ աղա, հիմի եկա, տաճկի շոգենավով եկա, շատ աղեկ եմ, եղբայրս ալ աղեկ է, ազգային գործերն ալ աղեկ են Տրապիզոն, հացին գինը մեկ դահեկան է, անձրև չեկավ այս օրերս մեր քաղաքը, - պատասխանեց փութով թիկնոցաբնակն` առանց ճանաչելու այս անձն:
     - Ներեցեք, թողություն ըրեք, որ չկրցի մինչև շոգենավ գալ զձեզ դիմավորելու համար: Ինծի գրված էր Տրապիզոնեն, որ այս շաբթու անպատճառ հոս պիտի գաք…
     Ես ատանկ բաներու չեմ նայիր:
     - Արդարև մայրաքաղաքս ինքզինքը բախտավոր համարելու է ձեզ պես պատվական ազգային մը, շնորհալի երիտասարդ մը, ողջամիտ մեկը…
     Սնտուկներս…
     Ազնիվ սիրտ մը, վեհանձն հոգի մը…
     Բեռնա…
     Հայրենասեր անձ մը…

կիրները…
     Ազգասեր, ուսյալ, կրթյալ…
     Սնտուկ…
     Դաստիարակյալ…
     - Ազնվասեր, ազնվախոհ, ազնվադեմ մեկը իր մեջ ունենալու համար:
     - Սնտուկներիուս մեջ ատանկ բաներ չկան, - պատասխանեց Աբիսողոմ աղան քալել սկսելով` բեռնակիրները գտնելու համար:
     - Թեպետև դուք զիս չեք ճանչնար, բայց ես ձեր գերդաստանը խիստ լավ կը ճանչնամ. ձեր լուսահոգի հայրն իմ լրագրուս բաժանորդն էր: Շատ բարի մարդ մ’ էր, աղքատներուն ողորմություն կուտար, աղքատ աղջիկներ կը կարգեր և իրեն դիմողներուն բարություն կըներ: Ասանկ ողորմած մարդերը շատ ապրելու են, բայց ի՞նչ օգուտ, անգութ մահը միշտ բարիները կառնե և թող կուտա չարերն, որ ազգին չարություն ընեն: Թողունք սակայն հիները և ուրիշ բանի վրա խոսինք: Շոգենավուն մեջ հանգի՞ստ էիք:
     - Շատ հանգիստ էի, պատվականապես կերա, խմեցի, և պառկեցա, - պատասխանեց Աբիսողոմ աղան` քայլերն շուտ ու մեծ առնել սկսելով:
     - Եթե հանգիստ չըլլայիք, վաղվան լրագրերուս մեջ պիտի գրեի և ընկերության ուշադրությունը պիտի հրավիրեի, - ըսավ խմբագիրն ետևեն վազելով:
     Շնորհակալ եմ:
     Կաղաչեմ, ըսեք ինծի, քանի տարեկան եք:
     Քառասուն:
     Վաճառական եք կարծեմ:
     - Այո… Եթե անցագիր պիտի շինել տաք, հարկ չկա. վասն զի հատ մը ունիմ:

- Չէ, վաղվան թերթերիս մեջ պիտի գրեմ, որ առաջին օրը Տրապիզոնեն մայրաքաղաքս եկավ մեծապատիվ Աբիսողոմ աղա երևելի վաճառականն, որ յուր լեզվագիտությամբ և վաճառականական հմտությամբ ծանոթ է մեր ազգայիններուն: Տաճկերեն գիտեք, կարծեմ:
     Ոչ:
     Ֆրանսերե՞ն:
     Ոչ:
     Անգլերե՞ն
     Գերմաներե՞ն:
     Ոչ:
     - Վնաս չունի, ես լեզվագետ պիտի ըսեմ ձեզի համար և ձեր վրայոք գովեստով պիտի խոսիմ:
     - Ամեն Պոլիս եկողներուն անունները ձեր թերթին մեջ կը գրե՞ք:
     - Գրեթե ամենն ալ, եթե ձեզի պես պատվավոր ազգայիններ ըլլան:
     Պոլիսեն գացողնե՞րն ալ կը գրեք:
     Գրեթե կը գրենք, եթե պատվավոր ազգայիններ ըլլան:
     - Շատ լավ, իմ անունս ալ գրեցեք, ես ալ պատվավոր ազգային մ’ եմ: Մեր քաղաքին մեջ արտերու, եզներու, կովերու և ագարակներու տեր եմ… Ասոնք ալ գրե, - ըսավ այնպիսի դեմքով մը, որ կը հայտներ, թե մեծ շահ մ’ ուներ այս խոսքերուն հրատարակությանը մեջ:
     - Հոգ մի ընեք. խղճի և արդարության պարտք մը կատարելու համար անոնք ալ կը գրեմ
     - Երկու-երեք հատ սպասավոր ալ ունիմ… անոնք ալ լրագրույթ մեկ կողմը կրնա՞ս անցունել:
     Ինչո՞ւ չէ:

- Ոսկե ժամացույց և շղթա ալ ունիմ, բայց շոգենավուն մեջ չգողցնելու համար վրաս չառի, անոնք ալ գրել պե՞տք է, - հարցրեց Աբիսողոմ աղան, որ բոլորովին մոռացել էր սնտուկները:
     Ատոնք գրելու հարկ չկա:
     - Շատ լավ, բայց մյուս ընծաներս լրագրույդ մեջ ամենեն առաջ դիր, որ կարդան:
     Այնպես ընելու միտք ունիմ:
     Խոշոր գիրերով գրե:
     Հանգիստ եղեք. ամենեն խոշոր գրերով:
     - Միայն հարուստ մարդերուն գալն և երթալն կը գրեք… այնպես չէ՞:
     Այո:
     - Եթե աղքատ մարդերն ալ կը գրեք, չեմ ուզեր, որ իմ անունս…
     - Բնավ երբեք, ստակ չունեցողներուն անունները բնավ չենք գրեր, նույնիսկ եթե հազար ոսկի ալ տված ըլլան դպրոցի մը շինության համար:
     - Ըսել է, որ դուք ամեն իրիկուն հոս կսպասեք Պոլիս եկող կամ անկից մեկնող հարուստները տեսնելու և անոնց անունները հրատարակելու համար, որպեսզի ժողովուրդն գիտենա, թե ով եկած է և ով գացած է… Տարակույս չկա, որ վաղը իրիկուն իմ անունս պիտի կարդամ ձեր լրագրին մեջ:
     - Այո, ձեր հասցեն տվեք, որ տեղական թղթատարով ղրկեմ լրագիրը:
     Բերա, Ծաղկի փողոց թիվ 2:
     - Շատ աղեկ, - ըսավ խմբագիրն և գրպանեն թուղթ մը հանելով բաժանորդներուն ցուցակին մեջ անցուց Աբիսողոմ աղան:

- Վաղը առտու լույսը չճեղքված ղրկե, որ կարդամ իմ անունս լրագրի մեջ:
     - Իրիկվան դեմ կը ղըրկեմ, վասն զի լրագիրս իրիկունները կը տպվի:
     - Որչափ ուրախ կլլայի, եթե ձեր վաղվան լրագիրն առտուն տպեիք… բայց վնաս չունի, իրիկվան թող ըլլա, բավական է, որ անունս խոշոր գրերով գրվի:
     - Այդ մասին հանգիսռ եղեք, վաղը իրիկուն անպատճառ կը ղրկեմ լրագիրն ընկալագրով:
     - Ընկալագրո՞վ… տեղական թղթատարով պիտի ղրկեիք հապա… Ընկալագիրն ո՞վ է, տունս գիտե՞…
     - Ընկալագիրն թուղթ մ’ է, որուն մեջ կը գրեմ. " Ընկալա մեծապատիվ Աբիսողոմ աղայեն… լրագրո տարեկան բաժանորդագրին մեկ ու կես ոսկի" և այդ թուղթը ձեզի կը հանձնեմ, որով տարի մը իրավունք կունենաք իմ լրագիրս ընդունելու:
     - Տարի մը շարունակ պիտի գրե՞ք իմ անունս:
     - Չէ, բայց դուք բաժանորդ պիտի ըլլաք իմ լրագրուս` մեկ ու կես ոսկի վճարելով ինծի:
     - Մեկ ու կես ոսկի… շատ է… երեք քառորդ ոսկի չի բավե՞ր:
     - Խմբագիրները բաժանորդագնույն վրա առարկություն չեն ըներ…
     - Շատ լավ, ղրկեցեք ձեր լրագիրն և այն թուղթը, բան մը կընենք:
     - Սակայն չկարծեք, թե ես բաժանորդ գրելու նպատակով զձեզ տեսնելու եկա, քավ լիցի, այդ պզտիկությունը չեմ ընդունիր, բարեկամական պարտք մը կատարելու համար եկա զձեզ տեսնելու:
     Հայտնի բան է:

- Բնավ ձեր մտքեն չանցունեք, թե այս մարդը մեկ ու կես ոսկի փրցնելու համար զիս տեսնելու եկավ:
     Չեմ անցուներ:
     - Վասն զի կան խել մը մուրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկողները կողոպտելու համար անոնց քովը կերթան և բաժանորդ կը գրեն զանոնք. ես այդ բանը չեմ կարող ընել, վասն զի բնությանս մեջ չկա… ես իբրև պատվավոր մարդ կուզեմ ապրիլ:
     - Ինձ հետ ձեր ունեցած այս տեսակցությունն ալ ուրիշի մի գրեցեք, վասն զի տեսակ մը բախտախնդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ կը գրեն և իմ անձնականությունս կը խծբծեն:
     Կը հասկնամ, անձնականությունս կը խծբծեն:
     - Օրինակի համար սա պարագային մեջ հանցանք մ’ունի՞մ ես, զձեզ դիմավորելու եկա և խոստացա ձեր անունը լրագրուս մեջ հրատարակել. դուք ալ իբրև ողջամիտ ազգային մը, բաժանորդ գրվեցաք. կաղաչեմ, ըսեք, ձեր կոկո՞րդը սըղմեցի, որ ինծի բաժանորդ գրվիք:
     Ամենևին:
     Ատրճանա՞կ ցցուցի:
     Բնավ երբեք:
     Դանա՞կ քաշեցի:
     - Ոչ, բայց ուրիշ տեղեր ատրճանա՞կ կամ դանա՞կ ցցունելով բաժանորդ կը գրեն:
     - Ատ ըսել չեմ ուզեր, սա ըսել կուզեմ, որ դուք ձեր հոժար կամքով բաժանորդ գրվեցաք: Այո:
     Ես էլ վեհանձնաբար վարվեցա այս պարագայի մեջ:

Տարակույս չկա:
     - Չվարվեցա այն խմբագիրներուն պես, որք օտարականի մը Պոլիս գալն իմանալուն պես` վազելով անոր տունը կերթան` բաժանորդ գրելու համար:
     - Այդ չվառականներն իրավունք չունին քո անձնականությունդ խծբծելու… դուն վստահ եղիր ինծի…
     - Շնորհակալ եմ ձեզմե… մնաք բարով, Աբիսողոմ աղա, օր մը մեր խմբագրատունը հրամմեցեք խահվե մը խմելու:
     - Շատ աղեկ, օր մը կու գամ: Վաղվանին մեջ անցունելու չը մոռնաք;
     Անհոգ եղեք:
     - Աբիսողոմ աղան և խմբագիրն բաժանվեցան իրարմե Բերայի քառուղվույն առջև, ուր հասած էին խոսելով:
     Աբիսողոմ աղան առանձին մնալով սկսավ ճամփան շարունակել` ինքն իրեն հետևյալ խորհրդածություններն ընելով.
     "Ես ինքզինքս չէի կարծեր այնչափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն մ’ է և ուսումնական է.. Վաղը լրագրի մեջ իմ անունս տեսնողները անշուշտ պիտի իրար անցնին և հետաքրքրություն պիտի ունենան ինծի հետ տեսնվելու. վաղը պետք է որ կիրակի օրվան հագուստներս հագնիմ և ոսկե ժամացույցս ու շղթաս ալ դնեմ. սպասավորներս ալ հետս բերելու էի. ո՞վ գիտեր… Ամեն մարդ պիտի իմանա վաղը, որ մեծ մարդ մը եկած է Կ.Պոլիս. ազնվախոհ, ազնվասիրտ, լեզվագետ, ուսումնական, դաստիարակյալ, կրթյալ և այլն մեկը, և յուրաքանչյուր կնիկ պիտի ըսե իր էրկանը. "Մեր աղջիկը սա Աբիսողոմ աղային տանք": Էրիկն ալ պիտի պատասխանե կնկանը` "Նայինք` Աբիսողոմ աղան մեր աղջիկը կառնե՞, անիկա հարուստ տեղե մը աղջիկ առնել կուզե հարկավ":

Այս պատասխանին վրա էրկան և կնկան մեջ վեճ մը պիտի ծագի և իրարու գլուխ պիտի պատռեն. որո՞ւ հոգ… Անունիս լրագրին մեջ անցնիլն սա օգուտն պիտի ունենա, որ երկու օրվան մեջ հարուստ աղջիկ մը առնելով պիտի լմնցունեմ ամուսնության գործը, որու համար միայն եկած եմ հոս… այս ամուս…":
     Աղյուս բեռցված էշերու կարավանեն էշ մը բախվելով Աբիսողոմ աղային դեմ` ընդմիջեց զայն իր խորհրդածություններու մեջ, ուր ընկղմած ըլլալով` ուշադրություն չէր ըներ առջևեն եկող էշերուն, որովք լի է միշտ Բերայի մեծ փողոցը:
     Մեկդի կեցիր, - ըսավ իշավոր պարսիկն Աբիսողոմ աղային` արագացնել ուզելով յուր էշը:
     - Ատ խոսքը առաջ ըսելու էիր, որ զգուշանայի, - պատասխանեց Աբիսողոմ աղան և ճամփան շարունակեց:

Բ

Բեռնակիրներն ոչ լսած և ոչ ալ տեսած էին Ծաղկի փողոցն, բայց քաջալերվելով կարգ մը մարդերեն, որք գիտնալ կը ձևացունեն, ինչ որ չեն գիտեր, և որք խիստ բազմաթիվ են մեր ազգին մեջ, համարձակված էին ըսել Աբիսողոմ աղային, թե շատ աղեկ գիտեին Ծաղկի փողոցը:
     Բեռնակիրներուն այս հանդգնությունն այնքան պարսավելի չէ, որչափ այն մարդերունն, որ խոհարարություն ուսած են և բանադատություն կընեն, կամ քիչ մը երկրաչափության պարապած ըլլալով` աստղերուն շարժումներուն վրայոք կը ճառեն, կամ երկու սագ և չորս կով մեծուցած ըլլալով` դաստիարակության խնդիր կը հուզեն,

կամ զավակ մ’ունեցած ըլլալով` առաջին մարդուն որ աշխարհի մեջ ծնած ըլլալուն վրա կատենաբանեն, կամ վերջապես անանկ նյութի մը վրա կը խոսին, որ բոլորովին օտար է իրենց, այո, այս մարդերուն հանդգնությունն ավելի է, վասն զի բանադատությունն կամ աստղագիտությունն կամ մանկատածությունն և այլն Ծաղկի փողոց չէ, որ ուրիշներուն հարցնելով անմիջապես սորվի մարդ: Եվ արդարև բեռնակիրները, ամեն քայլափոխին, իրենց դեմն ելնողներուն հարցունելով` անմիջապես գտան Ծաղկի փողոցն և թիվ2 տան դուռը զարկին. մինչդեռ ես շատ ատենաբաններ մտիկ ըրած եմ, որ յոթ-ութ ժամ շարունակ խոսելով` չեն կարողացած իրենց փնտռած փողոցը գտնել և ստիպված են ուրիշ փողոցներու մեջ թափառել և թափառեցնել իրենց ունկնդիրներն` անոնց քիթեն բռնելով:
     Բեռնակիրները դուռը զարնելուն պես դուռը բացվեցավ և ներկայացավ իրենց թուխ և երկար դեմքով կին մը, որուն դեմքին վրա ժամանակն այնքան գծեր գծած էր զայն սրփագրելու համար, որքան որ կը գծե Մասիսի խմբագիրն յուրչորս տող մեկ ձեռագրին վրա, որ կամ մեկուն վախճանիլը կիմացունե և կամ ուրիշ մը կարգվիլը:
     Բեռնակիրները դռնեն ներս մտնելով բեռները գետինը ձգեցին և սկսան իրենց քրտինքը սրբել:
     - Աբիսողոմ աղային ըլլալու են ասոնք, այնպես չէ՞, - հարցուց բեռնակիրներուն թխադեմ տիկինը:
     - Անուն չըսավ մեզի, - պատասխանեց բեռնակիրներեն մին` սև թաշկինակովն գլխուն քրտինքը սրբելը շարունակելով:
     Ի՞նչ տեսակ մարդ էր:
     Խոշոր թիկնոց մը հագած էր:
     Ի՞նչ գույնով էր, ճերմա՞կ թե թուխ:
     Ոչ, սև էր:

Սև՞ էր:
     Այո, սև, բայց աղվոր, անոր փաթտըվողը ձմեռը չմրսիր:
     - Ատ ի՞նչ խոսք է, փաթտըվիլն ի՞նչ պիտի ըլլա… ես քուկին գիտցած կնիկներեն չեմ, հասկցա՞ր, - ըսավ տիկինը յուր խոսքերը շեշտելով:
     - Վնասակար բան մը չըսի, փաթտըվելով ի՞նչ կըլլա եղեր, - պատասխանեց բեռնակիրն աթոռի մը վրա փռելով յուր թաշկինակն:
     Ատկե ավելի վնասակար ի՞նչ կրնա ըլլալ:
     Շատ բարակ բաներու մեր խելքը չպառկիր:
     Ես կպառկեցնեմ… դուն զիս կը ճանչնա՞ս…
     Փաթտըվելեն ի՞նչ վնաս կուգա:
     Ես էրիկ ունիմ, ինչո՞ւ պիտի փաթտըվիմ եղեր անոր:
     - Էրիկ ունեցողներն ալ կը փաթտըվին. Էրիկն ուրիշ, սա ուրիշ, , սա կը տաքացնե: Ըսենք, որ ձմեռը գիշեր մը դուրս ելար, փողոցին մեջ էրկանդ չես կրնար փաթտըվիլ, բայց աս կռնակդ կառնես…
     Աբիսողո՞մ աղան:
     - Թիկնոցը, տիկին…Աբիսողո՞մ աղան կռնակի վրա կառնվի՞:
     Մինչև հիմա թիկնոցի վրա կը խոսեիր:
     - Խոսքերնիս թիկնոցի վրա չէ՞ր մի… հապա դուն ի՞նչ հասկցար:
     Ես հասկցա, որ Աբիսողոմ աղային փաթտըվելու է կսես:
     - Տեր ողորմյա, տեր ողորմյա, Տեր Աստված, - ըսավ բեռնակիրն` թաշկինակը քաշելով աթոռեն:
     Տիկինն բեռնակրին տված բացատրութենեն գոհ ըլլալով` հրամայական եղանակով մ’ըսավ:
     Այս անկողինն և սնտուկները վեր հանեցեք:

Բեռնակիրներն հնազանդելով բեռներն նորեն վերցուցին, և հազիվ թե սանդուղին առաջին աստիճանին վրա կոխած էին, տիկինն պոռաց.
     Լեռնե՞ն եկաք դուք:
     Ոչ, մեծ փողոցեն եկանք:
     - Գիտեմ, որ մեծ փողոցեն եկաք, այդ ոտքի ամաններով վեր կելնըվի՞, տեսեք` ինչ ըրիք տախտակներս, ես այսօր սրբեցի զանոնք, և հոգիս բերանս եկավ:
     Ի՞նչ ընենք, ուրիշ ոտքի աման չունինք:
     Ինչո՞ւ կայներ երեսս կը նայիք, չհանե՞ք տըվոնք:
     Մի պոռար, տիկին, մի պոռար, կը հանենք:
     Եվ հանեցին իրենց ոտքի ամաններն, որք ավելի մաքուր էին, քան իրենց ոտներն:
     Այդ ոտքերով վեր պիտի ելնեք, - կրկնեց տիկինն:
     - Ուրիշ ոտք չունինք, այս ոտներով պիտի ելնենք, - պատասխանեցին պանդուխտներն այնպիսի խղճուկ կերպով մը, որ կարծես թե իրենց աղքատության պատճառով երկու ոտքեն ավելի չէին կրցած ունենալ, և որպես թե հարուստներն չորս, հինգ կամ վեց ոտք ունեցած ըլլային:
     Վար իջեք, չեմ ուզեր, գետինը ձգեք, ես կը տանիմ:
     Ատանկ ավելի աղեկ կլլա:
     - Ահ, ես ի՞նչ ընեմ իմինիս, որ գործի չերթար, և առտվնե մինչև իրիկուն սրճարանները կերթա, կը նստի, ազգային գործերու վրա կը խոսի, զիս ասանկ խեղճ կը թողու, և ես ալ կստիպվիմ տունս մարդ դնելու, - մռմռաց ինքնիրեն տիկինն և սանդուղին առջև դրած թաց լաթով մը սանդուղին առաջին աստիճանն սրբել սկսավ:
     Տիկին մենք սպասենք պիտի… - Եթե խելքը գլուխը մեկն ըլլար, - շարունակեց տիկինն ինքնիրեն, - ես հիմա թագուհի մը պես կյանք կանցունեի.

զավակ չունիմ, բան չունիմ, բայց ինչ ընեմ, որ խելքը միտքը թաղական ընտրելու և թաղական վար առնելու վրա է: Աստուծմե գտնան այն թաղականներն ալ, որ ամենուս խեղճությանը պատճառ կըլլան կոր: Ինչո՞ւդ է պետք քուկին, տնաշեն, ուզողը նստի, չուզողը չնստի, դո՞ւն մնացիր այս ազգին գործերը շտկող…
     - Տիկին, մեր իրավունքը տուր, որ երթանք, պարապ տեղը չսպասենք հոս, - ըսին բեռնակիրները:
     - Վաղը եկեք, - պատասխանեց տիկինն, և բեռնակիրներն, որք վաղը բառն ամեն օր լսելու վարժված էին, տիկնոջ պատասխանին վրա դռնեն դուրս ելան:
     - Թաղականի մը ետևեն է ինկեր, - շարունակեց տիկինն դարձյալ, և բնավ չմտմտար, որ ուտելու համար հաց պետք է, միս պետք է, եղ պետք է, բրինձ պետք է, զանոնք եփելու համար փայտ պետք է, ածուխ պետք է, ասոնք բնավ չհարցուներ, առտուն լույսը չճեղքած կերթա և իրիկվան մութուն կուգա: Ահա հյուրերնիս այսօր եկած է և ժամե մը հոս պիտի գա, հարկավ անոթի է մարդն, առջևը բան մը հանելու է, որ ուտե, և մենք բան մը չունինք, վասն զի իրիկունները տուն եկած ժամանակը կտոր մը միս կամ ձուկ չբերեր, որ տունին մեջ կերակուր գտնվի… թաղականեն ուրիշ բան չունինք տուներնուս մեջ, ամեն իրիկուն թաղական…
     Տիկինն դեռ դիտողություններն լմնցած չէր, և ահա յոթանասունի մոտ մարդ մը, որ բանալիով բացած էր դուռն, ժպիտով ներս մտավ և բարևեց տիկինը: Այս մարդը տիկնոջ ամուսինն էր: Յուր խորշոմած կունտ ճակատն չափեն ավելի դուրս ցցված էր և այնպիսի դեմք մը ուներ, որ կարծես, թե մեկն զայն կը խտղտեր:

Այս մարդն հազիվ թե դռան սեմեն ներս ոտք կոխած էր, կինն առջևն ելնելով` հարցուց անոր.
     Ո՞ւր էիր մինչև հիմա, մարդ Աստուծո:
     - Չես ըսիր, կնիկ թաղականի գործն ալ այսօր լմնցուցինք. կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվի, և բոլոր անդամները պատվավոր մարդիկ պիտի ըլլան: Թորոս աղան ինձի քանի մը օղի խմցունելով ետևես ինկավ, որ յուր ուզած մարդոցը քվե տամ, բայց ես իմ մարդոցս տվի, վասն զի իմ մարդիկս ինձի ամեն գիշեր օղի կը խմցունեն և շատ բարի և պատվավոր մարդիկ են, ուրիշներուն պես թաղին սնտուկեն ստակ չեն գողանար և դպրոցն ալ…
     - Այս խոսքերուն ատենը չէ հիմա, շուտ մը գնա, կտոր մը միս առ:
     - Թորոս աղան քիչ մը սրդողեցավ, և ասկից վերջը հետս սքամպիլ չպիտի խաղա, թող չխաղա…
     Ես քեզի ի՞նչ կըսեմ կոր… շուտ ըրե գնա:
     - Ես ալ տիրացու Մարտիրոսին հետ տամա կը խաղամ ասկից ետքը…
     - Այդ խոսքերը վերջն ալ կընենք, Մանուկ աղա, գնա մսավաճառեն քիչ մը միս առ ու բեր:
     - Տիրացու Մարտիրոսին գլխուն եկածը չես ըսեր, կնիկ, խեղճ կինն այս գիշեր մազ մնացեր է, որ մեռնի եղեր…
     Ինչո՞ւ:
     - Մանչ մը բերեր է, բայց շատ դժվարությամբ, չորս դայակ և տասնվեց բժիշկ հազիվ կրցած են տղան առնել:
     Խեղճ կնիկ…
     Վաղը քիչ մը գնա, զինքը տես:
     Կերթամ, հիմա դուն գնա, սա մսին գործը լմնցուր
     Այս գիշեր անպատճառ միս պետք է:

- Հապա, Աբիսողոմ աղային անկողինն ու սնտուկները բերին, ինքն ալ հիմա կուգա:
     Իրա՞վ կըսես կնիկ:
     Սուտ ինչո՞ւ պիտի խոսիմ:
     - Շատ աղեկ ուրեմն, երթամ պատվական միս առնեմ ու գամ:
     - Մանուկ աղան անմիջապես տունեն դուրս ելավ և հազիվ թե քանի մը քայլ առած էր, կինը ետևեն պոռոլ սկսավ.
     Մանուկ աղան, Մանուկ աղան…
     Մանուկ աղան ետ դարձավ:
     Միսն ինչո՞վ պիտի եփենք, - հարցուց կինը:
     Կուզես գետնախնձորով եփե, կուզես լուբիայով
     - Սա չէ իմ ըսածս. ածուխ չունինք, քիչ մ’ալ ածուխ առնեիր:
     - Շատ աղեկ, - պատասխանեց Մանուկ աղան և սկսավ երթալ:
     - Մանուկ աղան, Մանուկ աղան, - կանչեց տիկինը նորեն: Ետ դարձավ Մանուկ աղան:
     - Աղեկ ա, մինակ միսով չըլլար, քիչ մ’ալ բրինձ առ, որ ապուր մ’ալ շինենք:
     Աղեկ ըսիր, կնիկ, քիչ մ’ալ բրինձ առնենք:
     - Մանուկ աղան այս անգամ վազելով սկսավ երթալ. փողոցը դառնալու վրա էր, երբ կինն բոլոր ձայնովն ետևեն զայն կանչեց.
     Մանուկ աղա, Մանուկ աղա…
     - Կանգ առավ էրիկն և վերստին ետ դարձավ` այս անգամ դեմքի զվարթության վրա քիչ մը զեղչ ընելով:
     Ի՞նչ կուզես…
     - Մարդ Աստծո, շոգեկառքի պես կը վազես, ձայնս մարեցավ:

Սոխ չունինք, աղ ալ չունինք քիչ մ’ալ կազ կամ ճրագ առնելու է, որ վառենք. մարդը մութո՞ւն պիտի նստեցունենք:
     - Աղեկ ա, ամենը մեկեն ըսե, որ նպարավաճառին երթամ և պետք եղածներն առնեմ, հարյուր անգամ ետևես կանչեցիր:
     - Ջուրի շիշ ալ չունինք… գլուխս կապելու բան մը չունիմ, ոտքս հագնելու կոշիկ չկա. այս վիճակին մեջ ի՞նչպես Աբիսողոմ աղային դեմը ելնեմ:
     - Հիմա ուտելիքը առնենք, վաղն ալ հագնելիքը կը մտմտանք, - ըսավ Մանուկ աղան և դուռն ուժով մը քաշելով դուրս ելավ:
     Մանուկ աղա, Մանուկ աղա…
     - Ուզածդ չափ պոռա, ալ ետ չեմ դառնար, - մռմռաց Մանուկ աղան և ճամփան շարունակեց:
     Մանուկ աղան մի քանի փողոց դարձած էր, երբ կնկան ձայն մը առավ, որ զինք կը կանչեր.
     - Գործ չունիս նե պոռալով ետևես վազե, - ըսավ ինքն իրեն Մանուկ աղան` առանց գլուխն ետ դարձնելու` տեսնելու համար, թե ով էր զինք կանչողը:
     - Մանուկ աղա, Մանուկ աղա, - կրկնեց ձայնը, որ տիրացու Մարտիրոսին տասնամյա աղջնակն էր:
     Մանուկ աղան շարունակեց յուր ճամփան. և տիրացու Մարտիրոսին աղջնակն` քայլերն փութացնելով` տասը քայլ հեռավորությամբ մոտեցավ անոր: Խեղճին շունչը կտրած ըլլալով` անգամ մ’ալ կրցավ պոռալ.
     Մանուկ աղա:
     Դարձյալ պատասխան չառավ և ստիպվեցավ քիչ մ’ալ քալելով Մանուկ աղային հագուստի ծայրեն քաշելու:
     - Թող տուր, կնիկ, - ըսավ Մանուկ աղան` առանց ետևը նայելու:
     Բան մը պիտի ըսեմ:

Մտիկ ընելու ժամանակ չունիմ. ըսածներդ արդեն չեմ կրնար միտքս բռնել, հիմա ելեր, ուրիշ բաներ ալ պիտի ըսես…
     Դայակին տունը պիտի հարցունեի…
     Դայակ բառը լսելուն պես արթնացավ Մանուկ աղան և ետևը տիրացու Մարտիրոսին աղջիկն տեսնելով`
     Աղավնի, դո՞ւն էիր ետևես վազողը, - հարցուց անոր:
     - Այո ես… - պատասխանեց Աղավնին, որ հևալեն ալ չէր կարող խոսիլ:
     Մայրդ ի՞նչպես է:
     Աղավնին կը հևար:
     - Չըսե՞ս, մայրդ ի՞նչպես է… դժբախտությո՞ւն մը պատահեցավ:
     Աղավնիին բոլոր պատասխանը հևալ էր…
     - Հետաքրքրությունես պիտի ճաթիմ… չըսե՞ս, աղջիկ, հևալու ժամանակ է հիմա, մայրդ ի՞նչպես եղավ:
     - Մայրիկս աղեկ է, բայց տղան ծիծ չըբռներ կոր, դայակը պիտի…
     - Շատ լավ, շատ լավ, աղջիկս, դուն տուն գնա, դայակն ես կը ղրկեմ:
     Աղավնիին բաժանվեցավ Մանուկ աղայեն, որ ճամփան փոխեց դայակին տունը փնտռելու համար:
     Չուզելով մեր ընթերցողին ձանձրույթ պատճառել` կը թողունք Մանուկ աղան, որ ամեն քայլափոխին բարեկամի մը կը հանդիպեր և անոր կծանուցաներ կամ թաղականին ընտրությունը կամ տիրացու Մարտիրոսին կնկան մանչ զավակ մը բերելն կամ Աբիսողոմ աղային գալը: Դառնանք հինա Աբիսողոմ աղային: Բավական երկար տարիներե ի վեր սովորություն եղած է, որ շատերը ուսում առնելու համար Ֆրանսա կամ Գերմանիա երթալեն ետքը մայրաքաղաքս կուգան կին առնելու համար, և ընթերցողն ալ գիտե արդեն, որ Աբիսողոմ աղան ալ ուրիշ նպատակով եկած չէր Կ. Պոլիս: Ընթերցողն չմոռցավ նաև, թե այս ամուսնության խնդիրն որչափ միտքը գրաված էր Աբիսողոմ աղային, որ առջևեն եկող էշերը չտեսնելով` անոնց միույն դեմ բախվեցավ: Թերևս հարցվի, թե Աբիսողոմ աղային դեմ բախվող ավանա՞կն ալ ամուսնության վերաբերյալ գործ մ’ուներ, որ յուր առջևը չտեսավ Աբիսողոմ աղային պես խոշոր մարդ մը: Անոնք, որ պատմության քիչ կամ շատ ծանոթություն ունին, գիտեն, որ էշերը, որոնց նախահայրերն մին ժամանակավ հրեշտակ տեսած է (Ըստ կրոնական առասպելի Բաղաամ հայտնի կախարդ էր, որը մի անգամ իր իշու վրա նստած ճամփորդելիս` հանկարծ էշը տեսնում է հրեշտակին, վախեցած նրա տեսքից սկսում է խոսել և խրտնելով պատեպատ քսվում, Բաղաամին վայր ձգում ու ոտքը վիրավորում:) բնավ կարևորություն չեն տար մահկանացուներուս և կուզեն, որ միշտ մենք ճամփա բանանք իրենց: Աբիսողոմ աղան եթե պատմության տեղյակ ըլլար, կամ կին առնելու խնդիրով միտքն չզբաղեցուներ, անշուշտ ճամփա պիտի բանար այդ արարածներուն, որք իրենց ականջներով Միդաս թագավորին ներկայացուցիչներն ըլլալու պատիվն ալ կը վայլեն: Արդ, Աբիսողոմ աղան էշերեն բաժանվելեն ետքը Ծաղկի փողոցը գտնելու համար անոր ասոր հարցումներ կուղղեր. վասն զի ինքն առաջին անգամ էր,

որ Պոլիս կուգար, և Տրապիզոն բնակվող բարեկամներեն մին խորհուրդ տված էր իրեն, թե հանգիստ ուտելու և պառկելու համար հիշյալ փողոցը, հիշյալ թիվը կրող տունն իջնելու էր: Այդ բարեկամն շաբաթ մը առաջ Մանուկ աղային ալ նամակով իմացուցած էր, որ Աբիսողոմ աղան իրեն տունը պիտի բնակեր: Աբիսողոմ աղան իրեն տրված տեղեկություններուն համեմատ մեկ փողոցեն կմտներ, մյուսեն կելլեր, երբեմն ալ սխալմամբ անել փողոցներու մեջ կը մտներ, կը բարկանար, ետ կը դառնար և մեկ կողմեն ալ կը կասկածեր, որ բեռնակիրներն իրեն անկողինն և սնտուկներն առնելով չփախչեին, թեպետև անոնց հավատարմությունն շատերեն լսած էր:
     Ժամու մը չափ Բերայի փողոցները չափելեն ետքը` Աբիսողոմ աղան հաջողեցավ վերջապես գտնել Ծաղկի փողոցն, զոր շփոթելու չէ նույն անունը կրող փողոցի հետ, որ Բերայի հրդեհեն մոխիր դարձած էր հազար ութը հարյուր յոթանասունը չեմ հիշեր քանիին: Այս փողոցն Ծաղկի փողոց կանվանվեր սա պատճառով, որ հոն բոլոր տուներուն պատուհաններուն առջև միշտ ծաղիկներ կը գտնվեին:
     - Երկու թիվն ո՞րն է, - հարցուց, առանց գիտնալու, Մանուկ աղային կնոջը, որ դռան առջև յուր էրկանը գալստյան կսպասեր:
     - Աս է, հրամմեցեք, Աբիսողոմ աղա, - պատասխանեց տիկինը:
     Անկողինս և սնտուկներս բերի՞ն:
     - Բերին, Աբիսողոմ աղա, վեր հրամմեցեք, Աբիսողոմ աղա, եթե կուզեք, քիչ մը հոգնություն առնելու հանար սա պզտիկ սենյակը նստեցեք, - ըսավ կինը գետնահարկի վրա պզտիկ խուց մը ցույց տալով:

Շատ հոգնած եմ, քիչ մը հոս կը նստիմ:
     - Ձեր կամքն ինչպես որ կուզե, այնպես ըրեք, Աբիսողոմ աղա, տունը ձերն է, Աբիսողոմ աղա, ձեր տունին պես հանգիստ ըրեք:
     Շնորհակալ եմ:
     Աբիսողոմ աղան պզտիկ սենյակը մտավ առաջնորդությամբ տիկնոջ, որ ղամբար մը բռնած էր, որուն կազը հատնելու վրա էր:
     - Ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա, տունեն ի՞նչպես են, աղե՞կ են:
     Աղեկ են:
     - Թող աղեկ ըլլան, ձեր զավակներն ի՞նչպես են, Աբիսողոմ աղա, դպրոց կերթա՞ն:
     Զավակ չունիմ:
     Ձեր տիկինն ի՞նչ կընե, աղե՞կ է, Աբիսողոմ աղա:
     Տիկին չունիմ դեռ:
     Կարգված չե՞ք, Աբիսողոմ աղա:
     Չէ:
     - Շատ լավ, հոս աղվորիկ աղջիկ մը գտնենք ու պոլսեցի ընենք քեզի, Աբիսողոմ աղա:
     - Անանք միտք մը ունինք, - պատասխանեց Աբիսողոմ աղան, - բայց աղջիկեն առաջ ես կերակուր կուզեմ, վասն զի առտըվնե ի վեր բերանս բան դրած չեմ:
     - Շատ աղեկ, Աբիսողոմ աղա, շատ աղեկ, հիմա կը բերեմ ձեր կերակուրն:
     Տիկինը դուրս ելավ և դուռը բանալով սեմին վրա կայնեցավ` սպասելու համար Մանուկ աղային, որ, ինչպես կհիշեն ընթերցողները, դայակ փնտռելու գացած էր:

Աբիսողոմ աղան սենյակին մեջ մինակ մնալով` բարձի վրա դրված Զեն հոգևորն ("Գիրք կոչեցյալ Զեն հոգևոր" երեք մասից կազմված կրոնական բովանդակությամբ աշխատություն է, որի մի մասը գրված է հայատառ թուրքերեն: Հեղինակն է Հ.պատրիարք Նարլյանը, լուս է տեսել 1757թվին Պոլսում:) առավ և թղթատել սկսավ զայն. բայց որովհետև մարդս անոթի եղած ժամանակ գիրք չկրնար կարդալ, ինչպես նաև չկրնար գիրք գրել, նորեն բարձին վրա դրավ Զեն հոգևորն, վասն զի փորն կիացուներ իրեն, թե զեն մարմնավորին պետք ուներ, և սկսավ սենյակին մեջ պըտըտելու:
     Կաղաչեմ, Աբիսողոմ աղա, որ ձեր տունին պես հանգիստ ընեք, - ըսավ տիկինը` սենյակը մտնելով:
     - Անհանգստության պատճառ մը չունիմ, միայն թե անոթի եմ և կերակուր ուտել կուզեմ:
     - Կերակուրդ պատրաստվելու վրա է, հիմա պիտի բերեմ, - ըսավ տիկինը և դուրս ելավ նորեն դռան առջև էրկանը սպասելու համար:
     - Ի՞նչ տեսակ կնիկ է այս, - ըսավ Աբիսողոմ աղան, երբ առանձին մնաց, զիս անոթի կը պահե և կը պատվիրե, որ հանգիստ ըլլամ, անոթի մարդը հանգիստ կրնա՞ ըլլալ…
     - Սեպե թե ես ալ քու քուրդ եմ կամ աղջիկդ եմ, - ըսավ վաթսունամյա տիկինը դարձյալ ներս մտնելով, - եթե բան մը կուզես, մի քաշվիր, ըսե ինձ որ բերեմ:
     Շնորհակալ եմ:
     Ես կուզեմ, որ իմ տունս եկող հյուրերը չնեղվին:
     - Կը հասկնամ, հիմակուհիմա կերակուրեն ուրիշ բան չեմ ուզեր:
     Կերակուրը պատրաստվելու վրա է, հոգ մի ըրեք…

Տիկինը դեռ պիտի շարունակեր յուր բանակցությունն, բայց դուռը զարնվելով` դուրս վազեց շուտով, որպեսզի դուռը բանա, էրիկը դիմավորե և բերած պաշարներն առնե ու կերակուր եփե:
     Ողջույն, տիկին, - ըսավ մեկը դուռը բացելուն պես:
     Հարկ չկա ըսելու, թե եկողը կրոնավոր մ’էր, ինչու որ անոնք միայն կը գործածեն ողջույնը:
     Օրհնյա տեր, - պատասխանեց տիկինը:
     Ինչպես եք, աղե՞կ եք, տիկին:
     Փառք Աստուծո, տեր հայր:
     - Մանուկ աղան հիմա դեմս ելնելով իմացուց, որ հյուր մը եկած է ձեզի այսօր, ես ալ եկա, որ հետը տեսնվիմ:
     - Շատ աղեկ ըրեր եք, ներս հրամմեցեք, տեր հայր, - ըսավ տիկինն` ցույց տալով խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան յուր անոթությամբը կզբաղվեր:
     Քահանայն ներս մտավ:
     Աբիսողոմ աղան ոտք ելավ:
     Ողջույն, Աբիսողոմ աղա:
     Օրհնյա տեր հայր:
     - Մեղավորս ձեր բարեպաշտության գալն իմանալով` աճապարանոք եկա ձեր ջերմեռանդության պատվական որպիսությունը հարցնելու. ի՞նչպես եք Աբիսողոմ աղա:
     Աղեկ ենք:
     - Միշտ աղեկ ըլլաք, Տեր Աստված ձեր մեռելոց արքայություն և կենդանյաց ավուրս երկարս պարգևեսցե
     Շնորհակալ եմ. դուք ի՞նչպես եք, տեր հայր:
     - Մեր աղեկությունը մի հարցունեք… ժամանակիս աղեկությունը… Տեր Աստված զձեզ համենայն փորձանաց և ի չարե ազատ պահեսցե. ժողովուրդն երբ աղեկ ըլլա, քահանաներուն ալ երեսը կխնդա:

- Այնպես է, տեր հայր, - պատասխանեց Աբիսողոմ աղան` յուր աչերն չզատելով բնավ խուցին դռնեն, ուսկից կերակուր կը հուսար:
     - Օրհնած, ժամանակը շատ գեշ է. ժողովուրդը շատ նեղություն կը քաշե, այս պատճառով ջերմեռանդությունն ալ օրստօրե պակսելու վրա է:
     Իրավ է:
     - Բայց ի՞նչ պիտի ընենք, ի՞նչ կուգա մեր ձեռքեն` համբերելեն զատ… Սուրբ գիրքը կըսե, որ համբերեսցե, իսպառ նա կեցցե:
     Այնպես է:
     - Եթե չհամբերենք, բարկանալ պետք է, և մարգարեն կըսե. բարկանայք և մի մեղանչեք:
     - Ճիշտ է, - պատասխանեց Աբիսողոմ աղան, որուն ականջը բնավ չէր մտներ քահանային խոսքերը և որ քահանային ներկայությունեն նեղություն կիմանար. վասն զի, ինչպես գիտեն ընթերցողները, կերակուրեն ուրիշ բանի պետք չուներ:
     Զի ոչ հացիվ միայն կեցցե մարդ, այլ բանիվ տյառն:
     Քահանան քթախոտի տուփը ծոցեն հանեց և երկու մատներովը քթախոտ լեցուց քթին ծակերուն մեջ և հետո, տուփը Աբիսողոմ աղային երկնցնելով`
     Հրամմեցեք, օրհնած, - ըսավ:
     Աբիսողոմ աղան շնորհակալությամբ առավ տուփն և քիչ մը քթախոտ քաշեց:
     - Քիչ քաշեցիք Աբիսողոմ աղա, կաղաչեմ, անգամ մ‘ալ քաշեցեք, քթախոտը վնասակար բան մը չէ:
     Աբիսողոմ աղան անգամ մ ‘ալ քաշեցեք, որպեսզի խոսքը չերկարի և հյուրը մեկնի:

- Ինչո՞ւ աղեկ մը չեք քաշեր, Աբիսողոմ աղա, - կրկնեց քահանայն, - շատկեկ քաշեցեք:
     Շնորհակալ եմ, տեր հայր սովորություն չունիմ:
     - Կը խնդրեմ, մեղավորիս խոսքը մի կոտրեք, քիչ մ‘ալ քաշեցեք:
     Ալ չես քաշվիր, - ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի և քիչ մ‘ալ քաշեց:
     - Դավիթ մարգարեն կըսե, որ մարդս որպես խոտո են ավուրք յուր…
     Քթախոտին համա՞ր կըսե:
     - Չէ, մեզի համա՞ր կըսե… և մենք ալ աշխատելու ենք, որ այս վաղանցուկ կյանքին մեջ ուրիշներուն բարիք ընենք, աղքատ տնանկները խնամենք և երբեմն ալ մեր ննջեցելոց հոգվույն համար աղոթենք:
     Այդպես է:
     Պատրաստ գտնվելու ենք, որ կանչվելնուս պես երթանք:
     Իրավ է:
     - Մեղավորս պիտի համարձակիմ խնդիրք մը ընել ձեր բարեպաշտությանը և կը հուսամ, որ չեք մերժեր, վասն զի ձեր բարեպաշտությունը և ջերմեռանդությունը շատ աղեկ կը ճանչնամ մեղավորս:
     Հրամմեցեք:
     - Տեր Աստված յուր անսպառ գանձը միշտ բաց պահե հրամանոցդ պես ջերմեռանդներուն:
     Շնորհակալ եմ:
     - Մեկուն տեղ հազար տա, հազարին տեղ միլիոն տա ի շինություն սբ. եկեղեցվո և ի փառս ազգին: Խնդիրքս սա է, որ առաջիկա կիրակի կուզեմ ձեր ննջեցելոց հոգուն համար պատարագ մատուցանել:

Ներեցեք համարձակությանս, բայց իմ պարտքս է միշտ իմացունել, որ ննջեցյալները մոռնալու չէ:
     Իրավունք ունիս, տեր հայր:
     - Արդ եթե կուզեք, ըսեք, որ ես ալ անոր համեմատ կարգադրություն մը ունեմ: Չկարծեք, թե ծախքը մեկ մեծ բան մ‘է. երկու ոսկով կը լըմննա: Նույն օրը հատկապես ծանուցում ալ կընենք եկեղեցվո մեջ, որ վասն հոգվոցն ննջեցելոց Աբիսողոմ աղայի է նույն ավուր սուրբ և անմահ պատարագը:
     Շնորհակալ կըլլամ:
     Բան մը չէ, մեր պարտքն է:
     - Հրամմեցեք, երկու ոսկին առեք, - ըսավ Աբիսողոմ աղան, քսակեն երկու ոսկի տալով քահանային:
     - Թող այսօր մնար… Ինչո՞ւ աճապարեցիք, - պատասխանեց քահանան ձեռները բանալով:
     Չէ, առեք:
     - Որովհետև կստիպեք, ես ալ կառնեմ` սիրտդ չկոտրելու համար: Օրհնյալ ըլլաք. տեր Աստված ձեր տունը միշտ շեն պահե, ձեր քսակը միշտ լեցունե, ինչ որ ունիս սրտիդ մեջ, Տեր Աստված կատարե. գործերուդ հաջողություն տա և ամեն փորձանքեն ազատ պահե:
     Քահանայն բարեմաղթությունները լմնցելուն պես մնաք բարյավ ըսելով դուրս ելավ:
     - Վերջապես խալսեցա, - ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղան, սա մարդուն ձեռքեն, սա ի՞նչ փորձանքներ են, որ կուգան գլուխս այսօր` Պոլիս ոտք կոխելես ի վեր: Շոգենավեն հազիվ դուրս ելած էի, խմբագիրին մեկը երկու ժամ գլուխս ցավցուց, անկից զատվեցա և մինչև որ տունը գտա, հազար նեղություն քաշեցի:

Տուն եկա, որ քիչ մը շունչ առնեմ և կերակուր ուտեմ, տան տիկինը զիս անոթի կը պահե և միշտ ներս կուգա, կաղաչե ինձի, որ բան մը հոգ չընեմ և հանգստությանս նայիմ: Աս ալ հերիք չէր, և ահա այս մարդը կուգա, բռնի քթախոտ քաշելկուտա ինձի և Դավիթ մարգարեեն խոսք բանալով` երկու ոսկի կառնե կերթա. երթա բարով: Այս ամենը քաշեցինք անոթի փորանց, բայց սա կերակուրս ի՞նչու համար չեն բերեր, այս գիշեր անոթի՞ պիտի պահեն զիս… աս ի՞նչ խայտառակություն է…
     - Այս հարցումներն կուղղեր Աբիսողոմ աղան, և ահա խոշոր մարդը, - կամ ուրիշ տեղ մը երթալու է և կամ կինը կանչելով քանի մը խոսք ըսելու է: Ես իմ քաղաքիս մեջ երկու սպասավոր ունեի, որ դեմս բարև կբռնեին, սեղանը կանուխ կը պատրաստեին և իմ գործերս կը տեսնեին, սպասավորներով վարժված մարդ մը ինչո՞ւ այս նեղությունն քաշե հիմա:
     - Այս ի՞նչ է, կազը մարած է… հարցուց տիկինը սենյակին դուռը բանալով:
     - Այո, մարած է, - պատասխանեց Աբիսողոմ աղան` զսպելով յուր զգացած նեղությունն, որ ավելանալու վրա էր:
     - Դուն հանգիստ եղիր, Աբիսողոմ աղա, այդ բաները նայիլը մեր գործն է;
     Այո, բայց ես անոթի եմ և սպասելու կարողություն չունիմ:
     - Ես ի՞նչ ըսի քեզի, դուն սիրտ մի հատցուներ, ամեն բան ինձի ձգե, ես կը հոգամ:
     Տիկինը շուտ մը դրացվույն տունը վազեց և անոր կազն բերելով լուսավորեց Աբիսողոմ աղային խուցը:

Դ
     Այս լուսավորության վրա կես ժամ չանցավ,

և Աբիսողոմ աղային ներկայացավ երիտասարդ մը, որ վաճառականի չէր նմաներ, սեղանավորի ալ չէր նմաներ, արհեստավորի ալ չէր նմաներ, գործավարի ալ չէր նմաներ, և վերջապես անանկ բանի մը կը նմաներ, որուն նմանը չկա: Հազիվ երեսուներկու տարեկան կը թվեր: Կապույտ աչերով, դեղին մազերով զարդարված ըլլալով` ուներ նաև երկու մատ մորուք, որ մայրաքաղաքիս մեջ կամ սգո նշան է և կամ չքավորության: Հագուստներն այնքան հին էին, որ հնախույզները զանոնք գնելու համար մեծաքանակ գումար մը կու տային: Սակայն եթե հագուստի մասին վանողական էր, դեմքի մասին քաշողական զորություն ուներ այս անձը:
     - Ծառա եմ մեծապատվությանդ, մեծապատիվ տեր, - գոռաց այս երիտասարդն սենյակեն ներս մտնելով և մոտենալով Աբիսողոմ աղային:
     - Ի՞նչ կա, ի՞նչ կուզեք, - հարցուց Աբիսողոմ աղան վախնալով:
     - Վսեմափայլ տեր ձեր գալուստն լսելով փութացի հոս գալ, իմ խորին մեծարանացս հավաստին ձեր ոտքերուն տակը դնել:
     - Ոտքերո՞ւս տակը. շատ աղեկ, դիր, - ըսավ Աբիսողոմ աղան, որ կը կարծեր, թե մուճակ բերած էր իրեն:
     - Շնորհակալ եմ, բարձրապատիվ տեր, - ըսավ երիտասարդը, գլուխը բացավ և սեղանին վրա ելավ, կանգնեցավ:
     Աբիսողոմ աղան այս տեսարանին առջև բոլորովին շվարած` անհամբեր տեսնել կուզեր, թե ի՞նչ պիտի ըներ այս պարոնը սեղանին վրա:
     Երիտասարդը ծոցեն թուղթ մը հանեց և աչքերն Աբիսողոմ աղային տնկելով` բոլոր ձայնովը պոռաց.
     Տյարք և տիկնայք…

Աբիսողոմ աղան այս ահարկու ձայնեն վախնալով` նստած տեղեն երկու կանգուն վեր ցատկեց և չկրնալով ինքզինքը զսպել` պոռաց.
     - Ո՞վ է աս մարդը, հիմարանոցեն փախած խե՞նթ է, թե հիմարանոց երթալու համար:
     - Հայ ազգն, - շարունակեց երիտասարդը ձայնը քիչ մը իջեցնելով, - այսօր այնպիսի հանդես մը կը կատարե, որ մեր հայրենյաց ամենեն քաջ դյուցազնին նվիրված է…
     Միտքդ ի՞նչ է, եղբայր…
     - Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչին դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղենին դեմ, իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք` ապառնի, անոնք խավար են, մենք` լույս, անոնք տգետ են, և մենք գիտուն, անոնք սուր են, մենք` գրիչ, անոնք ատելություն են, մենք` սեր, անոնք կրակ են, մենք` ջուր, անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք` խնձոր, անոնք փուշ են, մենք` վարդ. անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը անդին կերթար, կու գար…
     - Միտքդ ի՞նչ է, եղբայրս, ես քեզի բան մը չըրի, ի՞նչ կուզես ինծմե, գնա քեզի բարկացնողին զրուցե այդ խոսքերը…
     - Այո, մարդկությունը կը չարչարվեր, կը նախատվեր անգութ բռնավորներու ձեռքեն և չէր գիտեր, որու երթալ և որու բողոքել:
     - Տեր ողորմյա… Տեր ողորմյա, - ըսավ ինքն իրեն Աբիսողոմ աղան. քաշելիք ունինք եղեր… ես կըրնամ հիմի զինքը սեղանեն վար առնել, բայց կը վախնամ, որ ծոցեն ատրճանակ մը հանե

և զարնե ինծի, վասն զի խիստ բարկությամբ կը խոսի:
     - Իսկ երբ գիտությունն եկավ, - շարունակեց ատենաբանը, - և վանեց տգիտությունն, ինչպես լույսն` խավարը, սերն` ատելությունը, գրիչն` սուրը, ապագան` անցյալը, այն ատեն, ահ այն ատեն… այո, այն ատեն, այո կըլսեմ, այն ատեն միայն հասկցվեցավ, որ մարդկություն, ազգ և հայրենիք բառերը բառարանները լցնելու համար շինված բաներ չէին, այլ ամեն մարդու մտքին մեջ, հոգվույն մեջ երկաթյա տառերով և անջինջ կերպով դրոշմելու բառեր էին:
     Եղբայր, կաղաչեմ, վար իջիր և այնպես զրուցե ցավդ…
     Ատենաբանը կայնած տեղը այնպես կը դողար, որ Աբիսողոմ աղային սիրտը կը հատներ, թե կազը գետինը պիտի իյնար:
     Ուստի չուզելով այլևս համբերել` պոռաց ինքնակոչ ատենաբանին երեսն ի վեր.
     Վար իջիր սըկե:
     Կաղաչեմ, մի սաստեր զիս:
     - Վար իջիր, ապա թե ոչ…Մի կոտրեր իմ սիրտս, որ ազգին համար կը բաբախե:
     - Ինչ ըսելիք որ ունիս, եկուր քովս, մարդու պես նստե և ըսե, հոն տեղվանքը ելնել ի՞նչ պիտի ըլլա:
     - Կաղաչեմ, թող տուր վերջացնեմ, ահ, չես գիտեր, թե որչափ կը հուզվիմ, երբ ճառ կկարդամ:
     Վար իջիր:
     - Ատենաբանը բեմեն կիջնա և կերթա աթոռի մը վրա կը նստի:
     - Հիմա զրուցե ինծի, միտքդ ի՞նչ է, - կըսե Աբիսողոմ աղան բարկությամբ:
     Կաղաչեմ, մի բարկանար:
     Ի՞նչ կուզես, զրուցե, շուտ, հիմա:

- Բարկությամբ մի վարվիր հետս, ոտքդ պագեմ, սիրտս լցված է, հիմա կսկսեմ լալ:
     Եվ ատենաբանը կսկսի լալ:
     Լալու ի՞նչ կա, եղբայրս:
     - Ծառադ կը փափաքի գրականությամբ ազգին ծառայել, բայց այս ազգը շատ ապերախտությամբ կը վարվի յուր գրագետներուն դեմ:
     Ատոր դեմ ես ի՞նչ հանցանք ունիմ:
     - Դուք հանցանք չունիք և թերևս իրավունք ունիք… ոտանավորներ ունիմ գրած հայրենիքի վրա, սքանչելի կտորներ, պատվական տողեր, որոնց մեջ երևակայությունը, ավյունը, խանդըն, հուրն ու բոցը սավառնաթև կը սլանան:
     Շատ աղեկ, ատոր համար լալո՞ւ է:
     - Մեր ազգն անոնց հարգն ու պատիվը չի ճանչնար, զանոնք տղայական բաներ կկարծե և թող կու տա, որ զանոնք գրողը անոթի մնա:
     Ես ի՞նչ ընեմ:
     Կաղաչեմ, քաղցրությամբ վարվի հետս:
     Ի՞նչ ըրած ունիմ քեզի,
     Ձեզ պիտի աղաչեի, որ…
     Ի՞նչ, շուտ ըսե…
     - Մի պոռար երես ի վար, հոգիդ սիրես, հիմա կսկսիմ լալ…Նորեն սկսավ լալ գրագետը:
     - Տեր Աստված, դուն համբերություն տուր ինծի, - ըսավ Աբիսողոմ աղան մեկուսի:
     - Խնդիրքս սա էր, որ կուզեի տպել տալ քիչ մը առաջ կարդացած ճառս…
     Գնա տպել տուր, քո ձեռքդ բռնող կա՞:
     - Պիտի խնդրեի ձեր մեծապատվութենեն, որ ստակը դուք տայիք:

Կը խնդրեմ, բարձրապատիվ տեր, քաղցրությամբ վարվեցեք հեղինակներու հետ:
     Գլխուս վրա՞ նստեցնեմ քեզի:
     - Ոտքդ պագնեմ, մի ծաղրեք զիս, ինչո՞ւ ձեր գլխուն վրա նստեցունեք:
     - Ի՞նչ ընեմ հապա, քսակս քեզի տամ` հեղինակներու հետ քաղցրությամբ վարված ըլլալու համար:
     Ոչ, միայն ճառիս տպագրության ծախքը:
     Քանի՞ ոսկով կը լմննա գործդ:
     - Չորս ոսկով կը լմննա, բան մը չէ, իմ մեկենասս (հովանավորս) պիտի ըլլաս, ես ալ քու անունդ ոտանավորով գրքույկին ճակատը պիտի դնեմ:
     ճակա՞տը դնես պիտի:
     Այո:
     Ինչո՞ւ համար:
     - Շատ լավ, - պատասխանեց Աբիսողոմ աղան և քսակեն չորս ոսկի հանեց, տվավ: Հեղինակն հազար հարգանք մատուցելով` դուրս ելավ:
     Աբիսողոմ աղան ետևեն կանչեց զինքը և հարցուց.
     - Չկրնա՞ր ըլլալ, որ գրքին ճակատը սպասավորներուս ալ անունները դնես և իմացունես ազգին, որ Աբիսողոմ աղան կովեր, ոչխարներ, էշեր և ագարակներ ունի յուր քաղաքին մեջ:
     - Այդ ձեր ընծաները հովվերգության ճյուղին կը վերաբերին:
     Չեմ հասկնար:
     - Ատոնց վրա ոտանավորներ կը գրվի. եթե փափաքիք, ոտանավոր մը շինեմ:
     Ի՞նչ ընեմ ոտանավորը:
     Լրագրի մը մեջ տպել կու տաք:

Կը տպե՞ն:
     - Ինչու չպիտի տպեն. եթե կես ոսկի տալու ըլլաք, քառասուն անգամ կը տպեն:
     Շատ աղեկ. ադ ըսածդ գրե:
     Գլխուս վրա:
     Շատ լավ:
     Այնպես, որ տեսնողը հավնի:
     Հարկավ:
     Վաղը առտու կբերե՞ք:
     - Վաղը առտո՞ւ… Ի՞նչ կըսեք… մեկ ամսեն հազիվ կրնամ պատրաստել:
     Մե՞կ ամսեն:
     - Հազիվ. ոտանավոր կարդալը դյուրին է, բայց գրելը` դժվար: Գեղեցիկ ոտանավորի մը համար քիչեն քիչ երկու ամիս պետք է:
     Ի՞նչ կըսեք…
     Այո, բայց ես կաշխատիմ ամիսը մը լմցնել:
     Ատ ի՞նչ դժվար բան է եղեր:
     - Ի՞նչ կարծեցիք հապա. երկու ամիս պիտի սպասեմ, որ մուսաս գա և ներշնչե ինծի, որպեսզի գրեմ. առանց մուսայի ոտանավոր չգրվի:
     Եթե այդ մուսան գալու չըլլա…
     Անպատճառ կու գա:
     - Չկրնա՞ր ըլլալ, որ նամակ մը գրես և աղաչես իրեն, որ շուտ մը գա, և դուն ալ երկու ամիս չսպասես:
     - Անիկա ինքնիրեն կու գա, նամակի պետք չունի, մեծա
     Ո՞ւր կը նստի… շատ հեռո՞ւ է:
     Այո, շատ հեռու է, բայց կու գա: պատիվ տեր
     Ցամաքե՞ն, թե ծովեն:

Չէ, մեծապատիվ տեր, չէ:
     - Ո՞վ է ուրեմն սա գետնին տակն անցնելուն մարդը… ուսկի՞ց պիտի գա… ըսե, որ ճամփա մը մտմտանք ու բերել տանք… Եթե մեկ-երկու ոսկի տանք, այս շաբաթ կու գա՞:
     - Այո, երկու ոսկի տալուդ պես գործը կը դյուրանա, և մուսաս այս շաբաթ վազելով կու գա, - պատասխանեց անմուսա բանաստեղծը ոսկի բառը լսելուն պես:
     - Գրե ուրեմն իրեն, իմ կողմես ալ հատուկ բարևներ ըրե և ըսե, որ Աբիսողոմ աղան քեզ տեսնել կուզե:
     - Գլխուս վրա: Մնաք բարյավ, տեր, շնորհակալ եմ ձեզմե, ծառա եմ ձեր մեծապատությանը և կաղաչեմ ընդունիք…
     - Ոչ, - ըսավ Աբիսողոմ աղան բարկությամբ, - ալ երկար ըրիր, ահա ինչ որ ըսիր, ընդունեցի և դեռ ի՞նչ կուզես, որ ընդունիմ…
     - Խորին հարգանացս հավաստիքը, տեր… որով մնամ ձեր մեծապատվության ամենախոնարհ ծառա:
     Շատ աղեկ:
     Մեկնեցավ բանաստեղծն` երկու ոսկիով բերել տալ խոստանալով մուսան, զոր ոմանք ավելի աժան գնով բերել կու տան: Մուսայի մ’օրականն հյուսնի մ’ օրականեն ավելի չէ այժմ:
     Աբիսողոմ աղան, ինչպես դիտեցին ընթերցողներն, կը մոռանար յուր անոթությունն ամեն անգամ, որ մեկն անոր խոսք կու տար անունը լրագրի մեջ անցունելու և կամ եկեղեցվո մեջ ծանուցում ընելու, ինչպես նաև յուր քսակին բերանը կբանար և դրամով կը վարձատրեր ամեն անոնք, որ իրեն կը խոստանային անունն ժողովրդյան մեջ տարածելու: Փառասիրությունն ալ տեսակ մը անոթություն է, զոր դրամով կը կշտացնեն մարդերը:

Լրագիրներու մեջ գրվելու փառասիրությունն, զոր ոմանք մոլություն կը համարեն, և ոմանք առաքինության կարգը դասել կը փափաքին, և որ մեր ժողովրդյան ամեն դասերուն մեջ կը գտնվի այսօր, տիրած էր նաև Աբիսողոմ աղային վրա, որ բանաստեղծին մեկնելեն ետքը փոխանակ յուր անոթությանը վրա խորհելու` սկսավ ոտանավորին վրա միտք հոգնեցունել:
     - Արդյոք, - հարցուց ինքնիրեն, - ոտանավորն ուզածին պես պիտի ըլլա՞. սա մարդու մուսան քանի մ’ օրեն պիտի գա՞, և եթե չգա, անոր տեղն ուրի՞շ մը բերելու է…
     - Այս հարցումներն կուղղեր իրեն, երբ տան տիկինը ներս մտնելով ըսավ.
     Կերակուրը պատրաստ է, հրամմեցեք, Աբիսողոմ աղա…
     Ըստ տաճկաց ժամը գիշերվան չորսը զարկված էր: …

Ե

Այն խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան ապաշխարանք քաշած էր, ուներ յուր դեմ սենյակ մը, որ խոհանոցի քովն էր և որ ճաշի հատկացված էր: Այս սենյակը մտավ Աբիսողոմ աղան առաջնորդությամբ տիկնոջ, որ սեղանը պատրաստած էր վերջապես:
     Աբիսողոմ աղան ճաշի սենյակը մտնելով բարևեց Մանուկ աղան, որ սեղանին շուրջը աթոռներ շարելու զբաղված էր: - Սանկ հրամմեցեք, Աբիսողոմ աղա, - ըսավ Մանուկ աղան սեղանին վերի կողմը ցույց տալով յուր հյուրին:
     - Հրամանքնիդ նստեցեք, ես ալ կը նստիմ, - պատասխանեց հյուրն` նստելով իրեն ցույց տրված տեղը:
     - Ներեցեք կերակուրն այսչափ ուշացնելուս համար,

ուրիշ իրիկուններ ձեր ուզած ժամուն կրնանք ուտել. այս գիշեր բան մը պատճառներ թող չտվին, որ սեղանն ժամանակին պատրաստվեր. այս պատճառները վերջը կը պատմեմ ձեզի:
     - Ի՞նչպես եք, տեսնենք, Աբիսողոմ աղա, հանգի՞ստ եք, - հարցուց Մանուկ աղան ձայնին աստիճանն իջեցնելով:
     Շատ հանգիստ եմ:
     Շնորհակալ ենք, մեր բարեկամն ի՞նչպես է Տրապիզոն:
     Աղեկ է, հատկապես բարև ըրավ ձեզի:
     - Բերող տանողն ողջ ըլլա: Եթե ձեզի գավաթ մը օղի տամ, կը տնկե՞ք. ախորժակ կը բանա:
     Գավաթ մը միայն կը խմեմ:
     Շատ լավ. հրամմեցեք:
     Մանուկ աղան երկնցուց գավաթն Աբիսողոմ աղային, որ ի մի ումպ կլլեց զայն, այսինքն օղին. գավաթը չհասկնաք;
     Անուշ ըլլա, Աբիսողոմ աղա:
     Շնորհակալ եմ:
     Ձեր կենդանությունը:
     Ողջ եղեք:
     Մանուկ աղան օղին ջրով բարեխառնելեն ետքը խմեց զայն ի չորս ումպ:
     - Տիկին մինչև որ կերակուրներն տաքցունե և բերե, մենք կրնանք խոսիլ և ժամանակ անցունել, այնպես չէ՞, Աբիսողոմ աղա:
     - Այո, - պատասխանեց հյուրն այնպիսի եղանակով մը, որ կը հասկցուներ, թե ավելի լավ էր նախ կերակուր ուտել և ապա խոսիլ:
     - Մտիկ ըրեք ուրեմն այսօր մեր գլուխն եկածները: Քանի մը շաբաթե ի վեր թաղականի մը ընտրության ետևե ինկած ենք:

Դուք հիմա ձեր մտքեն պիտի ըսեք, թե` մարդ, թաղականը քուկին ինչո՞ւդ պետք: Անանկ չէ՞, Աբիսողոմ աղա, ազգին գործը ես չնայիմ, դուն չնայիս, ան չնայի, ո՞վ նայի ուրեմն. ինչուս պետքը շատ գեշ բան է, անով ամեն մարդ մեկդի կը քաշվի, և ազգին գործերն ալ երեսի վրա կը մնան: Իմ գիտցածս` ամեն մարդ ձեռքեն եկածին չափ ազգին գործերուն ալ աշխատելու է: Հատ մ’ալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա. ախորժակ կը բանա:
     Սովորություն չունիմ մեկ գավաթեն ավելի խմելու:
     - Մեր գավաթներն պզտիկ են, մանավանդ թե Պոլսո օդն ալ կը վերցունե:
     Շատ լավ:
     - Երկու բարեկամներ մեյմեկ գավաթ ևս խմեցին իրարու կենդանությունը, և Մանուկ աղան սկսավ ատենաբանության:
     - Այս առտու, - ըսավ, - մեր թաղին ազգային զբոսարանը գացած ժամանակս, ձեզմե աղեկ չըլլա, մեր բարեկամներեն Մելքոն աղային հանդիպեցա: Այս Մելքոն աղան նախ Բարթողիմեոս աղային աղջիկն առած էր: Բարթողիմեոս աղան ալ ժամանակավ մատով կը ցցուներ եղեր, իբրև բարի մարդ, հյուրասեր մարդ, ազգասեր և բարեպաշտ մարդ, և շուկային մեջ շատ խանութներ ուներ, որոցմե տարին բավական եկամուտ կառներ: Քանի մը տարիեն Մելքոն աղային կինը մեռավ, և Մելքոն աղան համետագործ Նիկողոսին աղջկանը հետ կարգվեցավ: Այս աղջիկն քանի մը եղբայրներ ունի, որոնց մին Ամբակում աղային քով գրագրություն կընե: Այս Ամբակում աղան ալ տղա մը ուներ, որ թուղթ խաղալով հորը շատ ստակը կերավ և վերջեն Ռուսաստան փախավ:

Այս տղան Մարգար եպիսկոպոսին քրոջ թոռան եղբորորդին էր: Մյուս եղբայրը շուկայի մեջ ոսկերիչ է, բարձր հասակով, սիրուն մարդ մ’Է: Երրորդ եղբայրը ատենոք շատ պարապ պտըտեցավ, խեղճության մեջ ինկավ, անոթութենեն պիտի մեռներ, վերջեն թաղական անդամ ընտրվեցավ և մեկ երկու տարիեն ինքզինքը ժողվեց: Չերկնցնեմ խոսքս, Մելքոն աղան այդ Նիկողոս աղային աղջիկն առնելեն ետքը քանի մը տարիներ շատ հանգիստ կյանք վարեց, բայց վերջեն բախտը դարձավ, ձախորդություն ձախորդության վրա եկավ և ունեցած չունեցածը բոլորովին կորսնցուց: Օր մը առնեմ զինքը, հոս բերեմ, և տեսեք թե ինչ բարի մարդ է: Եղբայր մ’Է ատենոք Պյոյուք Դերե կը նստեր, վերջը քանի մը տարիներ Իսկյուտար նստավ, ետքեն Քում Քաբուն երթալով` հոն ալ չկրցավ նստիլ, և հիմա չեմ գիտեր, ուր կը նստի: Բայց շատ վարպետ ժամագործ է: Թորոս աղան, որ և ոչ մեկ ժամագործի կը հանձնե յուր ժամացույցն, անոր կուտա, որ մաքրե: Այս Թորոս աղան կը ճանչնա՞ք. ուրիշ տեսակ մարդ է. անոր մեկ պատմությունը ընեմ քեզի և մտիկ ըրե, որ տեսնես, թե աշխարհիս վրա ասանկ մարդ կը գտնվի եղեր, որ…
     - Բերե՞մ ապուրը, - հարցուց տիկինը, սենյակին դռնեն ներս երկնցնելով գլուխը:
     - Քիչ մը համբերե, տիկին, խոսքս լմնցունեմ, վերջը բեր: Այնպես չէ՞ Աբիսողոմ աղա, խոսք պետք է յա: Եթե մտիկ ընելու ժամանակ չունիք և գլուխնիդ կը ցավցունեմ կոր, ըսեք:
     Ատ ի՞նչ խոսք է … բա…
     Աբիսողոմ աղան չկրցավ շարունակել յուր խոսքը, զոր ընդմիջեց Մանուկ աղան Թորոս աղային պատմությունն ըսկսելով:

- Այս Թորոս աղան, - շարունակեց, - մսագործ մ’Է, ականջը խոսի, և յուր ընտանիքովը հանգիստ կյանք մը կը վարե: Յուր տանը պետք եղած պարենը, կարասիքն և հանդերձեղենը յուր ձեռքովը կառնե և իրմե զատ և ոչ մեկու մը վստահություն ունի, ականջը խոսի: Մսավաճառեն միս կառնե, տուն երթալուն պես կը կշռե զայն և անպատճառ քանի մը տրամ պակաս կգնե միսը, մսավաճառին կերթա, հետը կռվի կբռնվի և քանի մը տրամ պակաս տրված միսը կառնե տուն կը դառնա: Ասանկ տարօրինակ մարդ մ’Է. ականջը խոսի: Օր մը այս Թորոս աղան, ականջը խոսի, ժամացույցին փոշիները մաքրել տալու համար ժամագործի մը կերթա և հետը սակարկություն սկսելով` վերջապես տասնևհինգ դահեկան կը հավանի տալ, այն պայմանավ, որ ժամագործն յուր առջևը մաքրե ժամացույցը, վասն զի Թորոս աղան ականջը խոսի, ինչպես ըսի, և ոչ մեկու մը վստահություն ունենալով` չէր ուզեր յուր ժամացույցը ժամագործին հանձնել և երթալ` վախնալով, որ ժամացույցին մեջեն բան մը կը գողցվի, կամ ժամագործը դիտմամբ կավրե ժամացույցն` մեծ ծախք մը բանալու համար, ինչպես որ կընեն շատ մը ժամագործներ, երբ քանի մը օր անգործ մնան: Ժամագործն յուր պատվույն դեմ անարգանք կը համարի Թորոս աղային առաջարկությունն և կը բարկանա: Եթե դուն ըլլայիր ժամագործին տեղ չէիր բարկանար:
     - Կը բարկանայի, - պատասխանեց Աբիսողոմ աղան, որ խելքն ու միտքը ապուրի ղրկած ըլլալով` բնավ ականջ չէր կախեր Մանուկ աղային ըրած պատմությանը:
     - Թորոս աղան, ականջը խոսի, կրակ կը կտրի ժամագործին բարկանալուն վրա և քանի մը ծանր խոսքեր կընե իրեն, որ ընելու չէր, այնպես չէ՞:

- Այնպես է, - պատասխանեց դարձյայ Աբիսողոմ աղան մեքենայաբար միշտ հավանության պատասխաններ տալով իրեն եղած հարցումներուն, որպեսզի խոսքը չերկարի, և կերակուրը բերեն:
     - Ժամագործը կը վռնտե Թորոս աղան, ականջը խոսի, Թորոս աղան ալ, ականջը խոսի, խանութեն դուրս ելներ չուզեր` վռնտվիլն իրեն պզտիկություն համարելով. դուն ալ ըլլաս, չես ելլար ա:
     - Չեմ ելլար ա, - պատասխանեց Աբիսողոմ աղան, որ չէր գիտեր թե ուսկից չէր ելլար և ինչու չէր ելլար. վասն զի ինչպես ըսինք, Թորոս աղային ըրած պատմության և ոչ մեկ բառը յուր ականջը մտած էր. միայն հարցումներու կը պատասխաներ:
     - Ծեծկըվուքը կսկսի. ժամագործն ապտակ մը կը զարնե Թորոս աղային, ականջը խոսի, Թորոս աղան ալ, ականջը խոսի, կից մը կուտա ժամագործին. կարծեմ, ով ալ ըլլար Թորոս աղային տեղը, ուրիշ կերպով չպիտի կրնար պատասխանել ժամագործին ապտակին: Ոտքդ պագնեմ, Աբիսողոմ աղա, ըսե, այնպես չէ՞:
     - Դո՞ւք ալ հոս դոմադեսո՞վ կը շինեք, - հարցուց մեկեն ի մեկ Աբիսողոմ աղան:
     Դոմադեսո՞վ…
     Այո, ուրիշ տողեր դոմադեսով կը շինեն եղեր:
     Ժամացո՞ւյցը:
     Ո՞ր ժամացույցը:
     Թորոս աղային ժամացույցը:
     Թորոս աղան ո՞վ է:
     Մտիկ չըրիր ուրեմն ըրած պատմությանս:
     - Ըրի, կատարյալ մտիկ ըրի, - ըսավ Աբիսողոմ աղան,

որ յուր դոմադեսի հարցումովն հաստատեց, թե միտքը ապուրի, ապուրեն դոմադեսի, դոմադեսեն Պոլսո մեջ բրինձի ապուրին ինչպես շինվելուն գնացած էր, և բնավ ունկն չէր դրած Մանուկ աղային խոսքերուն:
     Աբիսողոմ աղան շատ իրավունք ուներ յուր տան տիրոջը երկարաձիգ ճառն մտիկ չընելու, մանավանդ անոթի փորով:
     Աշխարհիս վրա կան մարդեր, որք կը կարծեն, թե իրավունք ունին մեկու մը քիթեն բռնել և ժամերով անոր գլուխը ցավցունել: Ուրիշներ էլ կան, որ իրենց խոսքերը մտիկ ընել տալու համար մարդ կը փնտռեն: Շատ անգամ ինձի ալ պատահած է այս փորձանքը, և ես մտիկ ընել ձևացնելով` իմ գործիս վրա խորհած եմ. հավանության պատասխաններ տալով ինձի եղած հարցումներուն` այնպես է պատասխանած եմ, եթե այնպես չէ հարցվեր ինձի. արդարությունն ալ այս է պատասխան տված եմ, երբ արդարությունն ալ այս չէ՞ հարցումն ուղղվեր ինձի. իրավունք ունիս ըսած եմ, երբ իրավունք չունի՞մ հարցումն եղա է որպեսզի խոսքը կարճ կապվի: Դժբախտությունն հոն է, որ գլուխդ ցավցնողն երբեմն այնպիսի հարցում մը կընե, որուն պատասխանը դժվար է, վասն զի վճիռ տալը քեզի կը թողու: Օրինակի համար, լմնցնելեն ետքը ճառն, զոր դու բնավ մտիկ ըրած չես, կը կարցունե քեզի:
     Մարկոս աղա՞ն իրավունք ունի թե Կիրակոս աղան; Ի՞նչ պատասխանելու է. գործին վրա բնավ տեղեկություն չունիս որո՞ւն տալու է իրավունքը. մանավանդ գիտնալու է, թե իրավունքն որու պետք է տալ, որպեսզի գլուխդ ցավցնողին սիրտը ցավի; Ասոր ալ ես դյուրին ճամփան գտած եմ և հետևյալ պատասխանները կուտամ.
     Գործն անուշությամբ լմնցնելու է:

Այո, բայց իրավունքը որո՞ւ քովն է:
     Ի՞նչ օգուտ… գեշ մարդու հետ գլուխ չելնվիր:
     Այո, բայց կաղաչեմ, ըսե, երկուքեն ո՞րն իրավունք ունի:
     - Ինչո՞ւ կստիպես, որ ըսեմ, եղբայր, երկու անգամ երկու չորսի պես հայտնի է իրավունքին ուր ըլլալը:
     - Շատերն այս պատասխաններովս գոհացուցած եմ. բայց ոմանք ալ կան, որ կարծես զքեզ ոստիկանության պիտի հանձնեն, եթե չըսես, թե Մարկոս իրավունք ունի, իսկ Կիրակոսն անիրավ է: Ասոնց ալ ձեռքեն խալսելու համար` ստիպողական գործ մ’ունիմ ըսելով առեր քալեր եմ: Իսկ վերջերս տեսնելով, թե այս ընթացքս կը քաջալերե շատախոսները, քաղաքավարությունը մեկդի դնելով` օր մը անոնցմե մեկուն ըսի.
     - Պարոն, զքեզ երկու ժամ մտիկ ընելու համար երկու ոսկի կուզեմ. երկու ոսկին լումա մը պակաս եթե տաս, չեմ ընդունիր:
     Մարդը կես ոսկի տվավ, իսկ ես չնդունեցի և օձիքս խալսեցի: Այս օրերս կը լսեմ, որ այդ մարդը քառորդ ոսկիի երկու ունկնդիրն ևս վարձած է: Երանի "Մասիսին"-ին, որ յուր ունկնդիրներուն ստակ տալու տեղ անոնցմե ստակ կառնե:
     Աբիսողոմ աղան ինձի պես չվարվեցավ և ինչպես հայտնի է, երբ դոմադեսի հարցապնդումով զգալ տվավ ատենաբանին, թե յուր ճառն բնավ մտիկ ըրած չէր, յուր անքաղաքավարությունն անմիջապես դարմանելու համար ըսավ.
     Կատարյալ մտիկ ըրի:
     Աղե՞կ ըրավ: Հայտնի է, որ գեշ ըրավ, եթե ես յուր տեղն ըլլայի, պարզապես կըսեի Մանուկ աղային.

"Մանուկ աղա, ինձի նայե, եղբայրս, երց որ մեկը խոսիլ կսկսի, խղճմտանքը մեկդի դնելու չէ: Ութը ժամե ի վեր անոթի եմ ես և բնավ պետք չունիմ գիտնալ, թե Մարտիրոս աղան ուրուն տղան է, թե Գևորգ աղան որուն հայրն է, թե ժամագործը Թորոս աղային ապտակ հաներ է, թե Թորոս աղան ալ ժամագործին կից տվեր է":
     Այսպես կը խոսի բացե ի բաց, ոչ թե միայն ընկերության մը մեջ գլուխ ցավցնողին, այլ նույնիսկ այն վարդապետներուն, որ շատ խոսելու նպատակավ միայն չորս ժամ քարոզ կուտան և կը վիրավորվին, եթե ժողովրդեն մեկը քարոզի ժամանակ եկեղեցիեն դուրս ելնե: Եվ արդեն ըսած եմ օր մը եպիսկոպոսի մը, որ, հինգ ժամ քարոզ խոսելեն ետքը եկեղեցիեն դուրս ելած էր և խուցը կերթար:
     Ո՞ւր կերթաք, սրբազան, - հարցուցի;
     - Շատ քրտնած ըլլալով խուցս պիտի երթամ և լաթ պիտի փոխեմ:
     Դուք ո՞ւր կերթաք, - հարցուց ինձի:
     - Ես ալ տունկերթամ լաթ փոխելու համար, -պատասխանեցի իրեն:
     - Եվ այն օրեն ի վեր եպիսկոպոսն կարճ կը խոսի քարոզի մեջ:
     Աբիսողոմ աղան չունեցավ այս համարձակությունը և խրախույս տվավ Մանուկ աղային, որ շարունակե յուր ճառը դոմադեսական հարցման պատասխանելեն ետքը:
     Դոմադեսը հոս կը գործածենք ապուրի մեջ, բիլավի մեջ և ուրիշ մսեղեն քանի մը կերակուրներու մեջ, բայց բնավ երբեք ժամացույցի մեջ:
     - Շնորհակալ եմ. ապուրի մեջ կը գործածվի ըսել է, ես ալ ատ գիտնալ կը փափաքեի:
     - Ապուրը դոմադեսո՞վ կը սիրեք թե ոչ:

Դոմադեսով կը սիրեմ:
     - Շատ աղեկ: Դառնանք հիմա մեր խոսքին… ո՞ւր մնացիք… հա, Թորոս աղային վրա էր: Տարօրինակ մարդ մ’է աս Թորոս աղան, շատ պատմություններ ունի. ուրիշ գիշեր մ’ալ զանոնք կը պատմեմ, և ժամանակ կանցունենք: Երկար չընենք, աս առտու հանդիպեցա Մելքոն աղային…
     - Բերի, որ տաք տաք ուտենք, - ըսավ տիկինը ներս մտնելով և ապուրը բերելով:
     - Այո, այո, ուտենք, վասն զի շատ անոթի եմ, - ըսավ Աբիսողոմ աղան:
     Հրամմեցեք…
     - Շնորհակալ եմ, - ըսավ Աբիսողոմ աղան և գդալը բերանը տանելու չմնաց, մեկեն ի մեկ վեր ցատկեց:
     - Կարծեմ թե շատ տաք էր, ներեցեք, Աբիսողոմ աղա, - ըսավ տիկինը:
     - Քիչ մը ջուր առ բերանդ, Աբիսողոմ աղա, , - ավելացուց Մանուկ աղան:
     Վնաս չունի, վնաս չունի…
     - Տիկին, ինչո՞ւ համար ուշադրություն չեք ըներ կերակուրներու տաքությանը կամ պաղությանը, - ըսավ էրիկն կնոջը:
     - Ալ այս գիշեր մեր պակասություններուն աչք գոցելու է, Աբիսողոմ աղա,
     Վնաս չունի, բան մը չէ:
     - Ապուր մինչև որ պաղի, այս օրվան դեպքը պատմեմ գոնե, - ըսավ Մանուկ աղան:
     - Մանուկ աղա, Աբիսողոմ աղային գլուխը մի ցավցուներ այս գիշեր, թերևս չախորժիր:
     - Ժամանակ անցունելու համար պիտի խոսեի, որ զբոսնե և չնեղվի:

- Ուրիշ գիշերվան թող, այս գիշեր հոգնած-հոգնած` կրնա՞ քեզի մտիկ ընել:
     - Կարծեմ թե Աբիսողոմ աղան սիրով մտիկ կընե ազգային գործերը և բնավ ձանձրություն չզգար:
     - Այո, սիրով մտիկ կընեմ, - պատասխանեց հյուրը, - բայց տիկինն ըսածին պես վաղը գիշերվան թողունք, վասնզի այսօր շատ հոգնած եմ:
     - Շատ լավ, շատ լավ, ինչպես որ կուզեք, այնպես ըլլա. բայց մեր թաղին թաղականին գործը շատ զվարճալի է: Մելքոն աղան եթե հոս ըլլար և պատմեր, խնդալեն կը ճաթեինք:
     - Ապուրը պաղեցավ, հրամմեցեք, - ըսավ տիկինը:
     Աբիսողոմ աղան այս հրավերն առնելուն պես` գդալով ապուրին վրա հարձակեցավ:
     Օղի մ’ալ կը խմե՞ք, Աբիսողոմ աղա:
     Շնորհակալ եմ, չեմ ուզեր:
     Տիկին, Աբիսողոմ աղային գինի լեցուր:
     - Մանուկ աղա, այս գիշեր այլանդակ խոսքեր կընես, ապուրի վրա գինի կը խմվի՞:
     Ինչո՞ւ չխմվիր, տեսնենք պիտի հավնի՞ մեր գինիին:
     - Տիկինը դուրս ելավ և խաշած միս բերելով սեղանի վրա դրավ:
     Աբիսողոմ աղան այնպիսի ախորժակով մը կուտեր, որ մսի կտորները առանց ծամելու կը կլլեր:
     Փառք քեզ, Աստված, այս գիշեր ալ կշտացանք, - ըսավ Աբիսողոմ աղան փորն քահանայի մը պես լեցնելեն ետքը և երեսը խաչակնքելով ու ցածր ձայնեվ Հայր մերն ըսելով` սեղանեն ելավ և լվացվելու համար ջուր փնտռեց:
     Կերակուրեն վերջը կը լվացվիք, - հարցուց տիկինը հյուրին:
     Եթե ջուր ըլլար…

- Մենք սովորություն չունինք, բայց ձեզի քիչ մը ջուր բերեմ և լվացվեցեք:
     Աբիսողոմ աղան լվացվեցավ և ձեռները չորացնելու ատեն հարցուց տիկինին, թե որ սենյակին մեջ պիտի պառկեր:
     Տիկինը ճրագով երկրորդ հարկը սենյակ մը առաջնորդեց հյուրին և վար իջավ:
     Այս պառկելու սենյակն փոքր էր, և անոր ճիշտ չափը տված կըլլանք, եթե ըսենք, որ Աբիսողոմ աղային հասակին երկարությունն ուներ: Անկողինը շինված էր այն միակ պատուհանին առջև, որ փողոցի վրա բացված էր: Աթոռ մը, քառակուսի պզտիկ սեղան մը, փոքրիկ հայելի մը, ջուրի շիշ մը և գավաթ մը, սանր մը, վրձին մը, այս սենյակին կարասիքը կը կազմեին:
     Աբիսողոմ աղան սենյակեն ներս մտնելուն պես ձեռներն բացավ և նորեն Փառք տվավ Աստծուն, որ վերջապես խալսեցավ փորձանքներեն և առանձին մնաց: Բանտեն արձակվող մը չէր կարող ավելի ուրախություն զգալ: Փառաբանությունն ավարտելուն պես հանվեցավ և ինքզինքն անկողնո մեջ նետեց:
     - Ասկեց ետքը ընելիքս գիտեմ, - ըսավ անկողնու մեջ, - և ոչ մեկու հետ պիտի տեսնվիմ, վասն զի ես այս պոլսեցիները շատ չսիրեցի, ասոնք կամ դրամդ առնելու կը նային կոր կամ երկու ժամ գլուխդ ցավցունելու: Ինչո՞ւս պետք իմին, ես եկած եմ հոս կին մ’առնելու և երթալու. որուն աղջիկն որ սիրեմ` կուզեմ եթե տան` կառնեմ, գործս կերթամ, և եթե չտան, եթե չտան… բայց ինչո՞ւ չտան… ինձմե աղեկի՞ն պիտի տան… Եթե վաղը սա լրագիրն իմ անունս ալ փառավորապես գրե, այն ատեն շատերն պիտի աղաչեն ինձի, որ իրենց աղջիկը առնեմ…

Մեկեն ավելի ի՞նչ պիտի ընեմ… անոնց մեջեն պարկեշտ աղջիկ մը կը զատեմ… խոսկապը կընեմ… նշան կուտամ… կը կարգվիմ…
     Այս որոշումները տալով կը քնանա Աբիսողոմ աղան:
    
     Զ

Աբիսողոմ աղան աղվոր քուն մը քաշեց նույն գիշերը, վասն զի շատ հոգնած էր և թերևս հետևյալ օրն ալ չէր բանար աչքերն, եթե փողոցի վաճառականներն առավոտուն իրենց ահարկու ձայներովն չխռովեին անոր քունը, մահվան այդ կտրոնն, որ ոչ միայն հոգնած մարդու հանգստարանն է, այլև շատ մշտնջենական ցավերու առժամանակյա դարմանն է… Աբիսողոմ աղան ալ, որ փողոցի վրա սենյակի մեջ մը կը պառկեր, ստիպվեցավ կանուխ արթննալ: Աչքերը բանալուն պես անկողնեն ելավ, սնտուկը բացավ և ճերմակեղենները փոխեց, հետո լվացվեցավ և հագնվեցավ:
     Տան տիկինն, որ իմացած էր հյուրին ելած ըլլալն, վեր ելավ և զարդարուն սենյակ մը հրամցնելով զայն` իմաց տվավ, թե մեկն կըսպասեր վարը և զինքը տեսնել կուզեր:
     Թող հրամմե, - ըսավ Աբիսողոմ աղան:
     - Շատ լավ, կաղաչեմ, ըսեք ինծի, խահվեն կաթո՞վ կը խմեք, թե առանց կաթի:
     Կաթ կխմեմ առանց խահվեի:
     Կաթ բերեմ ուրեմն:
     Այո կաթ բերեք:
     Տիկինը վար գնաց:
     - Տեսնենք ով է այս մարդը, - ըսավ ինքնիրեն խոշոր մարդը, թերևս աղջիկ մը ունի կարգելու և իմ Պոլիս գալս իմանալով` առտուն կանուխ հետս խոսելու եկած է:

Բայց ես մինչև որ չստուգեմ աղջըկան ինչ բնության տեր ըլլալը, խոսք չեմ տար. նախ ամեն բան հասկանալու եմ, աղջիկը քննելու եմ, վերջեն հորս հարցնելու եմ. վասն զի իմ սիրելս բավական չէ, պետք է որ հորս ալ սիրե իմ կինս. ոչ թե միայն հայրս, այլ ամեն մարդ հավնելու է…
     - Բարև, վսեմափայլ տեր, - ըսավ երեսնամյա և վառվռուն երիտասարդ մը սենյակ մտնելով և արագաքայլ Աբիսողոմ աղային վազելով` անոր ձեռները սղմելու համար:
     Աբիսողոմ աղան տեղեն ելավ և ձեռները հանձնեց այդ երիտասարդին, որ ուզածին պես սղմե և թոթվե զանոնք` հազար ու մեկ հարգանքներ մատուցանելով:
     - Նստեցեք, Աբիսողոմ աղա, կաղաչեմ, չվայլեր, որ ոտքի ելնեք, - ըսավ երիտասարդն` տիրոջը դարձնելով իրեն հանձնված ձեռներն և կոտրտվելով ետ-ետ գնաց, թիկնաթոռի վրա նստելով:
     Աբիսողոմ աղան բազմոցի վրա բազմեցավ:
     - Արդարև, մեր պարտքն էր երեկ գալ և ձեր գալուստը շնորհավորել, բայց ուշ իմացանք ձեր գալն. ասոր համար հատկապես ձեր ներողությունը կը խնդրենք, - ըսավ երիտասարդն ձեռներն իրարու շփելով:
     - Այսօր գալով պակասություն մ’ ըրած չեք ըլլար, որ ներողություն խնդրեք:
     - Ձեր քաղաքավարությունն է, որ այնպես խոսել կու տա ձեզի, բայց մենք մեր պակասությունը միշտ կը ճանչնանք; Արդարև, մեծ պակասություն մ’ է մեր ըրածը. ձեզի պես երևելի մարդ մը մայրաքաղաքս գա, և պատկերահան մը անմիջապես բարի եկարի չերթա, պակասություններու պակասությունն է, որ և ոչ մեկ կերպով մը կրնա պակասություն ըլլալե դադրիլ:

- Ամենևին պակասություն մը չէ, եթե բնավ չգայիք, դարձյալ պակասություն մը չէր համարվեր ինծի համար:
     Շատ վեհանձն եք:
     Ամենևին վեհանձն չեմ:
     - Թող այնպես ըլլա, ատոր համար հիմա վիճաբանության մտնելու հարկ չեմ տեսներ. միայն ինքզինքս ձեր տրամադրության տակ կը դնեմ և ձեր հրամաններուն կսպասեմ. եթե կուզեք, հոս քաշվել տվեք, եթե կփափաքիք, մեր գրասենյակը պատվել հաճեցեք, և հոն հանենք. ինծի համար միևնույն բանն է, դուք ինչպես որ կախորժեք, այնպես ընելու պատրաստ եմ:
     Ի՞նչ պիտի քաշել տանք… իմ ակռաներս աղեկ են:
     - Գիտեմ, որ ակռաներդ աղեկ են, ինչպես նաև դուք ալ աղեկ եք. ես կը փափաքիմ ձեր լոսանկար պատկերը քաշել:
     - Ես մինչև հիմա պատկերս բնավ քաշել տված չունիմ և քաշել տալու հարկ մ’ ալ չեմ տեսներ, վասն ամեն օր հայելի կը նայիմ և ինքզինքս կը տեսնեմ:
     - Եթե ձեր պատկերը մեկու մը ղրկելու ուզեք, հայելին կրնա՞ք ղրկել, Աբիսողոմ աղա:
     Հայելին ինչո՞ւ ղրկեմ, ես կերթամ:
     - Շատ աղեկ կը խոսիք, բայց ես մինչև որ պատկերը չհանեմ, չեմ կրնար հանգիստ ըլլալ, ինծի համար պզտիկություն մ’ է ձեր պատկերը չհանելը, թող որ ձեզի համար ալ այնպես է:
     Ինչո՞ւ:
     - Լսված բա՞ն է, որ ձեզի պես երևելի մարդ մը Պոլիս գա և պատկերը քաշել չտա. աշխարհ-արար ձեր վրա պիտի խնդացնե՞ք:
     Ինչո՞ւ:

- Պատճառը հայտնի է, մեծ մարդերը բնականաբար մեծ բարեկամներ կունենան. դուք մեծ մարդ մ’ եք և այսօր կամ վաղը պիտի սկսիք մեծ մարդերու այցելություններն ընդունել: Ասոցմե շատերն իրենց պատկերներեն մեյմեկ հատ պիտի նվիրեն ձեզի, և դուք ալ պիտի ստիպվիք ձերինեն մեյմեկ հատ տալ անոնց:
     Եվ եթե չտամ, կը խնդա՞ն իմ վրա:
     - Խնդալն ալ խո՞սք է, ընկերությունների մեջ մատի վրա կառնեն ձեզի:
     Զարմանալի բան…
     - Լսված բա՞ն է, որ ձեզի պես ազնվական մը պատկերը հանել չտա, մեծ ամոթ է…
     Մեծ ամոթ…
     - Այո, շատ մեծ ամոթ է, անվարտիք պտտիլն այնքան ամոթ չէ, որքան իրեն պատկերն չունենալը:
     Ես չէի գիտեր:
     - Քաղաքավարությունը և լուսավորությունը պարտք կդնե մեր ամենուս վրա, որ մեր պատկերներն ունենանք:
     - Լրագիրները պիտի գրե՞ն, որ Աբիսողոմ աղան յուր պատկերը քաշել տված է:
     Լրագիրներու վերաբերյալ խնդիր մը չէ սա…
     Ըսել է` եկեղեցիներու մեջ ծանուցում ալ չպիտի ըլլա:
     - Ծանուցումի ինչ հարկ կա, Աբիսողոմ աղա, կը ծաղրեք զիս…
     - Ծաղրե՞, ատոր շատ դեմ եմ ես… ի՞նչ իրավունք ունիմ ուրիշ մը ծաղրելու…
     Մի բարկանաք…
     - Չէ, կը բարկանամ, ես բնավորություն մը ունիմ, որ ամեն բան շիտակ կուզեմ:
     Շատ լավ. ի՞նչ դիրքով հանել կուզեք ձեր պատկերը:

ես մինչև հիմա մեկը վիրավորած չեմ:
     Այսօր զիս վիրավորեցիք:
     - Գնա ոստիկանության իմաց տուր, պարապ խոսքեր մտիկ ընելու ժամանակ չունիմ:
     - Ոստիկանության երթալու հարկ չկա. կը խնդրիմ, որ ձեր բերնեն ելած խոսքը հաշտեցունեք ձեր քաղաքավարությանը հետ:
     - Ես կռվի մեջ չեմ մտներ, գնա, դուն հաշտեցուր, եթե կռիվ ընողներ կան:
     - Մանուկ աղան Աբիսողոմ աղային նախաճաշը կբերե և եռոտանի սեղանի վրա դնելեն վերջը`
     Հրամմեցեք, ձեր կաթը խմեցեք, - կըսե:
     - Աբիսողոմ աղան աթոռ մը կառնե, սեղանին առջև կը նստի և կսկսի կաթը խմել:
     - Ի՞նչ որոշեցիք նայինք, Աբիսողոմ աղային պատկերը կե՞ս մեջքեն պիտի քաշեք, թե ոտքի վրա, - կը հարցունե Մանուկ աղան:
     - Ոչ կես մեջքեն, ոչ ալ ոտքի վրա, - կը պատասխանե Աբիսողոմ աղան:
     Աթոռի մը վրա նստած ամբո՞ղջ պիտի քաշեք:
     Ոչ:
     Պառկած պիտի հանեք:
     Ոչ:
     Քովընտի՞:
     Ոչ:
     Ի՞նչպես որոշեցիք ուրեմն:
     Որոշեցինք, որ մեր պատկերը բնավ քաշել չտանք:
     - Ատ չըլլար. ատիկա մեծ պզտիկություն է, Աբիսողոմ աղա հիմա պզտիկներեն բռնե, մինչև մեծերը գնա,

ամենն ալ տարին քանի մը անգամ պատկերնին քաշել կու տան. երկու ամսու տղաներն անգամ իրենցն ունին, միայն իրենց մորը արգանդին մեջ գտնվողները չունին իրենց պատկերը. եթե անոր ալ դյուրին մեկ ճամփան գտնեն, անոնց ալ պիտի հանեն:
     - Ես չկրցի համոզել Աբիսողոմ աղան, որ կարծեց, թե զինքը խաբելու համար եկած եմ հոս, - ըսավ պատկերահանը:
     - Չէ, չէ, մեր պատկերահանն անանկ մարդ չէ, - ավելացրեց Մանուկ աղան:
     - Ըսի, թե Աբիսողոմ աղային պես մեծ և երևելի մարդ մը իրեն պատկերն անպատճառ ունենալու է:
     - Այո, ունենալու է և քանի մը տեսակ: Օրինակի համար. տասներկու հատ պստիկ, տասներկու հատ միջին, տասներկու հատ մեծ, տասներկու հատ ոտքի վրա, տասներկու հատ աթոռի մը վրա բազմած, տասներկու հատ քովընտի նստած, տասներկու հատ շիտակ նստած, տասներկու հատ ոտք ոտքի վրա դրած, տասներկու հատ ձեռք ձեռքի վրա, տասներկու հատ գլուխը ձեռքին կռթնած, տասներկու հատ ձեռքը սեղանի մը վրա դրած, տասներկու հատ պառկած, տասներկու հատ ձեռքը գավազան բռնած, տասներկու հատ խնդումերես և ոչ տխուր դեմքով: Այո, Աբիսողոմ աղա, սա ըսածներս հատ մը եթե պակաս ըլլա, ձեր պատվույն վնաս կու գա:
     Իրա՞վ կըսեք, - հարցուց Աբիսողոմ աղան:
     - Սուտ խոսելու բնավ պարտականություն չունիմ. եթե պակաս ըլլա, քու վրադ աղեկ աչքով չեն նայեր. բոլոր մեծ մարդերն ասոնք ունին:
     Մեծ մարդերն ունի՞ն. աղեկ գիտե՞ս:

Այո, ունին:
     Պզտիկներն ալ ունին` ըսիր հապա:
     - Պզտիկներն այս չափ չունին, անոնք կամ երեք հատ և կամ շատ - շատ վեց հատ հանել կու տան:
     - Բնավ մտքես չէր անցներ, որ պատկերին այս չափ կարևորություն կտրվի հոս:
     - Այո, կարևորությունը հիմա միայն պատկերներուն կտրվի, և որքան աղեկ քաշված ըլլան, այնքան ավելի կարևորություն կառնեն:
     - Քանի որ ամեն մարդ յուր պատկերն ունի, իմ մեծ մարդ ըլլալս ինչե՞ն պիտի հասկցվի. միայն մեծ մարդերը քաշել տալու էին, որ այն ատեն…
     - Բայց մեծ մարդունը ուրիշ տեսակ է, խոշոր դիրքով և փայլուն թղթի վրա կը հանեն:
     - Չկրնա՞ր ըլլալ, որ սպասավորներս ալ առջևս բարև բռնած հանենք:
     Շատ աղեկ կըլլա:
     Իրա՞վ կըսեք:
     Այո:
     - Օրինակի համար ես ագարակներ ալ ունիմ, որոնց մեջ շատ մը կովեր, ոչխարներ, ձիեր, սագեր, բադեր կան, անոնք ալ կարելի չէ՞ պատկերին մեկ կողմը դնել;
     - Ատոնք կարելի չէ, բայց սպասավորներդ կրնաս առնել, այնպես չէ՞ պարոն Դերենիկ:
     Այո, այնպես է, - պատասխանեց պատկերեհանը:
     - Չկրնա՞ր ըլլալ, որ, - հարցուց նորեն Աբիսողոմ աղան, - պատկերին տակը գրվի, որ այս մարդն ագարակներ, ձիեր, կովեր, էշեր ունի:
     - Ատ չգրվիր. կրնա գրվիլ, բայց մինչև այսօր սովորություն եղած չէ:

Սակայն ի՞նչ հարկ կա զանոնք գրելու, արդեն ամեն մարդ շուտով կիմանա:
     Ձիու վրա նստած կրնա՞ք հանել:
     Այո, - պատասխանեց Դերենիկը:
     Ձին վազցունելով սակայն:
     Ատ դժվար է:
     Շատ լավ, վաղը կնայինք:
     Եթե կուզեք, մեքենան հոս բերեմ վաղը:
     - Այո, այո, հոս բերեք, - կրկնեց Մանուկ աղան, - վասն զի չվայլեր, որ Աբիսողոմ աղան ձեր սենյակը գա: Մեծ մարդերը միշտ իրենց տուներուն մեջ քաշել կու տան պատկերնին: …
     - Գլխուս վրա, - ըսավ Դերենիկն և ձեռները շփել սկսելով` ոտքի վրա ելավ և կոտրտվիլ սկսավ այնպես, որ խոսք մը ըսել կուզեր և կը քաշվեր:
     - Հայտնի է, թե այն մարդն, որ բան մը ըսել կուզե և կը քաշվի, անպատճառ ստակ պիտի ուզե:
     Վաղը մեքենան հոս բեր, - ըսավ Աբիսողոմ աղան:
     - Շատ լավ, - պատասխանեց պատկերհանը միշտ կոտրտվելով և ձեռները շփելով:
     - Վաղը մեքենան հոս բեր` ըսինք ա, կրկնեց Աբիսողոմ աղան տեսնելով, որ պատկերահանը չերթար:
     - Այո, հասկցա, մեքենան վաղը հոս պիտի բերեք, - պատասխանեց նորեն Դերենիկը, - բայց սովորություն մը ունինք մենք, որ… ներեցեք սակայն:
     Ըսեք:
     Բայց կաղաչեմ, ծանր չգա ձեզի
     Ծանր չգար ինձի:

- Սովորություն մը ունինք, որ եթե մեքենան մեկու մը տունը տանել հարկ ըլլա, կանխիկ գումար մը կառնենք… ոչ թե վստահություն չունենալու համար, այլ սովորություն մը հարգելու համար:
     Այս ինչ գեշ սովորություն է…
     Վերջապես սովորություն մ’է:
     Շատ լավ… երկու ոսկի կը բավե՞:
     Այո, կը բավե:
     - Աբիսողոմ աղան երկու ոսկի տվավ պատկերհանին, որ դուռը բանալն և աներևույթանալն մեկ ըրավ:
    
     Է

Կան մարդեր, որ ցցունել կուզեն, ինչ որ չունին, կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ որ ունին, կան նաև, որ ցցունել կուզեն, ինչ ինչ որ ունին: Աբիսողոմ աղան վերջիններեն էր. կը փափաքեր, որ բոլոր աշխարհ իմանա ագարակներ ունենալը, և յուր փափաքն իրացնելու համարստակ ալ չէր խնայեր: Այսպես, երբ ըսին իրեն, թե մեծ մարդերն իրենց պատկերներն ունին, հավանեցավ, որ ինքն ալ իրենն ունենա, բայց կասկածելով, թե խաբված ըլլա և պարապ տեղը ստակե ելլա, Դերենիկին մեկնելեն անմիջապես ետքը հարցուց Մանուկ աղային.
     Եթե պատկերս քաշել չտամ, զիս մարդու տեղ չե՞ն դներ:
     - Քավ լիցի, բայց քանի որ ձեր աստիճանի մարդերը իրենց պատկերները հանել տված են, ձեզի ալ կը վայլե, որ անոնց պես ընեք: Երբ մեկն ձեր պատկերն ունենալ փափաքի, և դուք պատասխանեք, թե պատկերս քաշել տված չեմ…
     Ի՞նչ կըլլար… բայց…

Բայց ի՞նչ… ագարակներս կառնե՞ն ձեռքես…
     Ամենևին:
     Ոչխարներս, կովերս կը հափշտակե՞ն:
     - Բայց… բայց խավարյալ մարդու տեղ կը դնեն ձեզի, չեն ըներ այն պատիվն, որ կուտան մեծ մարդու:
     - Հասկցա, ի՞նչպես հանել տալու եմ պատկերս, որ տարակույս չմնա, թե պզտիկ մարդ չեմ, վասն զի ըսիք, թե պզտիկներն ալ իրենց պատկերներն կը հանեն:
     - Ձեր պզտիկ մարդ չըլլալը հասկացնելու համար մեծ պատկեր հանելու եք, թիկնաթոռի մը վրա նստած:
     Նոր հագուստներս հագնելու եմ, այնպես չէ՞:
     Այո:
     Ժամացույց ալ կախելու եմ հարկավ:
     Տարակույս չկա:
     - Սանկ ծխափող քաշելով և երկու մարդ ալ դեմս բարև բռնելով և մեկն ալ ետևես ձիս բռնելով:
     Այո, այո:
     Դեռ ուրիշ ինչ պետք է փառավոր երևնալու համար:
     Այսչափ բավական է:
     - Կուզեի, որ սպասավորներս երկուքն ալ չախելով դիմացես վռնտեի, և անոնք ալ գլուխնին ծռած դուրս ելնեին. վերջապես սանկ բաներ չըկրնալ ըլլալ… կամ թե մեկը ծեծեի… օրինակի համար, մեր ագարակներուն վերակացուին երեսն ի վար պոռայի… "մարդ, քեզի քանի՞ անգամներ հրամայեցի, որ մշակներու հետ քաղցրությամբ վարվիս, կովերուս հետ սիրով երթաս, վար ու ցանը ժամանակին ընես. քանի որ ասոնք չըրիր, ես ալ քեզի կը վռնտեմ":

Վերակացուն ալ թաշկինակովն աչքերը սրբելով` ոտներույս իյնա, աղաչե և պաղատե ըսելով. "Զավակներուս սիրույն համար ներե հանցանացս. այսչափ տարիներե հետե ձեր հացը կուտեմ, դուք իմ բարերարս եք, ես ձեզ գրկերուս մեջ անչափ գրկած ու պտտցուցած եմ, երբ դեռ պզտիկ էիք"… վերջապես սըվոր նման բաներ չե՞նք կրնար դնել պատկերների մեջ:
     - Ատոնց վրա վաղը կը խորհինք. մենք հիմա սկսինք մեր երեկվան պատմության, որ կիսատ մնաց; Մելքոն աղան զիս տեսնելուն պես…
     - Կամ թե սանկ կռնակի վրա պառկիմ, և սպասավորներս ալ բանթալոնս քաշեն…
     Զիս տեսնելուն պես մոտեցավ ինձի և…
     Նարկիելով ավելի փառավոր չըլլա՞ր…
     - Մոտեցավ ինձի և ձեռքերս բռնելով ըսավ. "Թե այսօր չաշխատինք, մեր չուզած մարդերը թաղական պիտի ընտրվին":
     Սանկ տասը կանգուն երկարությամբ մարբուճ մը…
     - Անոնք վաղվան գործ են, Աբիսողոմ աղա, թող տվեք, որ սա պատմությունս լմնցնեմ: Մելքոն աղան թևես բռնելուն պես քաշեց զիս ազգային ընթերցատունն, ուր երիտասարդները նստած թուղթ կխաղային:
     - Ես ալ կըսեմ, որ մարբուճը եթե կարճ ըլլա, ավելի աղվոր կերևա պատկերին մեջ:
     - Կյանքիս մեջ հարյուր անգամեն ավելի հանդիպած եմ այս տեսարանին, ուր երկու դերասաններ խոսքն իրարու բերնեն հափշտակելով` յուրաքանչյուրը կը փափաքի առաջ իր խոսքը մտիկ ընել տալ:

Այո, հարյուր անգամ ներկա գտնված եմ. երկու անգամ ընկերություններու մեջ և իննսունըութը անգամ Ազգային Երեսփոխանական ժողովո մեջ: Հարյուր մեկերորդ անգամն էր այս, և սատանանա կը դրդեր զիս ըսելու այս երկունքեն մեկուն. "Թող տուր դիմացինիդ լմնցնել յուր խոսքն և վերջը խոսե": Բայց որովհետև ուրիշ անգամներ այսպես խոսած ըլլալուս համար մեկուն կամ մեկալին սիրտը կոտրած եմ, որոշեցի չեզոքություն պահել, թող տալ իրենց` փոխասացություն ընել և սպասել տեսնելու համար, թե ինչպես պիտի վերջանա այս տեսարանն, որ Ազգային Երեսփոխանական ժողովո մեջ գրեթե միշտ կռվով կը վախճանի:
     - Իրավունք ունիք, - պատասխանեց Մանուկ աղան, - կարճ մարբուճը շատ աղեկ կերևա պատկերին մեջ, բայց և այնպես մաքուր և շիտակ ըլլալու է թաղական ընտրվող մարդ մը:
     Դուք աղեկ կը ճանչնա՞ք:
     - Իմ ճանչնալս մինակ օգուտ չըներ, քվեարկությամբ կընտրվի:
     Քվեարկությա՞մբ:
     Այո, ըստ սահմանադրության քվեարկությունը կընտրե:
     - Ի՞նչ կըսեք, թաղեցին քվե՞ պիտի տա հիմա աղեկ մարբուճ մը ընտրելու համար:
     Թաղականի վրա է մեր խոսքը:
     - Թաղականն ո՞ւսկից հանեցիր. մարբուճի վրա է մեր խոսքը:
     Մի բարկանաք Աբիսողոմ աղա, այնպես ըլլա:
     - Ինչո՞ւ բարկանամ պիտի… վաղը երթանք, հատ մը առնենք:

- Այս կինը Շուշան կը կոչվեր, և յուր արհեստն ալ սիրո միջնորդություն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարարեր և զանոնք իրարու հետ ամուսնացելով յուր աշխատության վարձքը կընդուներ: Երբեմն ալ այրը կինեն կը զատեր և դարձյալ յուր աշխատության փոխարենը կառներ: Տարիքն, եթե իրեն հարցունես, երեսունըվեց է, իսկ եթե հարցունես ինձի, որ միշտ սովորություն ունիմկնկան մը խոստովանած տարիքին վրա տասն ավելացնել, քառասունըվեց է: Ծաղկի հիվանդությունը յուր նշանները ձգած է անոր երեսը: Սև և երկար դեմք մը, որուն կեսը կը կազմեր ծնոտը, և որուն մեջտեղը երկնցած էր քիթ մը, որ բարձր և ճոխ հանգ մ’ուներ, կը կրեր յուր վրա երկու փոքրիկ և սև աչեր, որ ամեն վայրկյանին չորս կողմը կը պտտեին: Հազիվ երկու մատ լայնությամբ ճակատ մ’ուներ. ընքվինները հիվանդութենե թափած էին:
     Տիկին Շուշան գլուխը դռնեն ներս խոթելեն ետքը դուռը բացավ և ներս մտավ ըսելով.
     Եթե գաղտնի խոսք մը ունիք, դուրս ելնեմ:
     - Ոչ, - պատասխանեց Մանուկ աղան, - թաղականի վրա կը խոսինք:
     - Գետնին տակը անցնի այն թաղականի խնդիրն, - ըսավ տիկին Շուշան և ծանրությամբ գլուխն Աբիսողոմ աղային ծռելով` գնաց բազմոցի մը վրա նստելու:
     Բարի եկաք տիկին, - ըսավ Մանուկ աղան:
     - Բարի տեսանք: Դուք ալ բարի եք եկեր, Աբիսողոմ աղա, քաղաքնիս ի՞նչպես գտաք, նայինք` հավնեցա՞ք:
     Հավնեցա, շատ աղեկ է:

- Այս կողմերը ի՞նչ գործ ունիք, - հարցուց Մանուկ աղան, - դարձյալ նշանտո՞ւք մը կա, ի՞նչ կա:
     - Հրամմեր եք, սա դիմացի տունը եկա, և անգամ մ’ալ ձեզի հանդիպեմ, ըսի: Սա Անթառամին աղջիկը դիմացինիդ տուն կուզեմ շինել. գործն ալ լմնցածի պես էր, բայց տիկին Մարթան յուր աղջիկը տալ ուզելուն համար Անթառամին աղջկանը վրայոք խել մը խոսքեր ըսած է մանչուն, ան ալ քիչ մը պաղած է: Այսօր եկա, որ զինքը տեսնեմ և համոզեմ, բայց դուրս ելած ըլլալուն` վաղը պիտի գամ:
     Աղջիկ մ’ալ, մեր Աբիսողոմ աղային չգտնա՞ս:
     Աբիսողոմ աղան ժպտեցավ:
     - Տիկինն արդեն իմացուց, ինձի վարը, թե Աբիսողոմ աղան կարգված չէ, և ես ալ շիտակը անոր համար վեր ելա, - պատասխանեց տիկին Շուշան, ճերմակ թաշկինակովն քիթը սրբելով:
     - Անանկ միտք մը ունիմ, - Աբիսողոմ աղան տեղեն ելնելով և սիկար մը հրամցնելով տիկին Շուշանին:
     - Եթե անանկ միտք մը ունիք, քեզի ալ կրնանք ձեր ուզածին պես աղջիկ մը գտնել. քսան տարիե ի վեր այս գործին մեջն եմ, ամենքն կը ճանչնամ: Հրամանքնիդ ի՞նչպես աղջիկ կուզեք, անգամ մը ան հասկանալու եմ ես:
     - Մանուկ աղան տեսնելով, որ Աբիսողոմ աղան տիկին Շուշանի հետ խոսքի բռնվեցավ, դուրս ելավ` ուրիշ անգամ մի պահելով թաղականի պատմությունն, զոր չէր կրցած ավարտել:
     - Աղվոր աղջիկ մը կուզեմ, - պատասխանեց Աբիսողոմ աղան խնդրելով:
     - Գիտեմ, որ աղվոր աղջիկ կուզես, ուզած աղջիկդ հարո՞ւստ ըլլալու է:

Այո;
     Պարկեշտ:
     Հարկավ:
     Տասնըվեց-տասնևութ տարեկան:
     Ճիշտ:
     Դաշնակ զարնել գիտնա:
     Գիտնալու է:
     Աղեկ պարե:
     Հրամմեր եք:
     - Շատ լավ, ասանկ աղջիկ մը կա ձեռքիս տակը, բայց այս տեսակ աղջիկները գործ չեն տեսներ տունը. առտվընե մինչև իրիկուն ծունկ ծունկի վրա կդնեն, կը պարեն և կամ բոլոր օրը կը պտտին, հիմակվընե ըսեմ, վերջեն ինձի պատճառ չբռնես. աղեկներն ալ կան, բայց գտնելը շատ դժվար է: Քու ըսած աղջիկներուդ մեջ անանկներ ալ կան, որ իրենց ուզած մեկը կսիրեն և շատ անգամ անոր հետ գեղ մը կը փախչին, և դուն ալ կսպասես, որ կինդ գա:
     Ի՞նչ կսեք: Եթե այդպես է, չեմ ուզեր;
     Բայց կան ալ, որ վրադ կխենդենան:
     Եթե այսպես է, կուզեմ:
     - Բայց կան ալ, որ ամիս մը իրենց սիրածին հետ կապրին և քու անունդ բնավ չեն տար:
     Եթե այնպես է, չեմ ուզեր:
     Բայց կան ալ, որ վայրկյան մը քովեդ չեն բաժանվիր:
     Եթե այսպես է, կուզեմ:
     - Ասոնք ըսելուս համար ինձի բան մը ըսեր. վասն զի կան անանկներ ալ, որ թող կուտան իրենց կինը ուրիշի մը հետ սիրահարություն ընել և աղջկան հորմեն քիչ մը դրամ առնելով աչք գոցել:

- Իրա՞վ կըսեք. անանկ էրիկ մարդ կը գտնվի՞ աշխարհիս վրա:
     Մազես շատ:
     - Եվ այն տեսակ էրիկ մարդու և կիներու երեսը ո՞վ կը նայի:
     - Ամեն մարդ. կինը կարդարացնեն` ըսելով, թե սատանայե խաբված է, էրիկն ալ կը սրբացնեն` ըսելով, թե խեղճը չգիտեր յուր կնոջ բռնած ընթացքը:
     - Է, հիմա կը ճաթիմ… չեմ ուզեր, չեմ ուզեր, թող մնա, իմ քաղաքը կը կարգվիմ:
     - Բայց և այնպես անանկներ ալ կան, որ քեզի համար իրենց հոգին անգամ կուտան:
     Անանկ մեկն եթե գտնեմ, կը կարգվիմ:
     - Ես անանկ մեկը պիտի գտնեմ քեզի, իմ հարցունելս սա է, որ ձեր ինչ տեսակ աղջիկ ուզելը հասկնամ:
     Ես ալ իրավունք կուտամ տիկին Շուշանին. վասն զի ամեն օր այնպիսի ամուսնություններ կը տեսնենք, որք մարդուս զարմանք կու տան: Ատեն մը հետաքրքրության համար կարգված մարդու մը սիրո կրկնագումարը գրեցի և տարեգլխուն հաշվեկշիռը հանելով տեսա, որ մարդը սնանկացած էր բարոյականության մեջ: Բարևս կտրեցի իրմե սակայն մեծ զարմանքով տեսա, որ այդ մարդը մեծ պատիվ կը գտնե ընկերություններու մեջ իբրև բարոյականի տեր անձ մը ամեն կողմե հարգանք կընդունի: Հետաքրքրությունս ավելացավ. հաշվեկշիռս նորեն աչքե անցուցի և դիտեցի, որ կինն, զոր ես այդ մարդուն ընկեր նշանակած էի, մայր հաշվույն մեջ դրամագլուխի կողմ անցած է էրկանը տետրակին մեջ: Եթե օր մը սիրո տոմարակալություն մը հրատարակեմ,

մեծ հուզմունք պիտի պատճառեմ հաշվեգետներու մեջ. վասն զի ես շատ էրիկ մարդիկ գիտեմ, որոք կինն իրենց սիրո հաշվույն մեջ ընդհանուր ծախքի կողմ կանցունեն, շատերը կարասիքի հաշվույն տակ կը գրեն, ոմանք ընդհանուր ապրանքի կարգը կանցունեն, ոմանք վճարելի թղթերու և ոմանք ընդունելի թուղթերու հաշվույն մեջ կը նշանակեն: Խիստ քիչ են այն նախանձելի ամուսնություններն, որոնց մեջ կինը էրկանը ընկեր կարձանագրվի սիրո տետրակին մեջ:
     - Կարգելվի շատ անուշ բան է, - հարեց սիրո միջնորդն, - քեզի համար աղջիկ մը գտա՞ր, ամեն օր արքայության մեջ ես…
     Ես ալ անոր համար է, որ կարգվելու կը վախնամ:
     - Նայեցեք, ձեզի բան մը ըսեմ, աղա, հրամանքիդ հարկավ մեծ տեղե մը աղջիկ կուզեք առնել, վասն զի դուք ալ մեծ մարդ մ’եք:
     Այո, այո, մեծ տեղե կուզեմ:
     - Ես ալ քեզի մեծ տեղե մը աղջիկ կը գտնեմ, բայց հրամանքնիդ ֆրանսերեն գիտե՞ք:
     - Մեծ տեղե աղջիկ առնելու համար անպատճառ ֆրանսերեն գիտնալու է:
     - Այո, վասն զի մեծ տեղի աղջիկներն ֆրանսերեն կը խոսին, և երբ կին մը յուր էրկանը չգիտցած լեզվով ուրիշի մը հետ կը խոսի, տակեն նախանձ կելնե:
     Ես ալ կսովրիմ ֆրանսերեն:
     - Բացի ասկից, երջանկությունը շատ քիչ կը գտնվի այն ամուսնության մեջ, ուր կնիկն էրիկեն ավելի բան գիտե:
     Այնպես է, ես ալ այն կարծիքին եմ:
     - Հրամանքնիդ եվրոպական եղանակներեն բան մը կը հասկնա՞ք:

- Ամենևին բան մը չեմ հասկնար և մանավանդ թե կը ձանձրանամ:
     - Ի՞նչ պիտի ընես ուրեմն, եթե կինդ ժամերով դաշնակի առջևն անցնի և այդ նվագարանի վրա եվրոպական խաղեր զարնե:
     Թող չեմ տար, ես ձանձրույթ կիմանամ:
     Ան հաճույք կզգա:
     - Կին մը ինչ իրավունք ունի յուր կինն զվարճութենե զրկելու:
     - Եթե գործը մինչև աս տեղվանքը պիտի գա, չեմ կարգվիր:
     - Չկարգվիլ չըլլար, միայն թե պիտի ստիպվիս կնկանդ ճաշակին հարմարելու համար դաշնակ սովրիլ:
     Ես կըրնա՞մ սովրիլ:
     - Ինչո՞ւ չէ, մանավանդ թե ավելի դյուրին է քեզի դաշնակ զարնել սորվիլ, քան թե կնկանդ դաշնակ զարնելը մոռնալը:
     - Եթե այսպես է, ասոր ալ ճամփան գտանք ըսել է:
     - Ասոնք ըսելուս պատճառն ան է, որ ես հոգիս սևցունել չեմ ուզեր. ամեն բան առաջուց կըսեմ, որ վերջեն ինձի պատճառ չբռնես: Իմ ձեռքիս տակ ամեն դասե աղջիկ կա. բարձր դասեն, միջին դասեն և ստորին դասեն. այս երեք դասեն ալ ծախու ապրանք ունիմ. հրամանքնիդ ձեր քսակին հետ խորհրդակցեցեք և ինձ ըսեք` սա դասեն կուզեմ: Հայտնի է, որ բարձր դասը շատ սուղ է, միջինն նվազ սուղ և ստորինն` աժան:
     Ես շատ աժան չեմ ուզեր:
     - Շատ լավ. աղջիկը ճերմա՞կ գույն ունենա, թե քիչ մը թուխ:
     Ճերմակ կուզեմ:
     Աչքերը սև՞ թե կապույտ:

Եկու տես, որ սևն ալ կը սիրեմ, կապույտն ալ…
     - Կամ մին պիտի ըլլա, կամ մյուսը. վասն զի չկրնար ըլլալ անանկ աղջիկ մը, որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը` սև:
     Կապույտ ըլլա թող:
     Շատ լավ: Հասակն և մազերը…
     Երկար, երկար
     Մեջքը…
     - Մեջքը բարակ ըլլա, բայց տկար չեմ սիրեր, կուզեմ, որ քալած ժամանակը միսերը շարժին:
     - Կը հասկնամ, այսչափը հերիք է. ճիշտ ուզածիդ պես աղջիկ մը կա, որ շատ ալ պարկեշտ է և իրեն էրկանը համար հոգի տալ կերևա:
     Ես ալ անանկ մեկը կուզեմ:
     - Թերևս վաղը քու անունդ իրեն ըսելուս պես վրադ սեր կապե: Պատկերդ տուր, որ իրեն անգամ մը ցցունեմ:
     Պատկերս վաղը հանել պիտի տամ:
     - Վաղը՞… վաղը հանել տալու որ ըլլաք, ութը օրեն կառնեք և ութ օր սպասե՞ք:
     Ինչո՞ւ սպասենք, վաղը երթանք, մեծ տեղե՞ն է աղջիկը:
     Այո:
     Հայրը հարո՞ւստ է:
     Շատ հարուստ է, բայց հարստությունը չցցուներ:
     Շատ խանութներ ունի՞:
     Քսանի չափ:
     Տո՞ւն:
     Քառասունի մոտ:
     - Շատ աղեկ, վաղը չէ մյուս օրը կերթանք այդ աղջիկը տեսնելու:

Եկու տես, որ սևն ալ կը սիրեմ, կապույտն ալ…
     - Կամ մին պիտի ըլլա, կամ մյուսը. վասն զի չկրնար ըլլալ անանկ աղջիկ մը, որուն մեկ աչքը կապույտ ըլլա, մյուսը` սև:
     Կապույտ ըլլա թող:
     Շատ լավ: Հասակն և մազերը…
     Երկար, երկար
     Մեջքը…
     - Մեջքը բարակ ըլլա, բայց տկար չեմ սիրեր, կուզեմ, որ քալած ժամանակը միսերը շարժին:
     - Կը հասկնամ, այսչափը հերիք է. ճիշտ ուզածիդ պես աղջիկ մը կա, որ շատ ալ պարկեշտ է և իրեն էրկանը համար հոգի տալ կերևա:
     Ես ալ անանկ մեկը կուզեմ:
     - Թերևս վաղը քու անունդ իրեն ըսելուս պես վրադ սեր կապե: Պատկերդ տուր, որ իրեն անգամ մը ցցունեմ:
     Պատկերս վաղը հանել պիտի տամ:
     - Վաղը՞… վաղը հանել տալու որ ըլլաք, ութը օրեն կառնեք և ութ օր սպասե՞ք:
     Ինչո՞ւ սպասենք, վաղը երթանք, մեծ տեղե՞ն է աղջիկը:
     Այո:
     Հայրը հարո՞ւստ է:
     Շատ հարուստ է, բայց հարստությունը չցցուներ:
     Շատ խանութներ ունի՞:
     Քսանի չափ:
     Տո՞ւն:
     Քառասունի մոտ:
     - Շատ աղեկ, վաղը չէ մյուս օրը կերթանք այդ աղջիկը տեսնելու:

- Գլխուս վրա. ցերեկին կուգամ, և մեկտեղ կերթանք: Մնաք բարով, Աբիսողոմ աղա, սիրտդ հանգիստ բռնե. ես քեզ չեմ խաբեր, ուրիշու կրակե շապիկ հագցնողներե չեմ: Կեցիք բարով, վաղը չէ մյուս օր:
     Տիկին Շուշանը կը մեկնի:
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3776 | 0 | 0
Facebook