Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեք երկրի գահերից ու կյանքից զրկված երիտասարդ թագավորը

21:25, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
Երեք երկրի գահերից ու կյանքից զրկված երիտասարդ թագավորը

Վացլավ 3-րդ (1301-1305-ին` Հունգարիայի թագավոր` Լասլո 5-րդ անվամբ, 1305-1306-ին` Չեխիայի թագավոր` Վացլավ 3-րդ անվամբ և 1305-1306-ին` Լեհաստանի թագավոր` Վացլավ 2-րդ անվամբ) Չեխիայի Վացլավ 3-րդ թագավորի և Հռոմեական սրբազան կայսրության Ռուդոլֆ 1-ին կայսեր դստեր` Հուդիթի որդին է: 1298-ին նա նշանվում է Հունգարիայի Անդրեաշ 3-րդ թագավորի դստեր հետ: Անդրեաշի մահից հետո, իր հոր և հունգարական խոշոր հողատերերի մեծ մասի աջակցությամբ, 1301-ի օգոստոսի 27 ին թագադրվում է Հունգարիայի թագավոր` Լասլո 5-րդ անվամբ: Բայց շուտով նրա դեմ է ելնում Կարլ Ռոբերտ Հունգարացին, և նա, չնայած հոր աջակցությանը, ստիպված է լինում լքել Բուդան և մեկնել Չեխիա (հայրը խոշոր բանակով Պրագայից գալիս է Բուդա, խիստ հսկողության տակ է առնում քաղաքը, բայց, գնահատելով իրավիճակը տեղում, նա որդուն և թագը հանում է քաղաքից ու տանում է Չեխիա): 1305-ի հունիսի 21-ին մահանում է նրա հայրը, որը նաև Չեխիայի ու Լեհաստանի թագավորն էր, և այս երկրների գահը հանձնվում է նրան: Չունենալով որևէ հեղինակություն այս երկրներից որևէ մեկում` նա նախ հրաժարվում է Հունգարիայի գահից՝ հօգուտ Ստորին Բավարիայի հերցոգ Օտոն 3-րդի, բայց սա էլ 1307-ին գերի է ընկնում և ստիպված է լինում հրաժարվել գահից՝ հօգուտ Կարլ Ռոբերտի: 1305-ի դեկտեմբերի 6-ին Վացլավը հրաժարվում է նաև Չեխիայի գահից: Այնուհետև Բրանդենբուրգի մարկկոմսությանն է զիջում Լեհաստանի մի շարք մարզեր` ներկայիս Սաքսոնիայի կազմում գտնվող Մայսենյան մարկկոմսության ու հակառակորդների դեմ աջակցության դիմաց: Լեհաստանի թագի նկատմամբ իր իրավունքները ներկայացնելու համար երիտասարդ թագավորը 1306-ի հունիսից սկսում է փող հավաքել բանակ ստեղծելու համար: Որոշ ժամանակ անց նա Պրագայից մեկնում է և օգոստոսի սկզբին շարժվում է Լեհաստան, բայց 1306-ի օգոստոսի 4-ին ներկայիս Չեխիայի Օլոմուց քաղաքում նրան դաշունահարում է անհայտ մարդասպանը: Սպանության հանգամանքներն առ այսօր պարզ չեն: Պատմաբաններից շատերն այն կարծիքին են, թե դաշունահարողը եղել է ոմն Կոնրադ Բոգենշտեյն, բայց այս կարծիքը վիճարկում են այլ հետազոտողներ: Տեսնողներ են եղել, թե ինչպես Կոնրադ Բոգենշտեյնը պալատի պատուհանից ցատկում է՝ արյունոտ դաշույնը ձեռքին: Նրան բռնում են ու անմիջապես սպանում (առանց հարցաքննելու): Հավանաբար, մարդասպանը կաշառած է եղել թագավորի պահակախմբին: Սպանության հավանական պատվիրատուների շարքում հաճախ հիշատակվում են Հաբսբուրգներն ու Լեհաստանի թագավոր Վլադիսլավ 1-ինը: Կա նաև կարծիք, թե թագավորի սպանության պատվիրատուն եղել է չեխական ազնվականությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3652 | 0 | 0
Facebook