Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
19:01, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Նոր դասակարգեր


    

    

(Գիտական)

Զինվորագրության բերումով` հայ ազգին մեջ դասակարգային նախկին շերտավորումները՝ հարուստ և աղքատ, իսպառ վերացան, տեղի տալով, սակայն, բազմաթիվ նոր դասակարգությանց։ Թղթադրամն էր, որ գլխավոր անջատիչ պարագան կհանդիսանար հարուստին ու աղքատին միջև, իսկ հիմա ան դարձեր է հարցական քանակություն մը ու որպես ապրանք` ամենեն աժանը։

Սոցիալական պատմության բեմեն անհայտանալով սա զույգ իրարամերժ դասակարգերը, շատ բնական էր, որ հետերնին պիտի տանեին նաև իրենց նվիրված բոլոր այն հատորները, որոնք գիտական սոցիալիզմ կկոչվեն, ճամփա բանալու համար նորագույն սոցիալիզմին, որ գալու էր պարզաբանելու սա նոր բարդ դասակարգերու բարդագույն հարցերը։

Ահա գիտական այդ նոր ուղղության առաջին հատորը կազմելու կուգա ներկա ուսումնասիրությունս։

Ճառախոսներ.- Ժամանակագրական կարգով` ճառախոսներու դասակարգը ծնավ առաջին անգամ ու մնաց մինչև վերջ` իբրև դասակարգ կուռ` և իր շահերուն գիտակ։ Զորակոչը հայտարարելուն` այս մարդիկ կարծեցին, թե ոչ մեկը պիտի արձագանքե կոչին, այդիսկ պատճառով սկսան «ինտենսիվ» կերպով հորդորել, որ երթան զինվորագրվին։ Բայց քիչ ետքը, երբ տեսնվեցավ, որ իրենց սպասածին հակառակ` շատերը փութացին զորանոցն երթալ, հանկարծ մեղմեցին եռանդնին. վասնզի երևցավ, որ եթե հորդորի այդ թափը շարունակելու ըլլան, քիչ վերջը ոչ ոք պիտի մնար զորանոցեն դուրս` իրենց ճառերը լսելու համար, ու իրենց պաշտոնը վերջացած ըլլալով` պիտի նմանեին այն մարդուն, որ կացինն առած իր տակի ճյուղը կկտրե։

Սակայն պիտի ըսեմ, որ հիշյալ դասակարգի իդեոլոգներն ունեցան այն հեռատեսությունը, որ բոլորը չղրկեցին զորաճակատը, ու չեմ կասկածիր, որ պիտի ունենան նաև այն խիզախությունը, որ օր մըն ալ ուժով ետ պիտի կեցնեն ինքնաբերաբար ճակատը մեկնողները՝ իրենց, լսողներու թիվ մը ապահովելու համար։

«Տրամադրության տակիններ» . -Այս դասակարգը կբաղկանա գլխավորապես ինտելիգենտներե, որոնք ինքզինքնին դրեր են Ազգային խորհուրդին «տրամադրության տակ» ։

Ինչպես Պարսկաստանին մեջ քաղաքական հանցավորները «բաստ» կմտնեն կոնսյուլատներ` պատիժեն ազատվելու համար, անոնք ալ զիրենք Ազգային խորհուրդին դուռն են նետեր` պարտականութենեն ազատվելու համար։ Այս դասակարգի մասին շատ հոռետես եմ ես, բայց Ազգային խորհուրդը որովհետև դեռ կհուսա, թե անոնցմե կրնա բան մը դուրս գալ, այդ առթիվ կըսեմ. ո՜վ Ազգային խորհուրդ, հավերը 21 օր կնստին հավկիթին վրա ու եթե այդ ժամանակվա մեջ բան մը դուրս չեկավ, հավկիթները փչացած սեպելով` վեր կելնեն սրդողած, իսկ դուն` սա երեք ամիս է դրեր ես «տրամադրությանդ տակ», նստեր ու դեռ կհուսաս, որ բան մը պիտի ելնե անոնցմե։

Այս մարդիկ դժվար է ճանչնալ զգեստեն։ Անոնք որոշ տարազ մը չունին. կշրջին մերթ «շինելեն» ներս, մերթ` դուրս։ Փողոցին մեջ երկու քայլ կնետեն` երրորդին վրա ետևը կդառնան` պաշտոն մը գտնելու հույսով։

Զինվորագիր ատյաններուն առջևեն մատի ծայրերուն վրայով կամացուկ մը կանցնին ու հեռանալով` կրունկնին գետինը կզարնեն և կպոռան, որ Ազգը չի ուզեր իրենցմե օգտվիլ։ Հաճույքով կդիտեն փողոցեն անցնող նորակոչներն ու սրտի խորերեն կափսոսան, որ իրենք ալ այդպես հասարակ չեն ծնվեր, անոնց շարքը մտնելու համար։ Եվ ինքզինքնին խիստ թանկ գնահատելուն համար, կնմանին այն հազարանոցներուն, որոնք մանրուքի պակասին համար չեն մանրվիր ու միանգամայն անգործածելի կմնան` սակայն միշտ Ազգային խորհուրդին «տրամադրությանը տակ» ։ Հիշյալներն ավելի շատ ապրիլ կուզեն, քան մեռնիլ։

Ծերերու դասակարգ.- Ասոնք քառասունե վեր մարդիկ են, որոնց նախախնամությունը թող տալով, որ ժամանակե առաջ ծնվին, զրկեր է առ ազգն ունեցած «քաղցր պարտականությունը» կատարելու հնարավորութենեն։ Կզգուշանան սաստիկ բան մը զոհելու ազգին, վախնալով, որ Ազգային խորհուրդը չընդունի, սեպելով զայն Կայենի զոհը։ Ու կպտտեն պարտական, միշտ «եթե կրնայինք, պիտի զոհվեինք» նշանաբանը բերաններուն։

Անզավակ հայրեր.- Այս դասակարգն ամուսնացած չափահասներն են, որոնք իրենց ամուսնության երկար ու ձիգ տարիներուն մեջ, չեն հաջողած ժառանգ մը ունենալ, այժմ ազգին նվիրելու պատրվակին տակ` ամենայն գիշեր Աստուծմե որդի մը կաղերսեն, նման այն անշնորհք հեղինակներուն կամ անճար դերասաններուն, որոնք, որովհետև չեն սիրվիր ու չեն կարդացվիր, այդ պատճառով ամենայն առատաձեռնությամբ բարեգործական նպատակներու կնվիրեն իրենց խաղն ու գիրքը։

Վերոգրյալ դասակարգերե զատ կան նաև խել մը այլ դասակարգեր. ասոնք են բազմորդի հայրեր, արձանագրողներ, ապառնի հազարապետներ, հագնվածներ, ճակատ մեկնողներ, կոմիսարներ և այլն։

Բազմորդի հայրերն անոնք են, որոնք զինվորագրության տարիքին մեջ գտնված հինգ որդիներեն մեկը վերցնելով, բազմամարդ միտինգի մը կամ թերթի մը մեջ, շրխկացնելով ազգին կնվիրեն, նման եկեղեցիի մեջ խոշոր արծաթ մը գանձանակը նետող հարուստ մեծատան։

Արձանագրողները կապրին խմբերով, դիվանատանց մեջ և հաճախ թվով կգերազանցեն արձանագրվողները։ Ասոնք կարձանագրեն ու դեպի ճակատը կհրեն զինվորները, սակայն մեծ զգուշություն ի գործ դնելով, որ չսայթաքին ու հանկարծ իրենք ալ հետները ռազմաբեմը չիյնան...

Ապառնի հազարապետներն անոնք են, որոնք իբրև հասարակ զինվորներ, անհարմար են ու ակնդետ կսպասեն հազարի մը կազմելուն, անոնց գլուխն անցնելու համար։ Եվ որովհետև մեր մեջն ավելի շատ հազարապետության համար մարդիկ կան, քան զինվորության, այդ պատճառով մեկ զինվորին երկու հազարապետ կիյնա ու հազար մը բնավ չի կազմվեր, որ այս ապառնի հազարապետներեն գեթ մեկը ներկա դառնա։ Հազարապետ կոչելեն առավել ևս բարվոք կըլլար մեկ հազարերորդապետներ կոչել զանոնք։

Հագնվածներ կկոչվին բոլոր անոնք, որոնք «շինել» են հագած ու ճակատը մեկնողի երևույթն ունին։ Ասոնք երկու դասակարգի կպատկանին. առաջինն անոնք են, որոնք շուկային մեջ հարմար զգեստացու մը չգտնելով` բարվոք սեպած են զինվորական «շինելներով» ծածկվիլ, երկրորդն անոնք են, որոնք քանի մը անգամ քաղաքացիական զգեստով օրիորդի մը առաջարկություն ընելեն զկնի, երբ մերժված են` անգամ մըն ալ «շինելով» կուզեն փորձել։

Ճակատ մեկնողներու դասակարգը վերջանալու վրա է։ Այս դասակարգը միապետության արդյունքն էր, որու տապալումով ալ վերջ գտավ ճակատ մեկնելը։

Ասոնցմե զատ կմնա մեզ հիշատակել նաև «կոմիսարներու» դասակարգը, որոնք կիշխեն իրենց սպասավորներուն, սպասուհյաց և խոհարարներուն վրա... միայն, ու քաղաքացին առտուն զարթնելուն մինչև ցուցամատը քունքին երկար չմտածե, չի կրնար հիշել իր կոմիսարի անունը։ Ասոնց թիվը շատ է, քաղաքներու թիվեն ավելի. և ան, ով կփափագե, որ անոնք դադրին պաշտոններ իրար ձեռքեն խլելե, պիտի աշխատի քաղաքներու թիվը բազմապատկել՝ տրամադրելի տեղեր բանալու համար, վասնզի, անոնք կոմիսար ըլլալու պայմանով են ծնվեր և պիտի տեղավորվեն. միայն ապագային համար կարելի է խնդրել հայ մայրերեն քիչ մը... պզտիկ մարդիկ ծնիլ, այնպիսիք, որ պատերազմի ատենները բանի մը պետք գան...

Վերջաբան-մաղթանք

Կան ազգեր, որոնք սրտի ամբողջ խորերեն «ա՜խ» կքաշեն մեծ մարդ մը ունենալու համար, սակայն պարագան այնպես մըն է բերեր, որ այսօր հայ ազգը կսկիծով կտեսնե, որ պզտիկ մարդ մը չունի իր մեջը։

Տե՛ր, տե՛ր, մանրե այդ մարդիկ՝ նոր աշխարհ զրկե. տե՛ր...

Տե՛ր, չէ՞ երեկ էր, որ կլուբին մեջ խոսվեցավ «ներկա մոմենտի» մասին. չլսե՞ցիր որքան ծանր էր կացությունը. չտեսա՞ր, որ մենք անդունդի ծայրին ենք, որ մեր փրկությունը ճակատը պահելու մեջն է...

Տե՛ր, դուն զինվոր ղրկե ու Հայաստանն ազատե տաճիկներեն` ալ մի խառնվիր։ Ես մարախի նման իշխաններ կհանեմ ազատված երկիրը կառավարելու համար, տե՛ր...

Կաղաչեմ, ո՛վ տեր, բան մը ասոնց գլուխեն պակսեցուր ու բան մը սրտին վրա ավելցուր, նաև բան մը ասոնց արտաքինեն կտրե ու ներքինին կցան տուր։ Ու եթե կարելի է պզտիկ բան մըն ալ ասոնց էութենեն հանե ու մեր կարոտ... Ազգին տուր...

Ու այս բոլորն ըլլալե ետքը, քեզի վայել է փառք, պատիվ հավիտյանս, ամե՜ն։

1918թ.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2640 | 0 | 0
Facebook