Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:50, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ


     Անտիպներ
    
    
     Աստվա՛ծ, դու երբ 1888 թվականին ինձ ստեղծում էիր Տաճկաստանում, այնտեղ կարգերը սուլթանական էին: Համիդը, ճշմարիտ է, ամեն տասը տարին մեկ հայկական ջարդեր էր կազմակերպում, բայց նրանց արանքում ընկած ինը տարիներում թույլ էր տալիս հայերին ապրել որպես մարդ: Աշխարհն այնքան հրաշալի էր թվում ինձ, որ չկարողանալով այն ընկալել իմ ընդամենը երկու աչքերով՝ մտքովս անցնում էր ևս մի լրացուցիչ աչք խնդրել քեզանից:

Սուլթանը բերնիս դեմ չէր անում սատկածի սառեցված միսը, թե անպատճառ պիտի ուտես: Թույլ էր տալիս սեփական ոչխար ունենալ, ուզածս ժամանակ մորթել այն և կերակուր պատրաստել սեփական ձեռքով աճեցրած բանջարեղենով, և ոչ Ռուսաստանից բերած հոտած կարտոֆիլով:

1888 թվին, Աստվա՛ծ, ինչքան մարդ կար՝ այնքան կարծիք: Այնքան բազմազան, այնքան հետաքրքիր, որոնց լսելու համար իմ երկու ականջները քիչ էի նկատում: Ու ես շշմած, մտածում էի, թե այս խճճված աշխարհը իմ ընդամենը հինգ զգայարաններով քանի՞ տարի ապրեմ, որ կարողանամ մի հայտարարի բերել:

Այլ է, սակայն, իմ վիճակը ներկայումս, սոցիալիզմի տիրապետության շրջանում:

Հիմա քո պարգևած երկու շատ երկար ձեռքերը փչացած ժամացույցի ճոճանակների նման կախված են օդում անշարժ: Չեմ աշխատում, որովհետև գործ չկա: Հիմա սոցիալիզմ է, որը շինվում է ոչ թե գործով, այլ… խոսքով: Իմ երկու աչքերը սա քառասուն տարի անգործ ընկած են իրենց խոռոչներում առանց աշխարհը տեսնելու: Հիմա աշխարհը տեսնում են միայն Լենինը, Ստալինը և Խրուշչովը և քեզ ճանապարհ են ցույց տալիս: Ասեն «ա՛ջ դարձիր» ՝ աջ պիտի դառնաս, «ձա՛խ դարձիր» ՝ ձախ պիտի դառնաս:

Իսկ ականջներդ նրանց ճառից չես կարող բանալ…

Այնպես որ, Աստված, քո տված ոչ մի բան ներկա կարգերում չեմ օգտագործում՝ ո՛չ բանականությունը, ո՛չ ուղեղը, ո՛չ սիրտը և ո՛չ էլ մի որևէ զգայարան:

Հիմա շատ նման եմ ես մեր պետական մի խանութի, երկու չծախվող կոնսերվի բանկա՝ մի լայնածավալ տարածության մեջ: Տարածություն, ուր ձիով պետք է ման գալ չհոգնելու համար:

Ուրիշ խոսքով, ես ման եմ գալիս ինչպես մի փոքրիկ տղա, իր հոր լայն ու երկար շալվարը հագած և ամեն քայլ փոխելիս բերանքսիվայր փռվում եմ գետին:

Աստվա՛ծ, ես այժմ յոթանասուներեք տարեկան եմ, ու դեռ չգիտեմ, թե քանի տարի էլ պիտի ապրեմ: Եթե մտադիր ես արդեն հոգիս առնել՝ ա՛ռ, դա քո գործն է: Իսկ եթե մի քանի տարի էլ պիտի ապրեմ՝ քո ազատ ժամանակդ ե՞րբ է, ասա գամ մոտդ «պերեդելկայի»: Կազատես ինձ իմ անգործածելի բոլոր ավելորդություններից և կթողնես այն միայն, ինչ հնարավոր է գործածել սովետական կարգերում: Երկու աչքս էլ վերցրու... կամ, ուզում ես, մի հատիկ հավի աչք թող մարմնիս մի որևէ մասում որպես «նաչնիկ» ՝ գիշերները ոտքի ճանապարհ գնալու համար: Մեր առաջնորդները որովհետև շատ են ուտում, արտաքնոց գնալու մեր ժամկետները չեն համընկնում իրար. եթե ոչ՝ Խրուշչովը իր հետ կտաներ ու հետ կբերեր ինձ:

Այս էլ ասեմ, որ մեզ մոտ տիրում են «աշխարհի ամենադեմոկրատական» կարգերը, այնպես որ պետքարանի կարիք չունեցողը լայն իրավունք ունի… չկեղտոտելու:

Ասա՛, Տե՛ր, ե՞րբ գամ բեռնաթափվելու:

-----------------------------------

Գիշերը երազումս Լենինը մարդկությանն առաջն արած՝ քշում էր դեպի սոցիալիզմ: Կես ճանապարհին՝ «կոշիկիս թելերը փրթավ» ՝ ասաց Լենինը և գավազանը ինձ տալով՝ ասաց.

-Քշի՛ր մինչև թելերը կապեմ գամ:

Քշում էի շատ նեղ ճանապարհով և միշտ հետև նայում, սպասելով Լենինին, որովհետև ես սոցիալիզմի ճանապարհին ծանոթ չէի: Տեսնեմ՝ չկա.

-Վա՜յ, - ասում եմ, - շանորդին չլինի՞ խաբեց, փախավ:

Ու քշում եմ:

Ճամփան դեմ առավ մի ցած դռնակ թունելի: Կարճերը մտան, երկարները մնացին կանգնած: Ես կոտորեցի բոլոր երկարներին որպես սոցիալիզմի թշնամիների ու կոլոտների հետ առաջ անցա: Հետագայում պարզվեց, որ կոլոտների մեջ էլ կան բազմատեսակ կաղեր, որոնք քայլելիս սրան-նրան էին զարնվում, արգելակելով սոցիալիզմի ճանապարհը:

Ես հաշվի առա կաղերի երեք տեսակներն էլ: Կաղեր՝ երկու կողմանի, դեպի աջ թեքվողներ, դեպի ձախ թեքվողներ: Գումարում դրանց թիվն ավելի դուրս եկավ, քան նորմալ ոտք ունեցողները: Է՛, ես մեծամասնական էի, խոմ չէ՞ի կարող մեծամասնությունը զոհել փոքրամասնությանը: Ուստի կոտորեցի սովորականներին և անսովորների հետ առաջ անցա:

Տեսնեմ այս երեք տեսակի կաղերը «սոցիալիստական միասնությունը» խախտում են, շարժվելով մեկ աջ կողմի վրա, մեկ ձախ, մեկն էլ երկու կողմերի վրա հավասարապես: Մտածում եմ երեք տարբեր ուղղություններով տարուբերվող մասսային մի հայտարարի բերել: Բայց ինչպե՞ս: Չարիքը չէր վերանա, եթե ես կոտորեի աջ կողմ թեքվողներին, չէր վերանա, եթե վերջ տայի հանդիպակած կողմ թեքվողներին: Իսկ բոլորին ես կոտորել չէի կարող: Հարկավոր էր, որ գեթ մի մարդ սոցիալիզմին հասներ, ասելու համար, թե դա որքան անիրականանալի գաղափար է ․․․

Ես էլ բռնեցի բոլոր միակողմանի կաղերի առողջ ոտքերն էլ կոտրեցի ու խառնելով երկու կողմով կաղացողներին՝ օրոր-շորոր գնացինք դեպի սոցիալիզմը: Բայց մինչև վերջն էլ Լենինը չերևաց:

Նա ծլկել էր…


    

**********

Մի ժամանակ, երբ ես կարդում էի Իսահակյանի «Աբու Լալա Մահարին» ՝ չէի հավատում նրա ճշմարտությանը. ասում էի՝ երևի հեղինակը գրել է իր զայրացած րոպեներին ու բարկությունն անցնելիս կսկսի սիրել աշխարհը:

Այսօր, սակայն, սարսափով նկատում եմ, որ ես էլ մի իսկական «Աբու Լալա Մահարի» եմ: Նույն անել վիճակի մատնված:

Ես էլ այդ արաբ բանաստեղծի պես եղա ուրիշ երկրներ, իմաստունների ու հիմարների հետ սեղան նստա, աշխարհը նոր եկողներին, աշխարհից մեկնողներին բարև տվի, բարև առա, ու եկա այն եզրակացության, որ իսկապես պետք է քարավանը դուրս քաշել «Բաղդադից» ու չվել այս աշխարհից …

Տաճկաստանում ես ապրում էի անմեղ, անմեղ: Բայց տաճիկ կառավարությունը սուրը քաշած, հետևիցս ընկած՝ ուզում էր ինձ սպանել: Փախա իմ ռուսահայ եղբայրների մոտ, մի քանի տարի ապաստան գտա, հետո էլ այդ «եղբայրները» բռնեցին ու քսան տարով աքսորեցին հյուսիսի սառնամանիքները:

Իմ աքսորի առաջին գիշերը կինս ինձ դավաճանեց:

Իմ գրկի մեջ մեծացած որդիս մեծանալով՝ ոխերիմ թշնամի դարձավ ինձ: Իմ ամենամերձավորագույնը մոտեցավ ինձ ծեծելու համար: Հարևանս իր լվացքի պարանը կապեց պարտեզիս ծառերին և արգելեց ինձ իմ սեփական հողի վրա իմ վառելիքափայտը ջարդել, շուն կապեցին պատուհանիս տակ և գիշերները շան ոռնոցներն ունկնդրելով լուսացրի:

Գիշերը ոռնաց, ցերեկը հաչեց:

Երկրորդ հարևանս ականջիս տակ իր պատիֆոնը այնքան բարձր լարեց, որ ես կարճ ժամանակից խլացա: Տանից դուրս գալիս քիթս բռնեցի հարևանիս արտաքնոցի հոտը չառնելու համար:


    

Ունեմ մի փոքրիկ պարտեզ: Դուրս էի գալիս իմ տնկած ծառերի տակ նստելու և խոկալու, բայց երրորդ հարևանս զարկեց պատը ծակեց ու մի հսկա պատուհան բացեց պարտեզիս վրա, օրն ի բուն գարշելի, բարձր ձայնով երգում է, և ես չլսելու համար տուն եմ փախչում:

«Ոզնու» խմբագիրը ասում է նյութ բեր, մեկի տեղը տանում եմ տասնմեկը՝ ոչ մեկն էլ չի տպագրում:

Տունս ցախանոց է, ութը տարի է պետությունից բնակարան եմ ուզում, չի տալիս:

Եթե արաբ բանաստեղծն իմ օրին լիներ, հիմա վաղո՜ւց էր փախել անապատը:

Բայց ես, ճիշտն ասած, չեմ ուզում փախչել անապատ՝ որովհետև այս րոպեիս ես ապրում եմ սովետական անապատում: Ես ավելի կուզեմ փախչել արտասահման, որտեղ հույս ունեմ ազատ լինել ինձ շրջապատող այս դժոխքից:

Հետո միտք չունի անապատ գնա։ Փոխանակ ինձ հանձնելու անապատի իժերին ու վայրի այլ գազաններին, էստեղ, իմ շրջապատը հազիր լիքն է իժերով ու գազաններով, թող նրանք ինձ ուտեն, ի՞նչ կարիք կա տեղից շարժվելու:

Ես ուզում եմ վերջ տալ իմ կյանքին՝ բայց չի լինում: Իմ սրտում իրենց անուններն անջինջ թանաքով գրել են բազմաթիվ մեռած սիրուհիներ: Եթե ես ընկնեմ, ինձ հետ կանհետի նաև նրանց հիշատակը: Ես մի տապանաքար եմ, կանգնած նրանց շիրիմների վրա, կարո՞ղ եմ չապրել: Չե՜մ կարող:

Ճիշտ է, ես որպես գրող թողնում եմ երկերը, որոնք կկարդան իմ ընթերցողները ու ինձ երկար կհիշեն, բայց նրանք կհիշե՞ն նաև իմ հոգեհատորներս, որոնք ապրում էին իմ մեջ: Չեն հիշի: Իսկ առանց նրանց ես չկամ ․․․

-----------------------------------

Ճիշտ եմ ասում. եթե իմ մեռած սիրուհիներից գեթ մեկը կենդանի լիներ այն աշխարհում, հիմա ես վաղո՜ւց չկայի:

Ես կյանքում ապրել եմ այն րոպեներին միայն, երբ սիրել եմ: Գուցե ինձ կշտամբեք այս բանի համար: Այդ ձեր գործն է: Եթե ես այնպիսին եմ, որ ամոթ կհամարեք միևնույն աշխարհում ապրել ինձ հետ միասին՝ խնդրեմ, տվեք աշխարհի ինձ հասանելիք մասը ես առանձին կապրեմ ու բնավ ձեր կողմը չեմ էլ նայի:

Չե՞ք տա իմ մասը՝ սիրուհուս մոտ տնփեսա կերթամ:


    

**********

Ժամացույցս կանգ է առել, բայց չեմ տանում ժամանգործի մոտ: Գործարանից դուրս եկած ժամացույցը, որ մի անգամ ընկավ ժամագործի մոտ՝ փորլուծությամբ տառապող հիվանդի նման վըզ-վըզ պիտի այնքան գնա գա, մինչև գրպանդ դատարկվի:

Ավելի լավ է նորն առնել, քան հինը վերանորոգել տալ:

Միայն ժամացույցը չէ այսպես, ուրիշ շատ բաներ կան:

Վերցնենք հենց մեր աշխարհը:

Աշխարհը երբ շինվեց, դուրս եկավ Աստուծո գործարանից, մինչև ջրհեղեղը շատ լավ աշխատում էր: Ջրհեղեղին հանկարծ կանգնեց՝ բայց ոչինչ, Աստված լվաց մաքրեց, և նրանից հետո մինչև Մովսես մարգարեն լավ աշխատեց ու հանկարծ նորից կանգնեց:

Աստվածն ուղարկեց Մովսեսի մոտ, որ նորոգի:

Մովսեսն առավ, կարգի բերեց աշխարհը՝ աչքի տեղ աչք հանեց, ատամի տեղ՝ ատամ, և «ժամացույցը» սկսեց աշխատել: Բայց երկու անգամ նորոգվել էր, ո՞վ կերաշխավորեր նրա անխափան աշխատանքը:

Եվ իսկապես էլ Քրիստոսի ժամանակ աշխարհը երրորդ անգամ կանգնեց:

Վերցրեց Քրիստոսը, Մովսեսի «աչքն» ու «ատամը» հանեց դեն գցեց, և նրա տեղը դրեց «երկու երես», որ եթե մեկն ապտակեր մեկ երեսը, մյուս երեսը դարձներ աշխարհը:

Երկու հազար տարի հետո, Աստվածն իր աշխարհը ուղրակեց Լենինի մոտ, ասելով.

- Շինի՛ր, ինչ վարձքդ է՝ ստացի՛ր:

Լենինը քանդեց աշխարհն ու ասաց.

- Սա չի նորոգվի, նոր աշխարհ պետք է կառուցել:

- Իսկ դրա համար ի՞նչ մատերիալ է հարկավոր:

- Միայն պրոլետարիատ: Ով աշխատի՝ նա ուտի:

Տվեց պահանջված պրոլետարիատը, շինեց Լենինը նոր աշխարհը ու երբ ականջին դրեց, տեսավ՝ ով աշխատում, նա չէր ուտում, ով չէր աշխատում, նա էր ուտում:

- Ինչո՞ւ այսպես, - զարմացավ Լենինը, ժժխեց, նորից ականջին դրեց՝ էլի նույնը, չաշխատողն էր ուտում:

Վերջապես, ի՞նչ երկարացնեմ: Աշխարհն այսպես ձեռքից ձեռք անցնելով՝ փչացավ գնաց:

Հիմա արդեն Խրուշչովը դեն է գցել մեր մոլորակը և մարդ ուղարկել տիեզերք մի նոր մոլորակ ձեռք բերելու համար:

Բայց եթե ինձ հարցնեք, ես կասեմ, որ փոխանակ մոլորակը փոխելու՝ մարդիկ պետք է իրենց մոլորված գլուխը փոխեն: Այլապես երկնքից ինչ մոլորակ էլ ցած բերեն, մերինի օրին կընկնի …

-----------------------------------

Այսօր ես վճռականապես Ֆրանսիայի հարցն եմ դնում: Կամ ե՛ս, կամ Ֆրանսիա՛ն:

Կարո՞ղ եք պատկերացնել, մի գիշերվա մեջ տասնչորս ռումբ է պայթել միայն Փարիզի մեջ: Կենտրոնը կկզել է՝ աջերը պայթեցնում են, ձախերը պայթեցնում են:

Եթե աշխարհը դպրոց լիներ, Ֆրանսիան նրա մի դասարանը՝ դիրեկցիան կկանչեր նրա ծնողներին ու դուրս կվռնդեր Եվրոպայի քարտեզից:

Մի սրտացավ հարևան էլ չունի, որ կանչի խրատի, թե՝ ա՜յ բալա, էդ ի՞նչ ես անում, ռումբը խոմ սապոնի պղպջա՞կ չէ, որ այդ քանակությամբ պայթեցնում ես:

Չէ՞՝ քեզ Եվրոպայից դուրս կվռնդեն, կերթաս աշխարհի պատի տակերը կմնաս, մեղքը չե՞ս:

Այս բանը Անգլիան պիտի ասի, ու չգիտեմ, թե ինչո՞ւ չի ասում:

**********

Երկու տեսակ գնացք է մեկնում Երևանից Մոսկվա, մեկն ուղղակի, մյուսը երկու տեղ՝ Թիֆլիս և Խարկով, «պերեսադկա» է լինում. պետք է ուղևորն իջնի և ուրիշ գնացք նստի:

Ռուսաստանը նստած իր միձիանի «գնացքը» գնում էր իր դարավոր ճանապարհով:

1917 թվականին Լենինը կանգնեցրեց սայլը թե՝ «պերեսադկա է», ցած իջի՛ր, մեքենան սարքեմ, քեզ դեպի կոմունիզմ տանեմ:

Ռուսաստանը ամբողջ քառասունչորս տարի ոտքի վրա կանգնելուց հետո ասաց Լենինին.

- Ինչ անում ես՝ շուտ արա, ոտքս կոտրվեց կանգնելով:

- Սոցիալիզմի կառուցումը վերջացրի, հիմա կանցնեմ կոմունիզմի և կթռչենք դեպի երջանիկ կյանք:

- Լավ, մի աթոռից, բանից ճարեիր նստեի, մինչև մեքենայի պատրաստ լինելը: Այսքան տարի կանգնե՞լ կլինի …

Եվ հոգնությունն առնելու համար … պպզեց:

-----------------------------------

Խե՜ղճ Ռուսաստան։ Այսպես էլ պպզած կմնաս։ Դու երջանիկ կյանք չես տեսնի ․․․

1961թ․

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2976 | 0 | 0
Facebook