Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:42, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Ո՞վ է Լեռ Կամսարը (Հավաստումն՝ ըստ վկայաբանի)


    

    

Լեռ Կամսարի ամենեքեան աջակցությամբ՝ վկայաբան Աշոտ Հովսեփյան
    

Մանկությանս ատենին, երբ դեռ տառաճանաչ էլ չէի, և գրիչն՝ իբրև հրացան ուսին գցած, բարի մարդու ժպտուն դիմանկարով գիրքն առաջին անգամ տեսա հորս գրասեղանին, ինձ մտովի հարց տվեցի. «Գրիչն իբրև զենք ուսած այս մարդը տեսնես ո՞վ է. զինվո՞ր, զորավոր զորավա՞ր, զորահրամանատա˜ր: Հապա նրա ուսադիրներն ո՞ւր են»: Միամիտ մի մանուկ. ուրիշ մի կարգին բան չանցավ մտքովս: Ու երբ երեկոյան հայրս վերադարձավ աշխատավայրից, հարցս բարձրաձայնեցի նրա մոտ և արդեն ինձ հայտնի պատասխանը ստացա. «Իհարկե զինվոր է, բայց ոչ հասարակ շարքային, այլ զորավոր մի զորավար, հզոր զորահրամանատար»: Կարծես հայրս կարդում էր մտքերս: Հետո պիտի տարիք անցնեին ու պատանությանս ատենին արդեն, ի մոտո ծանոթանալով Լեռ Կամսարի՝ այն ժամանակ տպագրված խիստ սահմանափակ ստեղծագործություններին, իրապես պիտի համոզվեի, որ Մեծն Լեռը քաջարի զորական է, անվախ երգիծաբան, զի ինքն էլ գիտեր, որ երգիծաբանը վախկոտ չպետք է լինի։ Նա հիրավի համոզված էր, որ երգիծանքի ժանրը գրականության մեջ այն է, ինչ «մահվան գվարդիան» ռազմի դաշտում, հետևաբար վախկոտը գրականության մեջ պետք է կռվող բանակի ետևը թաք կենար ու պատմական երկեր գրեր, ինչը շահութաբեր է, տաքուկ և հանգիստ։ Բայց դե Լեռը թաքնվողը չէր, նա՝ հանց մի մահապարտ, անվարան գրոհի գնացող էր, թեև նրա դեմ կանգնած բանակները որչափ զորեղ էին, նույնչափ էլ նենգ էին: Ու նա այս առումով (ասենք՝ ոչ միայն այս) դժբախտ էր: Զորօրինակ Մեծ Լեռն իրեն դժբախտ էր համարում նաև, որ ինքն իբր թե առանց դավանանքի մի մարդ էր։ Իսկ հայտնի փաստ է, որ դավանանք կամ աշխարհայացք չեն ունենում մեկ նրանք, ովքեր բնավ չեն փնտրում, մեկ էլ նրանք, ովքեր շատ են փնտրում։ Լեռը հենց այս երկրորդ տեսակի դավանազուրկներից էր իբր։ Նա իր ողջ կյանքում փնտրեց դավանելու արժանի մի բան ու չգտավ (թերևս՝ բացառությամբ սիրո) ։ Ահա այստեղ էր, որ ինքն էլ գիտեր, թե դա մի մեծ դժբախտություն է: Ախր գիտեր՝ հավատ, կրոն, դավանանք, աշխարհայացք, իդեալ` դրանք այն ձեռնափայտերն են, որոնց մարդիկ կռթնում են սովորաբար մոր արգանդից գերեզման գնալու ճանապարհին, դրանք բլուզի ծոպ կամ քահանայի մորուք են, որոնց հետ խաղում են գերեզմանի դռանը հերթի կանգնած մարդիկ։

Թերևս ճշմարտություն այն էր, որ Լեռն ամենևին էլ դավանազուրկ չէր: Նա ինքը հենց դավանանք էր՝ աշխարհայացք թելադրող: Նա պարզապես դեմ էր գաղափարների ձևախեղմանը: Հապա, լսենք իրեն.

«Գաղափարն, իբրև երևույթ, գեղեցիկ է ինձ համար` քանի նա ֆարտուկ հագած չի մտել առտնինտնտեսության մեջ։

Քրիստոնեությունը բարձր էր, քանի դեռ հալածական` իր գաղափարական փուլում էր ապրում։ Իսկայն ժամանակ, երբ հաղթանակեց և մարմնավորվեց որպես եկեղեցի, ունեցավ իր «սպասավորները», բյուջեն և այլն, դարձավ կռապաշտություն, և այլևս դժվար է որոշել, թե իրհետևորդներից որն է «աստծուն» ծառայում, որը «մամոնային» ։ Էլ չեմ խոսում ծեսի մասին, որըբոլոր գաղափարների կրծող որդն է։

Դաշնակցությունը կորցրեց իր վերջին համարումն իմ աչքում, երբ կառավարություն դարձավ, որիժամանակ ցույց տվեց իր անծայրածիր ապիկարությունը միայն։

Ինձ հիշատակելի էին կոմունիստները այն ժամանակ, երբ նրանք մի բուռ մարդկանցով հալածվումէին ու Սևան աքսորվում, մինիստրի օգնական Վահագն Քրմոյանի ժամանակ։ Այն ժամանակ զոհ էրու զոհողություն` գաղափար էր, չկար աթոռ, բյուջե, դիրք ու պաշտոն, նորածին մի բույս, որ չուներ «թեքում» ։

Տոլստոյն ասել է. «Իդեալը երկար ձողին կապած մի լապտեր է, որն անմերձենալիհեռավորությամբ ընթանալով մարդու առջևից, լուսավորում է միայն նրաճանապարհը»: Ես էլ նույն բառերը չկրկնելու համար ասում եմ` իդեալը մի փայտե հրացան է, որը շինված է չկրակելու համար։

Գաղափարները՝ լինեն երկնային, թե երկրային, երբ հաստատություն են դառնում, միշտստանդարտ ձևով են քայլում գետնի վրա։ Մի քայլ չեն փոխում առանց ծեսի, որը մեծ մասամբանհետացող կրոնը թողնում է իր հետնորդներին` փոխելով անունը միայն» ։

Ահավասիկ: Այս առումով Լեռ Կամսարն, իհարկե, այլ է: Նա աներկբա և անթաքույց ճշմարտության մունետիկն ու ջատագովն է: Եվ ինչպես Քրիստոս եկավ ու ասաց՝ «Ես եմ, որ եմ Որդի Աստծո», այնպես էլ Լեռը եկավ ու ասաց. «Ես եմ, որ եմ Խարազանող ամենայն չարի ու աղտեղի՝ ի մեջ Չարեաց Կայսրութեան»:

Քրիստոսի հավատքը ո՞նց տարածվեց: Նրա աշակերտները վկայեցին ու հավաստեցին, որ Նա է Ճշմարիտ Որդի Աստծո: Արդ, մենք էլ պարտ ենք վկայել ու հավաստել, որ Լեռն էլ Չարիքի Կայսրութեան ամենայն չարի ու աղտեղի Խարազանողն էր, ու ոչ թե հասարակ Խարազանող, այլ Ճշմարիտ Խարազանող, Հանճարեղ Խարազանող...

Տարիներ անց է´լ ավելի համոզվեցի դրանում: Ըստ ամենայնի այժմ էլ շատերն են, որ համոզված են դրանում (վկա՝ նրան նվիրված պարբերական հավաքները, որտեղ ներկա են ու շատ ակտիվ են հատկապես երիտասարդներ): Ու դեռ ապագայում էլ (հուսով եմ) շատերն են համոզվելու դրանում: Անկասկած... Ա˜յ, էս համոզմունքով էլ, առանց հաստատության ու ծեսի, առանց ավելորդ կռապաշտության, ինչի մերժողն էր Մեծն Լեռը, մենք՝ նրա հետնորդները, պարտ ենք լինել նրա Մեծ ԵՍ-ի ու նրա տաժանակիր և արժանվույնս չգնահատված (թեպետև՝ իրականում անգնահատելի) գործքի վկայողներն ու հավաստողները, իսկ որպես նրան դավանակից՝ նաև առաքյալի պարտավորվածությամբ տարածել նրա գաղափարները, նրա ճշմարիտ աշխարհայացքն՝ ի պետս ազատության, ազնվության ու արդարության:

Ըստ այդմ, ահավասիկ, ես վկայում եմ, որ Լեռը մի դեդուկտիվ ծնունդ էր. մինչ ուրիշներն իրենց կյանքի վերջում են ասում «ունայնություն ունայնության» ՝ մանրամասն ապրելուց հետո, նա ծնվելիս ասաց: Մի ուրիշը նրա փոխարեն, այդ ասելուց հետո այլևս չէր ապրի, բայց նա ապրեց՝ իմանալու համար, թե այդ կյանքն ինչքա՞ն է ունայն, նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ այն մի պրոկրուստոսյան մահիճ էր իր համար, որ միշտ կարճ ու նեղ եկավ նրա համար։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր, իմանալով հանդերձ, որ սովե­տական անցյալը մի մեծ հիմարություն է եղել, շատերը դեռ տենչում են վերադառնալ այնտեղ (կամ վերադարձնել այն), հավանաբար իմանալու համար, թե ինչքա՞ն էր հիմար այդ անցյալը (կամ թե որչափ հիմար են հենց իրենք՝ այդ շատերը):

Է˜հ, պարզ չի՞, թե Լեռի նման աշխարհ եկողն ինչպես պիտի վերաբերվեր կյանքի երևույթներին: Զորօրինակ, նա չի զգացել ուսման ծարավ և դպրոց է գնացել բռնի՝ ոչինչ չսովորելու համար (այս կատակն իրականում ճիշտ է այսօրվա համար): Իրապես չի հասկացել, թե սիրելու համար ինչո՞ւ անպայման պիտի «ամուսնանալ», կամ թե՝ ինչո՞ւ պետք է մեկ կնոջ հետ ծերանալ և ոչ թե, ասենք, աշխարհի բոլոր կանանց հետ... երբեք չծերանալ։

Նա այդպես էլ չիմացավ, թե ինչ բան է կրոնը, և ինչո՞ւ են մարդիկ իրենց աղոթքներում երկնքի արքայությունը ցանկանում. անիմաստ կյանքը շարունակելուց ի՞նչ օգուտ: Ի՞նչ է, հիմարությունը որ երկարի՝ իմաստության կհասնի՞: Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչո՞ւ պիտի դրախտում արդարները թառեն խնկի ծառերի վրա ու միայն փառք տան Աստծուն, դրա համար ի՞նչ կարիք կա մեռնել, ահագին թաղման ծախս կատարել, թաղվել, նորից հարություն առնել և այլն: Ինչո՞ւ գերադասել կենցաղային ոչ մի հարմարություն չունեցող խնկի ծառը, մի օր էլ քունդ տանի՝ ցած գլորվես ու եսիմ ինչ լինես։ (Որովհետև մեռելներին է´լ մեռնել չի կարելի): Փոխարենը ավելի քան համոզված էր, որ եթե ինչ-որ մեկը Աստծուն փառք տալ էր ուզում, առանց այդ դժվարություններին ենթարկվելու՝ կարող էր այցելել Սովետ (ներկայումս նաև՝ անկախ Հայաստան), փառք տալ Լենինին (մեզանում՝ մեր «մեծավորաց»), ապրել նորակառույց շենքերում, օժտված մաքուր սենյակներով, խոհանոցով, արտաքնոցով ու բաղնիքով (զորօրինակ՝ Հյուսիսային պողոտայում):

Նա չհասկացավ նաև, թե ի՞նչ է մարդկային հավասարությունը։ Օրինակ, երբ դերձակները թելի ծայրը հավասա­րեցնում են, այն պիտի ասեղի ծակը մտցնեն, իսկ Սովետն ո՞ւր էր ուզում մտցնել մարդկությանը, երբ հավասարեցնում էր մարդկանց (մոտավորապես համանման վիճակ է ներկա Հայաստանում՝ համատարած ու հավասարաչափ աղքատացման առումով): Նրա համար միանգամայն անհասկանալի էր եղբայրության քարոզներն՝ այն պարագայում, երբ մի մորից ծնված եղբայրներն անգամ անխոս բաժան­վում են իրարից և օտարանում (որքա˜ն նորօրյա դրսևորում):

Այս ամենը նրա տեսակետից նշանակում է հիմարության երկրորդ հարկը բարձրանալ:

Եվ այս բոլորից հետո նա մի հետաքրքիր խորհուրդ է տվել մեզ. կյանքում ոչ մի իմաստ չփնտրել... Գուցե թե ինքը չէր սխալվում, զի նա մի մարդ էր, ում մարմինն ու հոգին ոչ թե կողք կողքի էին քայլում, այլ՝ դեմ հանդիման. մանկությունից սկիզբ առնելով՝ մարմինը գնում էր դեպի ծերություն, իսկ այդ նույն ժամանակ հոգին ծերությունից վերադառնում էր դեպի մանկություն, ընդ որում՝ այնքան շտապ, որ մարմինն ու հոգին իրար հանդիպելիս անգամ չէին էլ բարևում: Եվ այս հակոտնյա վիճակի պատճառը նաև այն էր, հավանաբար, որ նրա մարմինը հողաշեն էր, իսկ հոգին՝ քարաշեն...

Նա պրոֆեսիոնալ մտածող էր, պարզապես նրան թույլ չէր տրվում մտածել: Այդ իսկ պատճառով էլ նրան մնաց գոյություն չունեցող թղթի վրա ընդամենը մի գրչախաղ լինելը, բայց համոզված էր, որ չնայած իր այս «ոչնչության», ինքը շատ շուտով պիտի դառնար ամենանշանավոր մարդը Սովետում ու ողջ աշխարհում, որովհետև ինքը կլիներ այն միակը, որ շքանշան չէր ունենա կրծքից կախ, և չէր ունենա ոչ մի կոչում: Դրա համար էլ վախենում էր գետին ընկնելուց, որ վեր կենալիս հանկարծ կրծքին օրդեն չգտներ... պատահաբար, զի դրանք՝ էդ օրդենները, շաղ էին տրված գետնին: Սարսափում էր հատկապես հենց «ընկնելու» միջոցով օրդեն վաստակելու գաղափարից: (Ի˜նչ լավ է, որ տեղյակ չէր ներկայիս «ընկածների» կոչումներից ու շքանշաններից) ...

Հա˜, վերջում ասեմ, որ Մեծն Լեռը մի շատ գեշ բնավորություն է ունեցել նաև. եղել է անվճռական ու տատանվող: Անգամ կոշիկ ընտրելու և հագնելու հարցում, բայց դրանով հանդերձ երբեք չի մղվել դեպի «բոլշևիկյան արևածագի» կամ թե փայլփլուն զգեցմամբ գաղփարական այլևայլ պաշտամունքների ինքնախաբ բավիղները:

Մի քանի խոսք էլ անունի մասին: Գրական ասպարեզ մտնելիս Լեռ Կամսար անունն առնելով իր վրա՝ երբեք նրա մտքով չանցավ, որ այդ անունը հետագայում իրեն սաստիկ պիտանի է լինելու, որ իր կյանքում շատ բանով պարտական պիտի լինի այդ անվանը: Որովհետև եթե իր ժամանակին Լեռ չանվանվեր, այլ ասենք՝ Հաստաբուն Կաղնի անվանվեր նույնիսկ, հետագա քառասուն տարիներին նրա վրա փչող վայրագ քամիները պիտի արմատահան անեին նրան ու հողմավար տանեին, ու որչափ էլ որ հաստ բուն ունենար, պիտի նետեին կրակներն ու հրդեհեին: Այնպես որ նա իրավամբ Լեռ պիտի լիներ, որ դիմանար իր գլխին ոռնացող ամեն տեսակ խորշակներին ու փոթորիկներին, ում համար սարսափելի չլինեին անգամ բորբ կրակներն ու անսանձ հրդեհները:

Ու թեև նրա վրա տարիներ շարունակ հարձակվեցին և անխնա հալածեցին, բայց նա փոխանակ մեռնելու՝ վերցրեց ու անմահացավ։ Իսկ մենք, թեև միառժամանակ մնացինք որբ ու անտեր, բայց ներկայիս կարծես թե գտել ենք Լույսի շողը, որին պիտի հետամուտ լինենք: Անգամ այն պարագայում, երբ լեռկամսարյան ճշմարտությունների և ուղերձների չիմացությունը կամ անտեսումը մի պահ այնքա˜ն հեշտացրին գայթելը, որ նույնքան դյուրին եղավ կայսերաշունչ բոլշևիզմի կործանարար ու դառը վերադարձը, ինչ տեսքով ու ինչ դիմակի տակ էլ որ լինի. վկա՝ ներկա կուսակցություններն ու նորօրյա կուսակցականությունը՝ «մառազմի» հասնող իրենց տարաբնույթ մոլուցքներով հանդերձ: Բայց դա էլ կանցնի, զի ամենայն ինչ՝ լավ թե՞ վատ, անցողիկ է:

Ինչևէ, զարմանալի ազգ լինելով, նախ սովամահ ենք անում մեր գրողներին, հետո արդեն սկսում մեծարել նրանց: Այո, այդպես էր կարծում նաև Լեռը: Ու համոզված էր նաև, որ կգա ժամանակը, երբ կփառաբանեն ու կմեծարեն իրեն, բայց ցավալին այն կլինի, որ ինքն այդ ժամանակ իբր մեռած կլինի: Հիրավի´, Լեռ Կամսարին մեծարելու և փառաբանելու ժամանակն է արդ, բայց ա˜յ, նրա մեռած լինելու հանգամանք հետ չեմ կարող համաձայնել, զի Մեծն Լեռ Կամսարն անմահ է: Անմահ է իր ԵՍ-ով՝ որպես հույժ ինքնատիպ անհատականություն, անմահ է իր գործքով՝ որպես մնայուն արժեք, անմահ է այնքան ժամանակ, քանի դեռ կան ու կլինեն նրա ԵՍ-ի ու գործքի վկայողներն ու հավաստողները: Իսկ, ա˜յ, երբ չեն լինի այդ վկայողներն ու հավաստողները, թերևս այն ժամանա՞կ... Սակայն հիմա Լեռ Կամսարի համար իր չապրած օրերն ապրելու ատենն է:

Հ.Գ. - Այս ամենով հանդերրձ, մենք մի յուրահտկություն էլ ունենք. ամեն տեղ կփնտրենք մեր Աստծուն, բացի մեր միջից: Բայց ներկայիս լավ է, որ փնտրենք ու գտնենք Լեռին: Գտնենք մեր մեջ՝ փնտրելով նրա գրքերում:

Հե˜յ գիտի, Լեռ, ի՞նչ արեցիր: Ե՞րբ ես ասել, ու մինչ օրս հենց այդպես է, և ոչ թե այլ կերպ. հիրավի´, երբ գիշերով ճրագը ձեռքիդ մտնում ես մի արտաքնոց, ուր անծայրածիր ապականություն է և նրա մաքրագործումը վեր է քո ուժերից, այն մաքրելու ամենակարճ ճանապարհը ձեռքիդ ճրագը փչելն է:

Ի վերջո կարելի է քննարկել, անգամ որոշ առումներով նաև վիճարկել Լեռ Կամսարի այս կամ այն ասույթի այս կամ այն դրույթը, բայց հնարավոր չէ համաձայության չհասնել նրա նուրբ դիտողականության ու դիպուկ «խայթոցների» առնչությամբ: Զորօրինակ «Սոցիալիզմի Սահարա» ժողովածուի հետևյալ տողերում.

Երբ ծնված օրվանից երեխային չի ծեծում կյանքի քամին, նա փտած ծառի նման կտապալվի հետագայում փչած ամենաթեթև հողմից:

Հանեցի՞ր մարդուց անհատական նախաձեռնությունը՝ թաղիր նրան, քանի մարմինը չի հոտել:

...մարդիկ տարել են... Աստծուն դրել են եկեղեցիներում և լեռների վրա կառուցած վանքերում, որ չխանգարի իրենց «մեղսալի» կյանքին:

Տիեզերական առեղծվածի միակ պատասխանը լռությունն է: Այնպես, ինչպես տիեզերքը ինքը լուռ է:

Լռության դուռը լռության բանալիով միայն կբացվի: Ուրիշ ինչ բանալի էլ խոթես մեջը՝ բանալին կկոտրվի փականքի մեջ, այդ լավ իմացեք:

Մեր ներկան տխուր է, ապագան՝ ողբալի, ուրախ բան գտնելու համար պետք է դեպի անցյալը գնաս:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3547 | 0 | 0
Facebook