Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՀԱԳՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
18:36, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
ՎԱՀԱԳՆ ԱԹԱԲԵԿՅԱՆ

«ԱԼ կանաչ» շարքից


    

Գայլախտ գեղջկական

Գյուղը եւ այլն։
     Աստեղնասայլը,
     Մարմինը լուսնին երկարած գայլը.
     Նրա ոռնոցից փախուստ է եղել
     դեպի քեզ բերող ամեն մի քայլն իմ։

Մանկան տագնապի
     բյուրակնապատիճ
     ո՜վ դարանակալ արցունքի փաթիլ,
     Խեղճության վերջին այս գյուղամիջին
     կանգնած եմ ահով ահագնապատիկ։

Այստեղ ու հիմա,
     այստեղ ու հիմա
     վերապահորեն փակ ու ներիմաստ
     թոթափելի քուրձ ու կավե կեղեւ՝
     ե՛մ՝ սրտակեղեք քո եղեգ դիմաց,

Դավին անտեղյակ,
     Ցավին անընտել,
     նախամանկության կառքին առընթեր՝
     ե՛մ՝ սառչող ընկերք նորածին լուսնի,
     ու անհնար է արդեն ինձ փրկել:

Ու վերջին թարթով աստղերը հերթով
     մարում են հանդարտ,
     ու դու՝ անվրդով
     գլուխս անթաղ հակում ես կրծքիդ,
     ու ծածկվում է մարմինըս բրդով։

Confutatis

(Բալլադ)
     Ես գիտեի՝ ոչ ոքի համա՛ր եկա ես այստեղ,
     Սակայն այստեղ (երբվանից) ոչ ոք չկար էլ արդեն,
     Միայն մի կանչ էր ծանոթ, ու իմ պատկերը՝ դեռ թաց տիեզերքի իմ բաժին
     սա կողմերում ավետյաց։
     Ու տրվելով այդ կանչին, ու ձայնելով նրա հետ,
     Երակներով իմ կապույտ ես լողացի դեպի ետ՝
     Թափառելու նրանց մեջ, որ փնտրելով ինձ սըրինգ՝
     միանվագ իմ հոգուն կավե մարմին հագցըրին.

-Մենք ենք՝ ուղին անըսկիզբ՝ անվախճանվող մինչ հիմա,
     Մենք ենք ակունքն այս գետի՝ քո թիկունքում, քո դիմաց -
     Ես քայլեցի նրանց մեջ… ու չըտեսա ես նրանց,
     Շիրմատներ էին, հեհ, ինձնից առաջ, իմ առաջ.

Շիրմատներ էին հեհ, ուր ըստվերները ներհուն
     Երազն էին խնկարկում պակա՛ս մենակ լինելու,
     Ու կանչեցի ես նրանց՝ չարյունոտված այս հողով ըստվերներին այդ մոլոր
     իմ ծարավի մեջ գոյող.
     Անարձագանք եռաձայն խելագարվող իմ նրանք,
     Որ ապրեցին հազար մահ ու մահացան մեն-մի կյանք,
     Խարխափելով ցողի մեջ քայլում էին գլխաբաց
     Որպես երեք առասպել՝ իրա՛ր, իրա՛ր նվիրած.

-Մենք ենք՝ այլոց մեղքի դեմ հավերժ մեխված սա տեղին,
     եւ սա սրտերն են մեր տաք՝ ցրիվ եկած մայթերին-
     Ես բախվեցի նրանց հետ… ու չըտեսա ես նրանց
     Վերմարդիկներ էին, հեհ, ի խույզ երկինք սեւեռված,
     Եւ երակից բարձրացող կարմիր մշուշ էր աղոտ,
     որ իմ անզոր ռունգերին մատուցանվեց որպես օդ։

Արեւելքի եդեմում սոսկ գիշերն էր հուսակիր,
     Ու կանչեցի ես նրան՝ իբրեւ միա՜կ կողակից,
     Բայց խավարի մեջ նյութեղ, զնդաններում եռանիստ
     ոչ մի, ոչ մի հեռացորդ ինձ չըբերեց սպեղանի,
     Մանկավրեպ ուշացած լուսնաժըպիտ միայն նա՛
     հոգեկանչվեց իմ ծեսին ու չըզորեց կայանալ.

-Ես եմ հակված սընարիդ եղերամայր խառնածամ,
     Որ արտասվում եմ անձայն, ու արտասվող՝ միայն կամ-
     Ես ծաղկեցի նրա դեմ… ու չըտեսա ես նրան,
     Միայն տեսիլք էր ու տենդ, միայն պատրանք էր ու ձայն,
     Ապա՝ խարույկ էր ու բոց,
     Եւ երկինքներն՝ արդեն բաց,
     Եւ իմ պատկերը՝ արդեն հըրացոլքի մեջ բեկված։

Հետո՝ ուրախ։ Կամ՝ տխուր։ Հետո՝ արդեն իսկ միակ կյանքն իմ ապրեց ինձ որպես Հավերժության նախօրյակ,
     Ամեն ինչ նույնը մնաց, սոսկ միեւնույնը դարձավ,
     Շամանդաղվեց ու դաղեց,
     Ճերմակեցի,
     Վերջացավ.

-Մենք ենք ուղին անըսկիզբ՝ հավերժ մեխված սա տեղին,
     Որ արտասվում ենք անձայն՝ ցրիվ եկած մայթերին-
     Ես ապրեցի սըրանց մեջ, ու չըտեսա ես նըրանց՝
     Շիրմատներ էին, հեեեհ, իմ վախճանին սեւեռված։

Նահանջ ելքով

Զի քո է…
     Զի քո է,
     Զի քո է, ջա՛ն, զի քո է,
     Զի քո է, հա՛յ, զի քո է,
     Ինձի շատ կը վայելե
     Սասնա խորոտիկ աղջիկ,
     Զի քո է,
     Զի քո է,
     Զի քո է, ջա՛ն, զի քո է,
     Զի քո է, հա՛յ, զի քո է,
     Հազար էրնեկ քո տիրուն,
     Վառվուկ եմ ես քո սիրուն,
     Զի քո է,
     Զի քո է,
     Զի քո էր,
     Զի քոր էր,
     Զի` քորեր,
     Զի քար էր,
     Զի` քյալ էր,
     Զիլ քայլ էր`
     Ձի քայլեր,
     Ձիգ այր էր,
     Ձի` գայլ էր,
     Ձիգ հայր էր,
     Ձի՛գ, հայե՛ր,
     Զի` այրե՛ր,
     Ձիգ` այլ էր,
     Զի` հայ էր,
     Ձիգ հայ էր,
     Ձիգ հայր,
     Զի` հայ,
     Զի` հայ,
     Ձիգ` այլ,
     Ձի՝ գայլ,
     Զի` գայլ,
     Զիգ հայլ,
     Զիգ հայլ,
     Զիգ հայլ...

Հիշատակը Հրաչ Թամրազյանի

Արարատ են անուրջները,
     Անավարտ են կամուրջները,
     Անաղարտ են այս ջըրերը
     Տարանարատ եզերքում,
     Արարատ են,
     անավարտ են,
     անաղարտ են այս ջըրերն ու անուրջ
     կապող կամուրջները
     Տիեզերքի մեր խորքում։

Հեռանում է Հայրենիքը։
     Եռանուն է արդեն Ինքը։
     Մեռանում է այս երկինքը
     Տիեզերքի մեր խորքում,
     Հեռանում է,
     եռանուն է,
     մեռանում է արդեն ինքը՝ այս երկինքը՝
     հայրենիքը
     Միանըվագ իմ հոգու։

Վահագն Աթաբեկյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2586 | 0 | 0
Facebook