Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
14:53, երկուշաբթի, 23 հունվարի, 2017 թ.
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
     ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
    

ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
     Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
     Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
     Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
     Ի՜նչ նազանքով,
     Երազանքո՜վ՜:
     Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
     Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
     Առաջնեկն է երբ որ ծնվել,
     Նրա արդար կաթով սնվել:
     Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
     Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
     Ծով լռությա՜մբ,
     Համբերությա՜մբ,
     Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
     Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
     Որ չփլվի իր տան սյունը`
     Որդին կռվից դառնա տունը:
     Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
     Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
     Այս ձեռքերը` ուժը հատած,
     Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
     Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
     Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը`
     Նուրբ ձեռքերը,
     Սո՜ւրբ ձեռքերը:
    
     ...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
     Մեզ աշխարհում ծնած, սնած,
     Մեզ աշխարհում շահած, պահած,
     Մեզնից երբեք չկշտացած,
     Փոշի սրբող, լվացք անող,
     Անվերջ դատող, անվերջ բանող
     Ա'յս ձեռքերը`
     Թող որ ճաքած ու կոշտացած,
     Բայց մեզ համար մետաքսի պես
     Խա՜ս ձեռքերը...
    
     30. X. 1955


    
    

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

(1924-1971)
    
    
     ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ ԷԼ
    
     Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
     Մարք կա՝ աշխարհն է շալակած տանում...
     Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
     Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
     Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
     Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
     Այլ մագլցել ես կատարից կատար,
     Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
     Քո ահեղ դարից առնելով թևեր...
     Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
     Որ անօրինակ քո դարը տեսնես,
     Բոլոր կերպերով դու նրան զգաս,
     Շահածով խնդաս, կորուստը սգաս...
     Ելել ես իբրև նրա մունետիկ,
     Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
     Որ ճշմարտության ափերը տեսնես,
     Ծպտըված ստի խաբելը տեսնես,
     Որ չվախենաս, որ չվարանես՝
     Անարդարության դեմքը խարանես...
     Ահա թե ինչու դու այսքան տարի,
     Դու որ հարազատ ծնունդն ես դարի,
     Քայլում ես անդուլ, առաջ ընդանում,
     Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,
     Ասես աշխարհն ես շալակած տանում...
     Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
     Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...
     Նա, ով ելել է շալակն աշխարհի,
     Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,
     Գիտի թե ու'մ հետ և ու'ր է գնում,
     ՈՒ'մ մեռելին է անարցունք լալիս,
     ՈՒ'մ խոսքի վրա ստից ծիծաղում,
     ՈՒ'մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
     Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
     Վերից է նայում ցածրում կանգնածին,
     Չի նայում երբեք ներքև ընկածին.
     Վերև կանգնածի աղջկան, որդուն,
     Սիրուհուն անգամ ու քարտուղարին
     Ո՜նց է քսմսվում, ու շողոքորթում...
     Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
     Կանգնած է այնտեղ նա երկյուղալի...
     Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
     Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
     Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
     Հարազատ մորից և որդուց ավել,
     Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...
     Սու'տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:
     Ամե՜ն ինչից շատ, անե՜ն ինչից վեր,
     Նա պատմության մեջ իր դարն է սիրում...
     Սու'տ է: Նա դարի ավարն է սիրում:
     Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
     Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...
     Սու'տ է: Նա միայն իր փորն է սիրում:
     Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
     Գաղփարական իր հորն է սիրում...
     Սու'տ է: Ո'չ հորը, ո'չ մորն է սիրում,
     Թանկ չէ ո'չ որդին, և ո'չ էլ թոռը:
     Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
     Սիրում է կյանքում նա իր .....աթոռը:
     Աթոռն է սիրում
     ՈՒ նրան տիրում.
     Ցանկացած գնով ելնում է նա վեր,
     Փորձում է թռչել նա առանց թևեր,
     Անվերջ սողալով առաջ է գնում,
     Գնում է այսպես և... տարեց - տարի
     Ելնում է այսպես.... շալակն աշխարհի:
     Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
     Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի....
    
    
    
     ՊԱՏԱՀԱԲԱՐ ԵՆ ՊԱՏԱՀՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ
    
     Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
     Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…
    
     Թե կուզես՝ լռի՛ր
     Թե կուզես՝ ոռնա՜,
     Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ:
     Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով,
     Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
     Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
     Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
     Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել- իզո՜ւր,
     Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել-իզո՜ւր…
     Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց,
     Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
    
     -Պատահաբար ես պատահում կյանքում,
     Անհրաժեշստաբար հրաժեշտ տալիս…
    
    
    
     ՄԻԱՆԳԱՄԻՑ
    
     Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
     Միանգամից ո՛չ մի կարպետ եւ ո՛չ մի գորգ չի պատըռվում,
     Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
     Միանգամից ձյուն չի գալիս եւ չի փչում անգամ քամին:
     Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
     Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ու՜ր մնաց թե՝ երեքանան:
     Միանգամից չեն կշտանում եւ չեն զգում ջրի կարիք.
     Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՜չ էլ վաղն է դառնում գալիք:
    
     Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
     Հենց այսպես է, ինչպես որ կա:
     Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
     Թե ես ի՞նչ եմ գերադասում,
     Ի՞նչ եմ ուզում
     Ու երազում,
     Ես կասեի.
     - Ինչ լինում է՝ թող որ լինի ՄԻԱՆԳԱՄԻ՜Ց...
     1962
    
    
    
     ՄՈՐ ՁԵՌՔԵՐԸ
    
     Այս ձեռքերը՝ մո'ր ձեռքերը,
     հինավուրց ու նոր ձեռքերը..
     Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
     Պսակվելիս ո'նց են պարել այս ձերքերը
     Ի'նչ նազանքով,
     երազանքով:
    
     Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
     Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը:
     Առաջնեկն է երբ որ ծնվել,
     նրա արդար կաթով սնվել:
    
     Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
     Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը,
     ծով լռությամբ,
     համբերությամբ:
    
     Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
     երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
     Որ չփլվի իր տան սյունը,
     որդին կռվից դառնա տունը:
    
     Ինչեր ասես որ չեն արել այս ձեռքերը..
     մինչև տատի ձեռք են դառել այս ձերքերը,
     այս ձեռքերը՝ ուժը հատած,
     բայց թոռան հետ նոր ուժ գտած..
    
     Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը..
     Ինչեր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝
     Նու՜րբ ձեռքերը,
     Սու՜րբ ձեռքերը:
    
     Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար,
     մեզ աշխարհում ծնած- սնած,
     մեզ աշխարհում շահած-պահած,
     մեզնից երբեք չկշտացած,
     փոշի սրբող, լվացք անող,
     անվերջ դատող, անվերջ բանող
     այս ձերքերը:
     Թող որ ճաքած ու կոշտացած,
     բայց մեզ համար մետաքսի պես
     Խա՜ս ձեռքերը...
    
    
    
     ԱՊՐԵԼ
    
     Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
     Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
     Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
     Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
     ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
     թե ինքըդ քեզ արհամարհես
     ու համառես,
     քեզ հետ վիճի՛,
     քեզ չզիջի՛,
     համբերատար քեզ հետ խոսի՜,
     հակառակո՛ւմ քեզ համոզի
     ինքը... հզոր Հանրությունը...
    
     Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
     Որ ուրիշի խինդով խնդաս,
     Որ ուրիշի ցնծությունով
     Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
    
     Լինես, մնաս ամենքի հետ,
     Նրանց կամքին հպատակվես,
     «Ես» -ըդ խառնես մեծ «մենք» -ի հետ,
     Նրանց ցավով լուռ տապակվես:
    
     Տրվես նրանց լույսի նման
     Եվ չխաբես՝ հույսի նման:
     Արշալույսի նման բացվես
     նրա՛նց համար,
     Վերջալույսի նման բացվես
     նրա՛նց համար:
     Թե լաց լինես՝ նրանց համար,
     Թե բաց լինես՝ նրանց համար:
     Եվ հա՜ց լինես նրանց համար՝
     հոգևոր հա՛ց,
     Քեզ նրանցով կյանքում զինես
     Եվ նրանցով կյանքում լինես
     ոգևորվա՜ծ:
     Եվ նրանցով կյանքում լինես
     թույլ կամ ուժեղ,
     Եվ նրանցով կյանքում լինես
     բույլ կամ մժեղ:
     Թշվառ՝ ինչպես անապաստան,
     Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...
    
     Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
     Որ նրանց հետ մթնես - ամպես,
     Եվ նրանց հետ շանթարձակվես.
     Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
     Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
     Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
     Ինչպես նամակ և կամ բացիկ...
    
     Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
     Կյանքդ խառնել նրանց կյանքին,
     Տառապանքդ՝ տառապանքին,
     Ջանքդ՝ ջանքին,
     Ցանքդ՝ ցանքին,
     Եվ ենթարկվել նրանց կամքին,
     Նրանց կամքն էլ քեզ ենթարկել, -
     Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...
    
    
    
     ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ
    
     Ես կարող եմ ենթադըրել,
     Թե այս ջուրը ոչ թե պղտոր, այլ վճիտ է։
     Ես կարող եմ ենթադըրել,
     Թե հոյակապ ապարանք է այս խրճիթը։
     Ես կարող եմ ենթադըրել,
     Թե այս ծուխը
     Գոլորշացող քարածուխ է,
     Եվ այս կարմիր ճոթը բարակ
     Ոչ թե լաթ է, այլ բոց-կրակ...
    
     Ես կարող եմ ենթադըրել, թե ինձ մոտ ես,
     Թեպետ և մեզ սար ու ձորեր են անջատում։
     Ես կարող եմ ենթադըրել,
     Թե դու համեստ-ամաչկոտ ես,
     Մինչդեռ իրոք՝
     Ինձ պարզապես չե՜ս նկատում...
    
     Ես կարող եմ ենթադըրել,
     Թե այս քունը արթնություն է,
     Եվ այն ծանըր պարտությունը
     Չտեսնըված հաղթություն է.
     Թե այս տանձը... մեծ սափոր է,
     Եվ հանդես է այս... թափորը.
     Թե այս լեռը... մի շուռ տրված հսկա փոս է
     Եվ մի փոքրիկ ինքնահոս է
     Իմ այն մատը,
     Որ կոչվում է, կարծես, ճկույթ...
    
     Ես կարող եմ ենթադըրել,
     Բայց ի՜նչ օգուտ...
    
    
    
     * * *
     Եթե մեռնե՜լ...
     Թո՛ղ որ մեռնեմ
     հուր-կայծակից՝
     Միանգամի՛ց,
     մի վայրկյանո՛ւմ,
     հանկարծակի՛,
     Այնքա՜ ն արդար,
     խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
     Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
     Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...
    
     Եթե մեռնե՜լ...
     Թող սպանվե՛մ,
     թող կործանվե՛մ
     Այնպես ապրած և բան արած,
     Որ նորածին մանուկների տեսքով նորից
     վերածնվեմ՝
     Իմ անունո՛վ կնքեն նրանց...
     Եթե գամվել՝
     փարոսի՜ պես,
     Արնաքամվել՝
     հերոսի՜ պես,
     Ու քրքրվել՝
     դրոշի՜ պես...
    
     Եթե մեռնե՜լ...
     Բայց առայժմ ապրե՛լ է պետք:
    
    
    
     ՈՐԴՈՒՍ
    
     Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
     Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
     Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
     Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
     Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
     Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:
    
     Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
     Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
     Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
     Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
     Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
     Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,
    
     Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
     Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
     Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող, –
     Եվ տաք տեղն է ապահովված…
     Այդպես ապրել դու չե՜ս կարող:
     Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
     Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:
    
     Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
     Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
     Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում, –
     Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
     Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
    
     Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
     Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
     Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
     Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
     Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
    
     Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
     Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
     Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
     Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
     Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
     Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
     Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ խուռ տաս, –
     Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…
    
     Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան» …
     Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
     Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
     Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
     Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
     Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
    
     Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
     Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
     Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
     Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
     Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
     Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…
    
     Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
     Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
     Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
     Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
     Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
     (Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
     Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
     Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
     Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
     Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…
    
    
    
     * * *
     Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
     Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…
    
     Ու երբ մինչևիսկ այլուրիս (դեռ տա՜ք)
     Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
     Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
     Եվ քո գունազարդ քնի փոխարեն
     Անքնություն է փռում սպիտակ.
     Երբ աստղերն իրենք կլորակ սանրով
     Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
     Շոյանքի սովոր քո մազերի մեջ
     Նո՛ւյն հանգստարար մատներն ես զգում.
     Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
     Նմանությունը հեռու-մոտավոր
     Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
     Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
     Ինչպես լույսերի վետվետումներից
     Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
     Երբ անձրևներից հողն ասես թթվում
     Եվ ստիպում է ռունգերո՜վ էլ զգալ,
     Որ մենակ ես դու իբրև մի…Իգրեկ,
     Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
     Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
     Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես, -
     Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
     Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
     Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
     Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,
     Քանզի կա մթին մի կախյալություն
     Ջղի և արյան, հոգու և կրքի.
     Քանզի նռանը հանման-գումարման
     Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.
     Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
     Բայց բա՛խտը,
     Բա՛խտը,
     Բա՜խտն է մեզ ընտրում…
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
3539 | 0 | 0
Facebook