Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անարդարությունը, հիմարությունը, չարությունը և դժբախտությունը

23:20, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Անարդարությունը, հիմարությունը, չարությունը և դժբախտությունը

Երբ գալիս է հրեաների Դավիթ թագավորի մեռնելու ժամանակը, նա իր մոտ է կանչում որդուն՝ ապագա Սողոմոն թագավորին:

-Դու արդեն շատ երկրներում ես եղել ու շատ մարդկանց ես տեսել, - ասում է Դավիթը: - Ի՞նչ կարծիք ես կազմել աշխարհի մասին:

-Ամենուր անարդարությունը, հիմարությունը, չարությունն ու դժբախտությունն են թագավորում, - ասում է Սողոմոնը: - Ես չգիտեմ, թե ինչու է աշխարհն այդպես կառուցված, բայց շատ եմ ուզում այն փոխել:

-Ապրե՛ս, բայց գիտե՞ս ինչպես պիտի փոխես:

-Ո՛չ, հայր, չգիտե՛մ:

-Ուրեմն լսի՛ր:

Եվ Դավիթ թագավորն ապագա Սողոմոն թագավորին հետևյալն է պատմում.

«Շա՜տ-շա՜տ վաղուց, երբ աշխարհը դեռ պատանի էր, երկրում մեկ-միակ ժողովուրդ է բնակություն հաստատում: Այդ ժողովրդին մեկ թագավոր էր կառավարում, և նա ուներ չորս որդի: Բայց պատմությունը նրանց անունները սերունդներին չի թողել: Երբ գալիս է մեռնելու ժամանակը, թագավորն իր մոտ է կանչում որդիներին ու պատգամում է նրանց, որ մարդկանց Արդարություն, Իմաստություն, Բարություն և Երջանկություն տանեն:

-Անարդարության, - ասում է նա, - ի հայտ գալու պատճառը աշխարհի նկատմամբ մարդու խիստ կողմնակալ մոտեցումն է: Արդարամիտ դառնալու համար մարդը պետք է ձերբազատվի զգացմունքների իշխանությունից: Նա միշտ պետք է այնպես վարվի, կարծես աշխարհը իր հետ որևէ առնչություն չունի: Միայն «Աշխարհը գոյություն ունի, իսկ ես գոյություն չունեմ» սկզբունքը կարող է դառնալ արդարադատ մարդու ելակետը:

Հիմարության երևան գալու պատճառն այն է, - շարունակում է նա, - որ մարդը վիթխարի ու բազմազան աշխարհի մասին շատ քիչ բան գիտե, գիտեցածն էլ արտածված է իր իմացության տեսանկյունից: Ինչպես հնարավոր չէ ծովը կռճել, այնպես էլ հնարավոր չէ աշխարհը լիարժեք ճանաչել: Հարստացնելով իր գիտելիքներն ու ընդլայնելով դրանց սահմանները՝ մարդն ընդամենը մեծ հիմարությունից փոքր հիմարության է անցնում: Այդ պատճառով էլ իմաստուն է այն մարդը, որը ճշմարտությունը փնտրում է ոչ թե բուն աշխարհում, այլ՝ իր մեջ: «Ես գոյություն ունեմ, իսկ աշխարհը գոյություն չունի» սկզբունքով է առաջնորդվում իմաստունը:

Չարը, - շարունակում է թագավորը, - երևան է եկել այն ժամանակ, երբ մարդն իրեն աշխարհին է հակադրել, երբ իր նպատակին հասնելու համար նա միջամտել է իրադարձությունների բնական ընթացքին ու սկսել է ամեն ինչ ենթարկել իր կամքին: Մարդը որքան շատ է ջանացել տիրապետել աշխարհին, այնքան ավելի է աշխարհը նրան դիմադարձել, քանի որ չարը չարիք է ծնում: «Աշխարհը գոյություն ունի, և ես էլ գոյություն ունեմ ու լուծված եմ աշխարհին» ՝ ահա աշխարհին Բարին պարգևողների սկզբունքը:

Իսկ իրեն Դժբախտ է համարում այն մարդը, որին ինչ-որ բան պակասում է: Եվ որքան շատ է լինում այդ «ինչ-որ բան» -ը, այնքան ավելի է նա դժբախտ: Իսկ քանի որ մարդուն միշտ էլ ինչ-որ բան պակասում է, ապա իր հարակա ցանկությունների ծարավը հագեցնելու ճանապարհին նա մեծ դժբախտությունից ընդամենը դեպի փոքր դժբախտություն է գնում: Երջանիկ է այն մարդը, որի ներսում ամբողջ աշխարհն է, որը հոգեպես ոչնչի կարիք չունի: «Աշխարհը գոյություն ունի, և ես էլ գոյություն ունեմ, ու ամբողջ աշխարհը լուծված է իմ մեջ» ՝ ահա սա է Երջանկության բանաձևը:

Այս բանաձևերը փոխանցելով զավակներին՝ թագավորը շուտով մահանում է: ժառանգորդներն էլ նկատելով, որ Արդարության, Իմաստության, Բարու և Երջանկության բանաձևերն իրար հակասում են, որոշում են հետևյալ կերպ վարվել: Նրանք իրենց հպատակներին չորս հավասար մասի են բաժանում ու յուրաքանչյուրն սկսում է կառավարել իր մասը: Մեկը մարդկանց Արդարություն է ուսուցանում, երկրորդը՝ Իմաստություն, երրորդը՝ Բարություն, իսկ չորրորդը՝ Երջանկություն: Եվ տարիներ անց երկրի վրա ի հայտ են գալիս Արդար, Իմաստուն, Բարի և Երջանիկ ժողովուրդներ:

Անցնում է էլի ժամանակ, և այս ժողովուրդներն աստիճանաբար խառնվում են: Արդար մարդիկ լավ գիտեին, թե ինչ բան է արդարությունը, բայց ամենևին պատկերացում չունեին իմաստության, բարու և երջանկության մասին: Այդ իսկ պատճառով էլ արդար մարդիկ աշխարհը լցնում են հիմարությամբ, չարությամբ ու դժբախտությամբ: Իմաստունները աշխարհում անարդարություն, չարություն և դժբախտություն են տարածում: Բարի մարդիկ աշխարհով մեկ անարդարություն, հիմարություն և դժբախտություն են սփռում, իսկ Արդարները՝ անարդարություն, հիմարություն և չարություն»:

Ավարտելով պատմությունը՝ Դավիթն ասում է Սողոմոնին.

-Ահա թե ինչու է աշխարհը քո աչքին այդքան գարշելի թվում:

-Ես ամեն ինչ հասկացա, - արձագանքում է Սողոմոնը: - Պետք է բոլոր մարդկանց միաժամանակ տալ և՛ Արդարություն, և՛ Իմաստություն, և՛ Բարություն, և՛ Երջանկություն: Ես կուղղեմ այդ թագավորի որդիների սխալը:

-Շատ լավ, - ասում է Դավիթը, - բայց դու հաշվի չես առնում, որ աշխարհն արդեն փոխվել է: Անարդարությունը, չարիքն ու դժբախտությունն արդեն մարդկանց մեջ են, ու դրանք արդեն վախ են ծնել: Այդ արատներին հաղթելու համար պետք է նախ և առաջ վախը չեզոքացնել:

-Ուրեմն ասա՛, թե ինչպես կռվեմ վախի դեմ:

-Վախը տարբեր է լինում, բայց դրա գլխավոր կերպն այսպիսին է. ուրախության մեջ մարդիկ վախենում են մահվանից, իսկ տխրության մեջ՝ անմահությունից: Եվ միայն նա, ով գիտի և՛ ուրախության, և՛ վշտի գինը, չի վախենում ո՛չ մահից, ոչ էլ անմահությունից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5219 | 0 | 0
Facebook