Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վահան Թեքեյան

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
09:19, շաբաթ, 21 հունվարի, 2017 թ.
Վահան Թեքեյան
     ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    
    

    
    

Վահան Թեքեյան


    
Անունդ
    
    
     Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենա՜մ գրել ես
     Եվ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի․․․
     Երկու վանկերը անոր կզրուցեմ գաղտնապես,
     Եվ այն ամբողջ կթըվի սիրո մատյան մը ինձի․․․
     Ինչո՞ւ անունըդ այստեղ չըկարենամ գրել ես․․․։
    
     Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ
     Բերնիս վրա, համբույրի մը պես աննյութ և անուշ․․․
     Գիշեր ատեն, սենեկիս մենության մեջ մտերիմ,
     Ես զայն կըսեմ և ահա քեզ կտեսնեմ քաղցրահուշ․․․
     Հիմա, հեռու իրարմե՝ միայն անունըդ ունիմ․․․։
    
     Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․
     Սիրտս իր անդուլ տրոփմամբ անընդհատ զայն կհեգե՝
     Թէպետ վաղուց մտքիս մեջ քեզ ամբողջ գոց գիտեմ ես․․․
     Քեզ չըճանչցած ունեի՞ր դուն այդ անունը միթե․․․
     Գեղեցկությունդ ու իմ սերս հորինեցին զայն կարծես․․․։
    
     Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի.
     Երկու վանկովն իր կուզեմ խնկել իմ կյանքս միայն,
     Եվ երբ վերջին արևիս վերջին ճաճանչը մարի՝
     Անունդ ի շուրթ դեռ կուզեմ ողջունել այգը մահվան.
     Ո’չ, չեմ ուզեր, չեմ կրնա՜ր ես զայն հանձնել աշխարհի․․․։

    

Վահան Թեքեյան


    
Աղվորները
    
    
     Աղվորն ա՜ն է հավիտյան, որ անցավ օր մը քովեդ
     Եվ աչվընե՛րըդ օծեց, ― աստվածային այցելո՛ւ, ―
     Գեղեցկությամբ մը, որուն ա՛լ չդարձար նայելու,
     Եվ չուզեցիր հանդիպել անոր անգամ մըն ալ գեթ․․․
    
     Աղվորն ան է տակավին, ― հավիտյանե հավիտյան, ―
     Որ նայվածքիդ արևին տակ կմեծնար համրորեն,
     Որ զերթ ծաղիկ մ՚օրորվող գարնան անուշ հովերեն,
     Երբ մեկնեցար՝ մտքիս մեջ մնաց միշտ թարմ, մի՜շտ
     բուրյան․․․
    
     Եվ աղվո՛րը, ― դուն գիտե՜ս օրհնյալ անունը անոր, ―
     Անիկա՛ է, որ կարծես պիտի կրնար քեզ սիրել,
     Որ սերդ անշուշտ գուշակեց ու սպակեց ակընկոր,
     Որուն սակայն լավ է, որ չուզեցիր սիրտը խռովել․․․
     Աղվորն անոնք են միայն, որ տենչանքիդ ընդմիջեն
     Անցան, գացի՜ն ու հիմա քեզ հեռուեն կկանչեն․․․։

    

Վահան Թեքեյան


    
Այս ծաղիկներն...
    
    
     Այս ծաղիկներն ալ գարնան,
     Տենչանքներուս այս նման,
     Պիտի խամրին ու իյնան...
    
     Այգաբացին ջինջ ու զով,
     Վարդերն ինչպես սարսռալով
     Կը մերկանան միմյանց քով,
    
     Այնպես իղձերըս վերջին
     Կը խըլրտին, կը բացվին,
     Կու տան իրենց խունկ հոգին...
    
     Վերջին ծաղիկ մը միայն,
     Այս վերջին իղձը ունայն, -
     Ես կ՛ուզեի պահել զայն։
    
     Իղձը հոգին գրկելու
     Անոր որ քաղցր ու հըլու՝
     Ձեռքն իր ձեռքիս կը թողու...։

Վահան Թեքեյան


    
Ես սիրեցի
    
    
     Ես սիրեցի, բայց ոչ ոք
     Սիրածներես գիտցավ թե՝
     Զինքը որքա՜ն սիրեցի․․․
     Ո՞վ կարդալ սիրտը գիտե։
    
     Ամենեն մեծ հրճվանքիս,
     Ամենեն սուր վշտերուս
     Ներշնչողները, ավա՜ղ,
     Զիս չեն ճանչնար այս պահուս։
    
     Սերս կարծես այն գետն էր,
     Որ իր հոսանքը անբավ
     Առավ լեռան ձյուներեն
     Ու լեռը զայն չտեսավ։
    
     Սերս այն դուռն էր կարծես,
     Ուրկե ոչ ոք մտավ ներս․
     Ծաղիկներով ծածկըված՝
     Գաղտնի պարտեզ մըն էր սերս։
    
     Ու եթե սերս ոմանք
     Երկքնին վրա՝ անսահմա՜ն
     Տեսան ծուխի մը նման,
     Կրակն անոր չտեսան․․․։
    
    
     Ես սիրեցի, բայց ոչ ոք
     Սիրածներես գիտցավ թե՝
     Զինքը որքա՜ն սիրեցի,
     Ո՞վ կարդալ սիրտը գիտե․․․։

    

Վահան Թեքեյան


    
Իմ վերջին սերս․․․
    
     Իմ վերջին սերս, օ՜հ, այնքան առաջինին դեռ նման,
     Սիրտս դեռ տաք է քեզմով ու կտանիմ քեզ հիմա
     Զգուշաքյլ, երկյուղած՝ մոխրի մը պես սրբազան
     Ուրկե փյունիկ մը հառնել ու դեռ տանջել զիս կրնա․․․
    
     Իմ վերջին սերս, օ՜հ, թռչո՛ւն չորս օր ապրած, չորս գիշեր,
     Իմ և անոր աչքերուն, շարժումներուն ալ միջև,
     Եվ մատնված տանջանքի, երբ դեռ հազիվ կբխեր
     Երգին աղբյուրը կուրծքեն, հազի՜վ բացած էր ան թև․․․
    
     Ի՜նչպես անուշ եղար դուն և ան ի՜նչպես կրցավ քեզ
     Խոցել բառով մը միակ, երբ մոտեցր քիչ մ'իրեն,
     Ինք որ տեսած էր զքեզ, քեզի ժպտած հեռուեն․․․
     Եվ դուն ի՜նչպես, վերջին սեր, եղար խոնարհ, եղար հեզ,
     Ի՜նչպես անձայն, անպաշտպան ծռեցիր վիզդ ու ինկար,
     Ի՜նչպես մնաց սրտիս մեջ քու մահու ճիչդ երկար․․․։

    

Վահան Թեքեյան


    
Փափագ
    
    
     Անուշ հոգի մը ըլլար,
     Ես այն հոգվույն սիրահար,
     Ան իմ երկինքըս ըլլար։
    
     Ես այդ հոգին պաշտեի
     Ինչպես երկինքը ծավի,
     Զայն հեռուե՜ն պաշտեի։
    
     Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
     Իր լույսերովը անշեջ,
     Ես սուզվեի՜ անոր մեջ։
    
     Անուշ հոգի՜ մը միայն,
     Ու գրկեի՜ ես անձայն
     Զայն հոգիիս մեջ միայն․․․

Վահան Թեքեյան

Կանթեղ
    
     Իմ սրտիս մեջ՝ բյուրեղ կանթեղ,
     Նշուլեցավ բոցը սիրույդ,
     Եվ կանթեղին մեջ, յուղի տեղ,
     Հոսեցուցի կյանքըս պուտ-պուտ։
    
     Հոն, խորանին մեջ հոգիիս,
     Ժամանակե ի վեր անհուշ,
     Գամված է քու, ո՜վ պաշտելիս,
     Քու ոսկեգիծ պատկերն անուշ։
    
     Այդ պատկերին առջև ահա,
     Որ հրեշտակի ունի անուն,
     Սիրույս կանթեղը կմխա
     Բոցով մը փոքր ու պլպլուն։
    
     Իմ մարմնիս թաց սպունգեն
     Քամված կյանքը երբ որ ցամքի՝
     Սիրույս կանթեղն ալ այն ատեն,
     Լոկ այն ատեն մարի՜ պիտի։

Վահան Թեքեյան


    
Մահերգ նահատակաց
    
    
     Անոնց համար որ ինկան
     Ըզմեզ ազատ ուզելով՝
     Սրտերը մեր քովե քով
     Կ'ըլլան այսօր մեկ խորան։
    
     Անոնց հոգվոյն պաշտամունք
     Մեր մեն մի խոհն է հիմա,
     Դեպի անոնց կ'ամբառնայ
     Մեր յոյսն ու սերն իբրեւ խունկ
    
     Եվ մեր ցավի սըկիհեն
     Անոնց մարմինն ու արյունն
     Իբր անսահման սրբություն
     Մենք կ'ընդունինք սրբօրեն։

Վահան Թեքեյան


    
Քեզմե ոչինչ
    
    
     Քեզմե ոչինչ, ինձմե՝ ամեն բան, ամեն․
     Քեզմե միայն խաղաղություն, լռություն,
     Մինչ իմ սրտիս մեջ ժպիտներ կիսարթուն՝
     Դատապարտված, նորեն մահվան կսպասեն․․․
    
     Դուն չես գիտեր, ի՞նչպես գիտնալ դուն կըրնաս,
     Թե ինձ համար շատ ավելին ես քեզմե,
     Իմ կարոտս ես, որ զիս մեղմիվ կսփոփե,
     Իմ մթությունս, որ իբրև լույս կիջնե վրաս․․․
    
     ― Ո՛վ սերըդ իմ, մինակ, առանց վայելքի,
     Եվ փոքրագույն առանց հույսի մը անգամ,
     Մահվան արև, որ հոգվույս դեմ կծագի․․․
    
     Ի՜նչ փույթ․ նորեն ես ընդառաջ քեզ կուգամ
     Ու կխնդրեմ, ես կխնդրեմ այս միայն,
     Որ իմ սրտիս միշտ ցանկալի պահես զայն․․․։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
5016 | 0 | 0
Facebook