Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍՈՆԱ ՎԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:23, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
ՍՈՆԱ ՎԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՒԹՅՈՒՆՆԵՐ


    
    

ԵՐԳ ԻՄ ԳԱՐՆԱՆ ՄԱՍԻՆ
    
     Գարնան
     առաջին օրն է
     կիրակի
     (ըստ օրացույցի)
     սակայն ձմեռը
     դեռ չի հասցրել
     տեղափոխել իր
     սառցե
     իրերը
    
     գարու՛ն
     դու այնքան
     ջահել ես
     այսօր
     որ ամեն սկիզբ
     ծեր է
     քեզանից
    
     ես
     «մեղք»
     եմ գրում
     ավազի վրա
     ու թողնում
     որ այն
     տանի՛ ալիքը
     տոնի՛ր ինձ
     գարուն
    
     քեզ նման
     ես էլ
     նորից եմ
     սկսում


     ՍՈՆԱ ՎԱՆ
     2006


    
    

ժԱՄԱՆԱԿԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԿՐԾՈՂՆԵՐԻՑ
    
     Գարունը
     օծված լրտես
     կամուֆլյաժ
     բռնակալի պես
     անտես մեծացնում է
     սահմաններն իր դանդաղ
     օրըստօրե
     ու
     հանկարծ բացվում է
     գիշերվա մեջ
     մի արնահոտ ծաղիկ՝
     պատերազմը
    
     մետաղական շախմատ
     զրնցոցով
     տղաները բախվում են և ընկնում
     սահմանը
     ասֆալտի վրա է
     իսկ հողի տակ
     գիրկընդխառն են ոսկրերը
     թշնամի զինվորների
    
     գարուն է... մկանի հոտ
     խրախճանք առնետների հավերժական
     որ եղել են մոլորակի սկզբից ու կմնան
     մինչդեռ տղաները դեռ մի քիչ էլ
     կշարժվեն հյուսիս հսկա խմբերով
     բիզոնների նման ու...կվերանան
    
     ժամանակը վախենում է միայն կրծողներից


     ՍՈՆԱ ՎԱՆ


    

000


    
    

God. com
     Տե՛ր
     ես քեզ գտել եմ
     վերջերս
     Google-ի մեջ
     մեկ մատով անմիտ թափառելիս
     երբ ցուցամատս դիպավ
     ցուցամատիդ
    
     թո՜ւյլ
     ինչպես Լեոնարդոյի կտավի մեջ
     այնքան արագ էր տեր… ամեն բան
     որ չզգացի
     թե ո՞վ
     ո՞ւմ
     շունչ հաղորդեց
     պատահաբար
    
     Բայց կրկնեցի անունդ
     բարձրաձայն
     այնքան անգամ
     մինչև հավատացի
    
     ու պահեցի քեզ շտապ`
     գաղտնանվան տակ
    
     հիմա ես ավելին գիտեմ
     քո մասին
     քան դու իմ
    
     չգիտեմ
     սիրո՞ւմ եմ քեզ
     թե կապվածություն է լոկ
    
     բայց երբ անջատվում է հոսանքը
     երբեմնակի
     կամ թրթռում
    
     հիստերիկ կնոջ պես
     ես ապտակում եմ էկրանը`
     մինչև գաս ետ
    
     վիրտուալ ձևդ ինձ չի խանգարում… ազնիվ խոսք
     դու միշտ ես նախընտրել այն`
     ի
     սկզբանե
    
     ինձ վախեցնում է սոսկ
     հնացող
     մարազմը
     ծերունական
     համակարգչիս
     և
     վերջին օրը`
     կարմիր ամպով
    
     … ամեն երեկո
     քնելուց առաջ
     ես
     ջահելացնող դիմակ եմ
     ծեփում
     մաքուր լվացված երեսիս վրա
     ծիսականորեն գինին ձեռքիս մեջ
     դանդա՜ղ նստում եմ
     էկրանի առջև
     ու
     կանչում Քեզ
    
     -ինչ ուզում ես հարցրու
    
     Բայց նախ Աբրահամն իրո՞ք որ փորձեց զոհել
     որդուն իր մինուճար
     հանց ապացույց
     ո՞վ կուզեր ունենալ Տե՛ր այդպիսի հայր


    


     ՍՈՆԱ ՎԱՆ


    

000

Հայր մեր որ համր ես
     ու հետևաբար
     ավելի սու՛ր է հոտառությունդ
     ո՞նց ես դիմանում այս գարշահոտին
     արյան
     որ հավաքվել է այսքա~ն հազար տարի
    
     երանի ես ապրեի Հունաստանում
     նախկին
     Զևսի հարեմում աստվածների
     ու ես էլ խաղայի խաղերը այն
     որ կին աստվածներին էր ներվում միայն
    
     ինձ կարապ դարձրու Տե՛ր... գոնե
     երկարավիզ
     որ նոր իշխաններին գայթակղեմ ես
     կամ փոխի՛ր պատվիրանդ անձնասպանի
     ու թող նետվեմ ծովը Իոնի պես
    
     Աստված հաշմանդամի որ երկնում ես
     կրծքավանդակ առանց ոտքի... կավոտ ձեռքեր
    
     մ՞իշտ ես դու լռակյաց եղել այսքան
     թե՞ վերջերս ես միայն համրացել


    
    

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
     ՄՏՈՎԻ ԹԱՓՈՐԻ ՀԵՏ
    
     Կռտված արքայի պես
     Մուհամմեդ խան
     որ ջնջեց ողջ Թիֆլիսը
     բարկությունից
     փորեց սիրաքաղց թվացող
     բոլորի աչքերն իր մատներով
     (ներառյալ շների ու կատուների)
     կատաղած շրջում եմ ե՛ս էլ
     նայում աչքերի մեջ հանդիպածի
     մինչև իսկ ծովափնյա ճայի
     փորձելով գտնել հանցավորին
     ու եթե չստացվի այդպես էլ
     թող մեկն ինձ հարվածի մեջքից
     Ալիի նման աստվածավախ
     ուզում եմ մեռնել աղոթելիս
     այլ կերպ էլ կարող եմ
     բայց սիրտս
     այդպես է նախընտրում հիմա
     Հ. Գ.
     Դու թաղվեցիր պանթեոնու՜մ- իհարկե
     (պանթեոն է ամեն վայր-որտեղ դու ես
     երանի՜...որ չեն հասնելու քեզ
     այլևս
     ճղճիմ խաղերը ամուլների)
     ՍՈՆԱ ՎԱՆ


    
    

ՆԱԽԿԻՆ ՍԵՐԵՐԻՍ
    
     Այսօր կհիշեմ
     անցածներին
     իսկ ներկաները թող սպասեն
     մի քիչ էլ
     ու բացի այդ
     վաղո՜ւց
     շատ վաղուց էի ցանկանում ես
     մի լավ բան գրել
     նրանց համար
    
     ողջո՛ւյն քեզ
     հայր իմ զավակների
     համբույրի համար իմ առաջնեկ
     տաճարի նորոգված գմբեթի տակ
     և գրկելուդ ամրության համար
     այնքան կիպ
     որ դարձրեց ինձ
     միակ հղի կույսը Երևանի
    
     և քեզ Ժակ Փեթիթ
     որ ավելի ուշ
     շփացրեցիր ինձ
     Սենի ափին
     կոչելով աղջկադ նոր
     իմ անունով
     (Petit Sona-ն կլինի չէ՞ արդեն
     մի քսան տարեկան համարյա թե...)
    
     նաև քե՛զ շեղաչ վիրաբույժ
     Կոնի-Չոնա
     որ սովորեցրիր ինձ
     հում ձուկ ուտել
     բարձրացնել հատիկը
     բրնձի
     երկու փայտիկներով հանց ադամանդ
     հընթացս
     պտտելով դանակներդ գլխիս վրա
    
     բրազիլացի անտունի
     չարաճճի
     (ինչ դժվար է դառնում հիշել ձեր անունները
     կամաց-կամաց)
     միակն իմ տարագույն աչքերով
     (սև ու կանաչ)
     որ համոզեցիր ինձ
     գիշերել նստարանի վրա
     բաց
     երկնքի տակ
     մինչև իսկ գլխարկդ ինձ
     նվիրեցիր
     որ սիրում էիր աշխարհում
     ամենից շատ
    
     քե՛զ Դենիս
     տղա իմ
     շոկոլադե
     շռայլ շրթունքներով
     ճաքած խմորի պես
     որքա՜ն ճիշտ էիր
     որ
     քեզանից հետո
     ինձ չի տիրելու ոչ ոք
     քո եռանդով ու այդքան հաճախ
    
     Կրիշնա
     աստված իմ
     ծալապատիկ
     բազմաթիվ ձեռքերով
     արագաշարժ
     որ խճճվում էին կրծքերիս տակ
     զուգահեռ ցանկությունից անսպասելի
     մազերդ երկար ու խռիվ
     էպոսի աստծո մազերի պես
    
     Աբրահամ... փաստաբան
     դու անմրցելի
     որ արդարացրիր ինձ
     այնպես հստակ
     նախկին կնոջդ մոտ
     (նա ներս մտավ առանց դուռը թակելու ու անսպասելի)
     որ ես ցատկեցի հետո զվարթ
     անկողնու զսպանակի վրա
     երբ նա գնաց
     (դուռը հիստերիկ շրխկացնելով)
    
     եգիպտացի սեր իմ
     ատամնաբույժ
     ողորմի քեզ երկնքում
     Allah Akbar
     դու
     որ խախտեցիր Ռամադանը
     թիկնաթոռի վրա
     էլեկտրական
     և
     խոստացար ինձ
     ծես ամուսնական
     Հռոմի սուրբ Պետրոս
     եկեղեցում
     կամ
     Էջմիածնում մինչև իսկ
     միածնի խստադեմ
     հայացքի տակ
     փոխելով քառասուն կույսերին
     հավերժահարս
     մեղավոր մարմնիս հետ
     մահկանացու
    
     երգս ընդունիր հանց
     ապաշխարանք
     առ
     երկու աստվածները մեր
     վիճահարույց
    
     հիմա՛ եմ հասկանում ես
     (գրելիս)
     իսկական չափը քո
     զոհողության
    
     (թող ների ինձ սերս ներկա
     ես նրան կանդրադառնամ ավելի ուշ)
    
     սերե՛ր իմ հակիրճ
     բայց փրկարար
     ցցված քարե ուսեր
     կյանքիս գետում
     դո՛ւք եք պատճառը հիրավի
     որ ես կամ
     այսքան լկտի
     ու
     այսքա՜ն շռայլ
    
     ու եթե չեմ հասել դեռ բաղձալի ափ
     մեղավորը նախ դուք եք ու նորից դուք
    
     ՀՌՀՌԱՑՈՂ ՔԱՂԱՔ
    
     Առաջին սերը իմ կյանքի
     հարևան տղան էր ծաղրածու
     որ սովորեցրել էր ինձ
     կանգնել գլխի վրա շնչակտուր
     ու վախենալ
     ծանոթ ծալքերից իմ փեշերի
    
     - գիտես... ասում էր...
     կուլիսների ետևում է լինում այդպես
    
     հենց այդպես էլ նա սեր խոստովանեց
     գլխիվայր... ձեռքերի վրա...
     մաշված պատեֆոնի ֆոնի վրա
     որ հավասար խզզոց էր ու մեղեդի
     ցնցելով վարդերը ոտքերի մեջ
     զվարճալի
     ինչպես տարօրինակ փունջ
     կազմված կոշիկներից ու ծաղիկներից
    
     հետո նա զոհվեց պատերազմում
     կտակելով ինձ հեծանիվն իր
     միակնանի
    
     սրանով եմ կտրել
     օվկիանոսը - վկան Աստված -
     կլոր գնդակը այս քթիս վրա
    
     հա հա հա հա՜
     անհումոր հռհռում է քաղաքը
     անվերջ հա հա հա հա՜
     այն նույն պատիֆոնի ֆոնի վրա
    
     միայն մեղեդի՜ն չկա վաղուց
     խզզոց է
     սոսկ խզզոց
     ականջիս մեջ


    

000

խաղալու նման
     բան է
     ապրելը
    
     Աստված
     երբ որ գա
     գնալուս ժամը
     ինձ
     մորս ձայնով
     կկանչես միայն
    
     (ինձ մորս ձայնն է
     համոզում միայն
     որ ժամանակն է
     բարձրանալ վերև)
    
     բայց մի շտապիր
     թող
     որ
     մի քիչ էլ խաղամ
     ներքևում
    
     ապրելու նման
     բան է
     խաղալը
     գիտես չէ?.


    

..
     ԱՍՏՎԱԾ

ՍՈՒՐԲ ԲԱՄԲԱՍԱՆՔ
    
     Ապոկալիպսիս է անունը
     վերջին կատվիս
     որ հայտնվում է կողքիս
     հանկարծակի
     ու
     վախեցնում
    
     ամբողջ օրը ես մաքրում եմ ինձ
     նրա նման
     ու պատրաստվում խաղաղ
     վերջին օրվան
    
     հույսս դուք եք կանայք...
     խոսեք... խոսեք
     փրկեք սերերը իմ
     մոռացումից
     ես լոկ մի կյանք ունեմ
     բամբասանքը՝ ինը
     (կատվի նման)
     հասցրեք ասքն իմ այնտեղ
     բերնե- բերան
    
     հույսս դուք եք կանայք... խոսեք... խոսեք
     բազմապատկեք կյանքս՝ ժամանակով
     բամբասանքը ես եմ՝ սրի նման
     ձեր ձեռքերով նետված
     դեպի երկինք
    
     որ շուրթե-շուրթ
     հղկվելով
     անվերջ
     սլանում է դեպի...հավերժություն
     ՍՈՆԱ ՎԱՆ


    

000

...շպարուած *****ուհի
     ես կարեկցում եմ քեզ
     սեղմող կօշիկներիդ համար
     բարձրակրունկ
     ցրտից սրթսրթացող
     բա՜ց ստինքներիդ համար
     ձուկ-ազդրերիդ համար
     ցանցէ գուլպաներում
     սակայն բոլորից շատ՝
     մեքենայի կիսաբաց պատուհանից
     քեզ լուռ ընտրող մարդկանց
     հայեացքների համար
     որ կարեւորում են ամէնից շատ
     քո
     գինը
     ձեւը եւ
     չափսերը
     մահացածի համար գնուող կօշիկի պէս


    
    
    
    
    
    

ՍՈՆԱ ՎԱՆ


     000
     այնքան տարբեր ես
     որ
     նոր տեսակի
     սիրո կարիք եմ
     սկսում զգալ
    
     անտրտունջ
     ալքիմիկոսի
     հիվանդագին
     համառությամբ
     ես
     փորձարկում եմ
     սիրո
     հնարավոր բոլոր ձևերը
     մինչև ստանամ
     , , իսկական սերը, ,
    
    
     առայժմ
     սխալ են թվում
     սիրո
     փորձարկված
     անցյալ ձևերը
     և պարտադրված
     ես հորինում եմ
     սիրո մի նոր ձև
     հատուկ քեզ համար
    
     Աստված
     սերը արարելիս
     հաջորդ անգամ
     չմոռանաս
     նշել ձևը


    

ՍՈՆԱ ՎԱՆ


     000
     հայրս
     ասում էր
     -զգուշացի՛ր բալես
     նոր բառ հորինելուց
     բառը շատ հաճախ
     լուրջ է ընդունում
     իր անվանումը
     և կայանում է
     դառնալով մասը
     հոգուդ
     հավատքիդ
     ու ճակատագրիդ
    
     հիշի՛ր աղջիկս... ասում էր
     առաջինը բանն էր
     և բանը բառն էր
    
     - անզգույշ չէ՞պապ
     սատանա բառը
     հորինող մարդը
     տեսա՞ր ինչ եղավ...
    
     (...զգուշության համար
     ես հիմա
     միայն
     հին բառերով եմ
     գրում երգերս)
    
     ես վախենում եմ
     նոր բառ հորինել
     Աստծո համար


    
    

ՍՈՆԱ ՎԱՆ


    


     ԻՆՁ ԹՈՂԵՔ ԱՅՍՏԵՂ
    
     ես նկատել եմ
     որ այս անկյունից
     իմ աղոթքները
     Աստծուն հասնում են
     ճիշտ ժամանակին
    
     երևի
     ես իմ անցյալ
     կյանքում էլ
     կին եմ եղել... չէ՞
    
     այլապես ինչու՞
     ինձանից մեծ են
     թվում մեղքերս...
    
     համաձայն ես չէ՞...
    
     մի բան ասա Տեր
     կամ գոնե թեթև
     շարժիր ձախ ուսդ


    

Դու այցելում ես ինձ ինչպես գաղտնիք
     գիշերաժամի հենց կենտրոնում
     երբ անձրևի լացը սովորական
     փոխարկվում է լուծվող առեղծվածի
    
     երբ մթությունն ու մենությունս կույր
     գումարվում են անգույն ոչնչի հետ
     ու դառնում կենտ թիվ՝ չբաժանվող
     դու այցելում ես ինձ խավարի մեջ
     ինչպես ուրվական Համլետի հոր
    
     թափանցի՜կ... աննյութ է սրբի նման
     մարմինդ ափսո՜ս... թիկնոցիդ տակ
     և ստիպված սիրում եմ ես քեզ


    
    

ՍՈՆԱ ՎԱՆ
    
     ... ես
     այս օրերիս
     Աստծուն
     կրում եմ
     վերնաշապկիս տակ
     տաք հացի նման
     ու բաժանում եմ
     ում որ պատահի
    
     մեր խոհանոցում
     մեծ
     փայտյա տաշտը
     միշտ նույն չափով էր
     լցված
     խմորով
    
     մայրս
     կարծես թե
     իր մատներից էր
     սարքում խմորը
    
     կամ
     ավելի շուտ
     խմորը կարծես
     մորս մատների
     մետամորֆոզն էր
     փայտյա տաշտի մեջ
    
     մայրս...
     երբեմն
     փորձում էր սրբել
     քրտինքը դեմքի
     և տասը հավասար
     խմորի շիթեր
     մորս մատներից
     ձգվում էին
     մինչև
     նրա ճակատը
    
     հայրս ասում էր
     որ
     խմորից է
     մայրս մեզ սարքել
     ու
     ծիծաղում էր
    
     մայրս լռում էր
     ու շարունակում
     խմորից
     ճերմակ
     հրեշտակներ կախել
     մատների ծայրից
    
     մայրս...
     երդվում եմ
     կարող էր քայլել
     ջրերի վրա
     թե կարողանար
     ձեռքերը
     մի կերպ
     պոկել խմորից...


    
    

ՊԱԲԼՈ, ՕՐՀՆԻՐ ԻՆՁ ՔՈ ԴՐԱԽՏԻՑ
     ՈՒ ԱՐԻ ՏՈՒՆ
     (կամ կատվիս անհետանալու չորրորդ օրը)
    
     Ո՞ւր ես… Պաբլո…
     (արդեն չորրորդ օրն է)
    
     ցատկիր անսպասելի
     մեռնող թփի տակից
     ինչպես նախորդ անգամ
     (ուղիղ չորրորդ օրը)
     երբ վիզս թեք
     ձեռքով`
     հանց ճյուղ կույրի
     շրջան նկարեցի
     աշնան խշխշացող
     բացատի մեջ
    
     վերադարձի՛ր Պաբլո
     քեզ մոռացա հարցնել
     քո կրկնվող ինը
     դրախտներից մեկում
     պատահե՞լ է տեսնես
     նույն տիրուհուդ կրկին
     ու եթե ոչ ապա
     ո՞ւր են գնում նրանք`
     (կատու սիրող կանայք)
     մահից հետո…
    
     մեկ էլ... Պաբլո... գիտե՞ս
     քեզ չհասցրի պատմել
     ժամանակի մասին ես դժոխքի
     որ կազմված է բոլո՜ր
     բոլո՜ր անսեր կանանց
     կորած ժամանակից
     ամբողջովին
    
     եղիցի դու... Պաբլո
     մեջքիդ կորը չքնաղ
     ինչպես եկեղեցի
     ուր լսել ես ինձ հետ
     այնքա՜ն հաճախակի
     Ռիլկե
     Բախ
     Կոմիտաս
     ու անկասկած
     թափառում ես դո՛ւ էլ
     հիմա նրանց նման
     դրախտի լքված մի թաղամասում
    
     ձեռքս հանց ճյուղ կոտրած
     փորփրում է հողը
     ինչ դժվար է գտնել
     կորած մի բան այստեղ
     ու հատկապես` սիրուն
     այնքա՜ն սիրուն…


    
    
    

Sona Van | Սոնա Վան

այնքան սիրում եմ
     մեղեդին ես այն
     որը ծնվում է
     իմ սխալների
     ռիթմիկ
     կրկնությամբ
    
     այնքան սիրուն է
     մեղեդին իմ այս
     որ իմ ոտքերը
     (պարել չիմացող)
     պար են հորինում
     և ուրիշները
     հետևում են ինձ
    
     այնքան սիրում եմ
     մեղեդին ես այս
     որը ծնվում է
     իմ նուրբ մեղքերի
     ռիթմիկ կրկնությամբ
     ՍՈՆԱ ՎԱՆ


    
    

Sona Van | Սոնա Վան

Հող իմ
     Ես լքեցի քեզ
     Լացկան
     Քմահաճ երեխայի պես
     Որին պարզում են
     Մի նոր խաղալիք
     ԵՎ այդ օրվանից
     Իմ արցունքները
     ԵՎ իմ այտերը
     Դարձան անբաժան
    
     Ես մեղավոր եմ քո առաջ
     Հող իմ
     ԵՎ կուզենայի
     Իմ խաղի համար
     ՈՒ իմ կարճատև
     , , Թագավորության, ,
     Մոխրովս հատուցել
     Ինչպես թիթեռը
     Ճրագին փոքրիկ
     Իրեն մեկօրյա
     Պտույտի համար...
     ՍՈՆԱ ՎԱՆ


    

Sona Van | Սոնա Վան

ԳՅՈՒՂՈՒՄ
    
     Տատս ինձ գյուղում
     մեկ-մեկ պատժում էր
     ու բանտարկում էր
     իր հավանոցում
    
     ես մի քիչ հետո
     ցատկում էի դուրս
     ճակատիս վրա
     չալիկ հավերի
     փետրե պսակով
     ու նա հազիվ էր
     զսպում ծիծաղը
    
     տատս քթի տակ
     մի բան ասելով
     փետրում էր հավը
     սիրեմ-չսիրեմ
     ծաղիկի նման
     ու կարմրում էր
     չքմեղ հայացքով
     ամենավերջին փետուրի վրա
    
     ես այդ վայրկյանին
     ժիր թռչում էի
     գիրկը տատիկիս
     չսպասված
     շորե գնդակի նման
     ու հարցնում կամաց
     -սիրում է չէ՞... տա
    
     իսկ նա շիկնում ու
     շուրջը նայելով
     ինձ վար է նետում
     գողության պահին
     բռնվածի պես
    
     աթեիստ քեռիս
     ամբողջ ընթացքում
     գլուխը ռիթմիկ
     տմբտմբացնելով
     ուսուցչի նման
     կարմիր մատիտով
     ինչ-որ բաներ էր
     լրջորեն ուղղում
     Ավետարանում
     ու ծիծաղելի
     կորացնում էր իր
     անհավատ հոնքը
     հարցականի պես
    
     քեռուս գրիչն ու
     պապուս մահակը
     հաճախ գիշերով
     ես պահում էի
     խոտի դեզի տակ
     ՍՈՆԱ ՎԱՆ


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3036 | 0 | 0
Facebook