Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
09:28, ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
    
Կենսագրություն, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    
    
    
Հուշատախտակ այն տանը, որտեղ ապրել է Շիրազը։ Երևան, Մաշտոցի պողոտա
Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ռուսաստանի կայսրություն (այժմ Գյումրի, Հայաստան) ։ Մայրը՝ Աստղիկը, այրիացել էր նրա ծննդից քիչ առաջ, Հայկական ցեղասպանության ընթացքում: Շիրազը մեծացավ աղքատության մեջ: Առաջին գործը՝ Գարնան սկիզբ անվանմամբ հրատարակվեց 1935 թ.: Նովելագիր Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է "Շիրազ" գրական անունը, որովհետև "այս երիտասարդի պոեմները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն" (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով): Ուսանել է Երևանի Պետական Համալսարանում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտում: 1958 թ․ հրատարակում է Քնար Հայաստանի գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965թ. և 1974թ. Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները:
Շիրազի ստեղծագործությունների մեծ մասը չափածո է: Նա հեղինակ է հանրաճանաչ հայրենասիրական և լիրիկական պոեմների, որոնցից են՝ "Անի", "Իմ մայրիկը", "Թող իմ սերը գաղտնի մնա", "Սիամանթո և Խաջեզարե", "Էքսպրոմտ", "Հեթանոսական սիրո նման", "Իմ սուրբ Հայրենիք", "Հայերի ճակատագիրը", "Անդրանիկին", և այլն: Նա գրել է "Հայկական Դանթեական-էսսեն", որը Հայկական ցեղասպանության մասին է, թեմա, որն արգելված էր Սովետական Միությունում. Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941թ. Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին Սովետական Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում և Թեհրանում: Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս տեսավ Երևանում 1990 թ.:
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, այլ հանրահայտ հայերի կողքին:
Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է: Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ: Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր:
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:

    
    
    
Անհատականություն

    
Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով: 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարանը, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է` ...մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են: Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք: Եվգենի Եվտուշենկոն[ և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին:
Շիրազը տիրող կարգերին հակա պոետ էր, ով շատ հանրահայտ էր և սիրելի Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից: Նա իր ողջ կյանքը պայքարում էր կոռումպացված Սովետական ղեկավարության դեմ: 1974թ., երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. "Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում: Իմ լռությունը գնե՞լ:

    
    
Պոեզիա

    
Շիրազը մոտ քառասուն բանաստեղծությունների և թարգմանությունների գրքերի հեղինակ է: Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին Հայ գրականության լավագույն նմուշներից: Քննադատները նրա շատ գործեր գլուխգործոցներ են համարում: Ըստ Պարույր Սևակի, "Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա: Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու", գրել է Վիլիամ Սարոյանը: Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով, ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն: :
Շիրազի պոեմները հայտնի էին ողջ Սովետական Միությունով մեկ (նրա գործերը թարգմանել են Արսենի Տարկովսկին և Նիկոլայ Ասեևը) և արտասահմանում: Անդրեյ Դեմենտևը գրում է, որ Հովհաննես Շիրազի գործերը շատ դժվար է թարգմանել, քանի որ Սերգեյ Եսենինի նման, նա շատ մետաֆորաներ է օգտագործում:
Հնդիկ գրող Բիշամ Սահնին Սովետական գրողների հետ հանդիպման ժամանակ, Շիրազի պոեմներն է ցույց տալիս, որպես պոեզիայի լավագույն նմուշներ:

    
    
Հուշեր Շիրազի մասին

    
Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները։ Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:
Կգար հայրս Շիրակի հովերի հետ, իրիկվա,
Կշողշողար բահն ուսին, սարից ելնող լուսնի պես.
Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ։ Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:
«Որբանոցից շատերն էին փախչում, ― պատմում է Շիրազն ինքնակենսագրականում, ― մեծ մասը դեպի շուկա, իսկ ես` դեպի Արփաչայի հովիտները` փնտրելու հայրիկիս բոստանը։ Եվ մի վայրկյան ծաղիկների ու կակաչների մեջ մոռանում էի, որ որբ եմ...»:
Անհանգիստ ու կրակոտ խառնվածքը սակայն փողոց է նետում նաև Օնիկին, ուր վխտում էին անապաստան երեխաները: «Ջուր տամ, պաղ ջուր, պուլպուլակի սառը ջուր», - կանչելով թափառում էր նա, բայց իր իսկ խոստովանությամբ, միշտ ձախողակ ու անհաջող:
Բայց ահա այդ ձախողակ օրերի մեջ փայլում է «ճակատագրական մի սուրբ վայրկյան» ։ Փողոցով անցնում է սև հացի բոքոնը ձեռքին մի խեղճ կին։ Սոված Օնիկը փորձում է փախցնել հացը, բայց կինը բռնում է նրան ու ... սեղմում կրծքին։ Այդ նրա մայրն էր` Աստղիկը, որ վերջապես գտել էր կորած որդուն։ Նա փաղաքշելով ու «գիժ ջան, գիժ» կրկնելով տուն է տանում որդուն, որը հին ու կիսափուլ խրճիթ էր։ Մոր խոսքը օրենք էր Օնիկի համար, իսկ նա խորհուրդ է տալիս` «Արհեստ սովորիր... արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»:
Արհեստներով հարուստ քաղաք Գյումրիում Շիրազն սկզբում դառնում է կոշկակարի աշակերտ, ապա զբաղվում այլ արհեստներով, բայց ոչ մի զբաղմունք դուր չի գալիս նրան։ Դպրոցում էլ նա լավ սովորողներից չէր։ Միայն հայոց լեզուն էր, որ հարազատ էր նրան։ Այստեղ էլ երևում էր նրա բնածին տաղանդը։ Հասակակիցներից ստանալով «խելառ» մականունը, պատանին սկսում է անընդհատ հանգեր հորինել, բառեր կառուցել, բանաստեղծություններ գրել։ Գրում է ձեռքն ընկած պատառոտված թղթերի, ինչ-որ տեղից ճարած թղթե անձեռոցիկների վրա։ Այդ օրերին Գյումրիում իր գրական մայրամուտն էր ապրում Ատրպետը, որին էլ ապագա գրողը ծանոթացնում է իր բանաստեղծական գաղտնիքներին։ Ատրպետը դառնում է Շիրազի առաջին քննադատը և առաջինն էլ կռահում, որ ծնվող բանաստեղծը օժտված է շքեղ տվյալներով։
1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում։ Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ։ Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին։ Հեռու չէր նաև այդ օրը։ Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում։
Հովհանես Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։
1984 թ., երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը գրում է.
«...Ամեն օր, նույն ժամին հայտնվում էր Աբովյան, Ամիրյան, Տերյան փողոցների խաչմերուկներում` գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենդանի, սրամիտ, պատկերավոր խոսքը, այլևս Հովհաննես Շիրազը անցել է հավերժության գիրկը` անմահների համար սահմանված հավերժության օրենքով»:
Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:
Երբ գրկում եմ բալիկներիս,
Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,
Երբ գրկում եմ ձագուկներիս,
Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:
Կուզեմ դառնան տիեզերքիս
Աստղերը ձեզ խաղալիքներ:
Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ:

    
    
    
Մեջբերումներ Շիրազի մասին

    
... Հովհաննես Շիրազը, որ երեկ անապաստան, «խուժանային» որբ տղեկ մը եղած է...այսօր, ըստ իս, Երևանի և ամբողջ աշխարհի բանաստեղծներուն մեջ ինքնուրույն տեղ մը գրավելու արժանի ներշնչյալ, հմայիչ քնարերգակ մըն է։
— Արշակ Չոպանյան

    
    
Հ. Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:
— Ավետիք Իսահակյան

    
    
Շիրազը սփյուռքի մեջ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր և մեր հայրենիքի ժողովրդի մեջ, նրա ձայնը սփյուռքում սրտեր կգրավե... Տարբեր լարեր կան անոր քնարին վրա, թե՛ աշուղական, թե՛ քնարական, թե՛ փիլիսոփայական և նկարագրով էլ, որպես մարդ, նա հրաբխային բանաստեղծ է։
— Լևոն-Զավեն Սյուրմելյան

    
    
Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կգնահատենք անոր գոյություն... Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնել անոր գրություններե, լսել անոնք։ Ան տաղանդ է, մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։
— Վիլյամ Սարոյան

    
    
Նրա մեջ բոցկլտում էր մաշտոցյան լեզվի կրակը, նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։
Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ։
Շիրազի ստեղծագործությունը ոչ թե պատմություն է կամ անցյալի հուշ, այլ բանաստեղծական գալիք, ուր թրթռում է պոեզիայի կենդանի ոգին, «աստվածային շունչը» ։
— Սուրեն Աղաբաբյան

    
    
Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում` մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն։
— Ռազմիկ Դավոյան

    
    
Նա, ժառանգելով իր ժողովրդի տաղանդի բանաստեղծական հատկանիշը, հասունացել է անյքան, լցվել է այնպես, ինչպես Արարատյան դաշտավայրի այն հարուստ վազը, որ հազվադեպ տեսակի է և իր արտասովոր ողկույզների նույնքան արտասովոր շողշողումներով ժպտում է ամեն անցորդի ու չի հարցնում նրա ով լինելը։
— Լևոն Բատիկյան

    
    
Շիրազի զավակները

    
Արա Շիրազ, քանդակագործ,
Մասիս Շիրազ,
Սիփան Շիրազ, բանաստեղծ, /վաղամեռիկ/
Աստղիկ Շիրազ,
Անի Շիրազ,
Արաքս Շիրազ,
Հակ-Թադևոս Շիրազ,
Վանանդ Շիրազ:

    
    
    
ՀՈՐՍ ԽՂՃԻ ՁԱՅՆԸ

    
Ուրիշ հորից ծնվեի՝
Թէի ծնվի բանաստեղծ…
…Չգիտեյի հորս բույրն համեմներից էր գալիս,
Թե իրիկունն էր վերին դրախտներից վար բերում,
Երբ արև էր հեռավոր Ղարսի վրա մարմրում՝
Հորս ոսկի հեքիաթն էր մերթ ծիծաղում, մերթ լալիս:
Քնում էինք բոստանում, աստղերի բաց գրքի տակ,
Յրորի տակ հովերի, բայց երբ քունս չեր տանում՝
Աստղերի մեջ իմ բախտի աստղիկն էի որոնում,
Չգիտեի, որ հույսիս աստղը իմ հայրն էր միակ:
Աստվածավախ հայրիկս աստվածավախ մորս հետ
Լոկ եղնիկ է սերմանել սրտիս սրտում, ոչ թե գայլ,
Մեր ոսոխի մոր մահն էլ չեմ խնկելու ես դարձյալ,
Հորս ծածկող հողից էլ խիղճ է ծլում մարդավետ:
ՈՒ երբ այժմ մեր գողտրիկ բոստանին եմ կարոտում,
Իմ հուշերն եմ հոտոտում, որ հանդիպեմ հայրիկիս,
Ու չեք զգում, որ ցավից հեկեկում է որբ հոգիս,
Ես որբացած մի գառնուկ՝ կյանքի ձմռան արոտում:
ԹԵ հրեշտակ էր մայրս, հայրս հող էր և աստված,
Մանկուց մնաց անաստված ոտաբոբիկն իմ կյանքի,
Հազար աստված մեռցվեց որբ օրերում իմ ազգի,
Խիղճս էլ չանիծես՝ "Ազգե’ր, մնաք անաստված…":

    
    
    
    
ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

    
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

    
    
Սիրո հիասթափություն

    
Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին... արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, -
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա'խ, ինչ լավ եղավ, որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ...
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում:

    
ԿՏԱԿ

    
Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:

    
Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

    
Հայոց լեզուն

    
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս, -
Էլ հայրենիք ինչ՞ու եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար,
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ
Աղջիկ կանչես օտար լեզվով:

    
Իրավ քանի լեզու գիտես՝
Այնքան մարդ ես՝ իրավն ասին,
Բայց, որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝, Մասիսն հայոց:

    
Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով...
...Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չնես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դարնա գինի:
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում:

    
Հայի բերանից հայոց լեզուն,
Օտարն հաոյոց մահն է ուզում...
Բայց նա է հայ, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով, -
Ժխորում էլ Բաբելոնի
Խոսի լեզվով իր մայրենի
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել:

    
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ

    
Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

    
Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, -
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, -
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

    
ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, -
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

    
Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, -
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

    
Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, -
Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:

    
Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, -
Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
7872 | 0 | 0
Facebook