Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
16:42, հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ

ԿԱՐՈՏԻ ՄՇՏԱՐԹՈՒՆ ԿԱՆՉԸ
    
     Մուշեղ ԳԱԼՇՈՅԱՆԻ
     «ՁՈՐԻ ՄԻՐՈՆ» ՎԻՊԱԿՈՒՄ


    

Հայ ժողովրդի անցած դժվարին ճանապարհը, հատկապես 1915 թ. ցեղասպանությունը, մշտապես եղել են հայ գրողների ուշադրության կենտրոնում: Տասնամյակների ընթացքում ինչպես Սփյուռքում, այնպես էլ մայր հայրենիքում ստեղծվել է չափածո, արձակ և դրամատիկական ժանրերի հսկայական գրականություն, ուր խոսքը մի աշխարհի մասին է, որ կար ու հիմա չկա, ուր մարդը կպած էր իր հող ու ջրին և ապրում էր խաղաղ կյանքի երազներով, մի աշխարհ, որ լի էր հեքիաթներով ու առասպելներով, ուր ժողովրդական կենդանի խոսքը դառնում էր ասք ու պատմություն, երգ ու բանահյուսություն:
     Այդ «կորուսյալ աշխարհի» գեղարվեստական համոզիչ պատկերն է դրված նաև մեր ժողովրդի ճակատագրական բեկումը պատկերող Մուշեղ Գալշոյանի մի շարք գործերում («Ձորի Միրոն», «Մարութա սարի ամպերը», «Կածանի ճամփորդները» և այլն):
     «Գյուղեզրին խռոված մի տուն կա՝ թիկունքը գյուղն արած, շեմ ու դուռ՝ ձորի ցանցառ ու անտաշ ատամներով բաց երախին» 1, - այսպես է սկսում Մ. Գալշոյանը «Ձորի Միրոն» վիպակը և անմիջապես գործողության մեջ քաշում գլխավոր հերոսին և նրա հիշողությունների միջոցով բացում անցյալի վարագույրն ու լսել տալիս ծննդավայրը կորցրած մարդու տխուր խոհերը աշխարհի ու մարդկանց մասին: Մեծ չէ վիպական ժամանակը, այն սկսվում է Քարագլուխ գյուղից և հասնում մինչև երկաթուղային կայարան, որտեղից Միրոն պատերազմ է ճանապարհելու միակ որդուն՝ Հարութին, իսկ իրական ժամանակն սկսվում է Միրոյի մանկությունից և հասնում մինչև կոտորածների ու գաղթի ահազարհուր տարիները, մինչև նոր պայմաններում բնավորվելը:
     Գալշոյանը հետաքրքիր ձևով է կառուցում վիպակի սյուժեն: Անցյալի պատկերները հաճախ ընդմիջվում են խաղաղ կյանքի տեսարաններով, որոնք փոխակերպվում են հիշողությունների անվերջանալի շարքի և ձգվում «էրգրի» ճակատագրի հետ կապված մոտ ու հեռավոր դեպքերից մինչև հեքիաթային մանկության ժամանակը: Պատմողական սկիզբը, որ կապվում է որդուն բանակ ճանապարհելու հետ, անմիջապես ընդմիջվում է քնարական խոհերով և, հեռանալով ներկայի մանրամասներից, հոգու թելերով գնում է դեպի անցյալը և նորից վերադառնում ներկա ժամանակներ:
     Վիպակի գործողություններն առաջ են գնում հերոսի ներքին խոսքի աստիճանական զարգացմամբ, իսկ դրանցից ծնված մտահանգումները, որպես տասնամյակների կյանքի փորձ ու խորհուրդ, հասցեագրվում են որդուն: Պատմությունն արվում է առաջին դեմքով, որն ավելի լայն հնարավորություն է տալիս հերոսին՝ ինքնաբացահայտվելու, առավել խորությամբ արտահայտելու իր զգացմունքներն ու քնարական մտորումները: Մեկ օրվա կամ տարիների պատմությամբ գրողն ստեղծում է Միրոյի հոգեվիճակային տարբեր տարածություններ և դրանց միջոցով «մեկ տանիքի տակ» հավաքում տառապանք, կսկիծ, տագնապ զգայական ապրումները և ընթերցողին հասանելի դարձնում դրանց էությանը:
     Հուշերն աստիճանաբար բացում են կարոտի անհատակ ողբերգությունը, և Միրոյի խրատ-հորդորները վերաբերում են աշխարհի խաղաղությանը, հայրենիքի պաշտպանությանը, մարդկային արժանապատվությանը և այլ հարցերի: Կյանքի փորձով իմաստնացած ծերունին համոզված է, որ պատերազմ մեկնող որդուն անհրաժեշտ են այդ խորհուրդները: «Հարութ, մարդ սպանելուց էլ հարկ է մարդ մարդ մնա… Հարութ, գառ, լսե ու մտհան չանիս, վիզ չծռիս, մահ չընդունիս կամոք: Կռվի քու մահվան դեմ, հաղթ էդոր, կապրիս, չէ՝ մեռնել կա ու կա: Քու ձեռք ու ոտք կկապեն, սիրտ կապել չեղնի: Մահի դեմ կռվի ճար կգտնի չկապած սիրտ… Հարութ, էն մարդ կամոք կընդունե մահ, ով վրեժ ու փափագ չունե» (էջ 56):
     Միրոյի հիշողությունների բացված կծիկում երևում է Հարութ պապը՝ բահը ձեռքին, հենված ծաղկած ծիրանենուն: Պապի կերպարով Գալշոյանն ընդգծում է հայ մարդու ջերմ սերը հայրենի հողի ու նրա մշակի հանդեպ: Հարազատ բնությունը պապին տվել է ուժ ու զորություն ոչ միայն սիրելու հողն ու բնությունը, այլև նրա նման լինելու հավերժ կանգուն ու դիմացկուն, պարզ ու մաքուր: Պապի այդ հատկանիշները փոխանցվել են Միրոյին, իսկ վերջինս ժառանգում է Հարութ որդուն. «Հարութ… Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա: Մարդու ուժ հողի մեջ է: Քանի հող չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է, թեկուզ զարկվի՝ անպարտ է, խլեցին՝ գերի է, գառ» (էջ 24):
     Հիշողությունների անսպառ շղթան զուգորդվում է «երկրի քաղցր կարոտի» հետ, որով հնարավոր է դառնում ժողովրդի անցյալը, պատմությունը կապել նրա այսօրվա ճակատագրին, գնահատել իր տեղը այդ ճակատագրում: Դրանով հերոսի մասին եղած պատմությունը վերաճում է ժողովրդի կյանքի մի ամբողջ դարաշրջանի պատմության: Գալշոյանի Միրոն ժողովրդի կենարար ուժի մարմնացումն է, իսկ այդ ուժը օգնում էր նրան՝ հաղթահարելու դժվարությունները և կանգուն մնալու: Անցյալի ծանր բեռի տակ կքած Միրոյի գիտակցության մեջ նստվածք էին տվել իր և ընտանիքի, համագյուղացիների հետ կապված ահավոր դեպքերը, և նրա հոգեկան աշխարհը տակնուվրա էր լինում: Որքան էլ ցանկանար ազատվել այդ կաշկանդող իրականությունից և գնալ դեպի երազային աշխարհը, չէր կարողանում, որովհետև եղեռնը դեռևս շարունակվում էր նրա ներսում և հանգիստ չէր թողնում: Անցյալ իրականությունից եկող ու նրանով պայմանավորված սեփական զգացումը նրա հոգում առաջացնում էր հոգեկան լարվածություն ու բորբոքում նրա երևակայական աշխարհը:
     Վիպակում ինքնատիպ, կենդանի կերպավորում է ստանում կարոտը, որ անսահմանորեն ջերմ զգացում լինելով՝ մշտարթուն ուղեկցում է Միրոյին՝ աշխատելիս թե ճանապարհ գնալիս, մարդկանց հետ զրուցելիս, թե ինքն իր հետ խոսելիս: Կարոտի անվերջանալի և հոգեցունց զգացողությունը տարածվում է իր տան, հողի, ջրի ու հարազատ լեռների վրա, հոգու կանչ դառնում հարազատների, ընկերների համար: «Կարոտ, զորե՛ղ-զորեղ է, կարոտից զորեղ բան աշխարհք չկա, - ասում է Միրոն Հարութին, - ինչքան հեռանում ես Քարագլուխ գեղից, մեր քողտիկից, մեր ձորից, էնքան քու կարոտ կմեծանա: Կարոտի հետ տխրություն կմեծանա, գառ… կարոտ տխրություն է, անո՛ւշ-անուշ տխրություն է: Ու էդ տխրություն… էդ տխրություն մեծ բան կպտղե, մարդու հոգին կմեծացնե, մարդու կդարձնե աժդահա հերոս» (էջ 20):
     Գրողն ընդհանրացնում և կարոտի անպարագիծ շառավիղը տարածում է կորուսյալ հայրենիքի կենդանի մնացած բոլոր խլյակների վրա: «Միրո, - ձայնակցում է յոթ տարի պանդխտության մեջ տառապած խութեցի Մխոն, - իմ սրտի մեջ յոթ տարվա կարոտ կա, մեր Սասնո ձորերով մեկ կարոտ՝ գեղ ու գերդաստանի համար կա՜, սար ու ձորի համար կա՜, քար ու ծառի համ կա՜… Միրո, մեր էրգրի գել ու գազանների, մեր էրգրի օձերու համար էլ իմ հոգու մեջ կարոտ կա…» (էջ 19):
     Անցյալի հանդեպ ունեցած կարոտն ու ցավը Ձորի Միրոյի մեջ անընդհատ արթնացնում է հեռավոր պատկերներ, դրանով իսկ մշտական ու հավերժական դարձնում այդ անցյալը, ապրեցնում: Միրոյի համար գոյություն ուներ ապրելու միայն մի եղանակ՝ ապրել ըստ խղճի, դա նշանակում է ապրել հանուն տոհմի շարունակության: Ընտանիքի և հարազատների անդառնալի կորուստը դարձել էր Միրոյի մշտական տխրության պատճառը և նրա հոգում ցավի սարեր ծնել, սակայն նա դեռ դիմադրում էր, չէր կորցնում հույսը նորից արմատներ գցելու, տոհմը շարունակելու համար: «Էս գիշեր իմ երակների մեջ արյուն կա, լուսացավ՝ կդառնա ջուր… էրեխա կուզիմ, Սառե… Իմ միտք շնանալ չէ, Սառե, մեր գերդաստանի մեղք իմ շեփ շլնքին չտանիմ գերեզման» (էջ 80): Իր նման հազարավորների հետ փրկվելով սպանդից և արմատներ գցելով նոր տեղում, պատերազմում կորցնելով Հարութ որդուն, Միրոն ապրում է հույսերի կործանման ողջ դառնությունը, սակայն երկու ընտանիք կորցնելուց հետո էլ ամեն գնով ձգտում է ստեղծել նոր օջախ և որդի ունենալ: Անցյալը հավերժացնելու ձգտումը և ժառանգորդության մտահոգությունը խոր արմատներ ունի և հասնում է մինչև մեր ազգային էպոսի ակունքները: Մեծ Մհերը Սասնա տունը կանգուն պահելու համար չէ՞ր, որ զգաց սեփական սխալը և իր մահվան գնով ապահովեց սերունդների կապը:
     Գալշոյանը համոզիչ կերպով պատճառաբանում է, թե հայի համար ինչու են այդքան անհրաժեշտ օջախի ծուխը կամ ժառանգը: Չէ՞ որ վերջինս մարդու հույսն է, վրեժը, իսկ հույսը ազգի հարատևման անփոխարինելի գրավականն է, երակների պուտ արյունը ազգի ցամաքող ջղերի մեջ ներարկելով՝ նրան կենդանություն պարգևելը: Միայն ուժեղ ցեղը իրավունք ունի շարունակելու իր հետագա ընթացքը, - մտածում էր Միրոն և շեշտում, որ ընտանիքը և հայրենի հողն են մարդուն անպարտելի դարձնում, իսկ այդ երկուսի միասնությամբ ապահովվում ցեղի ուժն ու զորությունը: Միրոյի համար անժառանգ մնալ ու գերդաստանի շունչը չփրկել՝ նշանակում էր սպանել կորցրած մի ողջ գերդաստանի քաղցր հուշը: Նրա պատվիրանը միաժամանակ ազգը դարեր շարունակ կենդանի պահող ոգեղենության կենարար ուժի գիտակցումն է, որ կամք ու կորով է ներարկել նենգամիտ ու դարանակալ թշնամուն դիմագրավելիս: Միրոն ազգային նկարագիր ունեցող այն կերպարներից է, ում էության մեջ ողբերգականն ու հերոսականը հանդես են գալիս միասին, և ովքեր խտացնում են մեր ժողովրդի հավաքական ամբողջությունն ու անկոտրում հավատը՝ դարավոր երազանքը իրականացած տեսնելու հոգեբանությամբ:
     Երկփեղկված է Միրոյի ներաշխարհը. ներդաշնակ չեն անցյալն ու ներկան, ներսից դուրս թռչող բողոքը տարածվում է անարդար աշխարհի ու չարացած մարդկանց վրա, որոնք աշխարհը դարձրել են «սև ու սուգի մի հովիտ»: «Էս աշխարհքի մարդիկ ի՞նչ կուզին իրարե, իրարու ի՞նչ է տված, ի՞նչ անել կուզին… Աշխարհքի մեջ էրկու հոգի մնան, էն մեկ չարհոգի կեղնի, էն մեկ կռվարար կեղնի, էն մեկ ձեռք դնել կուզե մեկելի գլխին: Էդ մեկի արուն պղտոր է, էդ մեկի արուն բորենու արուն է: Էդ մեկ Հիտլերն է, Հարութ, Հիտլերին արնակից սուլթան Համիդն է, արուն ժառանգեց Էնվերին, Թալիաթին, իր նմաններին» (էջ 15): Միրոյի և նրա նմանների գիտակցության մեջ իշխում է պատվի և արժանապատվության գիտակցությունը, ցավին դիմագրավելու կամքը, հայրենիքը պաշտպանելու վճռականությունը: Այդ առումով Միրոն նմանվում է Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոսին՝ Վարդանին, ով անողոք է այն հայերի նկատմամբ, ովքեր ոչխարի հոտի նման թույլ են տալիս իրենց մորթելու: «Աչքի առաջ այրում են զավակները, - ասում է Վարդանը, – կրակի մեջ խորովում, կինը, աղջիկը քաշում տանում են… Տղամարդը տեսնում այդ բոլորը և ինքը ամենայն խոնարհությամբ պարանը դեմ է անում թշնամու սրին… Տո, անիծյալ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր, հետո մեռիր» 2:
     Վիպակի գաղափարական հարցադրումը ելնում է պատմական այն ճշմարտությունից, որ թուրքական դարավոր անիրավություններն ու պարբերական կոտորածները ժողովրդի ըմբոստացման և ֆիդայական շարժման պատճառ դարձան («Հայդուկը ստրուկի բողոքն է իշխող բարբարոսության դեմ» – Րաֆֆի): Վիպակում նկարագրված մի շարք դեպքեր հաստատում են հեղինակի արտահայտած խնդրի կարևորությունը:
     Վիպակի հարցադրումներից մեկը վերաբերում է հին ու նոր սերունդների փոխհարաբերության, կենսական ըմբռնումների և պատկերացումների պարզաբանմանը: Միրոյի և Սառեի միակ մխիթարությունը՝ Հարութ որդին, ընդունվում է ինստիտուտ: Խաղաղվել էր ծերունի Միրոն և հույսեր էր փայփայում, որ որդին ավարտելուց հետո գյուղ կվերադառնա և իրենց մենակ չի թողնի: Եվ ահա, հարսնացուի հետ Հարութը մտնում է հայրական օջախ: Ծնողների վրա ծանր տպավորություն են թողնում աղջկա բաց շրջազգեստն ու ազատ վարվելակերպը: Նոր սերնդի հոգեբանությունն արդեն խորթ էր ավանդապաշտ ծերերին: Տպավորությունն ավելի է դառնանում, երբ իմանում են, որ որդին արդեն ամուսնացել է: Շփոթված ու անակնկալի եկած Սառեն գիշեր-ցերեկ «… մտածել, երազել էր հարս ու թոռան մասին… մտքում հարսի պատկերն ու անունն էլ կար. մտքով հարսնատես էր գնացել, գնացել, առել խոսք ու պայման, տուն բերելու համար որոշել օր, աշնանային՝ գունավոր, նուրբ ու դուրեկան արևով…» (էջ 89):
     Գալշոյանը չի շեղվում իրականությունից, այլ ցույց է տալիս կյանքի բնականոն ընթացքը, փաստում, որ նորի հզոր շունչը միշտ էլ հանդես է եկել հնին զուգահեռ, հնի, ավանդականի թանձր նստվածքի հետ, որից էլ ծնվում են հակասություննեսրը: Այս հարցում անհրաժեշտ է հաշվի առնել մեր ազգային կյանքի յուրահատկությունները: Հինը՝ մարդկային հոգեբանության, բարոյական պատկերացումների ավանդական բնույթը, մանավանդ գյուղական իրականության մեջ դեռ պահպանում էր իր ազդեցությունը, գոյատևում նոր երևույթների կողքին և դիրքերը զիջում էր մեծ դժվարությամբ: Թեև Հարութը չէր վերադառնալու հայրական օջախ, սակայն Միրոյի տնկած ծառերը, հարազատ հողը անտեր չէին մնալու: «Դուք տե՜ր ունեք, – չորացած ծառերին է դիմում զայրացած ծերունին, - Ձորի Միրոն մեռած չէ» (էջ 93):
     Վիպակի վերջնամասում կա մի սիմվոլիկ պատկեր, որի միջոցով Գալշոյանը ցանկանում է հաստատել այն միտքը, որ նոր սերունդը երբեք չի հրաժարվելու մեր ժողովրդի դարավոր ցավի բեռը կրելուց: Հարութի ներսում խմորվում է ցանկալի նպատակների և լուսավոր երազների մի ամբողջ ծրագիր, որ մշտապես եղել է Միրոյի և հազարավոր միրոների գիշերային տեսիլների փայփայած առարկան: «Մարինե, - ասում է Հարութը, - երկու ամիս հետո կավարտեմ: Կաշխատենք միասին և միասին հաշվիչ մեքենա կպատրաստենք, որ Ջղնի ձորից հավաքի Ձորի Միրոյի Խանդութ կնոջ ճիչը, երկրի կնճռոտ ճամփաներից՝ Ձորի Միրոյի թափառիկ ոտնահետքերը, մեկ-մեկ հավաքի աշխարհի բոլոր պայթյունները, բոլոր ճիչերը…» (էջ 90):
     Խոսելով Գալշոյանի ստեղծագործության մասին, ուկրաինացի հայագետ, թարգմանիչ Օլեսանդր Բոժկոն ասել է, որ Գալշոյանի գրականությունն օգնել է իրեն ըմբռնելու հայոց պատմության այն հատվածը, որի մասին խորհրդային շրջանում ընդունված չէր խոսել: «Նրա կերպարները, - շարունակում է Բոժկոն, - նման են հին հունական գրականության հերոսներին, որոնք անհուն տառապանքների, դաժան պայքարի քուրայում հաստատում են իրենց և իրենց ժողովրդի ինքնությունը» 3:

———————————
     1. Մ. Գալշոյան, «Ձորի Միրոն», Ե., «Հայաստան», 1984 թ., էջ 5 (Այսուհետև փակագծերում նշվում է միայն վիպակի էջը):
     2. Րաֆֆի, ԵԺ, հ. 4, Ե., 1984 թ., «Սովետական գրող», էջ 331:
     3. «Գրական թերթ», 1998 թ., N15:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3036 | 0 | 0
Facebook