Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
17:12, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆԻ «ԽՆՁՈՐԻ ԱՅԳԻՆ» ՊԱՏՄՎԱԾՔԸ


    

Ականավոր գրող Ստեփան Զորյանը՝ որպես ստեղծագործող, ձևավորվեց 10-ական թվականներին և դարձավ սովետահայ արձակի հիմնադիրներից մեկը։ Յուրացնելով հայ և համաշխարհային ռեալիստական գրականության դասական ավանդները՝ նա ավելի քան կեսդարյա ստեղծագործական ճանապարհին հավատարիմ մնաց իր դավանած ուղղությանը: Ռեալիզմը իր անսպառ հնարավորություններով բավարարում Էր Զորյանին հասարակական կյանքի տեղաշարժերը համակողմանի ու բնական գույներով ներկայացնելու գործում։

Նրա ստեղծագործության մեջ կյանքն ընթանում է իր բնական հունով Թումանյանից հետո ու Բակունցից առաջ նա պեղեց ազգային կյանքի հարուստ ընդերքը՝ երևան հանելով ոչ միայն նրա տխուր կողմերը, այլև այն առողջ հիմքերը, որոնք բոլոր դարաշրջաններում էլ եղել են հասարակ մարդկանց կյանքի նեցուկը։

Կյանքի, ստեղծման, ապրելու գեղեցկության ու սեփականատիրական հարաբերությունների կործանարար ազդեցության մի եզակի համադրություն է «Խնձորի այգին»:

Պատմվածքն ունի պարզ սյուժե, հետևողականորեն զարգացող գործողություն Օրան ավանի ամենատեսարժան վայրերից մեկը Մարտին ապոր խնձորի այգին է, որով տեղն ընկած ժամանակ պարծենում էին նույնիսկ ավանի բնակիչները։ Մարտին ապերը սեփական ձեռքերով է ստեղծել այդ այգին և ապրում էր գոհ ու երջանիկ, ինչպես հեքիաթային դրախտում։ Վաթսուն տարեկանում Մարտին ապոր կյանքը դուրս է գալիս իր սովորական հունից, մահանում է իր քառասուն տարվա կողակիցը Սաբեթ նանը։ Աղջիկներն ու փեսաները իրենց հոգատարությամբ ու խնամքով չեն կարող լցնել այն մեծ դատարկությունը, որ առաջացել է ծերունու հոգում կնոջ մահվան պատճառով։ Կյանքն իր հրամայական պահանջներն է թելադրում, և Մարտին ապերը, ընդառաջելով այդ պահանջներին, ամուսնանում է այգում վարձով աշխատող գաղթական Նունուֆարի հետ։ Մարտին ապոր այդ քայլը փոթորիկ է առաջացնում նրա ժառանգների, առանձնապես մեծ աղջկա՝ Նոյեմի, և նրա խանութպան ամուսին Արտուշի մոտ։ Իսկ երբ հայտնի է դառնում, որ Նունուֆարը պետք է երեխա ունենա, սեփականատիրական կիրքը նրանց մոտ հասնում է մոլեգնության։ Ծնվելիք երեխան, մանավանդ եթե տղա ծնվեր, նրանց պետք է գրկեր ժառանգության իրավունքից։ Եվ ահա ձմեռային մի օր Նոյեմը եկեղեցու բակում այնպես է ծեծում Նունուֆարին, որ վերջինս մի օր հետո մահանում է։ Նորից խաթարվում է Մարտին ապոր կյանքը իր ժառանգների անմարդկային արարքի պատճառով։ Աշխարհին ու մարդկանց մանկական հայացքով նայող Մարտին ապերը այժմ տեսնում է, որ իրեն հասած ծանր դժբախտությունը գալիս է իր ունեցվածքին տեր դառնալու մոլեգին կրքից։

Եվ գարնանային մի օր, երբ ծառերն արդեն բողբոջել էին, Մարտին ապերն սկսում է կացնով կտրատել այգին։ Պահակ Սահակի աղաչանքին նա տալիս է մի կտրուկ պատասխան միայն. «Բա թողնեմ, որ շան ու գելի բաժին դառնա՞» ։ Որպես խելագարի՝ Մարտին ապորը նետում են մեկուսարան-բանտ, ուր և մահանում է։ Սեփականության տեր են դառնում Արտուշն ու Նոյեմը։

Միջոց դարձնելով սյուժեն՝ Զորյանը ստեղծում է մի շարք կերպարներ, որոնք աչքի են ընկնում ռեալիստական համոզչականությամբ ու վառ անհատականությամբ։

Պատմվածքի կենտրոնական դեմքը Մարտին ապերն է՝ հողի աշխատավորի իր կենսահաստատ աշխարհընկալումով, ապրելու, մաքառելու, կյանքը գեղեցկացնելու իր աննահանջ ձգտումով։ Մարտին ապերը իր մեջ խտացնում է դարերի կենսափորձով բյուրեղացած ազգային բնավորության մի շարք հատկանիշներ, որոնցով դառնում է ամբողջական ու լիարյուն, ընթերցողի հիշողությունից չհեռացող անհատականություն։ Նա այդպիսին է դառնում ամենից առաջ իր կենսասիրությամբ, աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Մարտին ապերը սովորական այգեգործ չէ, իր արհեստին տիրապետող մարդ, նրա արարչագործ ձեռքերում արհեստը բարձրանում է արվեստի աստիճանի, դառնում կատարյալ պոեզիա, շրջապատող միջավայրը վեր է ածվում հեքիաթային աշխարհի։ Ահա նրա ստեղծած այգու արտաքին տեսքը. «Մի իսկական այգի է, որի ծառերը, կանոնավոր շարքեր կազմած, հավասար հեռավորության վրա, գրեթե հավասար բարձրությամբ կանգնած են ինչպես պարի պատրաստ, ձեռք ձեռքի տված, գարնանը կրով ճերմակած բներով, ամռանը՝ ժպտուն ու լուրջ խնձորներով բեռնված, իսկ աշնանը՝ տերևաթափ ու հոգնած, քաղցից ասես վիրավոր» ։

Մարտին ապերը աշխատավորի այն որակն է, որը «չէր սիրում անելիքը հետաձգել. չէր սիրում անհանգիստ ու մի կերպ արած գործ, ինչ որ պետք էր անել, անել էր տալիս վաղօրորք» ։ Տարիների հարուստ կենսափորձով նա յուրացրել էր ծառերի լեզուն, գիտեր նրանց խնամելու, հիվանդություններից զերծ պահելու, բնության տարերքի դեմ նրանց պաշտպանելու բոլոր գաղտնիքները։

Նույնպիսի ջինջ հայացք ունի Մարտին ապերը աշխարհի ու մարդու նկատմամբ, և դա գալիս է նրա խոր կենսասիրությունից։ Հենց այդ կենսասիրությունն է մղում նրան քառասուն տարվա կողակցի մահից հետո նոր կյանք սկսել։ Բնական ու համոզիչ գույներով են ներկայացված վաթսունամյա կյանքի ուղի անցնելուց հետո մենակ մնացած մարդու հոգեկան ապրումները։ Մենակության այդ զգացումն ավելի է շեշտվում հարազատների՝ աղջիկների ու փեսաների շրջապատում՝ տեսնելով մխիթարելու նրանց ճիգերը։ Նրանք Մարտին ապոր համար հյուրեր են միայնն ոչ սրտակիցներ, իսկ կենսասեր մարդն առանց սրտակցի ապրել չի կարող։ Եվ Մարտին ապերը, Նունուֆարի հետ ամուսնանալով, հաստատում է կյանքի հարատևության, ապրելու գեղեցկության առողջ սկզբունքը:

Մարտին ապոր սերը Նունուֆարի նկատմամբ մաքուր է, անշահախնդիր, հասուն։ Այն բողբոջել է աշխատանքի ընթացքում, իմաստավորվել Նունուֆարի ջանասիրությամբ ու մարդկային բարձր նկարագրով։

Նունուֆարի սերը կենդանացնում է Մարտին ապորը, նրան դարձնում առույգ ու կենսախինդ, ամրացնում կյանքի հետ ունեցած նրա կապը։ Ինչպիսի անչար ուրախություն է ապրում նա, երբ իմանում է, որ պետք է նոր զավակ ունենա, ինչպիսի հոգատարությամբ ու գորովանքով է նա շրջապատում Նունուֆարին։

«Նունուֆարի գալուց առաջ Մարտին ապորը թվում էր, – ընդգծում է հեղինակը, – թե բոլոր իրերը տան մեջ պառավի մահից հետո անշարժացել էին, խունացել կամ նույնպես մեռել, բայց Նունուֆարը հանկարծ ասես կենդանություն տվեց դրանց, ամանները զնգզնգացին ու փայլեցին, ծածկոցներ երևացին այս կամ այն բանի վրա, և տունը կարծես լուսավորվեց… Նրան այնպես էր թվում, թե կյանքը փոխվել է, թե ինքն ընդարմացած, թմրած էր, հիմա կենդանացել է» ։

Բայց կթողնե՞ն, արդյոք, որ ազնիվ ու անշահախնդիր մարդիկ վայելեն իրենց երջանկությունը։ ժառանգների դաժան միջամտությունը նորից փշրում է այն ամենը, ինչ ստեղծվել էր այնքան վեհորեն ու գեղեցիկ։ Նունուֆարի մահը բացում է Մարտին ապոր աչքերը, իր երազ-դրախտավայրից տեղափոխում իրական աշխարհ։ Աշխարհի ու մարդու նկատմամբ տածած մեծ սերը ենթադրում է նաև մեծ հիասթափություն՝ հաճախ շրջապատի համար տարօրինակ ու անըմբռնելի։ Իր խոր հիասթափության մեջ Մարտին ապերը բարձրանում է կյանքի ամեն մի գեղեցկություն խաթարող նյութապաշտ միջավայրից՝ փրկելու համար մարդու մարդկայնությունը։ Մոլեգին վճռականությամբ նա փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչ տասնամյակներ շարունակ եղել է իր կյանքի իմաստը, իր շունչն ու հոգին, ինչ կոչված է եղել մարդուն երջանկացնելու, բայց դարձել է դժբախտության պատճառ։ Շրջապատը չի կարողանում հավատալ, թե Մարտին ապերը առողջ է և գիտակցաբար է կացին վերցրել։ «Առանձնացվելու-բանտարկվելու առաջին ամսին Մարտին ապերը մեռավ՝ շարունակ կրկնելով, թե ինքը գիտակցաբար է կտրել այգին և չի ցնորվել… Բայց նրան չէին հավատում.– նա այնպես որում էր իր այգին, իր ծառերը, ինչպես կարող էր գիտակցաբար կտրել դրանք, – մտածում էին մարդիկ» ։

Մարդկային նկարագրի տեսակետից Մարտին ապորը համարժեք անձնավորություն է Նունուֆարը։ Մահ ու ավերածություններ, աղքատության ու զրկանք տեսած այդ կինը սրտի խորքում անթեղած պահել է ժողովրդի հոգու կենսունակությունը, ապրելու և հարատևելու առողջ բնազդը։ Նունուֆարը երիտասարդ է, գեղեցիկ, առողջ կազմվածքով, վառվռուն աչքերով։ Նա իր մեջ խտացնում է նահապետական հայ կնոջ ավանդական զսպվածությունն ու ամոթխածությունը, աչքի ընկնում կանացիորեն գրավիչ համեստությամբ։ Սակայն նա Մարտին ապոր ուշադրությանը, համակրանքին ու, վերջապես, անմնացորդ սիրուն արժանանում է առաջին հերթին իր աշխատասիրությամբ, ուշիմությամբ ու մաքրակենցաղությամբ։ «Զրկանքներ տեսած ու նեղություններ կրած՝ ինչ վերցնում-անում էր՝ խնամքով ու լավ։ Չնայած երեսունն անց կին էր, բայց նորահարսի ամաչկոտություն ուներ և գործի մեջ էլ նորահարսի պես ուշիմ էր ու ժիր» ։

Նունուֆարն ազնիվ է ու ներողամիտ, լուռ համակերպությամբ տանում է ճակատագրի հասցրած ամեն մի հարված։ Ինչպիսի տոկունությամբ է նա դիմանում Մարտին ապոր աղջիկների հալածանքներին՝ ամեն կերպ ջանալով Մարտին ապորից թաքցնել այդ, նույնիսկ մահվան անկողնում Նոյեմի հանցագործության ինչ-որ բաժին իր վրա է վերցնում։ Նա կյանքից զրկվում է «այնպես անխոս ու խաղաղ, ինչպես ապրել է» ։ Նունուֆարի մեջ Մարտին ապերը հայտնաբերել է իր նմանին՝ մի եզակի սրտակցի, որին անվարան վստահում է Սաբեթ նանի գլխաշորից մինչ ամբողջ տունն ու իրեն։

Սոցիալական ու մարդկային շահախնդրությունների հակադիր սկզբունքն է կրում Արտուշ-Նոյեմ զույգը։ Որպես անհատականություններ՝ այս կերպարները իրարից զանազանվում են միայն արտաքին նկարագրի ու բնավորության որոշ կողմերով։ Արտուշը հագնում է երկարաճիտ ու փայլուն կոշիկներ, ձմռանը նաև կիսամուշտակ ու բուխարայի փափախ, միշտ կառքով է գնում այգի, աներես է ու լպիրշ։ Նոյեմն ունի կանաչ աչքերի սուր հայացք ու ընդգծված կամային բնավորություն։ Մյուս բոլոր հատկանիշներով նրանք այնքան են հոգեհարազատ ու այնքան են լրացնում իրար, որ առանձին-առանձին պատկերացնելն անհնար է։

Արտուշը Օրանի ամենամեծ խանութի տերն է՝ սոցիալական լայն կապեր ունեցող մի առնտրական, որը Արտաշատից բերած գինու զորությամբ վայելում է նաև գավառական պաշտոնեության հովանավորությունը։ Նա մտածում է, որ կնոջ մահից հետո Մարտին ապերը հազիվ մի երկու տարի ապրի, հարկավոր է նրա «աչքը մտնել» սեփականությանը տեր դառնալու համար։ Նա սկսում է նույնիսկ կնոջ համար անսովոր մի հոգատարություն ծերունու նկատմամբ։ Հաճախակի այցելում է նրան, ամեն անգամ ցուցադրաբար աներոջ սեղանին դնում մի երկու շիշ գինի կամ օղի՝ գտնելով, որ այդ զոհողությունը կորած չէ։ Նույն նպատակային հոգատարությանն է մղում Նոյեմին, որպեսզի Մարտին ապոր մյուս աղջիկն ու փեսան մնան մեկուսացած՝չնայած նրանք ժառանգությանը տիրանալու որևէ հակում չեն ցուցաբերում։ Նրանք սկսում են միակողմանի, լարված ու տենդագին մրցակցություն իրենց պոտենցիալ ախոյանների դեմ։ Բավական է, որ դերձակ Վանեսն ու Անգինը ինչ-որ բանով գոհացնեին Մարտին ապորը, կամ վերջինս ինչ-որ բանխնդրեր նրանցից, որպեսզի խանութպանն ու իր կինը ալեկոծության մեջ ընկնեին։ «Տեսնո՞ւմ ես, քոսոտ դերձակն ուզում է հորդ աչքը մտնի», – նման դեպքերում խայթում է Արտուշը։ Նա կնոջը դարձնում է մի յուրօրինակ հսկիչ՝ ամեն անգամ պատվիրելով. «Դե՛, Նոյե՚մ, ես գնացի, աչքդ վրա՛ն պահիր» ։ Դա նշանակում էր՝ հետևիր դերձակին, որ նա «ապոր աչքը չմտնի» ։

Սակայն այս մրցակցությունը հետին պլան է մղվում Մարտին ապոր ու Նունուֆարի հարաբերությունների փթթման պատճառով։ Վերահաս վտանգը Արտուշի գործողությունները դարձնում են առավել նպատակասլաց ու ճակատային։ Չունենալով բացահայտ գործելու իրավունք (նա անմիջական ժառանգորդ չէ) ՝ նա աղջիկներին գրգռում է Նունուֆարի ու հոր դեմ, աշխատում վնասազերծել Նունուֆարին, հերթական անհաջողությունից չհուսահատվելով՝ հետամուտ լինում վերջնական հաղթանակի ապահովմանը։

Ժառանգությունից զրկվելու շոշափելի վտանգի առաջ կանգնելով՝ Արտուշը անողոք ցինիզմով հասցնում է վերջին վճռական հարվածը կնոջը մղելով մարդասպանության։

-Ա՛յ, էդ վա՜տ է։ Եթե ժառանգ ունեցավ, էն էլ տղա, պրծա՛վ։ Նա կտիրանա հորդ ունեցածին։ Իսկ Դուք՝ հարազատ քույրերդ, հե՛չ.. ժառանգ… շատ զարմանալի է։ Ինչ իմանաս՝ դա ձեր հո՞ր ժառանգն է, թե* պահակ Սահակի…

Վերջին հաշվով, Մարտին ապոր զայրույթը առաջին հերթին կուտակվում է Արտուշի դեմ՝ իր դիմաց տեսնելով հարազատի դիմակ հագած մի կատարյալ ավազակի։

Արտուշը ամբողջական է դառնում գերազանցապես սեփական խոսքով, տեղին ու հանգամանքներին հարմար երեսպաշտ մեծախոսությամբ, որը սնունդ է ստանում իր սոցիալական ուժի ամենազորության գիտակցությունից։

Նոյեմը Արտուշի կանացի տարբերակն է՝ սեփականատիրական մոլուցքով, նպատակին հասնելու անզիջում վճռականությամբ։ Ամենից լարված վիճակներ նա է ապրում թե՛ քրոջ ու փեսայի հետ ունեցած լուռ մրցակցության ընթացքում, թե՛ հոր ու Նունուֆարի հետ ունեցած բախումների ժամանակ։ Ամուսնու հանձնարարությամբ նա օր ու մեջ գնում է հոր մոտ, ցուցադրական փութաջանությամբ կատարում զանազան գործեր, չլինելու դեպքում ստեղծում այդպիսիք, որպեսզի շահի հոր համակրանքը, բայց միաժամանակ ուրախանում է, երբ հայրը Նունուֆարին է հանձնարարում ճաշ եփել՝ իրեն ազատելով այդ հոգսից։

Ինչպիսի դրամատիկ ապրումներ է ունենում նա, երբ տեսնում է, որ հայրը մոր գլխաշորը նվիրել է Նունուֆարին։ «Մոր շալովնի՜ն… Մի տարի չկա մայրը մեռել է, հայրը հեշտությամբ նրա գլխաշորը նվիրում է… մի գաղթականի։ Իսկ երբ մի օր էլ տեսավ, որ Նունուֆարը հագել է մոր շրջազգեստն ու կոշիկները, Նոյեմը այնպիսի հայացք նետեց Նունուֆարի վրա, որով ուզում էր կարծես շորերը հանել նրա հագից» ։

Հորն ու Նունուֆարին ֆիզիկապես ոչնչացնելով՝ Արտուշ-Նոյեմ զույգն անմիջապես տեղափոխվում է այգի, դառնում նրա միակ սեփականատերը և կողմնակի մարդկանց միջոցով տարածում, թե «հոր ժառանգությունը հասնում է այն աղջկան, որը տղա ունի, իսկԱնգինը միայն մի աղջիկ ունի» ։

Ճիշտ է, Մարտին ապոր վրեժխնդրությունից փրկվում է խնձորի այգին, բայց զրկվում է իր կախարդական հմայքից, դառնում սովորական շահ ստանալու միջոց, կեղծվում է կյանքի գեղեցկությունը, հաղթում է շահը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3976 | 0 | 0
Facebook