Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
16:48, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵՐԵՔ ԸՆԿԵՐ

Մարզպետը, քաղաքապետը, դատախազը ընկերացան և ճանապարհ ընկան Անթալիա` հանգստանալու: Մեկ շաբաթվա ընթացքում իրենց հետ վերցրած ողջ գումարը ցնցխեցին` կերան, խմեցին, աղջիկների հետ վայելեցին կյանքը, կազինոներում տանուլ տվեցին:

Եվ մինչև նրանց աթոռակալ բարեկամները կուղարկեին պահանջվելիք գումարները, սովածացան:

Շատ փնտրեցին, քիչ փնտրեցին ծովափին, ավազների մեջ մի հաց գտան և որոշեցին. իրենցից ով մեծահարուստ է, թող նա էլ ուտի:

Դատախազն ասաց.

- Ես այն դատախազն եմ, որի մեկ ամսվա եկամուտը հասնում է մեկ միլիոն դրամի: Եվ դա ինձ օգնում է, որ նախարարի դուռը ոտքով բացեմ: Չէ՞ որ նրա սիգարների և աղջիկների մատակարարն եմ:

- Չնայած արտաքինից զուսպ եմ, գրագետ, հավասարակշռված: Ծակաչքությունը, արծաթասիրությունը, ընչաքաղցությունը ժառանգաբար եմ ձեռք բերել: Վերջերս ավարտեցի հյուրանոցային համալիրս` §Կոալիցիոն փալաս¦: Այն հատուկ մարդկանց համար է, հատուկ գերագույնի անցաթղթով:

Քաղաքապետն ասաց.

- Ես այն քաղաքապետն եմ, որ ինձանից ոչինչ չեմ ներկայացնում: Բայց կարողացել եմ հինգ տարի քաղաքապետ լինելով` իմ ժլատությունը, ագահությունը ի ցույց չդնել: Լավ գիտեմ §Օրենքն հարուստի համար է գրված, իսկ պատիժը` աղքատի¦ առածի իմաստը, սրբորեն եմ լծվել դրա կիրառմանը:
     Աշխարհի երկու տասնյակ հայտնի քաղաքներում առանձնատներ ունեմ, յուրաքանչյուրի արժեքը` 10 միլիոն դոլար: Մի՞թե ես չեմ մեծահարուստը:

Մարզպետը նկատեց, որ ելնելով նրանց պատմածից` ինքը մեծահարուստ չէ և չի կարող հաղթել. առանց զգուշացնելու հացը շտապ մտցրեց բերանը ու երկու ձեռքով սեղմեց որքան կարող էր ու սկսեց չփչփացնելով ուտել:

-§Կարգին մարդ¦ տիտղոսին իզո՞ւր եմ արժանացել: Չէ՞ որ ձեր մարզպետն եմ, մի՞թե մեծահարուստ չեմ, և մի՛ մոռացեք, որ այն, ինչ թվարկեցիք, դրանում իմ ներդրումն էլ կա:

Գիտեմ, որ ժողովրդի համար մեծահարուստ եմ: Բայց չգիտեմ, գիտե՞ք, թե ինչ ասել է մեծահարուստ: Ո՞ր մի երկրում մեծահարուստ չկա: Բա ամոթ չի՞, որ մենք աշխարհի ժողովուրդներից հետ մնանք: Դեպուտատն անգամ ինչ լեզուդ պտտվի` ունի ու իրեն մեծահարուստ չի կարծում: Եվ հետո էլ այնքան միամիտ լոռեցի չեմ, որ ստացածս կաշառքների, հավելագրումների մասին ներկայացնեմ, բա որ աթոռիս ձեռք մեկնե՞ն, փաստեր որքան ասես կունենան:

Այնպես որ, սիրելի՛ ընթերցող, երբ ցանկանաս, անցի՛ր ինձ մոտ, հոգսերդ կթեթևացնեմ: Չմտածեք, թե քարսիրտ եմ, օ՜, ո՛չ: Արծաթասեր չեմ, ավելորդ չեմ, ըմբոստ չեմ…մի խոսքով` չեմ ու չեմ…

Կարևորը, որ ինձ համարում եմ լավատես ու բախտավոր:

Եվ սկսեց ավելի ախորժակով շարունակել ուտել մյուս կեսը: Իսկ քաղաքապետն ու դատախազը հեռվից հեռու ուշիուշով հետևում էին, թե ինչպես է իրենց մարզի գերագույնը մեծ հաճույքով ու երջանկաբեր ժպիտով ըմբոշխնում հացը:

ՙՙՄենք կդիմանանք, թող միայն նրա սոված որովայնը զարմանաՙՙ, - մտածեցին նրանք…

Լավ է, որ աթոռակալների ուղարկած գումարները ժամանակին հասան, այլապես մարզը ծանր կորուստ կկրեր….


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1976 | 0 | 0
Facebook