Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
16:43, երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱ
    
     /հումորեսկ/

Նա հայ երգիծանքի գագաթնակետին հասած ամենաբարձրյալներից էր: Կարողացավ իր ժամանակի ճիշտ բնութագիրը տալ:

Իսկ ո՞վ ես դու, մի ոչնչություն, օրվա հացին կարոտ, մի օր լավ օր էլ չտեսար: Ի՞նչ պիտի ասես, որ երիցս ճշմարտություն չլինի, որ հետաքրքրի ընթերցողիդ: Երևի բախտը երես է թեքել քեզնից, մի՛ դժգոհիր:

Նա տգեղ է, գարշելի ու չար, նախանձոտ, ասես Արարիչը նրան միայն նախանձից է ստեղծել: Նա ապրում է, լավ էլ ապրում է: Ստանում է այն, ինչ տալիս են, ձգտում է նրան, ինչ չունի և փեշքեշ ստացած ձիու ատամներին երբեք չի նայում:

Իսկ քեզ նախա՞նձն է պատել: Օ՜, ո՛չ, դու միայն օրուարև չունես:
     Նա չի մտածում իր արած-չարած գործի մասին, բախտը նրա ընկերն է ու նրանից մինչ մահ չի բաժանվի:

Իսկ դու փորձում ես փորի վրա սողա՞լ հանուն մի կտոր հացի:

Նա նման է տեղում կուտակված ջրի, կարող է փչանալ, աղտոտվել, ու լավ էլ գիտեն` բանն ինչումն էր, մտքով էլ չի անցնում իր օրվա խավարման մասին մտածել:
     Իսկ դու քեզ նմանեցնում ես հոսող ջրին ու կարծում, որ քաղցրահամ ես ու դեռ օգուտ տալու շատ բան ունես, որ քո կարիքը ունի ծառը, ծաղիկը, մարդը:

Նա երբեք չի էլ մտածում, որ նախկինում վարորդ էր և այսօր ինչ է դարձել, որովհետև նա անիծյալ գող ծայրագույնի եղբայրն է: Եվ չի պատկերացնում, որ իր անշեղորեն աճող ագահությունը կարող է եղբորը գցել ամեն տեսակի գահերից:

Իսկ դու՞: Մի ամբողջ տարի օրավարձով աշխատանք փնտրեցիր, ոչինչ չգտար ու սոված քնեցիր` երազելով: Զարթնեցիր` գրպանումդ հարյուրդրամանոց չգտար քեզ մեկնած մուրացիկի ձեռքի մեջ դնելու համար:

Նա առատաձեռն չէ` շատ գծուծ է, սակայն քեֆերի ու խնջույքների անչափ սիրահար: Եվ միայն իր որովայնը լցնելու համար պատրաստ է երեք հազար կիլոմետր թռչել, միայն թե իրեն լավ զգա: Դեռատի աղջիկների հետ կվայելի կյանքը, հետո նրանց կբաժանի նվեր ստացած եվրոներն ու տուն կվերադառնա հպարտությամբ: Նա կարող է:

Իսկ դու օրը հարյուրապատիկ անիծում ես քեզ, որ ապրելու իրավունք չունես, որ տղադ սոված մեկնեց դասի: Եվ որ անճար ես ու նաև հավի ձվի գող: Կարող ես ժամերով սպասել, որ հարևանիդ հավը մի ձու ածի, և դու թռցնես` ստամոքսիդ քաղցը հագեցնելու համար:

Նա իր կերպարանքով կարող է միայն թախծոտի ծիծաղը շարժել ու վշտերի հոգսը ցրել, բայց չի շտապում: Որովհետև գտնում է, որ իր կուտակածը դեռ քիչ է, և հանդերձյալ կյանքում էլ դրամի խիստ կարիք կունենա: Նա չգիտե, որ կուտակածը բավարար չէ հանրության սիրելին դառնալու, բարձրյալի աթոռին տիրանալու համար:

Իսկ դու միայն նրանց դատարկ խոսքերին ես հավատում, զուր ջանքեր թափում: Մի՞թե չգիտես, որ քո մեծությունը աղքատ ու սոված լինելու մեջ է, շատախոսելու կատակա­բա­նու­­թյան մեջ: Դրանով իսկ կարծում ես, որ կչքանա՞ն չարա­խոսն ու զրպարտիչը ահավոր: Երբե՛ք: Դու միայն հեգնում ես, ծաղրում քո կարողության չափը, դա է իրողությունը:

Նա կարողանում է լավ ֆոկուսներ անել: Դրան իսկ հավատում են նրա մերձավորները, ծայրագույն եղբայրը: Զարմանալի ոչինչ չկա, նրանց ամեն ինչ կարելի է, չէ՞ որ մի մոր արգանդից են ծնվել, և նրանց ամենագլխավոր ընկերը ագահությունն է, և շատ նման են իրար: Այնքա՜ն անկուշտ են, որ պատրաստ են պատառը իրար ձեռքից փախցնել:

Իսկ դու քիթդ վեր ես քաշել, խիստ զբաղված ես քեզ ձևացնում, թուղթ մրոտում, սթափվի՛ր, չփորձես սոված լինելդ զգացնել տաս: Այլապես կինդ հացի փոխարեն սեղանին կդնի մրոտածդ թղթերը, և դեմքդ ամոթից կածխանա: Մի՛ ամաչիր, ճիշտ է, դու ոչինչ չունես կորցնելու, պարզապես կյանքդ ճիշտ ես ապրել: Մրոտած թղթերդ կարդալով` ավագ դուստրդ կհասկանա քեզ:

Նա մի օր կորոշի բաշխել իր կարողությունը: Մի՛ մտածիր, թե ժլատ է, քեզ էլ բաժին կհանի: Նա միշտ էլ գործնական մարդու տպավորություն է թողնում, որովհետև իր քայլերը միշտ հաշվարկում է: Շռայլ է` ում սիրում և հարգում է:

Քաղաքական դաշտում իր նմանը չունի և հայտնի է վերամբարձ ելույթներով, թեև վերջին շրջանում սեփական լռությունը ոսկի է համարում:

Միգուցե նա այդպես է լցնում որովայնի քաղցը, փորձում օրինակ ծառայել իր ընտրյալներին: Նա իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում, շահ չկա, որովհետև գոհ է ու երջանիկ:


    

Իսկ դու հարմարվել ես ու սպասում ես, զայրանում ու նվաստանում ամեն մի ոչնչության մոտ: Ախր ինչո՞ւ են քթիցդ բերում և չեն թույլատրում քո նպաստով գոնե ապրես:

Իսկ ապրել և վատ, բոլորն են ցանկանում: Օդից կախվածն էլ մի բանի նման չէ: Ապավինենք ամենաստորին նույնիսկ, և լավատեսությամբ սպասենք…


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2155 | 0 | 0
Facebook