Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարսից արքաներից երկուսի ու հին պարսիկների բարոյական սկզբունքների մասին

21:19, կիրակի, 15 հունվարի, 2017 թ.
Պարսից արքաներից երկուսի ու հին պարսիկների բարոյական սկզբունքների մասին

Պատմիչ ու փիլիսոփա Պլուտարքոսից տեղեկանում ենք, որ հին պարսիկները սիրել են արծվաքիթը և այն համարել են քթերից ամենագեղեցիկը, որովհետև պարսից պետության հիմնադիր Կյուրոս Մեծը՝ իրենց թագավորներից ամենասիրելին, արծվաքիթ է եղել:

Կյուրոսն ասել է. «Իր բարիքը չփնտրող մարդուն պետք է հարկադրել, որ բարիք գործի ուրիշներին, իսկ թագավոր լինելու արժանի չէ այն մարդը, որն իր հպատակներից ավելի լավը չէ»:

Երբ պարսիկներն ուզում են իրենց լեռնային քարոտ երկրամասն այլ՝ հարթավայրային ու մեղմ կլիմա ունեցող երկրամասի հետ փոխել, Կյուրոսը թույլ չի տալիս՝ ասելով. «Ինչպես բույսերի սերմերը, այնպես էլ մարդկանց բարքերը լինում են այնպիսին, ինչպիսին նրանց հողն է»:

Դարձյալ Պլուտարքոսը հետևյալն է տեղեկացնում պարսից մեկ այլ արքայի՝ Դարեհ Առաջինի մասին.

«Հպատակների վրա հարկեր դնելով՝ նա մարդիկ է ուղարկում բոլոր երկրամասերի կառավարիչներին ու հարցնում, թե նրանց հարկերը ծանր չե՞ն արդյոք: Կառավարիչները վստահեցնում են, թե հարկերն ավելի քան չափավոր են: Եվ այդժամ Դարեհը կարգադրում է յուրաքանչյուր երկրամասի հարկը կրկնակի նվազեցնել:

Երբ Դարեհը կտրում է նուռը, և ինչ-որ մեկն հարցնում էնրան, թե նռան հատիկների չափ ինչ կուզեր ունենալ, նա պատասխանում է. «Այդքան Զոպիր», քանի որ Զոպիրը եղել է նրա բարեկամերից արժանավորագույնը: Դա այն Զոպիրն է, որն ինքն իրեն հաշմում է՝ կտրելով սեփական քիթն ու ականջներն ու այդ եղանակով խաբելով բաբելոնցիներին, շահում է նրանց վստահությունն ու նրանց քաղաքն հանձնում է Դարեհին: Բայց Դարեհը բազմիցս ասել է, թե ավելի լավ կլիներ, որ ինքը հարյուր Բաբելոն հանձներ, բայց Զոպիրին անվնաս տեսներ»:

Իսկ պատմահայր Հերոդոտոսը տեղեկացնում է, թե ստախոսությունը մարդկային անհանդուրժելի դրսևորում է համարվել հին պարսիկների համար: Նրանք երեխաներին, հինգ տարեկան հասակից սկսած մինչև քսանամյա հասակը, սովորեցրել են միայն երեք բան՝ձիավարություն, նետաձգություն և ճշմարտախոսություն: Նրանք առավել ամոթալի են համարել ստելը, հետո՝ պարտք անելը, «և դա, բացատրում է Հերոդոտոսը, - ունի իր պատճառները, մանավանդ որ պարտք վերցնողը, նրանց կարծիքով, ստիպված է լինում ստել»:

Հերոդոտոսի այս դիտարկմանը հազարամյակներ անց յուրօրինակ հավելում է արել Շեքսպիրը՝ Պոլոնիոսի բերանով խրատելով օտար երկիր մեկնող Լաերտին («Համլետ») .

«Ոչ պարտք առ, ոչ տուր,

Քանզի շատ անգամ փոխատվությունը

Թե' դրամն է կորցնում, թե' բարեկամին.

Փոխառությունն էլ բթացնում է խնայողությունը:

Այս ամենից վեր, միշտ անկեղծ եղիր դու ինքդ քեզ հետ…»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4100 | 0 | 0
Facebook