Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես Աստված, Ձմեռը և Մահը գիշերակաց խնդրեցին, կամ առ այն, որ միակ արդարադատը, արդարամիտն ու անաչառը Մահն է (եթովպիական հեքիաթ)

20:21, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
Ինչպես Աստված, Ձմեռը և Մահը գիշերակաց խնդրեցին, կամ առ այն, որ միակ արդարադատը, արդարամիտն ու անաչառը Մահն է (եթովպիական հեքիաթ)

Մի անգամ Աստված, Ձմեռը (Եթովպիայում ձմեռ է համարվում հունիսից սեպտեմբեր ժամանակահատվածը) և Մահը աշխարհով մեկ թափառաշրջելու մեկնեցին: Մի օր էլ ստիպված եղան գիշերակացի տեղ փնտրել ու թակեցին առաջին իսկ պատահած տան դուռը:

-Տնատե'ր, նե'րս առ` գիշերը տանդ կենանք, - ասաց Աստված:

-Իսկ դու ո՞վ ես:

-Ես Աստվածն եմ:

Տանտերը հենց լսում է Աստծու անունը, անասելի զայրանում է, հետո մի մահակ է վերցնում և ուզում է դրանով Աստծուն խփել:

-Այդ ի~նչ անարդար դատաստաններ ես անում: Անարժանին հարստացնում ես, արժանավորին` աղքատացնում, մեկին անբուժելի հիվանդություն ես տալիս, մյուսին մինչև կյանքի վերջն առողջ ես պահում: Հիմա էլ մարդու կերպարանք ես առել և ուզում ես իմ տա՞նը գիշերել: Երևում է, ունեցվածքիս ես աչք գցել, հետո էլ տո՞ւնս ես ձեռքիցս առնելու: Շուտ հեռացի'ր, քանի գլուխդ չեմ ջարդել ու մեղքի տակ ընկել:

Վշտահար Աստված իր ուղեկիցներին քրթմնջում է.

-Գնա', - ասում է Ձմռանը, - բա'խտդ փորձիր:

Այս անգամ էլ Ձմեռն է թակում նույն դուռն ու ասում է տանտիրոջը:

-Թո'ղ ներս գամ գիշերելու, անմարդաբնակ վայրում գիշերը վախենում եմ, շուրջբոլորը գազաններն են ոռնում ու քամին է սուլում:

-Բայց դու ո՞վ ես:

-Ես Ձմեռն եմ:

-Եվ դու համարձակվում ես ինձանից գիշերակա՞ց խնդրել: Ոմանց չափավոր անձրև ես ուղարկում, իսկ ուրիշների գլխին երկնքից հեղեղ ես թափում: Ցանքսերը կարկտով ոչնչացնում ես, անտառները կայծակներովդ այրում ես, լեռները որոտով ես ցնցում ու քարերի կարկուտ ես թափում մարդկանց և կենդանիների գլխին: Գոնե գիտե՞ս, թե քանի մարդու ես ընչազուրկ դարձրել ու քանիսին ես որբացրել: Հիմա էլ ի՞նձ ես ուզում վնասել: Կորի'ր այստեղից, քանի դեռ համբերությունս չի հատել:

Ամպի պե սևակնած Ձմեռը վերադառնում է իր ուղեկիցների մոտ ու ասում է Մահվանը.

-Հիմա էլ դո'ւ գնա տանտիրոջ հետ լեզու գտնելու: Նա ինձ էլ մերժեց:

-Բայց նա ինձ ուղղակի կսատկացնի, - ասում է Մահը: - Ախր ես նրա ամբողջ ազգուտակին եմ խլել: Հիմա ինչպե՞ս գիշերակաց խնդրեմ:

-Գնա', - ասում է նրան Աստված:

Ձմեռը նույնպես աչքունքով հասկացնում է, որ պետք է գնալ, որպեսզի Աստված չբարկանա: Եվ Մահը ճարահատյալ մոտենում է անհողդողդ ծերունու տանը, դուռը թակում է ու ասում.

-Տնատե'ր, թո'ղ ներս գամ:

-Իսկ դու ո՞վ ես, - հարցնում է տանտերը:

-Ես մահն եմ:

Ծերունին հենց լսում է, թե ով է իր տուն բարեհաճել, դեմքի զայրացկոտ արտահայտությունը ոչ միայն անմիջապես անհետանում է, այլև զվարթություն է գծագրվում: Նա դուռը բացում է, անկոչ հյուրի առջև ծնկի է իջնում ու սիրալիր ձայնով ասում է.

-Ձեզ ամեն ժամ մեծարում ենք ու հիշում և պատրաստ ենք ձեզ մեր տանը հյուրընկալել: Մենք շատ լավ գիտենք, որ դուք եք միակ արդարամիտն ու արդարադատը. և' աղքատին, և' հարուստին, և' մեծին, և' փոքրին` բոլորին նույն արդար դատաստանն եք անում: Թույլ տվեք ձեր գավազանը տան անկյունում դնեմ ու աթոռակ առաջարկեմ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5683 | 0 | 0
Facebook