Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սումգայիթի ջարդեր

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
15:35, շաբաթ, 14 հունվարի, 2017 թ.
Սումգայիթի ջարդեր

Սումգայիթի ջարդեր, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ Եղեռնագործության նախօրեին Խորհրդային Ադրբեջանի կուսակցական գործիչ Է.Ասադովը սպառնացել է հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով բազմահազար ադրբեջանցիների արշավ կազմակերպել դեպի ԼՂԻՄ: Փետրվարի 26-ին՝ դեպքերից մեկ օր առաջ, Միխաիլ Գորբաչովը հայ մտավորականների հետ հանդիպման ժամանակ «մտավախություն» էր հայտնել Բաքվում ապրող ավելի քան 200.000 հայերի անվտանգության ապահովման շուրջ՝ այն ուղղակիորեն կապելով ԼՂԻՄ-ը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորվելու արցախահայության պահանջի հետ։

Սումգայիթում կրքերը բորբոքելու համար օգտագործվել են ստահոդ լուրեր. իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը և այլն։ Մասնավորապես սադրիչ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կատուսևի հեռուստատեսային ելույթի ժամանակ հրապարակված Ասկերանի դեպքերի ընթացքում երկու ադրբեջանցիների սպանության մասին տեղեկությունը։

Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը (սպանություն և ջարդեր իականացնողներ, թալանողներ, ունեցվածք ոչնչացնողներ, հանցագործության հետքերը վերացնողներ), ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի տեղերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ և այլն։

Երեք օր շարունակվող սպանդի արդյունքները զարհուրելի էին, ջարդարարների գործողությունները անօրինակ դաժան. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական հազարից ավել սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզված, հազարավոր վիրավորներ, հարյուավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18.000 փախստականներ, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ և այլն։

Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»: Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են և նրանց մեծ մասն ազատ արձակվել։ Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։ Դրան համարժեք քաղաքականգնահատական չտալը հանգեցրել է զանգվածային ջարդերի բռնկմանը ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Անպատիժ են մնացել նաև քաղաքային և իրավապահ համակարգի աշխատողները։ Սումգայիթի Հայոց ցեղասպանության զոհերի ճշգրիտ թիվը պարզված չէ։ Ադրբեջանի դատախազության տրամադրած տվյալների հիման վրա ԽՍՀՄ դատախազությունը հայտարարել է, որ «Սումգայիթում զոհվել է հայ ազգության 27 քաղաքացի»: Սակայն ոչ պաշտոնական տվյալներով ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում նոր շինարարություն կատարելիս։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանությունը, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ևս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։

Ականատեսների վկայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերյանյան Շահեն Ֆրիդոնի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահեն Սերյանյանը ծնվել է 1959 թվականին։ Կնոջ, 8 ամսական երեխայի, քրոջ, մոր, հոր, զոքանչի և աներձագի հետ փախել է Սումգայիթից, որտեղ բնակվում էր 45–րդ թաղամասի 12–րդ տան 38–րդ բնակարանում։ Աշխատել է որպես կահույքագործ։ Նա պատմում է․

Փետրվարի 27–ի երեկոյան ժամը 8–ին տանը նստած էինք, զանգահարեց մեր բարեկամը՝ Շահումյանի շրջանից և ասաց, որ եկել է Բաքվից, չի կարող տուն մտնել, թուրքերը ամբոխով հավաքվել են, հայերի գործը վատ է: Մենք սկզբից չհավատացինք: Քեռիս էր մեր տանը, ասաց, որ Սումգայիթում էլ անհանգիստ վիճակ է, թուրքերը հավաքվում են: Մեր թաղամասում գիշերը ոչինչ չպատահեց: Առավոտյան ժամը 11–ից մեր թաղամասն էլ իրար խառնվեց: Հազարավոր մարդիկ գոռալով, հայհոյելով վխտում էին Դրուժբայի, Նարիմանովի փողոցներով, հարձակվում հայերի վրա, ծեծում կամ սպանում: Հայերը սկսեցին իրար զանգահարել․ տներից դուրս մի՛ եկեք, դռների վրայի ազգանունները հանե՛ք: Ամբողջ օրը դուրս չեկանք: Օֆելյա Յուսիֆովնան, Էլդարը, Շաքիր Շիրինովը ասացին՝ մի՛ վախեցեք, կպաշտպանենք: Երկուշաբթի մեզանից ոչ ոք գործի չգնաց: Մայրս գործարանի բուժկետում է աշխատում, բժշկուհին զանգահարեց․ գործի չգաս:

Հայրս դուրս եկավ՝ իր մորաքրոջը Բաքու ուղարկելու: Վերադարձավ լաց լինելով: Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից: Երեկոյան ժամը 5–ին ամբոխը ներխուժեց հարևան 5 հարկանի շենք: Սարսափելի ճիչ բարձրացավ: Լսեցի իմ ծանոթի՝ Սաշայի կնոջ ձայնը․ «Помогите»:

Մեր ադրբեջանցի հարևան Էլշադը պատմեց, որ Սաշայի կնոջը՝ Ավագյան Լոլային, դուրս հանեցին շքամուտքից՝ առանց շորերի: Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո: Նրանք երեխա չունեին: Լոլայի մարմինը մի 500 մետր քարշ տվեցին Դրուբայի փողոցով, դեռ ողջ էր, սպանեցին չայխանայի (թեյարանի) մոտ: Միլիցիան ոչ մի միջոց չէր ձեռնարկում: Նույն շենքից մի ծերունու ծեծեցին: [1]

Սերյանյան Էլմիրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերյանյան Էլմիրան ծնվել է 1963 թվականին։ Աշխատում էր մանկապարտեզի դաստիարակ ավարտել է Երևանի Օստրովսկու անվան ուսումնարանը։ Նա պատմում է․

Երկուշաբթի ջարդը հասավ մեր թաղամաս: Ես հորս ու հարսիս եղբոր հետ թաքնված էի Էլդարի տանը, պատշգամբի պահարանում՝ ես ու հայրս, Սերգեյը՝ բազմոցի տակ: Իմ աչքով տեսել եմ միայն Սաշայի ու Լոլայի սպանությունը: Աղմուկ–աղաղակ էր, սուլոց: 100-150 հոգի էին: Սաշային սպանեցին մուտքի մոտ, խփում էին փայտերով, ոտքերով: Սաշայի քույրը՝ Նատաշան, պատշգամբից գոռում էր, օգնություն կանչում: Ինչ եղավ այդ աղջկան, չիմացանք: Սաշայի դիակը մի քանի ժամ ընկած էր փողոցում, ոչ ոք չէր մոտենում, հետո հարևաններից մեկը տարավ, բայց ու՞ր, չգիտենք: Սաշայենց տան իրերը՝ կահույքը, հեռուստացույցը, ամեն ինչ շպրտեցին 4–րդ հարկից: [1]
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
7625 | 0 | 0
Facebook