Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փոքր Հայաստանի մեծ միլիարդները

Միքայել
Հեղինակ`
Միքայել
11:29, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Փոքր Հայաստանի մեծ միլիարդները
    
Անցյալ տարեվերջին Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9, 8 միլիարդ դոլար: Ըստ որում՝ տարեցտարի այս ցուցանիշի տարեկան մասնաբաժինն ավելացել է: Մենք առիթ ունեցել ենք այս խնդրին քանիցս անդրադառնալ։ Բայց որոշեցինք տարին չսկսված մեկ անգամ ևս հիշեցնել Հայաստանը հոշոտող պաշտոնյաների հասցրած վնասի ողբերգականության ծավալը

    
Սա, ըստ էության, ապշեցուցիչ ցուցանիշ է մի երկրի համար, որի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի մոտ կեսը, և դեռ ընկած է դռնեդուռ և տարբեր երկրներից ու ֆինանսական կազմակերպություններից վարկեր, դրամաշնորհներ է աղերսում կամ խնդրում՝ տնտեսության կոլապս թույլ չտալու համար, որը իր ռազմավարական գույքն է տասը տարի շարունակ հանձնում Ռուսաստանին, երկիրը միակողմանի կախվածության մեջ գցում Ռուսաստանից՝ պարտքերից ազատվելու դիմաց:

    
Պե՞տք է արդյոք որևէ մեկին նկարագրել, թե ինչ կլիներ, եթե այդ գումարները ներդրվեին Հայաստանում: Եթե այդ գումարները ներդրվեին Հայաստանում, ապա այսօր հաստատապես մեր երկրի բնակչության մի քանի հարյուր հազար ներկայացուցիչներ կարիք չէին ունենա աշխատանք փնտրելու Ռուսաստանում և այլ երկրներում, չէին ունենա տարրական առողջապահական ծախսերի, տարրական սննդի և հագուստի, կրթության կարիք: Շատ բան այլ կլիներ, եթե 9.8 միլիարդը ներդրվեր երկրում:

    
Հայաստանից դուրս է բերվել 9, 8 միլիարդ դոլար, իսկ Հայաստանի քաղաքացիները ստիպված են Հայաստանից դուրս տարիներ անցկանել Հայաստանում իրենց ընտանիքը պահելու համար: Այսինքն՝ 9, 8 միլիարդ դոլարը խթանել է արտագաղթը, որովհետև եթե այդ գումարը մնար Հայաստանում և ներդրվեր Հայաստանի տնտեսությունում, կամ ուղղակի չխլվեր Հայաստանից և մի քանի մարդկանց անձնական ունեցվածքի տեսքով դուրս չբերվեր երկրից, ապա Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ կունենային Հայաստանում ապրելու, աշխատելու, ստեղծելու և արժանապատվորեն իրենց ընտանիքը պահելու հնարավորություն և ստիպված չէին լինի հաց վաստակելու համար մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի:

    
Այսինքն՝ 9, 8 միլիարդ դոլարը զուտ տնտեսական ռեսուրս չէ, որ դուրս է բերվել Հայաստանից: 9, 8 միլիարդ դոլարը ազգային անվտանգության սպառնալիք է, որն արտահայտվել է և տնտեսական տեսքով՝ Հայաստանը դնելով արտաքին 5 միլիարդ դոլարի արտաքին պարտքի տակ, և ժողովրդագրական տեսքով՝ Հայաստանից հեռացնելով մի քանի հարյուր հազար քաղաքացու:

    
Եվ այստեղ պետք է, իհարկե, հարց տալ, թե ովքեր են այդ միլիարդների տերերը: Հայաստանում այս մասին պաշտոնական տվյալները սուղ են, առավել ևս, որ ուսումնասիրությունն անցկացրած կազմակերպությունը խոսում է անօրինական արտահանված կապիտալի մասին:

    
Գաղտնիք չէ, որ օրինականությունն ու իրականությունը Հայաստանում քիչ կապ ունեն իրար հետ, հետևաբար օրինական հայտարարագրերով դժվար է հասկանալ Հայաստանի կապիտալիստների իրական սանդղակը:

    
Հասարակությունն էլ տարբեր բաներ է խոսում. խոսում է օրինակ՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միլիարդների մասին, խոսում է նրանց մոտ հարազատների, բարեկամների, ընկերների, յուրային օլիգարխների միլիարդների և միլիոնների մասին, որ կուտակել են իշխանական լծակների օգնությամբ: Այս ամենից իրականությունն ու հորինվածքը դժվար է զանազանել:

    
Մի բան պարզ է՝ վերջին տասնամյակի հայաստանյան պաշտոնյաները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց կից օլիգարխները, որ օգնել են պահել իշխանությունը, ապրում են առասպելական հարստությանը հատուկ ճոխությամբ, հագնում են հազարավոր դոլարների արժողության հագուստ, մեկնում են տասնյակ հազարավոր դոլարներ պահանջող հանգստավայրեր, հարյուր հազարներ և միլիոններ են տանուլ տալիս խաղատներում, մեկնում են տասնյակ հազարներ արժեցող էկզոտիկ որսորդությունների, բիզնեսներ են ծավալում արտասահմանում: Այսինքն՝ մոտավորապես պարզ է, թե որն է 6.2 միլիարդ դոլարի շրջանակը:

    
Բնական է, որ նրանք չէին կարող այդ միլիարդները ներդնել Հայաստանում. ոչ թե այն ներիշխանական հակասությունների պատճառով, որ կարող էին կորցնել միմյանց հետ լեզու չգտնելու արդյունքում, այլ որովհետև Հայաստանում այդքան գումար ներդնելու տեղ չկար, տեղ չեն թողել՝ ամեն ինչ մոնոպոլացվել, օլիգոպոլացվել, քվոտավորվել է, մրցակցությունը սահմանափակվել է, սահմանափակվել են նաև տնտեսության հնարավորությունները: Ներդրումների միջավայրը ընդլայնելու համար մրցակցություն է պետք: Մրցակցությունը նրանք արգելել են, հակամրցակցային մթնոլորտը պահպանում են ուժային լծակներով, իշխանական լծակները բանեցնում են մրցակիցների դեմ, իսկ իրենք էլ Հայաստանում ներդրում անելու նոր տեղ և մոտիվացիա չունեն:

    
Մնում է Հայաստանի մոնոպոլիաներից և օլիգոպոլիաներից կուտակած միլիարդները արտահանեն դուրս և այնտեղ գնեն շքեղություններ ու նոր բիզնեսներ: Հայաստանը նրանք համատեղ ջանքերով փոքրացրել են, խիստ փոքրացրել են՝ 9.8 միլիարդի համար:

    
Հեղինակ՝ Մուսա Միքայելյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2132 | 0 | 0
Facebook