Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
7.10%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Հոդվածներ

ՎԱՉԱԳԱՆ Ա ՍԱՐԳՅԱՆ

Armenak Avetisyan
Հեղինակ`
Armenak Avetisyan
14:46, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
ՎԱՉԱԳԱՆ Ա ՍԱՐԳՅԱՆ
    

ՀԵՔԻԱԹ ՄԵԾԵՐԻ ՈՒ ՓՈՔՐԵՐԻ ՀԱՄԱՐ
    
    

ՋՐԱՀԱՐՍԸ
    
    

Ծովի ջինջ ջրերի մեջ ապրում էր մի ջրահարս: Նա այնքա՜ն գեղեցիկ էր, որ ծովի բոլոր բնակիչները, և ոչ միայն ծովի, ցանկանում էին գոնե մի անգամ տեսնել նրան:
     Ջրահարսի մազերը նոր ծագող արևի գույնն ունեին, աչքերը կա՜պույտ-կապույտ էին, իսկ կարմիր շրթունքները ասես միշտ երգում էին: Ջուրը քնքշորեն փարվում էր նրա ճկուն մարմնին ու սարսռում: Արևի շողերը երկնքից իջնում էին ծովի խորքերը ու նրան էին փնտրում: Լուսնի շողերը երկնքից իջնում էին ծովի խորքերը ու նրան էին փնտրում: Ալիքները նրան էին փնտրում: Մի խոսքով, ով մի անգամ տեսել էր նրան, մնացած ամբողջ կյանքում ցանկանում էր գոնե մեկ անգամ էլ տեսնել:

Իսկ Ջրահարսը մի մեծ ցանկություն ուներ: Նա շատ էր ուզում գրել-կարդալ սովորել: Զարմանալի բան է՝ ջրահարսի ինչի՞ն է պետք գրել-կարդալը: Ա՛յ, որ ես ջրում ապրեի… Կասեի` ես գրել-կարդալ գիտեմ` հետո՞ ինչ: Կասեի` գլխավորն այն է, որ քեզ հասկանան: Է՜, այս ի՞նչ եմ ասում. ես ձո՞ւկ եմ, ի՞նչ եմ: Ավելի լավ է տեսնեմ, թե Ջրահարսն ինչու էր ուզում գրել-կարդալ սովորել ու ինչու էր այդքան տխրել այդ պատճառով: Իսկ քանի որ նա տխուր էր, տխուր էին նաև բոլորը: Բայց ոչ ոք նրան չէր կարող օգնել:
     Ջրահարսը դիմում է Ծովառյուծին, սակայն սա, ամաչելով, խոստովանում է, որ ինքը թեև արքա է, բայց անգրագետ է: Դիմում է Դելֆինին, Խեցգետնին, Շնաձկանը, բայց` ապարդյուն: Ոչ ոք, ոչ ոք գրել-կարդալ չգիտեր:
     Ջրահարսը շատ է տխրում. այնքան է տխրում, որ սկսում է լաց լինել: Ծովի աղի ջուրը սկսում է ավելի ու ավելի աղի դառնալ Ջրահարսի արցունքներից:

Ծովի բոլոր բնակիչները սկսում են անհանգստանալ. ի՜նչ եփում են, շատ աղի է ստացվում, խմելու ջուրն էլ է աղի, ջրերի մեջ ընկած արևի շողն էլ, ծովի բնակիչների երազներն էլ: Բոլորը փնտրում են մեկին, որը գրել-կարդալ իմանա: Ջրահարսն էլ նրանց հետ: Վերջապես ծովի խորքում գտնում են Ծեր Կրիային: Նա այնքան ծեր էր, որ մոռացել էր նույնիսկ, որ ինքը կրիա է: Նրան երկար բացատրում են, թե ինչ են ուզում: Կրիան, ճիշտ է, ամեն ինչ մոռացել էր, բայց գրել-կարդալը շատ լավ հիշում էր:

Ծեր Կրիան Ջրահարսին սովորեցնում է իր իմացած ջրային տառերը:
     Հիմա Ջրահարսը ջրային գրքեր է կարդում ու ալիքների վրա նամակներ գրում:
     Երբ արևածագին կամ մայրամուտին նայում ենք ծովին, նրա մանրիկ ալիքների վրա պեծին-պեծին են տալիս Ջրահարսի նամակները:
     Հիմա էլ մենք պիտի հասկանանք, թե Ծեր Կրիան ի՞նչ լեզու սովորեցրել գեղեցկուհի Ջրահարսին, և նա մեզ ինչ նամակներ է գրում:
     Չէ՞ որ կարևորը նրան հասկանալն է:

ՎԱՍ


    

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
529 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ