Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Յ՞Ո ԵՐԹԱՍ

19:11, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Յ՞Ո ԵՐԹԱՍ
    

    
Ոչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը:
     Դա միաժամանակ մեր բարոյական շունչն է:
     Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը:
     Երբ որ դա գործածվում է որպես քող մտածումների համար, եթե դա ավելի արտաքին բարեկրթության է ծառայում, քան բարոյականությանը, երբ որ դա լսվում է որպես ծաղր սրբության և սկզբունքների դեմ, երբ դա դառնում է ծառայական, օգտախնդիր ու թունավորիչ, և այդ ամենի պատճառով` տարտամ, դա նշան է բարոյական անկման ու ապականության:
     Երբ մի ժողովրդի մեջ, ինչպես մեզանում, որոշ տարրեր ազատորեն ժխտում են և՛ սրբություն, և՛ սկզբունք, և՛ Հայրենիք, առանց հասարակության ցասումը բորբոքելու իրենց դեմ, երբ խոսքը կորցնում է լույսն ու ջերմությունը. դա նշան է, թե այդ ժողովուրդը նվաստացած է, ընկած` իր խոսքի հետ:
     Հետևանքը` Հավասար չափով` կեղծիքի ահավորություն և ճշմարտության թշվառություն մեր կյանքում:
     Չարության թույն, կատաղության լորձունք և քացախ. ահա թե ի՞նչ են գործածում որոշ գրիչներ և գրչակներ:
     Էլ ոչինչ չի մնացել մեր գռեհկացած իրականության մեջ, որ հայհոյված չլինի:
     Կարծեք` պետք է հայհոյել` համոզելու կամ տարհամոզելու համար, զրպարտել, անվանարկել:
     Օրվա հայ խոսքը. «Երբեմն մերկ սուսեր, երբեմն բութ տապար, և միշտ էլ անբարոյավետ»:
     Պատերազմող կողմերի համար գոյությու ունեն զինադադարը, հաշտությունը, իսկ մեր կյանքում` անվերջ իրարակերություն:
     Ատելությունն ու ոխը, գրեթե բոլորին դարձրել են կրքից կուրացած և աչառու: Քչերն են այլևս խտիր դնում միջոցների մեջ:
     Հետևա՞նքը` Բարոյական մի մեծ դժբախտություն. Հասկանա՛նք, սակայն, որ դրանք դեռ դժբախտության ծաղիկներ են, պտուղները կվայելենք վաղը, երբ մեր երկրի գլխին կպայթի թուրքական վտանգը, երբ կարիք կզգանք միակամ, կուռ և միաիդեալ ժողովրդի:
     Խոսքը միաժամանակ մեր բարոյական պատկերն է.հասկանա՛նք այդ: Ծնունդը մտքի` նա իր հերթին ազդում է մեր մտածումների վրա:
     Օրինակ` չի կարելի ծաղրել սրբությունը և շարունակել երկյուղած լինել նրա նկատմամբ:
     Չի կարելի զազրախոս լինել և բարձր ու կիրթ նկարագիր ունենալ: Ինչպես և չի կարելի անբարոյական, բայց և սրբախոս լինել: Գռեհկաբանելով, մարդս խրախուսում է և սնուցանում իր ստոր մտածումները` ուժեղացնելով նրանց:
    
    
     Մարդն իր խոսքի մեջ դրսևորում է իր հոգու բովանդակությունը:
    
     Գարեգին Նժդեհ (Տեր- Հարությունյան)
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2829 | 0 | 0
Facebook