Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր տարին Խորհրդային Միությունում

23:18, երկուշաբթի, 09 հունվարի, 2017 թ.
Նոր տարին Խորհրդային Միությունում

Նոր տարին իսկապես համաժողովրդական տոն է դարձել միայն Խորհրդային Միությունում: 1929 թվականին Ստալինը վերացնում է Սուրբ Ծննդյան տոնը, Սուրբ Ծննդյան օրը վերածում է սովորական աշխատանքային օրվա ու, ԽՍՀՄ-ում անցկացվող աթեիստական արշավի շրջանակում, փաստորեն արգելում է Սուրբ Ծննդի տոնանշումը:


     ՀամԿ (բ) Կ 16-րդ կոնֆերանսի (տեղի է ունեցել 1929 թ. ապրիլի 23-29-ը, Մոսկվայում) ընդունած փաստաթղթերից մեկում նշվում է. «Երեխաներին խաբում են, թե իրենց նվերներ բերողը Ձմեռ պապն է: Երեխաների կրոնականությունը սկսվում է հենց տոնածառից…Տիրապետող, շահագործող դասակարգերը «անուշիկ» տոնածառն ու «բարի» Ձմեռ պապը ծառայեցնում են իրենց՝ աշխատավորներին կապիտալի հլու, հնազանդ և համբերատար ծառաները դարձնելու նպատակով»:

1929-ից 1935 թվականներին Նոր տարիներն առանց տոնածառի են պաշտոնապես նշել: Հատուկ պարեկները շրջել են փողոցներով ու նայել են տների պատուհաններից, որպեսզի տեսնեն, թե տան բնակիչներն ինչ պատրաստություն են տեսել: Ամանորյան տոնածառի արգելքը խախտողները ենթակա էին դրամական տուգանքի: Տուգանողը թաղային միլիցիոներն էր, որին տոնածառ դնողների մասին տեղեկացնում էին իր մատնիչները:

«Կյանքն ավելի է լավացել, կյանքն ավելի ուրախ է դարձել» ստալինյան կարգախոսն ինչ-որ մի շոշափելի բանով ամրապնդման կարիք ուներ, և այդ իսկ պատճառով որոշում են թույլատրել տոնածառը, շամպայնը, և դրա հետ միաժամանակ մարդկանց սրտերում ներարկել սովետական հայրենասիրության զգացումը: Համաձայն պաշտոնական առասպելի, որ շրջանառության մեջ էր դրել իշխանական քարոզչամեքենան, ամանորյա հանդիսությունների տոնածառի վերադարձը նախաձեռնել է ՀամԿ (բ) Կ քաղբյուրոյի անդամ, Կիևի մարզկոմի առաջին քարտուղար Պավել Պոստիշևը: Ըստ այդ առասպելի՝ Ստալինի հետ զրույցում նա բարձրաձայնում է այդ հարցը, և առաջնորդը համաձայնում է: 1935-ի դեկտեմբերի 28-ին «Պրավդա» թերթը հրապարակում է Պոստիշևի նամակը, որում նա գրում էր, թե «երեխաների հիանալի զվարճալիք հանդիսացող տոնածառի ոչ ճիշտ դատապարտմանը պետք է վերջ դնել», և կոչ է անում. «Եկեք երեխաների համար կազմակերպենք Նոր տարվա ուրախ դիմավորում, բոլոր քաղաքներում և կոլտնտեսություններում դնենք խորհրդային լավ տոնածառեր»: Ձմեռ պապը, տոնածառը, ծառի տակ դրված նվերները՝ Սուրբ Ծննդյան տոնի անփոփոխ բաղադրիչները, Ստալինի կամքով դարձան «ամանորի» բաղադրիչներ, Տոնածառի գագաթի Բեթղեհեմյան աստղը դարձավ խորհրդային հնգաթև աստղ՝ ճիշտ այնպեսին, ինչպիսիք մեկ տարի առաջ դրվել են Կրեմլի աշտարակների կատարներին:

Ռուսական կայսրությունում նոր տարվա գիշերը պարահանդեսներ են կազմակերպվել, իսկ սովետական ժամանակներում դրանց փոխարինում են «ամանորյա օգոնյոկ» -ները:

Տարիներ շարունակ ԽՍՀՄ քաղաքացիները սրտատրոփ նստում էին սև-սպիտակ հեռուստացույցի առջև՝ սպասելով հիրավի բարի ու անկեղծ «Գոլուբոյ օգոնյոկ» -ին: Այն միավորում էր ամբողջ երկիրը՝ նույնիսկ այն տարիներին, երբ նրան այլևս ոչինչ չէր միավորում: Գլխավոր քարտուղարները գալիս էին ու գնում, իսկ «Գոլուբոյ օգոնյոկ» -ը մնում էր:

1962-ին Կենտրոնական հեռուստատեսության երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրություն են զանգահարում ԽՄԿԿ Կենտկոմից ու խնդրում երաժշտական-զվարճալի ծրագիր պատրաստել: Մինչ այդ, 1960 թվականին հրապարակվել էր ԽՄԿԿ Կենտկոմի որոշումը «Հեռուստատեսության հետագա զարգացման մասին», որում այդ նույն հեռուստատեսությունը հռչակվել էր «մարքս-լենինյան գաղափարաբանության ու բարոյականության ոգով ժողովրդական զանգվածներին դաստիարակելու և բուրժուական գաղափարախոսության նկատմամբ անհաշտվողականության ոգի ներարկելու կարևոր միջոց»: Քանի որ մոտավորապես այս ոգով պետք է լիներ նաև զվարճալի հաղորդումը, այդ իսկ պատճառով առանց հրեական խորամանկ մտքի ու հումորի զգացման գործը գլուխ չէր գա: Այդ ժամանակ ինչ-որ մեկը, Շաբոլովկայի միջանցքում տեսնելով երիտասարդ սցենարիստ Ալեքսեյ Գաբրիլովիչին, խնդրում է նրան այդպիսի մի սցենար գրել, Սա խոստանում է, բայց նույն պահին էլ այդ մասին մոռանում է: Երկու շաբաթ անց Գաբրիլովիչին ղեկավարությունը կանչում է: Նախորդ օրը սրճարանում ինչ-որ գրառումներ անող Գաբրիլովիչը հընթացս մտահղանում է պանդոկի ձևաչափը. երեկոյան ներկայացումերից հետո թատրոնների դերասանները գալիս են պանդոկ ու զվարճալի պատմություններ են պատմում:

Առաջին անգամ «Օգոնյոկ» -ը հեռարձակվում է 1962-ի դեկտեմբերի 31-ին: «Երկնագույն օգոնյոկ» -ի գլխավոր առանձնահատկությունը գունավոր թղթաժապավենի, «Սովետական շամպայն» -ի ու հյուրերի սեղաններին դրված ուտելիքի օգնությամբ ստեղծված անբռնազբոս մթնոլորտն էր:

Գոյության առաջին տասը տարիների ընթացքում «Գոլուբոյ օգոնյոկ» -ի ստեղծողները մտահղացան ու իրականացրին այն ամենը, ինչն այսօր առկա է Ռուսաստանի հեռուստաալիքների զվարճալի ծրագրերում: Տարբերությունը միայն տեխնիկական կատարումն է, բայց գաղափարները նույնն են մնացել:

Հեռուստատեսությունն աստիճանաբար գունավոր է դառնում: ԽՍՀՄ առաջին սերիական գունավոր հեռուստացույցը «Ռուբին-401» -ն էր, որը վաճառքի հանվեց 1968-ին: Այն 1200 ռուբլի արժեր, իսկ այդ ժամանակ միջին ամսական աշխատավարձը 107 ռուբլի էր:

Այդ օրերի հաղորդավարներից մեկի՝ Աննա Շատիլովայի համար գունավոր հեռուստահաղորդումն այլոց համեմատ ավելի վաղ իրականություն դարձավ: Կառավարությունը հարկադրված էր փող ծախսել ոչ միայն արտասահմանյան սարքավորումներ ու գունավոր հեռուստահաղորդման ֆրանսիական «Secam» համակարգ, այլև հեռուստատեսության հաղորդավարներին հագուստներ գնելու վրա: «Ինձ շտապ ԳՈԻՄ-ի 200-րդ բաժանմունք ուղարկեցին, իմ հագով գունավոր հագուստներ ընտրեցին: Հիշում եմ` մետաքսյա էր, վարդագույն, շատ գեղեցիկ», - հիշել է Ռուսաստանի ժողովրդական արտիստը:

ԳՈՒՄ-ի 200-րդ բաժանմունք սովորական քաղաքացիները չէին կարող մտնել, նրանք նույնիսկ չեն էլ իմացել դրա գոյության մասին, այն ծառայել է միայն ԽՍՀՄ նոմենկլատուրային:

Կեսգիշերից հինգ րոպե առաջ «Գոլուբոյ օգոնյոկ» -ն ընդհատվում էր, և, ձևավորված ավանդույթի համաձայն, երկնագույն էկրանին հայտնվում էր երկրի ղեկավարը: Այս ավանդույթը խորհրդային ժողովրդի կյանք մտավ ռադիոյի և հեռուստատեսություն ծննդի դարաշրջանում:

1941-ին ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահ Միխայիլ Կալինինը (ըստ Սահմանադրության` հենց նա էր համարվում պետության գլուխ, և ոչ թե ամենազոր Ստալինը) առաջին անգամ ռադիոյով շնորհավորում է խորհրդային ժողովրդին Նոր տարվա առթիվ: Նա շնորհավորանքը կրկնում է նաև 1944-ի նախօրեին: Դրանից հետո Ստալինը նրան թույլ չի տալիս ելույթ ունենալ, բայց ինքն էլ ամանորյա շնորհավորանք չի հղում:

1970-ին Բրեժնևը դառնում է խորհրդային առաջին ղեկավարը, որը ելույթ է ունենում հեռուստատեսությամբ: Բայց մի քանի տարի անց, կապված առողջական վիճակի հետ (նույն պատճառով նաև Յուրի Անդրոպովն ու Կոնստանդին Չերնենկոն), Բրեժնևը հրաժարվում է անձամբ շնորհավորել ժողովրդի Նոր տարին: Նրանց անունից շնորհավորանքներն ընթերցել է հեռուստահաղորդավար Իգոր Կիրիլովը:

Բայց Գորբաչովի իշխանության գալով ամեն ինչ փոխվում է: Մինչև 1990 թվականը նա ամեն նոր տարվա շեմին շնորհավորում է ժողովրդին ու զեկուցում վերակառուցման հաջողությունների մասին: 1987 թվականին Գորբաչովը, ի զարմանս գրեթե բոլորի, ամանօրյա ելույթում շնորհավորում է նաև ամերիկյան ժողովրդին: Ի պատասխան այս քայլի` Ռոնալդ Ռեյգանն էլ շնորհավորում է սովետական քաղաքացիներին: Այդպիսի փոխադարձ սիրալիրություն այլևս չի լինում:

ԽՍՀՄ փլուզումից հետո ԽՍՀՄ-ում քաոս էր: Բայց Նոր տարին չէր վերացված, և, ուրեմն, Կրեմլի զանգերը հնչելուց առաջ ինչ-որ մեկը պիտի շնորհավորանքի խոսք ասեր: Բայց ո՞վ: Գորբաչովն արդեն երկրի ղեկավար չէր, իսկ Ելցինը դեռ չէր սկսել: Անորոշ դրությունը փրկում է հումորիստ Միխայիլ Զադորնովը: Նրան ասում են. «Շնորհավորի'ր, չէ՞որ քո անունը Միխայիլ է` ինչպես Գորբաչովինը, իսկ հորդ անունը` Նիկոլայ` ինչպես Ելցինի հոր անունը»: Եվ 1992 թվականի Ամանորի առթիվ ռուսաստանցիներին ոչ թե երկրի ղեկավարն է շնորհավորում, այլ երգիծաբանը: Զադորնովը կատարում է իր առաջադրանքը, բայց հատկացված ժամանակի մեջ չի տեղավորվում, որի պատճառով զանգերի ղողանջի հեռարձակումը կանգնեցնում են, և արդյունքում նոր տարին երկիր մուտք է գործում մեկ րոպե ուշացումով:

Նոր տարին այն քիչ բաներից մեկն է, որ դեռ միավորում է ԽՍՀՄ-ում բոլոր ծնվածներին: Նոր տարին ներկայիս Ռուսաստանի քաղաքացիներին իրար կապող գլխավոր հոգևոր ամրակն է: Միայն Նոր տարին է, որ հետխորհրդային տարածքի բոլոր մարդկանց չի տարանջատում աջերի ու ձախերի, հիմարների ու խելացիների, Քրիստոսին հավատացողների ու չհավատացողների…

ԽՍՀՄ-ից Իսրայել մեկնած հրեաները Նոր տարին վերածում են ռուսական հրեաների «էթնիկ տոնի», որում առկա են ամանորյա նվերները, տոնածառերը, ձմեռ պապերը, կեսգիշեն հորդող շամպայնները: Ամեն տարվա հունվարի 1-ի գիշերը իսրայելցի ոստիկանները գերակատարում են մեքենաների ղեկին հարբած վարորդների որսի տարեկան պլանը: Եվ այսպիսի խորհրդանշական ձևով Նոր տարվա տոնակատարությունը (հրեական օրենքով` Հիսուսի թլպատման օրը. այս մասին առավել մանրամասն` վաղը) վերադառնում է Ավետյաց երկիր` այնտեղ, որտեղից էլ այս ամենն սկսվել է…


     Լուսանկարում`
Յուրի Գագարինը, Վյաչեսլավ Տիխոնովը, Վալենտինա Տերեշկովան և Իվան Լյուբեզնովը 1963 թվականի «Գոլուբոյ Օգոնյոկ» -ում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4825 | 0 | 0
Facebook