Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձմեռ պապի և Ձյունանուշիկի ծագման մասին

22:24, հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
Ձմեռ պապի և Ձյունանուշիկի ծագման մասին

Ձմեռ պապի՝ որպես ամանորյա արարողակարգի պարտադիր անձնավորության ստեղծումը վերագրվում է խորհրդային իշխանությանը, որը 1930-ականի վերջերին, մի քանի տարի արգելելուց հետո, նոր տարվա օրերին վերստին թույլատրեց եղևնու գործածումը: Ձմեռ պապի կերպարի՝ որպես եղևնու մանկական տոնի մշտական մասնակցի մշակման գործընթացի հիմքում մինչև 1917 թվականը գոյություն ունեցող գրական ավանդույթն ու կենցաղային սովորությունն են:


     1840-ին Վ.Ֆ. Օդոևսկին «Մորոզ Իվանովիչ» մանկական հեքիաթում առաջին անգամ տվել է ֆոլկլորածիսակարգային Մորոզի նկարագիրը. «Բարի Մորոզ Իվանովիչը ալեհեր, ալեհեր ծերունի է, որը հենց տմբտմբացնում է գլուխը, մազերից եղյամ է տեղում: Նա ապրում է սառցե տանը ու քնում է ձյան փաթիլներից պատրաստված ներքնակին»: Ջմեռ պապի կերպարի ստեղծմանը «մասնակցում է» նաև Նեկրասովի «Կարմրաքիթ Մորոզը» (1863թ.) պոեմը, որից մանուկների համար վերցվում է միայն այն հատվածը, որտեղ գլխավոր համատեքստից կորզված հերոսը որպես ձմեռային անտառի «վոյեվոդ» (տիրակալ) ու կախարդ է հանդես գալիս…

Արևելասլավոնական առասպելաբանությունում Մորոզը հարգված, բայց վտանգավոր արարած է: Նրա զայրույթը չհարուցելու համար հարկավոր էր նրա հետ զգույշ վարվել, խնդրել, որ բերքը չփչացնի: Մորոզով վախեցրել են երեխաներին: Բայց Մորոզին տրվել է նաև մահացած ծնողի, նախնու ճրագալույցի Պապի գործառույթ:

Միաժամանակ և Մորոզի գրական կերպարից անկախ քաղաքային միջավայրում ծնունդ է առնում ու զարգանում է եղևնուն «տնօրինող» առասպելական անձնավորության կերպարը, որը, ինչպես և ամանորյա եղևնին, փոխառնված էր Արևմուտքից: Ռուսական կայսրությունում ամանորյա եղևնու վերահաստատվելու և եղևնու կեղծ ֆոլկլորային առասպելաբանության ձևավորման ընթացքում էլ տեղի է ունենում Ձմեռ պապի ձևավորումը: Հորինովի անձնավորությունը, որին երեխաները պարտական պետք է լինեին տոնածառի ու նվերների համար, հանդես է եկել տարբեր անուններով (1861-ին՝ ծեր Ռուպրեխտ, որը ցույց է տալիս, որ վերցված է գերմանական ավանդությունից, 1870-ին՝ սուրբ Նիկոլա կամ Նիկոլա Պապիկ. այս տարբերակից շուտ են հրաժարվում, որովհետև ռուսները երբեք նվերներ բաժանող Նիկոլա չեն ունեցել, 1914-ին՝ Սանտա Կլաուս, բայց սա էլ` միայն արևմտյան տոնածառերի պատկերներում, 1894-ին՝ պարզապես մի Ծերունի, որն ապրում է ձմեռային անտառում, 1886-ին՝ Բարի Մորոզկո, 1890-ականներին՝ Մորոզ): Ի վերջո հաղթում էԴեդ Մորոզ անունը:

20-րդ դարի սկզբում Ձմեռ պապը վերջնականապես ձևավորվում է. այն տոնածառի խաղալիք է՝ տոնածառի տակ կանգնած գլխավոր դեմքը, ցուցափեղկերի գովազդային տիկնիկ է, մանկական գրականության հերոս է, դիմակահանդեսային դիմակ, նվերներ բաժանող ծերունի: Այս ժամանակաշրջանում էլ ամրակայվում է այս կերպարի վաղեմիության ու բնիկ ռուսական լինելու գաղափարը:

Ձյունանուշիկը Ձմեռ պապի հետ սերտորեն կապված է` ինչպես ազգակցական (նա նրա թոռնուհին է), այնպես է սյուժետային կապով (տոնի ժամանակ նրա հետ միաժամանակ կամ գրեթե միաժամանակ է ասպարեզ գալիս): Նրանք իրենց հետ բերում են անտառային կենդանիների, երեխաներին զվարճացնում են, նրանց նվերներ են բաժանում: Լինելով Ձմեռ պապի օգնականը՝ Ձյունանուշիկը երեխաների ու Ձմեռ կապի շփման գործում միջնորդի դեր է կատարում:

Ձյունանուշիկի կերպարը ժողովրդական հեքիաթից է հայտնի. նա եղել է ձնից կերտված ու կենդանություն ստացած աղջիկ: Այս ձնե աղջիկն ամռանն ընկերուհիների հետ գնում է անտառ ՝ հատապտուղներ քաղելու և կամ մոլորվում է անտառում (և այս դեպքում նրան փրկում են գազանները՝ նրան տուն բերելով), կամ էլ խարույկի վրայով թռչելիս հալվում է: Երկրորդ տարբերակն առավել խորհրդանշական է: Դրանում արտացոլված է տարվա եղանակների փոփոխության ընթացքում բնության ոգիների մահվան մասին առասպելը (ձմռանը ձնից ծնված արարածը ամռանը հալվում է՝ վերածվելով ամպի): Այստեղ բացահայտվում է կրակի վրայով թռչելու ծեսի խորհուրդը (այդ պահին աղջնակն օրիորդ է դառնում): Ձյունանուշիկը, որպես սեզոնային պերսոնաժ, ամռանը մահանում է:

Ձյունանուշի մասին հեքիաթի տարբերակները «եղանակաբանական առասպել» -ի տեսանկյունով վերլուծել է Ա. Ն. Աֆանասևը՝ 1867-ին հրատարակելով «Սլավոնների բանաստեղծական հայացքը բնությանը» աշխատությունը: Աֆանասևի ազդեցությամբ` Օստրովսկին մտահղանում է «Գարնանային հեքիաթ» -ը, որն իրականացնում է 1873-ին: Շուտով պիեսը տպագրվում է «Վեստնիկ Եվրոպի» -ում ու բեմադրվում է Մեծ թատրոնում: Բայց ժամանակակիցներին այն դուր չի գալիս, և «Ձյունանուշիկը» քննադատության է ենթարկվում ու ծաղրվում է:

1879-ին Ն. Ռիմսկի-Կորսակովը ձեռնամուխ է լինում Օստրովսկու պիեսի հիման վրա օպերայի ստեղծմանը: Բայց պիեսի առաջին ընթերցումից կոմպոզիտորը չի տպավորվել. «Բերենդեևների թագավորությունն ինձ տարօրինակ թվաց, - հետագայում հիշում է կոմպոզիտորը: - 1879-1880 թվականների ձմռանը ես «Ձյունանուշիկը» վերընթերցեցի և բառացիորեն միտքս հասունացավ նրա զարմանալորեն բանաստեղծական գեղեցկությունից: Ես անմիջապես ցանկացա այդ պատումի հիման վրա օպերա գրել»: 1881 թվականին օպերան գրվում է ու բեմադրվում 1882-ին՝ ունենալով վիթխարի հաջողություն:

Եթե մինչև 1917 թվականը Ձմեռ պապը արդեն ձևավորված առասպելական կերպար էր դարձել ու ասպարեզ էր ելել, ապա Ձյունանուշիկին այդքան վաղ չհաջողվեց ասպարեզ ելնել: Հնարավոր է, որ Ձմեռ պապը Ձյունանուշիկից առաջ ընկավ այն պատճառով, որ նա ուներ արևմտաեվրոպական երկվորյակներ (սուրբ Նիկոլա, Սանտա Կլաուս, Father Christmas և ուրիշներ), մինչդեռ Ձյունանուշիկն այդ առումով եզակի մնաց և ռուսական ու խորհրդային մի քանի ժողովուրդների մշակությային միջավայրի սահմաններից դուրս չեկավ:

Միայն 1935-ից հետո, երբ ԽՍՀՄ-ում թույլատրվում է ամանորյա տոնածառը, մանկական գրքերում ի հայտ են գալիս նաև Ձյունանուշիկները: Նա դառնում է Ձմեռ պապի օգնականն ու երեխաների ու Ձմեռ պապի միջև միջնորդը: Ձմեռ պապն ու Ձյունանուշը առաջին անգամ հանդես են գալիս 1937 թվականին` Միությունների տան դահլիճում կազմակերպված ամանորյա տոնածառի հանդեսին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11125 | 0 | 0
Facebook