Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Սովետական շամպայն»-ի և առաջին համամիութենական ամանորյա տոնածառի մասին

21:26, չորեքշաբթի, 04 հունվարի, 2017 թ.
«Սովետական շամպայն»-ի և առաջին համամիութենական ամանորյա տոնածառի մասին

Քաղվածք Անաստաս Միկոյանի ելույթից (1936 թվական) .

«Կյանքն ավելի է լավացել, ընկերներ: Կյանքն առավել ուրախ է դարձել», - ասաց ՀամԿ (բ) Կ Գլխավոր քարտուղար Ի.Վ Ստալինը 1935 թվականի նոյեմբերի 17-ին Ստախանովական բանվորների ու բանվորուհիների առաջին համամիութենական խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթում:

Ընկեր Ստալինը զբաղված է մեր երկրում սոցիալիզմի կառուցման մեծագույն հարցերով: Նա իր ուշադրության կենտրոնում է պահում ամբողջ ժողովրդական տնտեսությունը, բայց և այնպես չի մոռանում մանրուքների մասին, քանի որ ցանկացած մանրուք նշանակություն ունի: Ընկեր Ստալինն ասաց, որ ստախանովականները ներկայում շատ փող են աշխատում, շատ են վաստակում ինժեներներն ու աշխատավորները: Իսկ եթե շամպայն ցանկանան, կկարողանա՞ն այն ձեռք բերել: Շամպայնը նյութական բարեկեցության նշան է, ունևորության նշան է»:


     Այս ելույթից որոշ ժամանակ անց՝ 1936-ի հուլիսի 28-ին, կուսակցության Քաղբյուրոյի նիստում, որին անձամբ մասնակցում է Ստալինը, ընդունվում ԽՍՀՄ Ժողկոմխորհի ու ՀամԿ (բ) Կ-ի համատեղ որոշումը «Սովետական շամպայնի, դեսերտային և սեղանի «Մասանդրա» գինիների արտադրության մասին»: 1937-ին ֆրանսիական «Շոսեպյե» ընկերության սարքավորումներով հանդերձավորված շամպայն գինիների Ռոստովի գործարանը թողարկում է առաջին «Սովետական շամպայն» -ը: Հետագայում ԽՍՀՄ բոլոր շամպայնի գործարանները կառուցվում են խորհրդային տեխնոլոգիայով, որը հնարավորություն էր ընձեռում շամպայնի արտադրության ամբողջ գործընթացն իրականացնել մեկ ամսում: Քանի որ «շամպայն» անունը կարող էին կրել միայն Ֆրանսիայի Շամպայն երկրամասում արտադրված գինիները, «Սովետական շամպայն» -ը արտասահման էր արտահանվում «Սովետական փրփրուն» անվամբ:

Իսկ առաջին համամիութենական ամանորյա տոնածառի հանդեսը տեղի է ունեցել 1936-ի դեկտեմբերի 31-ին, Միությունների տան Սյունակերտ դահլիճում: Հանդեսին հրավիրվել են Մոսկվայի և Մոսկվայի մերձակա վայրերի դպրոցների լավագույն աշակերտները: Հատուկ կարգադրություն է եղել, որ աշակերտների ծնողներին դահլիճ չթողնեն, որպեսզի երեխաները կարողանան տոնը լիաթող վայելել, որովհետև դրան կարող էր խանգարել ծնողների կպչուն խնամատարությունը: Այդ հանդեսին են առաջին անգամ հայտնվում Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը:

Մինչև 1947 թվականը Խորհրդային Միությունում հունվարի 1-ը աշխատանքային օր է եղել: 1947 թվականի դեկտեմբերի 23-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով, հունվարի 1-ը տոնական և հանգստյան օր է դառնում, և միայն 1992 թվականից է Ռուսաստանում հունվարի 2-ը ևս տոնական ու ոչ աշխատանքային օր դառնում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4258 | 0 | 0
Facebook