Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՈԼՇԵՎԻԶՄ ԳՈՐԾՈՎ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ԽՈՍՔՈՎ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
20:20, երկուշաբթի, 02 հունվարի, 2017 թ.
ԲՈԼՇԵՎԻԶՄ ԳՈՐԾՈՎ, ԱՅԼ ՈՉ ԹԵ՝ ԽՈՍՔՈՎ

«Ստեփան Շահումյանը իր ամբողջ կյանքով ու գործով մեր աչքի առջեւ հառնում է որպես հայ ժողովրդին նվիրված ու հարազատ զավակ: Լինելով համառուսաստանյան ու եվրոպական միջավայրի ծնունդ, դառնալով կոմունիստական շարժման ականավոր գործիչ, երբեք չշեղվեց իր ընտրած ուղուց` ծառայել հայ ժողովրդի շահերին:

Մեր ոչ հեռու անցյալից կարելի է բազմաթիվ օրինակներ բերել այն մասին, որ մեկը որոշել է դառնալ հոգեւորական եւ այդ միջոցով օգտակար լինել իր ազգին, մյուսը դարձել է դաշնակցության անդամ եւ հարմար է գտել այդ կուսակցության շարքերում օգտակար լինել ազգին, պայքարել նրա երջանկության համար:
     Այսպիսի մոտեցումը բնավ էլ դատապարտելի չէ: Նրանցից յուրաքանչյուրը համարվում է ազգային գործիչ:
     Բայց ահա, հատկապես վերջին տասնամյակներին Հայաստանում, իսկ դրանից առաջ էլ արտասահմանյան հայկական մամուլում (հիմնականում դաշնակցական ուղղության) մեր բոլոր այն գործիչները, որոնք պատկանել են սոցիալ-դեմոկրատական կամ էլ կոմունիստական կուսակցությանը, իրենց նվիրել են կոմունիստական գաղափարների հաղթանակով իր ժողովրդին օգտակար լինելուն, ազգային գործիչ չեն համարվում: Եվ ոչ միայն դա: Նրանք վարկաբեկվում են, հաճախ ներկայացվում նույնիսկ մեր ազգային նպատակների թշնամի:

Տարօրինակ դիրքորոշում է:

Եվ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս դաշնակցության որեւէ գործիչ համարվում է ազգային գործիչ, իսկ կոմունիստական կուսակցության գործիչը` ոչ: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նաեւ Ստեփան Շահումյանին, որին դաշնակցական գաղափարախոսներն ու նրանց համախոհները չեն համարում ազգային գործիչ:

Ես այս խնդրի վրա հրավիրում եմ ընթերցողի ուշադրությունը հետեւյալ իրողությունը նկատի ունենալով:
     Ըստ այդ գաղափարախոսների կոմունիստները, լինելով ինտերնացիոնալիստներ, անընդունակ են սիրել իրենց ժողովրդին, իրենց հայրենիքը:
     Այսպես մտածողներին միայն կարելի է հարցնել. եթե կոմունիստները չեն սիրել իրենց հայրենիքը, ապա այդ ինչպես կարողացան իրենց իշխանության տասնամյակների ընթացքում ամբողջովին անգրագետ Հայաստանը վերածել գիտության ու լուսավորության երկրի: Վերջին հաշվով, այն ամենը, ինչ Հայաստանը ձեռք էր բերել սովետական իշխանության 70 տարիներին, միայն հայրենիքը ջերմորեն սիրող մարդկանց սխրանքի, անմնացորդ նվիրումի արդյունքն է:

Հիմա եկել է այն պահը, որ հարկավոր է ձեռք բերածը պահպանելով, դրա հիմքի վրա կառուցել, ստեղծել ավելի լավը, ավելի կատարելագործվածը: Իսկ դա հնարավոր է միայն հայրենիքն ու ժողովրդին անկեղծորեն սիրելով, նրանց նվիրվելով: Եվ այդ նվիրումը ոչ թե առատ խոսքերով ու խոստումներով, այլ իրական գործերով դրսեւորել:

Սա՛ է մեր օրերի գլխավոր խնդիրը:

Եվ իմ խորը համոզմամբ մեր ժողովրդի կյանքի բոլոր ասպարեզներում առաջացած գլխավոր խնդիրների մասին ոչ թե խոսողն ու փքուն ճառեր ասողն է, այլ դրանց իրականացնողն է իսկական ազգային գործիչը, որը հակառակ խոսողների, անկախությունը չի համարում նպատակ, այլ միջոց` ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար»:
    

Հեղինակ՝ Վլադիմիր Պետրոսյան (պատմաբան)
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
    
     02.01.2017

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3188 | 0 | 0
Facebook