Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԻՆ-ՍՐՏԱՊԱՏԿԵՐ

09:05, երկուշաբթի, 02 հունվարի, 2017 թ.
ԿԻՆ-ՍՐՏԱՊԱՏԿԵՐ
    
    

1

Քեզանից հեռո՜ւ, քեզանից անդի՜ն

Օրորվում է թո՜ն մի արտապատկեր՝

Մի Լո՜ւյս հրացոլք, մի Ճակատագի՜ր…

Ու տագնապում է սիրտդ անհամբեր:

*

Փորձե՛ր ես անում փակվել քո ներսում,

Փորձո՛ւմ ես ինքդ քո մեջ խենթանալ,

Դառնալ ինքդ ծե՜գ, ի՛նքդ՝ մայրամուտ,

Փորձու՜մ ես ինքդ քո ներսը կարդալ…

*

Բայց ձեռագիրը ծանո՛թ չէ, ավա՜ղ,

Ո՛չ էլ երակդ սնող պատկերը…

Քո մեջ մակածվո՜ւմ, ծորո՜ւմ է դանդաղ՝

Ժամանակների Աստվա՛ծն ու Տե՜րը…

*

Իմ այս տողե՜րը, երբ որ կկարդաք՝

Իմը չե՜ն լինի, կլինեն Ձե՜րը,

Ցավոք ես շա՜տ ուշ, շա՜տ ուշ հասկացա՝

Կի՛նն է ժամանակների Աստվածն ու Տերը…


    
    

2

Կինը աշխարհո՜ւմ, Աշխա՜րհը Կնոջ մեջ -

Շարժո՜ւմ է, տենչա՜նք՝ օրենքներից դուրս,

Միանում ես այդ ընթացքին հավերժ

Կյանքի ցանկացած խառը հանգույցում…

*

Նրա զարկերակը ՝ մի ողջ համազարկ,

Բախվում է քունքիդ՝ նե՛րս է թափանցում…

Ու միլիոնավոր աստղեր հարազատ

Ասես թե սի՛րտդ են թևերով խոցում:


    
    

3

Կինն ամե՜ն ինչ ունի քեզ տալու համար…

Եվ Առավո՛տն իր, և Օ՜րը հոգնած,

Եվ բոսորագույն Երեկո՜ն իր բար,

Եվ Գիշե՛րն իր սև՜ կակաչի նման….

*

Նա քեզ սե՜ր կտա, կտա՛ հավատամք,

Կտա՜ խելահեղ կի՜րք-կոնքացավով,

Մի նոր էությո՜ւն, հղացող նո՛ր կյանք,

Մարմի՛նը իր բորբ, անապակ ու խոր:


    

… Իր երակներում գժվո՛ղ արևը,

… Իր երազների կանա՛չը փարթամ,

…Իր գունաշխարհի բոլո՜ր սպիտակները,

… Երազանքների թելերը արծաթ…


    
    

4

Կինն իր տագնապները քեզ չի՛ տա երբեք.

Իր թախիծները կհո՛ղի խորքում,

Իր շառագույնը չի՛ թողնի թերթել

Կարդալ՝ աղոթքի բառերն իր մաքուր…

*

Իր անձրևները որպես ներշնչանք

Նա կփաթաթի պարանոցին քո,

Իր ողկույզների պտուկներով տա՜ք

Կվերածնի հույսո՜վ, հավատո՜վ:


    

5

Մեկ գիշերվա մեջ քո հում խմորից

Կինը կհունցի կերպար անանուն,

Կամ քեզ կյա՛նք կտա կա՛մ էլ կխեղդի՝

Ինչպես գալի՛քն է անցյալին խեղդում:

*

Մի՛ փորձիր մտնել աշխարհը Նրա,

Դու այնտեղ ոչի՜նչ չունե՛ս անելու,

Նա՛ էլ քեզ տալու չունի՛ ոչ մի բան,

Երբ որ առանց քեզ օ՛րն է մահանում…


    

6

Փորձեցի ըմպել բառի գավաթից

Կին-սրտապատկեր էությո՜ւնը Քո,

Ու կախված մնաց գոյության կեռից

Տո՜ղը անավարտ՝ կիսատ բառերով:

*

Տիրո՜ւմ ես կյանքի հոսքին մոլեգին -

Կին-սրտապատկեր՝ տարե՜րք մի ահեղ,

Երգո՜ւմ է սիրտդ մի կիրք-մեղեդի,

Որի բառերը դեռ չեն բարբառվել…


    
    

Ս.Ումառ-Հարությունյան

06. 09. 2016 թ. ք. Երևան


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4135 | 0 | 0
Facebook