Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծնողներին հարգելու բարոյագիտությունը իսլամում

23:17, ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2016 թ.
Ծնողներին հարգելու բարոյագիտությունը իսլամում

Ղուրանի բազմաթիվ այաթներ պահանջում են հարգել ծնողներին ու բարին գործել նրանց նկատմամբ: Եթե նույնիսկ ծնողները հավատացյալ չեն, Ղուրանը պահանջում է նրանց հետ փափկությամբ վարվել ու հարգալից լինել: Բայց եթե ծնողները պահանջում են հրաժարվել Ալլահի նկատմամբ հավատից ու չկատարել նրա պահանջները, զավակները կարող են չհնազանդվել նրանց:

Համաձայն հասիդների՝ ծնողներին չհարգելը, նրանց վիրավորելը, ճնշելը, նեղելը, տանջելն ու վիրավորանք հասցնելը ծանրագույն մեղքեր են համարվում և հավասար են Ալլահին ուրանալուն ու մարդ սպանելուն:

Դատաստանի օրը Ալլահն իր ողորմածությանը չի արժանացնի ծնողներին նեղողներին, ու այդպիսի անձնավորությունը նույնիսկ դրախտի բուրմունքը չի առնի, նրան կարգելվի դրախտ մտնել: Նրան չեն արդարացնի իր կատարած բարի գործերը, որովհետև Ալլահը արդեն անիծել է նրան:

Ծնողների խոսքը զանց առնելու, նրանց չհնազանդվելու հետևանքները մարդը զգալու է դեռ այս կյանքում:

Ալլահին ու դատաստանի օրվան հավատացող յուրաքանչյուր մարդ պարտավոր է ամեն ջանք գործադրել՝ ծնողների նկատմամբ հարգանքի հետևյալ բարոյական պահանջները կատարելու համար.

1. Մարդը երբեք չպիտի մոռանա, թե ինչքան մեծ չարչարանքով են իր ծնողները, հատկապես մայրը, իրեն դաստիարակել, որքան ցավ են քաշել ու դժվարություններ կրել, որքան ուժ, եռանդ և հոգևոր էներգիա են ծախսել իր վրա: Ղուրանում ասվում է. «Ես մարդուն պարտավորեցրել եմ օգնել, օգտակար լինել ծնողներին, քանի որ մայրը նրան դժվարությամբ է կրել իր որովայնում մինչև ծնվելը ու տառապանքով է ծնել»:

2. Մարդը միշտ պետք է Ալլահին աղաչի, որ նա թողություն տա իր ծնողների մեղքերին ու գթասիրտ լինի նրանց նկատմամբ: Ղուրանում ասվում է. «Խղճա նրանց, նրանց առջև խոնարհ ու համեստ եղիր ու խնդրիր. «Օ՛ իմ տեր Աստված, ողորմա'ծ եղիր իմ ծնողների նկատմամբ` այնպես, ինչպես նրանք են գթասիրտ եղել իմ նկատմամբ՝ դաստիարակելով ինձ մանկությանս տարիներին»:

3. Չի' կարելի անել որևէ բան, որը ցույց կտա, թե դու նեղացած ես նրանցից, չի կարելի նրանց վրա գոռալ, պետք է նրանց հետ մեղմորեն ու զիջողաբար խոսել:

Ղուրանում ասվում է. «Եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ ծերացել են, ապա նրանց մի' ասա` «Թո'ւհ», նրանց վրա մի' գոռա ու նրանց հետ հարգալից եղիր»:

4. Բոլոր հարցերում երեխաները պետք է ենթարկվեն ծնողներին, եթե նրանք չեն պահանջում այնպիսի մի բան, որ կարող է անհավատության կամ Բարձրյալին անհնազանդության հանգեցնել: Ծնողներին հնազանդվելն է հենց նրանց նկատմամբ սիրո դրսևորումը, իսկ նրանց պահանջների չկատարումը նրանց ցավ պատճառել ու ճնշել է նշանակում:

Մի անգամ Մուհամեդ մարգարեին հարցնում են. «Ալլահը ինչպիսի՞ գործերն է ամենից շատ սիրում»: Մարգարեն պատասխանում է. «Ժամանակին արված նամազը»: «Իսկ դրանից հետո՞», - հարցնում են նրան: «Ծնողներին հնազանդվելը և նրանց բարին անելու ցանկությունը», - պատասխանում է նա ու ավելացնում, որ դրանից հետո իսլամի համար մղվող սրբազան պատերազմն է: Փաստորեն, ծնողներին հարգելը սրբազան պատերազմից վեր է դասվում:

5. Երեխաները ծնողների ներկայությամբ բարձր տոնով չպիտի խոսեն: Չի' կարելի ցույց տալ, թե նրանք ձանձացրել են, այլ պետք է ընդունել նրանց խորհուրդները, իսկ եթե երեխաներն ուզում են նրանց մի բան հաղորդել, պետք է դա փափկաձայն անեն: Չի կարելի ծնողներին զայրացկոտ հայացքով նայել: Հադիսում ասվում է. «Ով ծնողներին զայրացկոտ է նայում, չի ենթարկվում նրանց»:

6. Ծնողների մահից հետո զավակները պետք է նրանց համար աղոթեն ու Ալլահից խնդրեն ողորմած լինել նրանց նկատմամբ ու ներել նրանց մեղքերը:

Հադիսում ասվում է. «Եթե ծնողներին ճնշած մարդն անկեղծորեն ապաշխարի, ապա Ալլահը նրա անունը կգրի ծնողներին հնազանդների անունների շարքում»:

7. Պետք է ծնողներին նվիրել նրանց անհրաժեշտ և օգտակար իրեր, նրանց համար հագուստ, կոշիկ և այլ անհրաժեշտ բաներ գնել:

8. Ծնողների մահից հետո պետք է կատարել նրանց պատգամը, պետք է ամրապնդել բարեկամությունը նրանց բարեկամների հետ ու սիրել նրանց, որոնց նրանք սիրել են: Հադիսներից մեկում ասվում է. «Ծնողների հանդեպ կատարվող բոլոր բարի գործերի մեջ լավագույնը նրանց սիրած մարդկանց հետ բարեկամական կապերի պահպանումն է»:

9. Ծնողների ներկայությամբ միշտ պետք է հարգալից վարք ունենալ: Բարձրաձայն ծիծաղելը, պառկելը, երգելը, մարմինը մերկացնելը, հրահրող վարք դրսևորելը համարվում են անհարգալից վերաբերմունք ծնողների նկատմամբ: Եթե հարգանքի զգացումով մղված զավակները համբուրում են իրենց ծնողների ձեռքը, գրկում են նրանց, դրանք անհարգալի վերաբերմունք չեն համարվում:

10. Երեխաները պետք է ծնողներին օգնեն իրենց գործերում` որքան կարող են և ինչպես կարող են: Որդուն վայել չէ, որ իր հայրն իր կողքին ծանրաբեռ քայլի: Չի կարելի տան բոլոր գործերը մոր վրա թողնել: Դուստրը պետք է մորն օգնի իր կարողության չափով: Երեխաներից ավագները պետք է խնամեն իրենց կրտսեր եղբայրներին ու քույրերին: Ծնողներին հարգելու եղանակներից մեկն էլ լավ սովորելն է: Հադիսներից մեկն ասում է. «Երբ ծնողները գոհ են, Ալլահը ևս գոհ է»:

11. Զավակները պարտավոր են պահպանել ծնողների պատիվն ու արժանապատվությունը: Չի' կարելի այնպիսի բան անել, որի պատճառով մարդիկ վատ բաներ ասեն ծնողների հասցեին, նրանց ինչ-որ բանում մեղադրեն: Հադիսներից մեկում ասվում է. «Ծանր մեղքերից մեկը մարդու կողմից ծնողների հասցեին պատվազրկող խոսք ասելն է»: Մուհամեդին հարցնում են. «Մի՞թե իրենց ծնողներին վարկաբեկող մարդիկ էլ են լինում»: Մարգարեն պատասխանում է. «Լինում են, մեկը հայհոյում է մյուսի ծնողին, իսկ նա էլ, իր հերթին, հայհոյում ու վիրավորում է դրա ծնողին»:

12. Շարիաթը ծնողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է համարում ճանապարհին ծնողի առջևից ընթանալը: Չի' կարելի նաև նրանցից շուտ նստել, նրանց դիմելիս` անունը տալ:

13. Մի տեղ մեկնելուց առաջ հարկավոր է ծնողների կարծիքը հարցնել և միայն նրանց համաձայնության դեպում մեկնել: Մի անգամ մարգարեի մոտ մի երիտասարդ է գալիս ու ասում է. «Ես եկել եմ, որ հարցնեմ Մեքքայից Մեդինա գնալուս մասին. ծնողներս չեն հասկանում որոշմանս իմաստն ու լալիս են»: Մարգարեն պատասխանում է. «Վերադարձիր ու ծնողներիդ ստիպիր ծիծաղել` ինչպես ստիպել էիր արտասվել»:

14. Պարտադիր է համարվում մատաղ անելիս անպայման ծնողների հոգու հանգստության համար բաշխում կատարելը: Հադիսում ասվում է. «Մի՞թե վատ է, եթե ողորմություն եք տալիս, և դրա համար պարգևը նվիրում եք ձեր ծնողներին»:

15. Հանձնարարվում է ամեն ուրբաթ այցելել ծնողների շիրիմներին: Հադիսում ասվում է. «Ով ամեն ուրբաթ այցելի ծնողների շիրիմներին, թող իմանա, որ Ալլահը կմաքրի նրա մեղքերը ու նրա անունը կգրի նրանց անունների կողքին, ովքեր հարգել ու հնազանդվել են իրենց ծնողներին»:

16. Եթե ծնողները կանչեն, պետք է անմիջապես արձագանքել:

17. Ավագ եղբայրներին ու քույրերին պետք է հարգել այնպես, ինչպես հարգում եք ծնողներին: Հադիսն ասում է. «Ավագ եղբայրների պարտքը կրտսերների հանդեպ նման է զավակների հանդեպ հոր պարտքին»:

Հադիսներն ասում են, թե նա, ով բարին է գործում իր ծնողներին, երկու աշխարհների երջանկությանն է արժանանում և այնքան պարգև է ստանում, որքան ստանում են մեծ ու փոքր ուխտագնացություններ կատարածները կամ սրբազան պատերազմին մասնակցածները:

Հադիսում ասվում է, թե դրախտը մայրերի ոտների տակ է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5097 | 0 | 0
Facebook