Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնդկական մի առակ ասում է, թե մարդու երեք տեսակ կա…

23:22, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
Հնդկական մի առակ ասում է, թե մարդու երեք տեսակ կա…

«Եթե ուզում ես, որ աշխարհը փոխվի, այդ փոփոխությունը դարձիր»:

Մահաթմա Գանդի


     Մի անգամ Հնդկաստանի մոգոլ կայսր Աքբարին տղամարդու՝ իրար կատարելապես նման երեք ոսկեձույլ արձանիկ ու նամակ են առաքում: Նամակում ասվում է, թե արձանիկներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ նշանակությունն ու արժեքը:


     Աքբարը կանչում է իր խորհրդականներին ու հանձնարարում է պարզել արձանիկների տարբերությությունները: Իմաստուն խորհրդականները կշռում են դրանք, չափում են երկարությունը, ստուգում են յուրաքանչյուրի ոսկու հարգը, բայց այդպես էլ չեն կարողանում ո՛չ, արտաքին, ո՛չ ներքին տարբերություն զանազանել: Նրանք ներկայանում են կայսրին ու ներողություն խնդրում որևէ տարբերություն գտնելու իրենց անկարողության համար:

Միայն իմաստուն Բիրբալը չի ընկրկում անլուծելի թվացող առաջադրանքի առջև: Մանրակրկիտ զննելով արձանիկները՝ նա փոքրիկ, գրեթե աննկատելի անցքեր է նկատում յուրաքանչյուրի ականջներում: Բիրբալն այդ անցքերի մեջ ոսկյա բարալիկ լար է մտցնում: Լարն առաջին արձանիկի մյուս ականջից է դուրս գալիս, երկրորդ արձանիկի՝ բերանից և երրորդ արձանիկի՝ պորտից: Իմաստունը որոշ ժամանակ մտորում է իր բացահայտման շուրջ և վստահաբար ներկայանում է ինքնակալին:

- Առաջադրանքի պատասխանը, տե՛ր իմ, գտել եմ, - ասում է նա: - Առաջին արձանիկը խորհրդանշում է մարդու այն տեսակը, որը մի ականջով խոսքն ընկալում է ու մյուս ականջով դուրս թողնում: Երկրորդ արձանիկը խորհրդանշում է մարդու այն տեսակը, որը խոսքը դեռ նոր լսած՝ շտապում է այն անմիջապես ուրիշներին փոխանցել՝ դրա էության մեջ խորամուխ լինելու ջանք չգործադրելով: Երրորդ արձանիկը խորհրդանշում է մարդու այն տեսակը, որ մտապահում է լսածն ու այն իր սրտի քննությանն է ենթարկում: Այս արձանիկներից ամենաարժեքավորը երրորդ արձանիկն է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6036 | 4 | 0
Facebook