Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռեկտորն ամփոփեց ակադեմիայի 2016-ի գործունեությունը

12:44, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2016 թ.
Ռեկտորն ամփոփեց ակադեմիայի 2016-ի գործունեությունը

Դեկտեմբերի 28-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց ակադեմիայի գործունեության վերաբերյալ տարեվերջյան ամփոփ հաշվետվություն: Ելույթի ընթացքում ռեկտորն ամփոփեց աշխատանքային տարին՝ արձանագրելով արվածն ու ուրվագծելով անելիքները: Իսկ աշխատանքներ կատարվել են ակադեմիայի գործունեության նպատակների ու խնդիրների կենսագործման գրեթե բոլոր ուղղություններով: Աշխատանքներն ուղղված են եղել խթանելու ակադեմիայի առաջընթացը, ապահովելու ուսումնական գործընթացի բարելավումն ու զարգացումը և կրթության որակի բարձրացումը։
    
    

Ռեկտորի խոսքով՝ 2016 թվականին Արդարադատության ակադեմիայում շուրջ 2000 ունկնդիր անցել է մասնագիտական պատրաստում, վերապատրաստում կամ հատուկ ուսուցում: Շուրջ 400 դատավոր և դատախազ վերապատրաստվել է հեռաուսուցման դասընթացների շրջանակում: Ակադեմիայի գիտահետազոտական վարչության կողմից մշակվել են մի շարք նոր առարկայական ծրագրեր: Հաշվետու տարում ակադեմիան ձեռք է բերել նոր գործընկերներ, ստորագրել նոր համաձայնագրեր, հիմք դրել նոր համագործակցության:

Հատկանշական է, որ ռեկտոր Սերգեյ Առաքելյանի խոսքն ուղղված էր ոչ միայն կատարված աշխատանքներին, այլև զարգացման ուղղությամբ նախանշված անելիքներին: 2017-ի ծրագրերը հավակնոտ են, բայց և իրատեսական: Դրանք վերաբերում են ակադեմիայում կազմակերպվող վերապատրաստումներին (իրավակիրառ պրակտիկային ներկայացվող պահանջների միասնականությունն ապահովելու նպատակով), համագործակցության շրջանակներն ընդլայնելուն, համակարգչային լսարան ստեղծելուն, նոր դասընթացներ ներդնելուն, ինչպես նաև տարածքի բարեկարգմանը, վերանորոգման աշխատանքների իրականացմանը, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ, սարքավորումներ ձեռքբերելուն և այլն:
    
    

Գործունեության հաշվետվությունը ներկայացնելուց հետո ռեկտորը բազմամյա, բարեխիղճ աշխատանքի և ակադեմիայի զարգացման գործում նշանակալի ներդրման համար «Շնորհակալագրեր» հանձնեց դասընթացավարներ Դավիթ Ավետիսյանին, Հովհաննես Ղուկասյանին, Վարուժան Աբելյանին և ակադեմիայի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ Ռոբերտ Փոլադյանին, Գնունի Բալայանին, Ֆլորա Մելքոնյանին, Ալեքսանդր Փիլոսյանին:
    
    

«Շնորհակալագրեր» ստացան նաև դասընթացավարներ Արա Ղազարյանն ու Վահե Ենգիբարյանը աշխատանքային արդյունավետ համագործակցության և ակադեմիայի զարգացման գործում նշանակալի ներդրման համար:

Աղբյուրը` www.iravaban.net
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2662 | 0 | 0
Facebook