Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ Արդարադատության ակադեմիայի քննիչի թեկնածու շրջանավարտներին

14:26, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2016 թ.
Դիպլոմներ և աշխատանքի նշանակման հրամաններ Արդարադատության ակադեմիայի քննիչի թեկնածու շրջանավարտներին

Դեկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեում ավարտական դիպլոմներ ստացան և հրամաններով աշխատանքի նշանակվեցին Արդարադատության ակադեմիայի 2016 թվականի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիր-շրջանավարտները:
     Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Ակադեմիայի 19 շրջանավարտներից 17-ը, արդեն որպես նորանշանակ քննիչներ, նաև հանդիսավորությամբ երդվեցին:
    

Դիմելով ներկաներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ լավ ավանդույթ է ձևավորվել Ակադեմիայի քննիչի թեկնածու շրջանավարտներին ավարտական դիպլոմների հետ միասին հանձնել նաև աշխատանքի նշանակման հրամանները: Աղվան Հովսեփյանն իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և աշխատակազմին քննիչի թեկնածուների ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, իսկ փորձառու քննիչներին՝ ունկնդիրների պրակտիկան ղեկավարելու համար:

«Ստանալով դիպլոմները՝ դուք այսօրվանից կրելու եք նաև քննիչի բարձր կոչումը: Ցանկանում եմ՝ ձեր գիտելիքները կարողանաք ներդնել պրակտիկայում և գործերի քննության նոր մշակույթ ձևավորել» , -դիմելով շրջանավարտներին՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը:
    

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Աղվան Հովսեփյանին բարձր գնահատանքի համար և նշեց, որ ցանկացած կառույցի նշանակությունը և գործունեության արդյունավետությունը գնահատելու համար առաջին հերթին պիտի կարևորել նրա գործունեության արդյունքը: Տվյալ դեպքում ակադեմիայի գործունեության արդյունքը շրջանավարտներն են, և ակադեմիայի անձնակազմը լիահույս է, որ նրանք բարձր են պահելու նաև Ակադեմիայի պատիվը:
     «Իմ համոզմամբ՝ հենց քննչական գործունեությունն է այն հիմքը, որի վրա խարսխվում է արդարադատության ողջ համակարգը: Այդ առումով շատ պատասխանատու, բարդ մասնագիտություն եք ընտրել» , -նշեց ռեկտորը՝ համոզմունք հայտնելով, որ Արդարադատության ակադեմիայում ձեռքբերած գիտելիքները կնպաստեն քննչական գործունեության որակի բարձրացմանը:
    

Տեղեկացնենք, որ Արդարադատության ակադեմիայում քննիչների թեկնածուների մասնագիտական պատրաստումը տևել է 8 ամիս՝ 2016 թվականի ապրիլի 18-ից դեկտեմբեր 16-ը՝ ներառյալ 20 շաբաթ տևողությամբ փորձաշրջանը:

Աղբյուրը` www.justiceacademy.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5483 | 0 | 0
Facebook