Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իրավասու մարմինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում. բացահայտ հաշվեհարդար՝ ցուցարարների նկատմամբ

10:04, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2016 թ.
Իրավասու մարմինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում. բացահայտ հաշվեհարդար՝ ցուցարարների նկատմամբ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն զբաղվում է «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից 2016 թ. հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած հավաքների մասնակիցների և ոստիկանության բաժիներ անօրինական ձևով բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությամբ:

Հավաքների մասնակիցներ Հովհաննես Ղազարյանին և Գագիկ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը [….] իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, իսկ Հրաչյա Բոյաջյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելը:

Առաջին դեպքում պատիժ է սահմանված 3-8 տարվա, իսկ երկրորդի դեպքում՝ մինչև 5 տարվա ազատազրկում:

Երկու դեպքում էլ բազմաթիվ են եղել փաստաբանների կողմից հրապարակումներն առ այն, որ կալանավորված անձանց առաջադրված մեղադրանքները շինծու են և չհիմնավորված:

Իսկ ահա նույն իրադարձությունների ժամանակ ոստիկանական գործողություններից տուժած անձանց գործերով ոչ մի առաջընթաց չկա այն դեպքում, երբ ակնհայտ են ոստիկանության աշխատակիցների անօրինական գորրծողությունները. մեծ թվով ցուցարարներ անօրինական բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ, ընդհուպ մինչև՝ ոստիկանության ներքին զորքերի զորամաս, պահվել ժամերով, խոշտանգվել, ենթարկվել բռնությունների:

Տուժել են նաև Սարի թաղի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և անչափահաս երեխաներ:

Ոստիկանական գործողություններից տուժած Մովսես Շահվերդյանի, Հովհաննես Հարությունյանի և Սիլվա Արշակյանի ներկայացուցիչներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանի, Սյուզաննա Սողոմոնյանի և Անի Չատինյանի, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներգրավված փաստաբան Արտուր Հարությունյանի հարցումներին ի պատասխան՝ ՀՀ Հատուկ Քննչական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Սարի թաղում և հարակից տարածքներում տարբեր անձանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել:

Սրանով իրավասու մարմինները ակնհայտ տարբերակված մոտեցում են ցուցաբերում....

Աղբյուրը` hcav.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3332 | 0 | 0
Facebook