Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույց՝ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլ հասած Մարտա Կիրակոսյանի հետ

02:20, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2016 թ.
Հարցազրույց՝ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլ հասած Մարտա Կիրակոսյանի հետ
    

Բավականին շատ է քննարկվում այն հարցը, թե ո՞վ է վերջապես դառնալու «Դեպի Եվրատեսիլ» հայաստանյան մրցույթի հաղթողը, և դու հաղթահարել ես բոլոր փուլերը՝ հասնելով եզրափակիչ, ինչպիսի՞ն է քո տրամադրվածությունը: Հաղթելու շանսերը շատ մեծ են, բայց նաև ունես քեզ հավասար հզոր մրցակից, պատրաստ ե՞ս նաև պարտության:

Եթե մի բանի անունը մրցույթ է, պիտի պատրաստ լինես ամեն ինչի: Ինձ համար մի քիչ հեշտ էր, քանի որ ունեմ մեծ փորձ կենդանի երգելու և բեմում աշխատելու, այդ իսկ պատճառով մրցույթին մասնակցելիս ես չեմ մտածել հաղթանակի կամ պարտության մասին, բազմիցս նշել եմ. ինձ համար կարևորը միչև եզրափակիչ հասնելն էր, քանի որ ունեի ցույց տալու շատ բաներ իմ ժողովրդին: Ես՝ ինքս, մեծագույն հաճույք եմ ստացել ամեն փուլից: Մրցակիցս տաղանդավոր աղջիկ է, ով արժանի է եզրափակչում գտնվելուն:

Ի՞նչ երգ ես ներկայացնելու այս փուլում և ի՞նչ ես կարծում երգիդ ընտրությունը կարող է՞ նպաստել հաղթանակիդ:

Ես երգն ընտրելիս երբեք չեմ մտածում, որ այն հաղթի, երգում եմ երգեր, որոնք կարող եմ, որոնք երգելիս հաճույք եմ ստանում. եթե նկատել եք, իմ երգերն այդքան էլ չեն համապատասխանում մրցույթի ֆորմատին:

Այո՛, դու մրցույթի ֆորմատից դուրս երգերը կատարում ես՝ ասես դրանք լիովին համապատասխանում են, երևի հենց դա էլ ավելի շատ է գրավում ժյուրիին ու հանդիսատեսին: Երգի ընտրության հարցում ու՞մ հետ ես խորհրդակցում:

Իմ ուսուցիչների և իմ ընկերների:

Դու տարբերվում ես մյուս մասնակիցներից քո յուրօրինակ բեմական տաղանդով՝ երգելու ոճով, շարժ ու ձևով և, կարծես թե, «Երգի պետական թատրոնի» շունչն ամբողջությամբ քո ներսում ես կրում և ներկայացնում հանրությանը, դու հայերեն համեստ երգն այնպես ներկայացրեցիր՝ ասես մի արտասահմանյան հիթ երգելիս լինեիր, ի վերջո, ու՞մ կհայտնես քո շնորհակալությունը քո այս կայացած կերպարի ձևավորման համար:

Միշտ նշել եմ ու միշտ կասեմ՝ իմ ոճը փոքր տարիքից մինչ այսօր մնաց անփոփոխ Արթուր Գրիգորիչի շնորհիվ, նա ինձ ժամանակին չթողեց երգել վատ երաժշտություն, չթողեց ամեն մի եթերի լինեմ, քանի որ ինձ մոտ այնպիսի տարիք էր, որ ես չէի հասկանում, թե ինչն է ինձ պետք, ինչը՝ ոչ: Իսկ այսօր արդեն ես ինձ համարում եմ ինքս իմ առաջ, իմ արվեստի առաջ՝ ազնիվ երաժիշտ:

Կուզեմ մի քիչ փոխենք Եվրատեսիլյան թեման և խոսենք քո հետագա անելիքների մասին. ի՞նչ ես պատրաստվում անել՝ տեսահոլովակ, նոր երգերի ձայնագրություն, համերգներ:

Չեմ սիրում խոսել այն բաների մասին, որոնք չկան դեռ. հստակ լինելու դեպքում կներկայացնեմ անպայման:

Կարծում եմ, շատերին հետաքրքիր կլինի իմանալ նաև քո նախասիրությունների մասին, որո՞նք են դրանք: Ունե՞ս ուրիշ մասնագիտություն:

Ես մասնագիտությամբ լեզվաբան-թարգմանչուհի եմ, չեմ զբաղվում մասնագիտությամբս: Իմ նախասիրություններից է իմ Աշխատանքը՝ «երեխաներիս» դասավանդելը «երգի թատրոնում» , բացի այդ, միշտ ինտենսիվ զբաղվում եմ սպորտով:

Եվ անդրադառնանք նաև քո մտածելակերպին: Տղա երկրպագուների հարցում ինչպիսի՞ն ես: Թերևս ակնհայտ է, որ քեզ նման գեղեցկուհին շատ տղա երկրպագուներ կունենա:

Եթե մարդ ինչ-որ չափով հանրային է, նորմալ է որ ունենա երկրպագուներ՝ տղա և աղջիկ, ու պարտադիր չէ տղա երկրպագուները միայն երգչուհուն վերաբերվեն և տեսնեն որպես աղջիկ կամ կին, շատ դեպքերում տղաները հենց սիրում ու գնահատում են երգչուհու արվեստը միայն:

Շնորհակալ եմ հարցազրույցի համար և մաղթում եմ միայն հաղթանակ, հուսով եմ, որ հաճույքով կդիտենք քո ելույթն արդեն Եվրատեսիլյան բեմում:
    

Գլխավոր խմբագիր՝ Արևիկ Խաչատրյան
Աղբյուրը` Անահիտ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7781 | 0 | 0
Facebook