Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձյունամրրիկի միջով դեպի Մելպոմենեի տաճար:

11:01, ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2016 թ.
Ձյունամրրիկի միջով դեպի Մելպոմենեի տաճար:
    
     Յոթերորդ դասարանի երեխաները ինչպիսի՜ հաճույքով անցան դպրոցից թատրոն տանող ձյունառատ ճանապարհը դասերից անմիջապես հետո՝ առանց հանգստի մասին մտածելու: Ի՜նչ երջանիկ էին իրենց զգում՝ թավալ տալով սառը ծածկոցի մեջ, խրվել-բարձրանալով, ընկնելիս ծիծաղելով: Իսկ ուրախանալու պատճառ կար. պիտի հանդիպեին հայտնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանին, միայն ոչ իբրև հանդիսատես, այլ իբրև զրուցակից: Պիտի նստեին դեմ առ դեմ ու հարցեր տային, դերասանի խոսքը լսեին, նրա մտքերի աշխարհը թափանցեին…
     Ակնածանքով ներս մտան: Հենց մուտքի մոտ բարի ժպիտով դիմավորեց դերասանը: Ինչպիսի՜ մեղմութամբ ներս հրավիրեց, ծանոթացրեց թատրոնի մի քանի բաժիններին, հետո առաջնորդեց Մհեր Մկրտչյան հանդիսասրահ: Այստեղ էլ ծավալվեց զրույցը: Թատրոնը. այդ գեղեցիկ աշխարհը, որին ակամա ձգվում ենք դեռ մանկուց, ինչպես ու որտեղ է սկիզբ առել, իսկ հայկակա՞ն թատրոնը: Ո՞վ էր այն համարձակ հայուհին, որ ձեռնոց նետեց հասարակական կարծիքին ու առաջին անգամ բեմ բարձրացավ: Ինչպե՞ս արդեն անվանի դերասան Հ. Հովհաննիսյանը որոշեց Թալիայի սան դառնալ, ի՞նչ ճանապարհ անցավ, ի՞նչ է դերասանի մասնագիտությունը… Հարցնում էին ու լսում, լսում այն մասին, թե ինչպիսի բարեհոգությամբ էր Մհեր Մկրտչյանը ներում երիտասարդ խաղընկերների վրիպումները, թե ինչ է արել հայ թատրոնի համար Վ. Աճեմյանը, թե ով էր Թադևոս Սարյանը… Մեկ-մեկ էլ իրենք էին պատասխանում դերասանի հարցերին, ասենք՝ ու՞մ եղբայրն էր Վարդան Աճեմյանը. Կարծում եք՝ չգիտեի՞ն…
     Տպավորվել էր դերասանի խոսքը, տպավորվել էր նրանից առած առաջին դասը. «Առավոտյան դուրս եկաք բակ, տեսաք՝ ծաղիկը տխուր է, անտարբեր մի՛ անցեք, ծառի ճյուղը կոտրված է, անտարբեր մի՛ անցեք…»:
     … Դանդա՜ղ քայլերով առաջացան դեպի մուտքի դուռը, մի տեսակ երկար հրաժեշտ տվեցին դերասանին, դեռ փորձ դիտել էլ ուզում էին: Ափսոս, ժամն անցել էր. ինչ արած: Բայց ճանաչված դերասանի էին հյուրընկալվել, իրենց որպես փոքրիկ երեխաների չէին վերաբերվել…
     Կախարդանքը տեղի ունեցավ հենց հաջորդ օրը՝ այսօր: Երբ մոտեցա դասարանի դռանը, լռություն էր: Բացեցի դուռը… և սովորական աղմուկի փոխարեն ինձ դիմավորեց լուռ սպասող դասարանը: Տպավորությունները հաղորդում էին քաղցր ժպիտով՝ մեկիկ-մեկիկ…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3002 | 0 | 0
Facebook