Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԲՀԿ-ի չկողմնորոշվածները. խմբակցության անդամները վերջնականապես խայտառակեցին իրենք իրենց

Միքայել
Հեղինակ`
Միքայել
11:47, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
ԲՀԿ-ի չկողմնորոշվածները. խմբակցության անդամները վերջնականապես խայտառակեցին իրենք իրենց
    
    

    
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները նախօրեին վերջնականապես խայտառակեցին իրենք իրենց: Թեեւ բյուջեի քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պաշտոնական տեսակետը Միքայել Մելքումյանը հայտնեց՝ ասելով, որ իրենք դեմ են քվեարկելու, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք դեմ գնացին խմբակցության որոշմանը եւ քծնեցին Կարեն Կարապետյանի կառավարությանը: Նշենք, որ մինչ քվեարկությունը, ԱԺ բոլոր խմբակցությունները քննարկել էին այդ հարցը եւ պաշտոնապես հայտնել իրենց դիրքորոշումը. ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ էին, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն՝ կողմ:

    
«Թունելի վերջում լույս չկա, վարկերի տակ ենք, ուստի նա հայտարարեց, որ ԲՀԿ կուսակցության պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու նախագծին», - ԱԺ դահլիճում հայտարարեց Միքայել Մելքումյանը: Ավելին՝ երբ ԱԺ ԲՀԿ 33 հոգանոց խմբակցությունում հարցը քննարկվել է դե ֆակտո անդամների հետ, բոլոր ներկաները գլուխները կախ լսել են՝ որեւէ առարկություն չհայտնելով, սակայն բուն քվեարկության պահին մտքափոխվել են: Նախ նշենք, որ իրականում ԱԺ նիստից բացակայել են Մուշեղ Պետոյանը, Նաիրա Զոհրաբյանը, Գուրգեն Արսենյանը, Հայկ Խաչատրյանը:

    
Խմբակցության որոշմանը ենթարկվել են Վահան Կարապետյանը՝ դեմ քվեարկելով, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ստեփանյանը, Վահագն Մախսուդյանը, Արայիկ Աղաբաբյանը, Գագիկ Ծառուկյանը: Ապարանցի Լյովա Խաչատրյանը, հասկանալի է, Կարեն Կարապետյանի «խաթեր» որոշել է չեզոքություն դրսեւորել եւ ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը: Քաղաքական մշուշոտ ապագայի տեր Արագած Ախոյանը եւ Արմեն Ավետիսյանը եւս չեն քվեարկել: ՕԵԿ-ից ԲՀԿ-ում հայտնված քաղաքաշինության նախկին նախարար Արա Արամյանը ձեռնպահ է քվեարկել, որ «ո՛չ շիշը վառվի, ո՛չ էլ քյաբաբը»:

    
Դե, Բազմասեր Առաքելյանն ու Մարտուն Գրիգորյանը կողմ են քվեարկել՝ հասկանալի պատճառներով. նրանք իրենց ապագա մանդատի հարցը ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ապահովել են, դրա համար այլեւս զարմանալի չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲՀԿ-ականների վրա կոնկրետ ազդեցություն են ունեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսազանգերը, որոնք հորդորել են կողմ քվեարկել: Իսկ ովքե՞ր են տուրք տվել այդ կոչերին: Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբո, կողմ է քվեարկել, Ռուստամ Գասպարյանը, Մուրադ Գուլոյանը, Աբրահամ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը, Արշակ Մխիթարյանը, մարդիկ, որոնք չեն կողմնորոշվում՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանահաճո կոճակ սեղմողներ:

    
Ինչո՞ւ «վախեցան» պատգամավորները ՀՀԿ խմբակցությունից հնչած զանգից: «Ժողովուրդ» -ն այս հարցը ուղղեց «կողմ քվեարկածներին: Աբրահամ Մանուկյանը, որը քվեարկության ժամանակ նայեց Էդուարդ Շարմազանովին եւ ստացավ նրա «գլխով» արված համաձայնության նշանը, մեզ հետ զրույցում պատճառաբանեց. «…ես ահագին ժամանակ բացակա եմ եղել, չեմ իմացել, թե խմբակցությունը ինչ է որոշել… Ձեզ ոնց ա թվում՝ ինձ կարան ստիպե՞ն»: Ռուբեն Գեւորգյանը եւս չընդունեց, որ ՀՀԿ-ականների զանգն է փոխել իր դիրքորոշումը: «Բյուջեն կարեւոր փաստաթուղթ է», - ասաց նա: Արշակ Մխիթարյանը հավաստիացրեց. «…Որեւէ մեկը չի կարող ինձ ասել, մենք ենք էդպես որոշել: Այլ խմբակցությունից ո՞նց կարա ինչ-որ մեկը փորձի…»:

    
Ուշագրավն այն է, որ Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, ոչ միայն ինքն է կողմ քվեարկել, այլեւ հաջողացրել է իր կողքի կողմ կոճակը սեղմել, որի արդյունքում ստացվել է. որ Հայաստանում չգտնվող Հրանտ Դավթյանը կողմ է քվեարկել: Ինչո՞ւ անհարմար վիճակում դրեցիք Հրանտ Դավթյանին. մարդը Մոսկվայում է, հետաքրքրվեցինք Կարո Կարապետյանից: «Ես իրա փոխարեն չեմ քվեարկել, ես իմ կոճակն եմ սեղմել, ո՞վ ա ասում՝ տենց բան կա, ես ասում եմ՝ Հրանտն իմ կողքն ա եղել, ինքը երկրում ա»:

    
Փոքրիկ ճարպկություն է արել նաեւ հացավաճառ պատգամավորը: Անգամ տեսախցիկներն են ֆիքսել, որ հրազդանցի Տիգրան Ներսիսյանը ԲՀԿ-ական Մերուժան Սիմոնյանի փոխարեն կողմ է քվեարկել: Զարմանալին այն է, որ ստորքարշության գնով գործող կառավարությանը քծնողները առանց բացառության հավակնում են «տեղավորվել» նաև 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանում: Այն խորհրդարանում, որը հավակնում է լինել «ինտելեկտուալների» քաղաքական ակումբ, որտեղ պետք է տեղ ունենան բացառապես քաղաքական գործիչներն ու քաղաքական դիրքորոշում հայտնողները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2857 | 0 | 0
Facebook