Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

Nelli Barseghyan
Հեղինակ`
Nelli Barseghyan
23:20, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

Կարծում եմ՝ բոլորս էլ գիտենք, որ երկրի կայացման ու զարգացման հիմնական գործոնը տնտեսությունն է, իսկ երբևէ ինքներս մեզ հարցրել ենք, թե ինչ վիճակում է մեր երկրի տնտեսական դաշտը, տարեցտարի արդյոք նկատվում է առաջընթաց թե սահուն քայլերով բռնել ենք հետադիմական ուղին, արդյոք պետությունը աջակցում է մանր և միջին բիզնեսի զարգացմանը, թե պետության գործունեությունն ուղղված է դրանց կործանմանն ու ոչնչացմանը: Եթե մի պահ մտածենք այս հարցերի շուրջ, կհասկանանք, որ սրանց հիմքում են թաղված մեր երկրում տիրող ծանր պայմանների պատճառները: Խոսքերս ավելի համարժեք ներկայացնելու համար փորձեմ վկայակոչել ապացույցներ. Վիրտուալ աշխարհի աննախադեպ զարգացումը իշխանությանը այլևս թույլ չի տալիս քողարկել ու կոծկել իրականության անցանկալի դրվագները: Մասնավորապես՝ վերջերս շատ պատահաբար տեղեկացա մի ընտանիքի պատմության մասին, որն էլ ցանկանում եմ դարձնել հոդվածիս քննարկման առարկան: Համացանցում առկա տվյալները և հասարակության մեջ տարածում գտած խոսակցությունները բավարար են դեպքի մասին հստակ պատկերացում կազմելու համար: Խոսքը Արարատի մարզում նախկինում հայտնի գործարարներ Արմեն և Միսակ Հակոբյանների մասին է, որոնք, ժամանակին լինելով մարզի ամենախոշոր գործարարներից, այսօր մնացել են դատարկաձեռն… Դեռ 19.08.2011 թվականին համացանցում հայտնվել էր մի հոդված, որտեղ հստակ ներկայացված էր այն իրողությունը, որ Արմեն և Միսակ Հակոբյաններին թույլ չեն տալիս աշխատեցնել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող իրենց շինանյութի խանութը: Թեև հոդվածի ճշմարտացիությունը ժխտվում էր որոշ անձանց, այդ թվում խանութի սեփականատերերի կողմից, սակայն հետագա դեպքերը ապացուցեցին ոչ միայն այդ հոդվածի իսկությունը, այլև իրենց դաժան բնույթով նոր հոդվածեր գրելու տեղիք տվեցին. Պարզվում է՝ երկար տարիներ Արմեն Հակոբյանի նկատմամբ գործադրվել են մի շարք սպառնալիքներ, որպեսզի վերջինս հրաժարվի իր ունեցվածքից, և փաստորեն հասել են իրենց նպատակին… Այսօր անհասկանալի պատճառներով ուրիշների ձեռքում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող խանութը, որը սեփականության իրավունքով պատկանում էր Միսակ Հակոբյանին, Արարատի մարզում գտնվող գազալցակայանը, որը սեփականության իրավունքով պատկանում էր Արմեն Հակոբյանին… Ըստ շրջանառվող լուրերի նրանց ողջ ունեցվածքը անօրինական հիմքերով խլելուց բացի, զրկել են նաև պայքարելու հնարավոր և անհնարին բոլոր միջոցներից... Լավ, փորձենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված իշխանության դրսևորած ատելությունը իր իսկ քաղաքացիների նկատմամբ: Հայաստանաբնակ անձի համար այս հարցի պատասխանը թերևս ակնհայտ է. «եթե հանրապետական չես, ուրեմն Հայաստանում քեզ համար տեղ չկա…»: Իսկ ինչպես պարզեցի իմ լրագրողական հետաքննության միջոցով, Արմեն Հակոբյանը չի հարել Հանրապետական կուսակցությունը, չի աշխատել Հանրապետական կուսակցության համար՝ մերժելով հանրապետականների հորդորները և փաստորեն հայտնվել է այսպես կոչված «սև ցուցակում»: Այսքանից հետո ինչպես կարող է անձը մնալ մի երկրում, որտեղ իր նկատմամբ գործադրում են թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական հալածանքներ, որտեղ իր տարիների տանջանքը մի օրում, մի հարվածով այնքան հեշտությամբ ու անհետևանք հայտնվում է ուրիշի ձեռքում…

Այս դեպքին կատարած անդրադարձս ինքնանպատակ չէ, ցանկանում եմ այս կերպ թե՛ հանրության թե՛ իշխանության ուշադրությունը սևեռել այն հանգամանքին, որ երկիրս օրեցօր հայաթափվում է… Անասելի ցավ է մարդու համար թողնել ամեն բան, թողնել ապրած տարիներ, թողնել կյանք, կենսագրություն, անցյալ ու հեռանալ, փախչել, դառնալ անօթևան և անտուն…

Աղբյուրը` news.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2390 | 0 | 0
Facebook